HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

«Ղարաբաղյան կարգավորում», «միջազգային հանրություն» և այլ «սրտի մորմոք» կոնստրուկտների մասին

Դեսպան Միլսի հայտնի հայտարարությունն այն մասին, որ ինքը զարմացած է, թե հայ հանրությունը պատրաստ չէ քննարկել տարածքների վերադարձի տարբերակը՝ որպես խաղաղ կարգավորման մաս, բազմաթիվ արձագանքների առիթ տվեց, անգամ բարձրագույն պաշտոնական մակարդակում: Արձագանքների ալիքը նորմալ է և բնական, սակայն, երևի թե ժամանակն է, որ Ղարաբաղի խնդրի շուրջ նման հայտարարությունները պարզապես արձագանքի առիթ չդառնան: Ավելի ստույգ՝ մեր արձագանքը լինի ոչ միայն ռեակտիվ՝ միայն պատասխանող, այլև սեփական ասելիք ձևակերպող:

Ավանդական դարձած իրավիճակն այն է, որ Ղարաբաղյան խնդրի այսպես կոչված կարգավորման կամ լուծման շուրջ հղացքներն ու հայեցակարգերը ներկայացվում են դրսից՝ «միջազգաին հանրության» կողմից, իսկ հակամարտության բուն ենթականեր (սուբյեկտներ)՝ հայ և ադրբեջանական հանրությունները զուտ արձագանքողի, պատասխանողի դերում են: Բայց դեսպանի վերջին ուղերձը բացահայտեց մի կարևոր «գաղտնիք»:

Ընդհանրապես Միլսի ասածը կարելի է մեկնաբանել մի քանի իմաստով: Ամենապարզն այն է, որ դեսպանն անուղղակիորեն կոչ է անում հայ հանրությանը լինել ավելի զիջողական «հողային հարցում»: Բայց կա նաև այլ՝ հավելյալ մեկնաբանությունների հնարավորություն: Ոչ թե այն իմաստով, թե ինչ նկատի ուներ դեսպանը, այլ ավելի լայն՝ ինչ է բացահայտվում և բխում նրա ասածից: Օրինակ, որ փաստորեն դեսպանն արձանագրում է այն, ինչ բոլորին այսպես թե այնպես պարզ էր, բայց պաշտոնապես չէր ասվում՝ հայ ժողովուրդը փաստացի չի ընդունում Ղարաբաղյան հարցի կարգավորման «միջագային հանրության» հայեցակարգը, որի մասն է ազատագրված տարածքների «վերադարձը»: Իսկ այդ՝ բոլորին հայտնի, բայց պաշտոնապես նոր բարձրաձայնվող փաստի արձանագրումն ինքնին բավականին երկիմաստ քայլ է: Որովհետև ստացվում է, որ կարգավորման հայեցակարգը չի արտահայտում ժողովրդի կամքը, ինչը, մեր՝ գոնե պաշտոնապես ժողովրդավարական դարում, այնքան էլ դրական երևույթ չէ: Ինչ էլ նկատի ունեցած լիներ Միլսը, մենք կարող ենք զարգացնել նրա ասածի հենց այս մեկնաբանությունը՝ տեսնելու համար՝ արդյոք այն մեզ ինչ-որ հետաքրքիր տեղ կարող է բերել:

Գլխավոր հարցն է. կարո՞ղ ենք ի վերջո ունենալ Ղարաբաղյան հարցի այնպիսի մի հայեցակարգ, որը բխի ոչ թե դրսից պարտադրած՝ սխալ կամ ճիշտ հայացքներից, այլ մեր սեփական փորձից, զգացողությունից, հայեցողությունից, տեսությունից:

Բառեր ու արտահայտություններ կան, որոնք մտնելով հանրային խոսքի մեջ և անվերջ կրկնվելով՝ թվում են ինքնին պարզ, հասկանալի, իմաստ ունեցող: Այդպիսիններից է «Ղարաբաղյան հարցի կարգավորում» կամ «Ղարաբաղյան հարցի լուծում» արտահայտությունը: Բայց ի՞նչ է այդ կարգավորում/լուծումը և ավելին՝ արդյո՞ք կա ընդհանրապես «Ղարաբաղյան կարգավորում» կոչված գործընթաց:

Հարցն անիմաստ չէ: Համարձակվենք միագամից ասել, որ այն, ինչ կոչվում է «Ղարաբաղյան հարցի կարգավորում» ոչ թե իրական մի էություն (գոյություն, երևույթ) արտահայտող անվանում է, այլ պայմանական մի նշան, որը զուտ անվանապես միավորում է իրականում ոչ թե մեկ, այլ տարբեր փուլերում միանգամայն տարբեր քաղաքական իրողություններ, միտումներ, ծրագրեր, գործընթացներ: Եվ այդու, ոչ միայն նշան է, այլև հաճախ՝ քող կամ ծածկագիր՝ ծածկող և քողարկող, այլ ոչ թե իրականությունը բացահայտող ու անվանող: Չկա ու չի եղել ոչ մի «ղարաբաղյան կարգավորում» որպես այդպիսին, այլ վերջին 30 տարում եղել են, կան և կլինեն այլևայլ, որոշ դեպքերում էությամբ միանգամայն հակադիր աշխարհաքաղաքական ծրագրեր կամ ծրագրերի մասեր, որոնք ներկայացվում են այդ անվանման տակ: Այլ կերպ ասած՝ կա ոչ թե մեկ, այլ եղել են ու կան մի քանի, տարբեր, հաճախ՝ ուղիղ հակադիր գործընթացներ, որոնք քաղաքական պայմանական լեզվով կոչվել են «ղարաբաղյան կարգավորում»: Ղարաբաղյան կարգավորում կամ լուծում հղացքը պատրանք է, միրաժ է, «սրտի մորմոք», «կոնտսրուկտ», ի վերջո՝ պարզապես կեղծիք:

Բերենք երկու օրինակ «կարգավորման» պատմությունից:

1990-ականների վերջին, ինչպես հայտնի է, որպես Ղարաբաղյան կարգավորման տարբերակ քննարկվում էր, և բանակցում էին այսպես կոչված՝ Մեղրու տարբերակի շուրջ: Սա բավականին պայմանական անվանում է մի տարբերակի, որի հիմքում Գոբլի հայտնի պլանի մի ձևափոխումն էր, որի առանցքային միտքը տարածքային փոխանակումն էր Հայաստանի և Ադրբեջանի միջև: Մենք հիմա չենք ուզում մտնել սրա մանրամասների մեջ, քանի որ տարբեր աղբյուրներ տարբեր կերպ են դրանք ներկայացնում: Որքան մեզ հայտնի է, 1999-ի տարբերակում հաշվի էին առնված հայկական կողմի քննադատությունը Գոբլի ծրագրի՝ 1990-ականների սկզբում ներկայացված տարբերակի նկատմամբ (օրինակ՝ հայ-իրանական սահմանի հարցը), բայց ավելի մանրամասն թող ասեն ավելի տեղյակները:

Մեզ մանրամասնե´րը հետաքրքիր չեն, այլ այդ գործընթացի էությունը: Դա, իհարկե, անմիջապես առնչվում է Ղարաբաղյան հարցին (ավելի լայն՝ հայ-ադրբեջանական հարաբերություններին), բայց, առնչությունը դեռ չի նշանակում էություն՝ այսինքն՝ բուն իմաստ, նպատակ: Առանձնապես խորը վերլուծություն պետք չէ՝ հասկանալու համար, որ «Մեղրիի տարբերակ»-ի բուն էությունը հայ-ադրբեջանական հարաբերությունների կարգավորումն էր ամերիկյան սցենարով, ամերիկյան գերակայությամբ, հետևաբար՝ տարածաշրջանում ամերիկյան աշխարհաքաղաքական ազդեցության տարածմամբ: Բարդ չէ նաև հասկանալ, որ դա մարտահրավեր էր ռուսական շահերին: Այսինքն՝ Ղարաբաղյան կարգավորումն այստեղ ոչ թե բուն նպատակն է, այլ գործիք է, միջոց է, ինչ-որ տեղ «քող է» այլ՝ ավելի մեծ և լայն քաղաքական նպատակի: Դա չի նշանակում, որ տեսականորեն այս ամենի արդյունքում երկու պետությունների միջև չէր կարող հաստատվել խաղաղություն: Կարող էր հաստատվել, կարող էր և չհաստատվել, բայց կարևոր է արձանագրել, որ գործի էությունը դա չէր, այլ այն, ինչ արդեն ասացինք:

Ինչո՞վ ավարտվեց «կարգավորման» այս փուլը. 1999-ի հոկտեմբերի 27-ով: Տվյալ դեպքում չենք պնդում, որ հոկտեմբերի 27-ի իմաստը հենց դա էր՝ կարգավորման այս կոնկրետ գործընթացի կանխումը: Մենք ո՛չ հատուկ քննչական ծառայություն ենք, ո՛չ էլ ԱԱԾ-ը՝ միանշանակ պնդելու կամ հերքելու համար նման վարկածները: Ընդամենը արձանագրում ենք փաստը՝ հոկտեմբերի 27-ով կամա թե ակամա կասեցվեց նաև Ղարաբաղյան կարգավորման այս ծրագիրը: Իհարկե կան տարբեր վարկածներ այս երկու իրողությունների առնչությունների մասին: Տեսականորեն հոկտեմբերի 27-ը կարող էր կազմակերպել այն ուժը, որի շահերին դեմ էր կարգավորման այս պլանը: Ոչ թե «կարգավորումն» ընդհանրապես, այլ հենց այս տարբերակը:

Մյուս օրինակը:

Վերջին տարիներին խոսվում է այսպես կոչված՝ Լավրովյան պլանի մասին: Սա էլ Ղարաբաղյան կարգավորման մի տարբերակ է: Սրա մանրամասների մեջ էլ չխորանանք: Ասվում է, որ սրա հիմնական միտքն է տարածքների վերադարձը միջանկյալ կարգավիճակի դիմաց: Ավելի պարզ մարդկային լեզվով ասած՝ տարածքների վերադարձը ոչ մի բանի դիմաց, որովհետև ինչ է միջանկյալ կարգավիճակը՝ ոչ ոք չգիտի՝ նման հասկացություն կարծես չկա միջազգային իրավունքում, իսկ կարգավորման պլանի հեղինակներն էլ երբեք որևէ հստակ բան չեն ասել դրա մասին: Սովորական մահկանացուն կարող է, իհարկե, հարցնել՝ լավ բա այդ մարդիկ հիմա՞ր են, ինչո՞ւ են առաջարկում այդքան տարօրինակ, ոչ իրատեսական պլան: Բայց սովորական մահկանացուներին ոչ ոք չի հարցնում, քանի որ համարվում է, որ նրանք նման բարձր նյութերից բան չեն հասկանում ի տարբերություն «էզոթերիկ» գիտելիքների տիրապետող փորձագետների, դիվանագետների, մասնագետների և այլ «պաշտոնատար անձանց»:

Իրականում, անշուշտ, միջազգային քաղաքականության մեջ հիմարներ չկան: Պարզապես այս դեպքում էլ Ղարաբաղյան կարգավորումը կամ հարցի լուծումը մի անվանում է, մի ծածկագիր, մի քող, իսկ ծրագրի բուն էությունն այլ է: Տվյալ դեպքում խնդիրը «խաղաղապահ» զորքի տեղադրումն է: Մի օր գուցե առիթ լինի, ավելի մանրամասն կազմաքանդելու «խաղաղապահ զորք» հասկացությունը, բայց այս դեպքում, ընդամենն արձանագրենք՝ խոսքը ոչ թե ընդհանրապես ինչ-որ, այլ ռուսական կամ մեղմ ձևակերպելով ասենք՝ գերազանցապես ռուսական «խաղաղապահ» զորքի մասին է: Խաղաղապահ բառը կարող ենք հանգիստ անտեսել, որովհետև կարևորը զորքն է:  Ցանկացած զորք, այդ թվում խաղաղապահ՝ նախևառաջ այս կամ այն երկրի զորքն է, իսկ խաղաղապահը, թե «ռազմաստեղծը», մեծ հաշվով, էթիկետներ են, քնարական զեղումներ, քաղաքական լեզվի ևս մեկ ամոթխած, պոետիկ փոխաբերություն: Ուրեմն՝ մեծ նպատակը ռուսական զորքն է, իսկ «Ղարաբաղյան կարգավորումը»՝ այդ ծրագրի իրացման փոխաբերական անվանումը:

Մենք այստեղ երկար- բարակ չենք քննարկի այն հարցը, թե որքանով ռուսական և ընդհանրապես որևէ այլ զորք, բացի հայկականից, կարող է իրապես խաղաղություն ապահովել Ղարաբաղի, Հայաստանի, և եթե կուզեք նույնիսկ՝ Ադրբեջանի համար: Մեզ թվում է, որ այս հարցի պատասխանն այնքան ակնհայտ է ոչ միայն տրամաբանության, այլև գոնե վերջին 100-120 տարվա պատմական փորձի տեսանկյունից, որ ցանկացածն ինքնուրույն կարող է գտնել դա: Արձանագրենք միայն, որ կարգավորման այս մի տարբերակն այլ բան չէ, քան փաստացի վերադարձ դեպի 1988-1991 թթ և նախորդող շրջան, երբ Ղարաբաղում տեղադրված էր ռուսական, եթե կուզեք՝ «խաղաղապահ» զորքը:

Այս պլանի մասին խոսակցություններին զուգընթաց ուշագրավ զարգացումներ տեղի ունեցան՝ 2016-ի ապրիլյան պատերազմ, հուլիսյան խռովություն Երևանում, 2018-ի հեղափոխություն: Չենք պնդում անմիջական կապ, կրկնելով, որ մենք ոչ ՀՔԾ-ենք, ոչ էլ՝ ԱԱԾ, ոչ էլ գաղտնալսող սարքերի ենք տիրապետում, բայց գոնե առաջին երկուսի կապը Լավրովյան պլանի հետ՝ ամենևին էլ զարմանալի վարկածերից չէ:

Համեմատելով կարգավորման երկու պլանները՝ կարող ենք հեշտությամբ փաստել հետևյալը: Թեև արտաքուստ և անվանապես ունենք մեկ կարգավորման գործընթացի երկու տարբեր փուլեր, բայց իրականում այստեղ էությամբ երկու միանգամայն հակադիր գործընթացներ են՝ մեկն ուղղված տարածաշրջանում ամերիկյան ազդեցության, մյուսը՝ ռուսական ազդեցության տարածմանը (ազդեցություն ենք ասում, բայց թերևս պետք է ասեինք՝ գերակայություն): Սա ասում ենք ընդհանրացված՝ առանց մանրամասների:

Ակնհայտ է, որ «կարգավորումն» այստեղ սոսկ անուն է, պայմանականություն, եթե չասենք՝ քող: Որևէ տրամաբանությունից դուրս է իրարից էապես ոչ միայն տարբեր, այլև ուղիղ հակադիր գործընթացները համարել մեկ միասնական երևույթ, միայն որովհետև դրանք միևնույն անվամբ են ներկայացվել:

Ղարաբաղյան կարգավորումը նույնքան պայմանական, զուտ անվանական պատրանք է, կոնստրուկցիա, վերացականություն, որքան դա ծնած «միջազգային հանրությունը» կամ «քաղաքակիրթ աշխարհը»: Չգիտեմ կա՞ ինչ-որ մեկը, ով իրապես հավատում է, որ աշխարհում գործում է ինչ-որ միասնական «միջազգային հանրություն», այլ ոչ թե առանձին աշխարհաքաղաքական ուժի կենտրոններ՝ յուրաքանչյուրն իր նպատակներով և շահերով, որոնք կարող են համընկնել և հակադրվել: Եթե նման տարօրինակ մեկը գտնվի, ապա, նա իհարկե, իրավունք ունի հավատալու նաև «Ղարաբաղյան կարգավորում» կոչված գործընթացի էութենականությանը: Թերևս այդ նույն անձն իրավասու է հավատալ նաև Տրդատ արքայի խոզի վերածվելու պատմությանը կամ Բուդդա-Մայթրեյայի երկրորդ գալստյանն՝ ինչու՞ ոչ՝ խղճի ազատությունը սահմանադրորեն ապահովող մեր երկրում:

Մեր բացահայտածն, իհարկե, մեծ գյուտ չէր: Ինչպես մեծ գյուտ չէր դեսպան Միլսի ասածը: Բայց, ինչպես և Միլսն, ուզում ենք արձանագրել մի բան, որը մի կողմից բոլորին քիչ թե շատ հայտնի է, իսկ մյուս կողմից՝ պաշտոնապես կամ նույնիսկ պարզապես գրավոր, հրապարակայնորեն հազվադեպ ուղիղ ասվող: Իսկ այս արձանագրումն էլ թող մի փոքրիկ առիթ ու սկիզբ դառնա ավելի լայն խոսակցության՝ ի՞նչ է Ղարաբաղյան հակամատությունն իրականում, և ո՞րը պետք է լինի դրա հայկական, հայաստանակենտրոն հայեցակարգը:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter