HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Գագիկ Աղբալյան

Քարինջում ջարդված տանիքները վարկով են վերանորոգել․ կառավարության աջակցությունը դեռ տեղ չի հասել

Լոռու մարզի Քարինջ գյուղի բնակիչներն իրենց տների տանիքները վերանորոգելու համար դեռ փոխհատուցում չեն ստացել։ Կառավարությունից խոստում է հնչել, որ մոտ մեկ շաբաթից աջակցությունը կլինի։ Այս մասին «Հետք»-ին հայտնեց Քարինջի վարչական ներկայացուցիչ Նորիկ Մկրտումյանը։ Խոստացողն էլ եղել է տարածքային կառավարման եւ զարգացման նախարարության մի աշխատակից, հեռախոսազրույցի միջոցով։

Հիշեցնենք, որ մոտ մեկուկես ամիս առաջ Քարինջում տեղացած ուժեղ կարկուտը վնաս էր հասցրել ամբողջ գյուղին՝ ավերելով տանիքներն ու այգիները։ Կարկուտի պատճառած վնասը կազմել էր 100 միլիոն դրամ։

Ու քանի որ փոխհատուցումն ուշացել է, իսկ դրսում աշուն է, գյուղացիներից ոմանք չեն սպասել։ Իրենց միջոցներով, պարտքով, վարկով վերանորոգում են սեփական տների տանիքները։

Կառավարությունից հայտնել են, որ այլ միջոցներով կատարած վերանորոգումների համար փոխհատուցում չի լինելու։ Այսինքն՝ աջակցելու են միայն նրանց, ովքեր ոչ փող ունեն, ոչ կարողացել են վարկ վերցնել, ոչ պարտք ու տանիքները վերանորոգելու հնարավորություն չունեն։ Այսպիսի ընտանիքների թիվը գյուղում 10-15 է։ Մյուսները կմնան առանց աջակցության՝ իրենց ուժերով կփակեն վարկերը, կմարեն պարտքերը եւ այլն։  

Պատճառն այն է, որ կարկուտից տուժած քարինջցիների վնասի հաշվարկը սկսվեց բավական ուշ։

Քարինջի բնակիչ Հարութ Խեչոյանն, օրինակ՝ փոխհատուցում չի ստանա, որովհետեւ արդեն նորոգել է իր տան տանիքը։ Քարինջում կարկուտից վնասված տանիքների կեսից ավելին՝ մոտ 65 տոկոսը, վերանորոգված է, մեծ մասամբ՝ պարտքերով ու վարկերով։

Նրանք, ովքեր սկսել են տանիքների նորոգումը եւ աշխատանքի մի մասն արդեն կատարել են, մասնակի փոխհատուցում կստանան։

Նորիկ Մկրտումյանն ասաց, որ գյուղին օգնություն ցուցաբերելու ցանկության են հայտնել որոշ կազմակերպություններ։ Նրանք սպասում են պետական աջակցությանը, որից հետո պարզ կլինի՝ ինչպես կօգնեն, ինչ չափով։ Հնարավոր է՝ անասնագոմերի վերականգնման համար գումար տրամադրեն, քանի որ դրանց համար կառավարությունը հատկացումներ չի անելու։

«Կան դժգոհություններ այն քաղաքացիներից, որոնց տան տանիքների փոխարեն՝ անասնագոմերինն են տուժել։ Վերջիններն ասում են՝ մեկի տունն է վնասվել, բա մեր գոմերն ի՞նչ անենք։ Ներքին խնդիրներ են, խոսակցություններ, որ չգիտես՝ ինչ պատասխանես»,- ասաց Մկրտումյանը։

Քարինջցիների փոխհատուցումը կիրականացվի անհատապես։ Նախարարությունը տանիքների վերանորոգման նպատակով հատկացվող փոխհատուցման գումարը կտրամադրի յուրաքանչյուր ընտանիքին առանձին-առանձին, բանկային փոխանցման տեսքով։ Մոտ երկու շաբաթ առաջ, երբ մենք կրկին խոսում էինք Մկրտումյանի հետ, նա տեղեկացրել էր, որ նախարարությունը խնդրել և ստացել է բոլոր շահառուների անձնագրային տվյալները։ Սակայն, երբ այսօր զանգահարեցինք, պարզվեց, որ որոշ գյուղացիներ իրենց հայրանունն ամբողջությամբ չեն լրացրել և ճշտումների կարիք է առաջացել։

Բացի այդ, փոխհատուցումը հաշվարկվել է նվազագույն արժեքով։ Հերձաքարե (շիֆեր) ծածկի մեկ քառակուսի մետրի արժեքը շուկայում տատանվում է 2000-2500 դրամի սահմաններում։ Մինչդեռ նախարարության հաշվարկը կազմել է 1500 դրամ։ Հարցին, թե այդ գումարով հնարավո՞ր է շիֆեր գտնել, Մկրտումյանը պատասխանեց, որ օգտագործվածի արժեքը հենց այդքան է։

Մոտ մեկ ամիս առաջ Հարութ Խեչյանը, քարինջցիներին օգնելու նպատակով հանգանակության հաշվեհամար էր բացել։ Այդ հաշվեհամարին մինչ օրս գումար չի փոխանցվել։

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter