HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Ազգային միացյալ կուսակցություն. Աշոտ Նավասարդյան, Հակոբ Աշիկյան, Աշոտ Խաչատրյան, Ռաֆայել Բարսեղով

սկիզբը

Աշոտ Ցոլակի Նավասարդյանը ծնվել է 1950թ., Երեւանում: Անդամագրվել է Ազգային միացյալ կուսակցությանը 1967-ին: Մասնակցել է 1968թ. ապրիլի 24-ի երեկոյան Ցեղասպանության հուշարձանի մոտ տեղի ունեցած ռադիոհաղորդման աշխատանքների կազմակերպմանը, իսկ 1969-ին` «Ցասում» եւ «Երկունք» թռուցիկների տպագրմանն ու տարածմանը: Կալանավորվել է 1969-ին եւ դատապարտվել 2 տարի ազատազրկման: Պատիժը կրել է Մորդովիայի քաղաքական կալանավայրերում: Կալանավայրից ազատ արձակվելուց հետո` 1971-ին վերադարձել է Երեւան, անմիջապես վերցվել է ոստիկանական հսկողության տակ, բայց չի դադարեցրել ընդհատակյա գործունեությունը: Կազմակերպել է ԱՄԿ-ի առանձին խմբակ, որի մեջ ներգրավվել են Լեւոն Բադալյանը, Սամվել եւ Նորիկ Մարտիրոսյան եղբայրները: Խմբակը զբաղվել է Հայաստանի անկախության կոչեր պարունակող թռուցիկների պատրաստմամբ ու տարածմամբ: Ինչպես նաեւ` անկախ Հայաստան ստեղծելու կոչեր են գրել շենքերի պատերին: 1974-ի մարտին նա կրկին կալանավորվում է եւ դատապարտվում յոթ տարի ազատազրկման եւ երկու տարի աքսորի: Ներման խնդրագրով ազատ է արձակվում ժամկետից շուտ` 1976թ. դեկտեմբերին:

1981թ. փետրվարին պետք է ավարտվեր 1974թ. Արշակյանի եւ Նավասարդյանի հետ դատապարտված, նրանց ընկեր ու համախոհ Պարույր Հայրիկյանի ազատազրկման 7-ամյա ժամկետը, եւ նա պետք է արդեն աքսորի դուրս գար: Սակայն պատժաչափի ավարտից ամիսներ առաջ՝ 1980թ., նրան նոր՝ մտացածին, այս անգամ արդեն քրեական հոդվածով մեղադրանք են առաջադրում: ՊԱԿ-ը վճռել էր, որ Պարույր Հայրիկյանն ազատ չի արձակվելու: Ազատ Արշակյանը եւ Աշոտ Նավասարդյանը որոշում են, որ չեն կարող մնալ ազատության մեջ այն դեպքում, երբ իրենց ընկերոջը սպառնում է նոր դատապարտում ու նոր պատժաչափ եւ դեռ անհայտ է, թե ինչ է սրան հաջորդելու: Նրանք հրատարակում են ԱՄԿ պաշտոնաթերթ «Փարոս»-ի հերթական՝ չորրորդ համարը, բայց, ի տարբերություն նախորդ թերթերի ու թռուցիկների, այս համարի տակ ստորագրում են: Թերթի ողջ խմբաքանակը տարածելուց հետո մեկ օրինակ ձեռքներին Արշակյանը եւ Նավասարդյանը գնում են գլխավոր դատախազություն եւ հայտարարում, որ թերթը պատրաստել ու տարածել են իրենք:

Այս արարքի համար 1981թ. սեպտեմբերի 18-ին հրապարակված դատավճռով Աշոտ Նավասարդյանը երրորդ անգամ է նույն՝ Քր. օր. 65 հոդվածի 2-րդ մասով եւ 67 հոդվածով դատապարտվում։ Այս անգամ պատժաչափն ավելի քան խիստ էր։ Դատարանը նրան ճանաչում է առանձնապես վտանգավոր ռեցիդիվիստ եւ դատապարտում է 8 տարի ազատազրկման եւ 3 տարի աքսորի: Սահմանված պատժի առաջին երեք տարին նա պետք է կրեր բանտային ռեժիմով, իսկ մնացած մասը հատուկ ռեժիմի գաղութում: Պատիժը կրել է սկզբում Չիստոպոլի բանտում, ապա՝ Պերմի մարզում՝ հատուկ վտանգավոր ռեցիդիվիստների համար նախատեսված հատուկ ռեժիմի կալանավայրում։

