HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Լիանա Սայադյան

«Հայաստանը պետք է դիվերսիֆիկացնի արտահանումը»,- ասում է ֆրանսահայ գործարար Արմեն Պետրոսյանը

Արմեն Պետրոսյանը ֆրանսահայ գործարար է` աշխարհում հայտնի որպես խավիարի եւ ծովամթերքի արտադրությամբ ու վաճառքով զբաղվող «Պետրոսյան» ընկերության սեփականատեր: Նա համարվում է խավիարի արքա, իսկ «Պետրոսյան»-ը` խավիարի խոշոր միջազգային ապրանքանիշ: Ֆրանսիական «Լը Մոնդ» պարբերականը նրա մասին իր հոդվածներից մեկը վերնագրել է` Արմեն Պետրոսյան. խավիարն` արյան մեջ:

«Պետրոսյան» ընկերությունը հիմնադրվել է Ֆրանսիայում 1920 թվականին: Գործունեության ոլորտը` համեմունքներ, խավիար եւ ապխտած ձկան վրա հիմնված արտադրանք: Այն հիմնադրել են երկու հայ փախստական եղբայրներ` Մելքոն եւ Մուշեղ Պետրոսյանները` թբիլիսցի մետաքսագործի որդիները: Նրանց բիզնեսը սերտորեն կապված է եղել Խորհրդային Միության հետ: Մուշեղն ամուսնացել է 19-րդ դարում խավիարի շնորհիվ հարստացած ռուս վաճառականի ընտանիքի դստեր` Իռեն Մայիֆի հետ: Խորհրդային իշխանությունների եւ գործարարների հետ Պետրոսյանների հարաբերություններն ամրապնդվեցին 1930-ական թվականներին: 1972-ին Մելքոն Պետրոսյանի եւ 1981-ին Մուշեղ Պետրոսյանի մահից հետո վերջինիս որդին` Արմեն Պետրոսյանը, ընտանեկան բիզնեսի ղեկավարումը ստանձնեց 1991 թվականին:

Պետրոսյանը խավիարի եւ այլ արտադրանքի խանութներ, նորաձեւության բուտիկներ ու ռեստորաններ ունի Փարիզում, Բրյուսելում, Դուբայում, Նյու Յորքում, Լոս Անջելեսում եւ Լաս Վեգասում: Չնայած խավիարի շուկայում մրցակցությանը` Պետրոսյանը պահպանում է իր դիրքը, բայցեւ ընդլայնել է իր տեսականին` ներառելով ռուսական հայտնի «Չատկա» ծովախեցգետին, օձաձուկ, ծովատառեխ եւ այլ ծովամթերք, ինչպես նաեւ պանիր, շոկոլադ եւ այլ քաղցրավենիք:

Հոկտեմբերի 10-ին նա մասնակցում էր Ֆրանկոֆոնիայի տնտեսական ֆորումին, եւ «Հետքը» առիթն օգտագործեց` զրուցելու պրն Պետրոսյանի հետ Հայաստանում իր ծրագրերի եւ տնտեսական գործունեությանն առնչվող խնդիրների մասին:

«Հայաստան եմ եկել ֆորումին մասնակցելու համար, նաեւ` տեսնելու, թե ինչ կարող եմ այստեղ անել: Ես նռան հյութ եմ արտահանում Հայաստանից Ֆրանսիա եւ Եվրոպա: Մեծ բան չէ, բայց սա սկիզբն է»,- զրույցը սկսեց Արմեն Պետրոսյանը:

Որո՞նք են Հայաստանում բիզնեսով զբաղվելու գրավիչ կողմերը, եւ որո՞նք են խոչընդոտները:

Դրականն այն է, որ Հայաստանում բազմաթիվ գաղափարներ կան, առաջարկներ կան, մյուս կողմից` դրանք իրագործելը, իրականության վերածելը դժվար է: Գաղափարները լավն են, բայց իրագործումը մի քիչ դժվար է: Այս երկուսի միջեւ է բարդությունը: Մյուս կողմից` քաղաքական փոփոխությունները, հավանաբար, ավելի հեշտ մթնոլորտ կձեւավորեն: Մի պարզ օրինակ բերեմ` մենք մեղրի գնում ենք իրականացնում Հայաստանում` արտահանման նպատակով: Շատ փոքր գործ է: Բայց արդեն 4 ամիս է` միջոց ենք փնտրում Ֆրանսիա արտահանման համար թղթերը պատրաստելու:

Ի՞նչն է պատճառը, բյուրոկրատիա՞ն, ո՞ր հաստատությունում է գործընթացը ձգձգվում:

Փաստաթղթերի ձեռքբերման մի ողջ շղթա կա, բայց ներկա պահին արգելափակումը որոշ կառավարական հաստատությունների կողմից է, քանի որ մեղրը գնում ենք Արցախից, այնտեղից բերում ենք Հայաստան, ապա պիտի արտահանենք Ֆրանսիա: Այս ամենը շատ ժամանակ է խլում: Մինչդեռ խոսքը մեծ ծավալների մասին չէ` 100-200 կգ: Եթե Հայաստանը չլիներ, ես արդեն գնացած կլինեի:

Հնարավո՞ր է, որ կաշառքի ակնկալիք ունեն այդ հաստատություններում, Դուք նախկինում ունեցե՞լ եք նման խնդիրներ:

Ոչ, բոլորովին, զուտ բյուրոկրատիա է: Ես քաղաքականությամբ չեմ զբաղվում, իմ գործունեությունը կոմերցիոն է կամ բարեգործական, հայ-ֆրանսիական բարեկամություն: Այս պահին ես միայն արտահանում եմ Հայաստանից, բայց մտադիր եմ հետագայում նաեւ Հայաստան ներմուծել որոշ ապրանքներ եւ այստեղ վաճառք կազմակերպել: Դա կապված չէ քաղաքական փոփոխությունների հետ, այդ մտադրությունը վաղուց ունեի, պարզապես հիմա առիթ կամ հնարավորություն եղավ: Ես հանդիպել եմ Նիկոլ Փաշինյանին, նա հետաքրքիր անձնավորություն է, նախկին նախագահների հետ էլ եմ շփվել, Փաշինյանի հետ շատ լավ քննարկում ունեցանք:

Ո՞ր ոլորտներով եք հետաքրքրված Հայաստանում:

Այն ամենով, ինչ կապված է սննդի հետ:

Դուք հայտնի եք որպես խավիարի արտադրությամբ զբաղվող գործարար:

Պետք է ճշգրտեմ` ես այլեւս չեմ զբաղվում խավիարի արտադրությամբ, ես բազմաթիվ ձեռնարկումներ ունեցա այդ ողղությամբ, բայց ոչինչ չկոնկրետացվեց:

Դուք նման մի նախաձեռնություն սկսեցիք Ֆրանսիայում հայաստանցի գործարար Հրայր Հակոբյանի հետ:

Այո, բայց այդ գործը չշարունակվեց, որովհետեւ բազմաթիվ արգելքներ կային: Տեղի բնակիչները դեմ էին` բազմաթիվ, այդ թվում էկոլոգիական պատճառներով: Այդտեղ վատ տարրերի «բազմապատկման գործողություն» եղավ, ներգրավված կողմերի միջեւ անհամաձայնություններ եւ այլն:

Հայ-ֆրանսիական տնտեսական կապերն ինչպե՞ս եք գնահատում: 

Առանձնապես ակտիվ չեն: Այն սահմանափակվում է գինու, առհասարակ ալկոհոլի առքուվաճառքի շրջանակում: Այս ոլորտում ամեն ինչ լավ է ընթանում: Բայց դա քիչ է:

Ինչու՞, Ձեր կարծիքով, ֆրանսիացի ներդրողները հետաքրքրված չեն Հայաստանով:   

Չէի ասի, թե հետաքրքրված չեն, պարզապես պետք է ցանց ստեղծել, բայց Հայաստանում էլ գործարար մարդիկ այդքան հետաքրքրված չեն, իրենք արդեն իրենց ապրանքը լավ վաճառում են Ռուսաստանում եւ հետաքրքրված չեն նոր` եվրոպական շուկաներ գրավելով, նրանք նախընտրում են ռուսական կարեւոր շուկան եւ շահագրգռված չեն Ֆրանսիայի կամ Եվրոպայի հետ գործարար կապեր հաստատելու: Հայերն իրենց շուկան ունեն Ռուսաստանում, ինչու՞ պետք է ավելի բարդ եվրոպական շուկայով «գլուխները ցավեցնեն»: Ես դա շատ լավ հասկանում եմ, ֆինանսապես դա ձեռնտու չէ: Բայց եթե այսօր հետաքրքրություն չկա, դա չի նշանակում, որ այն չի առաջանա վաղը: Այսօր Ռուսաստանում հայերի բիզնեսը լավ է աշխատում Ռուսաստանի նկատմամբ տնտեսական սանկցիաների հետեւանքով, բայց երբ դրանք վերանան, ռուսաստանցիներն այլեւս ոչինչ չեն գնի:

Նկատի ունեմ, որ հայերը պետք է ավելի ակտիվ լինեն իրենց կոմերցիոն փոխանակումների մոնդիալիզացման առումով, ոչ թե միայն մնան իրենց նախընտրելի տնտեսական գոտիներում: Ռուսաստանի շուկան շատ լավ է, բայց միաժամանակ պետք է դիվերսիֆիկացնել արտահանումը, եթե անգամ Ռուսաստանի ուղղությունը շատ շահավետ է: Երբ այս ֆորումի ընթացքում ներկայացվեց Հայաստանից արտահանման պատկերը, 70%-ը դեպի Ռուսաստան էր:

Այս տնտեսական ֆորումը կնպաստի՞ հայ-ֆրանսիական կապերի ակտիվացմանը:

Բոլոր ջանքերը նպաստում են, մեկ գործողություն չէ: Ջանքերի համադրումը: Ամեն անգամ մի բան հեշտացնում է, բայց կարեւոր է նաեւ քաղաքական կամքը, վերահսկողության մեխանիզմներ ստեղծելու ցանկությունը: Երբ խոսում ենք սննդամթերքի մասին, այն պետք է վերահսկվի պետության կողմից, միայն պետությունը կարող է վերահսկել` արդյոք ապրանքը արտադրված է լավ պայմաններում, արդյոք ընթացակարգերը պահպանված են եւ այլն: Վերահսկումը պետության գործառույթն է, եւ նա պետք է որոշի` ապրանքը ենթակա՞ է արտահանման, թե ոչ: Նաեւ գործարարների կամքը պետք է առկա լինի` հետեւելու այդ գործընթացներին:

Քանի որ սննդից խոսեցիք, որո՞նք են Հայաստանի գյուղատնտեսության հիմնական խնդիրները:

Կարծում եմ` Հայաստանի գյուղատնտեսությունը շատ լավն է, այստեղ բացակայում է գյուղատնտեսական արտադրանքը հավաքելու մեթոդաբանությունը: Փոքր գյուղատնտեսները շատ լավ արտադրանք են տալիս, բայց ամեն մեկը մեկուսացված է: Պետք է միջոց գտնել` առաջին` վերահսկելու նրանց ապրանքը, երկրորդ` հավաքելու այն` արտահանման համար: 10 կգ բերքը գյուղացին չի կարող արտահանել, պետք է բոլոր փոքր մշակողների բերքը հավաքվի արտահանման համար ողջամիտ քանակությամբ: Պետք է հեշտացնել բերքի կամ գյուղատնտեսական ապրանքների խմբավորումը եւ բակտերեոլոգիական վերահսկողություն սահմանել: Վերահսկողությունն այնպիսին չպետք է լինի, որ խանգարի արտադրողներին, հակառակը` նրանց թույլ պիտի տա համապատասխանել նորմերին: Օրինակ` ծիրանը դուք այստեղ ուտում եք` շատ լավն է, բայց երբ մենք գնում ենք, այդքան լավը չի, որովհետեւ չեն ընտրել կամ տեսակավորել, որպեսզի այն գնվի ըստ կատեգորիաների: Պետք է խմբավորել, տեսակավորել, որպեսզի արտահանման ենթակա լինի: Մեկ կամ երկու մարդը չեն կարող այս գործընթացն իրականացնել: Պետք է անկախ միություններ ստեղծվեն, որոնք կկազմակերպեն արտահանումը: Գյուղատնտեսությունը Հայաստանում շատ անհատապաշտական է: Դա նորմալ է, հայկական մշակույթից է գալիս, ամեն մեկն իր իմացածով իր գործն է անում: Բայց հիմա պետք է այդ արտադրանքը հավաքելու միջոց գտնել` առանց մարդկանց տուգանելու: Խոսքը տրանսազգային կորպորացիաների մասին չէ, պետք է փոքրիկ միություններ կամ ընկերություններ ստեղծել` այն չափով մեծ, որպեսզի կարողանան գումար ներդնել եւ արտահանում կազմակերպել, ընդգծում եմ` խոսքը փոքրիկ կառույցների մասին է, որոնք կարող են հավաքել-տեսակավորել, կազմակերպել եւ արտահանել: Հայաստանում շատ հաճախ են խոսում չափազանց մեծ ընկերությունների, մեծ ձեռնարկությունների մասին, որոնք անհրաժեշտ են, բայց չեն խոսում փոքր ձեռնարկությունների մասին, որոնք են տնտեսության շարժիչը:

Դուք այս հարցերի շուրջ խոսե՞լ եք գյուղատնտեսության նախարարության ներկայացուցիչների հետ:

Շատ ենք խոսել, բայց ամեն ինչ մնացել է խոսակցության մակարդակում: Ես շատ կուզենայի, որ լիներ մի մարմին, որտեղ ես կգնայի ու կասեի` այս խնդիրն ունեմ որպես արտահանող կամ գործարար, եւ այդ մարմինը հանձն առներ այն լուծել, ոչ թե ինձ մի հաստատությունից մյուսն ուղարկեին, էդտեղից`ուրիշ մեկի մոտ եւ այսպես շարունակ: Ֆրանսերենում մենք այս երեւույթն անվանում ենք «տաք կարտոֆիլ», որը բռնելիս այրվում ենք, բայց գետին չենք գցում եւ փոխանցում ենք կողքինին: Հայաստանում շատ խելացի եւ բանիմաց մարդիկ կան, շատ ցանկություն, բայց բացակայում են «փոխանցման որոշ տարրեր` ատոմներն իրար միացնելու համար»:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter