
«Տղամարդը պտի կրակի». Գագիկ Ծառուկյանը 75 գրանցված զենք ունի, որից 9-ը՝ անվանական
«Բարգավաճ Հայաստան» կուսակցության նախագահ Գագիկ Ծառուկյանը 9 հատ անվանական զենք ունի:
Այս մասին խորհրդարանում՝ լրագրողների հետ զրույցում ասաց պատգամավորը:
«75 հատ գրանցված զենք ունեմ, 9 հատ էլ՝ նագռադնոյ»,- ասաց նա:
Հարցին, թե ինչի՞ համար է պատգամավորին անհրաժեշտ այդքան զենք, Ծառուկյանը պատասխանեց. «Զենք եմ սիրում, աղջիկ ջան, դու ջութակ ես սիրում, ես էլ զենք, որսի գնալ եմ սիրում, տղամարդը պտի կրակի»:
«Ծառուկյան» խմբակցության ղեկավարը վստահեցրեց՝ իր բոլոր զենքերն օրինական, գրանցված զենքեր են, ցանկացած պահի էլ դա կարող է օգտագործել երկրի պաշտպանության համար:
Դիտարկմանը, որ իր խնամի, նախկին վարչապետ Հովիկ Աբրահամյանի եղբոր՝ Հենրիկ Աբրահամյանի գործարանում հայտնաբերվել է զենք ու զինամթերք, ինչո՞ւ է անհրաժեշտ նման քանակով զենք պահել, Ծառուկյանը նախ նշեց, որ ապացուցվել է՝ այդ զենքերը որևէ կապ չունեն 2008 թվականի Մարտի 1-2-ի իրադարձությունների հետ: Ապա հավելեց, թե զենքն անհրաժեշտ է, քանի որ պատերազմական երկրում ենք ապրում:
Նախկին վարչապետ Հովիկ Աբրահամյանն ինչպե՞ս է մասնակցել պատերազմին հարցին ի պատասխան` Գագիկ Ծառուկյանը խորհուրդ տվեց հարցն ուղղել Հովիկ Աբրահամյանին: «Պաշտպանելը միայն զենքով կանգնելը չէ, այլ նաև զենքով կանգնողին կերակրելն ու զինելը»,- ասաց Ծառուկյանը:
Հիշեցնենք, որ ավելի վաղ «Հետք»-ն անդրադարձել էր անվանական զենքի տրամադրմանը եւ պարզել, որ 2006-2017 թվականներին ՀՀ վարչապետներն անվանական զենքով պարգևատրել են 107 անձի, թե ում՝ կառավարությունը հրաժարվել է հանրայնացնել:
Մեկնաբանել