Աշոտ Նավասարդյանը եւ Ազատ Արշակյանը միակ հայ քաղբանտարկյալներն են, որ առանձնապես վտանգավոր ռեցիդիվիստներ են ճանաչվել: 1987 թվականին՝ գորբաչովյան պերեստրոյկայի արդյունքում, Աշոտ Նավասարդյանը ժամկետից շուտ ազատ է արձակվում։

1989 թվականից զբաղվել է Հայաստանի սահմանների պաշտպանությունն իրականացնող ռազմականացված ջոկատների կազմակերպմամբ ու դրանց գործունեության համակարգմամբ: Ղեկավարել է «Անկախության բանակ» ռազմաքաղաքական միավորումը: 1990-ին հիմնադրել է Հայաստանի Հանրապետական կուսակցությունը: Նույն թվականին ընտրվել է Գերագույն խորհրդի, իսկ 1995-ին` ՀՀ Ազգային ժողովի պատգամավոր: Վախճանվել է 1997թ., Երեւանում:

Հակոբ Հովհաննեսի Աշիկյանը ծնվել է 1949թ., Երեւանում: Մինչեւ կալանավորվելը սովորել է Երեւանի պոլիտեխնիկական ինստիտուտի տեխնիկական կիբեռնետիկայի ֆակուլտետի երեկոյան բաժնի 3-րդ կուրսում, միաժամանակ աշխատել է Երեւանի հաշվիչ մեքենաների գիտահետազոտական ինստիտուտի լաբորատորիայում: Անդամագրվել է ԱՄԿ-ին 1967-ին: Կալանավորվել է 1969-ին եւ դատապարտվել 2 տարի ազատազրկման: Պատիժը կրել է Մորդովիայի քաղաքական կալանավայրերում: Ազատ արձակվելուց հետո բնակվել է Երեւանում: Պահպանել է կապերը հայ այլախոհների հետ, բայց ակտիվ գործունեություն չի ծավալել։ Աշխատել է որպես ատամնաբույժ: Վախճանվել է 2005 թ., Երեւանում:

Աշոտ Զավենի Խաչատրյանը ծնվել է 1951թ., Ապարանի շրջանում: Մինչեւ կալանավորվելը սովորել է Երեւանի պետական համալսարանի բանասիրության ֆակուլտետում: Կալանավորվել է 1969-ին, դատապարտվել է 6 ամիս կալանքի։ Դատավճռի հրապարակման պահին պատժաչափն արդեն ավարտված լինելու պատճառով ազատ է արձակվել դատարանի դահլիճից: Հետագայում ընդհատակյա գործունեությամբ չի զբաղվել։ Բնակվել է Երեւանում։ Վախճանվել է:

Ռաֆայել Սերգեյի Բարսեղովը ծնվել է 1956թ., Թբիլիսիում: Անհայր է մեծացել: Մայրը բնակվել է Թբիլիսիում, իսկ ինքը 1961-ից մինչեւ 1968 թվականը եղբայրների հետ` Նուբարաշենի մանկատանը: Ազգային միացյալ կուսակցությանն անդամագրվելէ 1968-ին: Կալանավորվել է 1969-ին: Դատապարտվել է 6 ամիս կալանքի։ Դատավճռի հրապարակման պահին պատժաչափն արդեն ավարտված լինելու պատճառով ազատ է արձակվել դատարանի դահլիճից: Հետագայում ընդհատակյա գործունեությամբ չի զբաղվել։ Մշտական բնակության նպատակով Վրաստան է տեղափոխվել: Այնտեղ էլ վախճանվել է։

Գլխավոր լուսանկարում Աշոտ Նավասարդյանն է 1971թ.-ին:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter