HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Ամալյա Մարգարյան

Երեւանի ավագանին հաստատեց փոխքաղաքապետերի եւ քաղաքապետի առաջին տեղակալի նշանակման մասին որոշումները

Երեւանի ավագանին այսօրվա արտահերթ նիստում հավանություն տվեց քաղաքապետի առաջին տեղակալի եւ փոխքաղաքապետերի նշանակման մասին որոշման նախագծերին։ Քաղաքապետ Հայկ Մարությանի առաջին տեղակալի պաշտոնում հաստատվել է «Իմ քայլը» խմբակցության անդամ Հրաչյա Սարգսյանը, իսկ փոխքաղաքապետերի պաշտոններում` Հայկ Սարգսյանը, Սերգեյ Հարությունյանը եւ Տիգրան Վիրաբյանը։

Քննարկվեցին նաեւ քաղաքապետարանի եւ վարչական շրջանի ղեկավարի աշխատակազմերի կառուցվածքի, հաստիքացուցակի, աշխատակիցների թվաքանակի վերաբերյալ հարցերը։

«Լույս» խմբակցության ներկայացուցիչ Դավիթ Խաժակյանը հայտնեց, որ քաղաքապետի եւ հինգ օգնականների համար բյուջեով նախատեսված ամսական 2 մլն 53 հազար դրամ աշխատավարձի գումարը կարելի է օպտիմալացնել։ Նա նշեց, որ «Լույս» խմբակցության անդամները դեմ են քվեարկելու նախագծին, քանի որ կարծում են, որ դրա փոխարեն կարելի է վարչական շրջանների ղեկավարների աշխատավարձը բարձրացնել՝ մասնավոր ընկերություններից ավելի պատրաստված կադրեր բերելու համար։ Քաղաքապետ Հայկ Մարությանն էլ պատասխանեց, որ քաղաքապետի օգնականների թիվը փոխելով՝ բյուջեն չի փոխվում։

«Լույս» խմբակցության ավագանու անդամ Անի Սամսոնյանը քաղաքապետի առաջին տեղակալի ընտրության ժամանակ իր ելույթի ընթացքում ներկայացրեց Արզումանյան 10 հասցեում ապրող բնակիչներից մեկի նամակը, ըստ որի՝ շենքի մուտքը վթարային է եւ փլուզման եզրին: Ավագանու անդամը նշեց, որ վարչական ղեկավարությանն ուղղած բազմաթիվ նամակներ անհասցե են մնացել։ Խոսքը եզրափակելով` Անի Սամսոնյանը նշեց, որ «Լույս» խմբակցությունը կողմ է քվեարկելու Հրաչյա Սարգսյանի թեկնածությանը՝ հույս ունենալով, որ այսպիսի հարցերն արձագանք կստանան։ Արձագանքելով ավագանու անդամի ելույթին՝ քաղաքապետը նշեց, որ անպայման անդրադառնալու են բնակչի նամակին, քանի որ իրենց համար ամենից կարեւորը երեւանցիների անվտանգությունն է։

52 կողմ, 1 դեմ եւ 2 ձեռնպահ ձայներով Հրաչյա Սարգսյանը նշանակվեց քաղաքապետի առաջին տեղակալ։

Ավագանու անդամ Անի Սամսոնյանը առաջադրեց նաեւ աղբահանության հարցը` հետաքրքրվելով, թե երբ են «Սանիթեքին» ասելու ցտեսություն։ «Մենք ինտենսիվ բանակցությունների մեջ ենք «Սանիթեք» ընկերության հետ»,- ասաց Հայկ Մարությանը` հավելելով, որ հարցին հետագայում կանդրադառնան։

Առեւտրի եւ սպասարկման, գովազդի, առողջապահության, քաղաքացիական պաշտպանության գծով տեղակալի պաշտոնում հաստատվեց Սերգեյ Հարությունյանը։ Իսկ Գյումրիի Վարդան Աճեմյանի անվան պետական դրամատիկական թատրոնի ղեկավար Տիգրան Վիրաբյանը նշանակվեց մշակույթի եւ երիտասարդության հարցերով փոխքաղաքապետ։

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter