HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Մանե Գևորգյան

One way ticket դեպի Հայաստան. Hero House-ի նոր #landed ծրագիրը

Hero House-ը, որը հայերեն թարգմանվում է Հերոսների տուն, ինովացիոն կենտրոն է, որը նոր մշակույթ է ստեղծում ՏՏ ոլորտում ու միավորում Հայաստանի տեխնոլոգիական համայնքը (tech community)։ Վերջերս այն հայտարարեց նոր ծրագրի՝ #landed-ի մասին, որի շրջանակում կկազակերպեն ՏՏ ոլորտի սփյուռքահայ ներկայացուցիչների երկարաժամկետ այցեր Հայաստան՝ ստարտափ էկոհամակարգում ներդրում ունենալու, աշխատելու, սովորելու, իրենց փորձը փոխանցելու, նոր ծրագրեր մշակելու համար։ Նպատակն է ամուր կապ ստեղծել երկար տարիներ դրսում ապրած, ՏՏ ոլորտում աշխատած, այնտեղի մշակույթը կրող մարդկանց ու Հայաստանում գործունեություն ծավալող ձեռներեցների միջև։

Ինչո՞ւ Hero House-ը։ Որովհետեւ հենց այստեղ են գտնվում SmartGateVC-ին, Հայաստանի ստարտափ ակադեմիան, SmartGateML-ը, yLedger-ը, Gate42-ը, տարբեր ստարտափներ, ինչպես նաև ոլորտով հետաքրքված freelancer-ներ՝ ազատ գրաֆիկով աշխատող անձինք։ Այսինքն՝ Hero House-ն ունի բոլոր հնարավորությունները երկու կողմերին կապող օղակ դառնալու համար։

#landed-ի հետ կապ են հաստատում ՏՏ ոլորտում փորձ ունեցող սփյուռքահայերը, որից հետո ծրագրի նախաձեռնողները օգնում են այդ մարդկանց գալ Հայաստան, գտնել բնակարան, ծանոթանալ ՏՏ ոլորտի տարբեր ենթակառուցվածքներում գործունեություն ծավալող ձեռներեցների հետ ու ներգրավվել տարբեր աշխատանքներում։ Օրինակ՝ դառնալ որևէ ստարտափի համահիմնադիր, խորհրդատու, աշխատակից, մենթոր և այլն։

Միտքն առաջացել է հենց իրական փորձի հիման վրա։ Գլենդելում ծնված ու ԱՄՆ-ում մեծացած Արմեն Ռոստամյանն ընդամենը մեկ շաբաթում որոշում է գնել միակողմանի տոմս (one-way ticket) ու հիմնովին տեղափոխվել Հայաստան։ Այդ մասին գրում է SmartGateVC-ի հիմնադիրներին, որոնք էլ կազմակերպում են նրա այցը՝ օդանավակայանում դիմավորելուց մինչև tech community-ում ներգրավվածություն, կապերի հաստատում։

Արմենը հիմնականում բլոկչեյնով է զբաղվում։ Եղել է LegatumX ընկերության համահիմնադիրն ու տեխնիկական գծով տնօրենը, իսկ այժմ GRÜV ընկերության հիմնադիրն է։ Ավելի քան 10 տարի աշխատել է Սիլիկոնյան հովտում: Աշխատել է brain–computer interface ընկերությունում, որտեղ մշակել և զարգացրել է նեյրոնային ազդանշանների ստացման ծրագիր, որի միջոցով հնարավոր է առանց ֆիզիկական միջամտության, վիրահատության տեսնել մարդու ուղեղը, կարդալ մարդու միտքը, ապակոդավորել այն և, վերջապես, նոր տեղեկություն ներմուծել այնտեղ:

Արմենը նշում է, որ իրենց ընկերության ղեկավարի խոսքերով՝ նպատակը հետևյալն էր՝ ոչ թե արհեստական բանականությունը պետք է կառավարի մարդու ուղեղը, այլ հակառակը: 2013 թվականին հայկական ստարտափներից մեկին միանալու առաջարկ է ստացել, հրաժարվել ու իր խոսքերով 5 տարի ապրել զղջման զգացումով։

ԱՄՆ-ում 15 տարի Արմենը հայկական դպրոցում է սովորել, ու միշտ ծնողները պայքարել են իրենց ինքնությունը պահելու համար։ Արմենը կատակով նշում է, որ Գլենդելին ինքը հենց «Գլենդիստան» է անվանում։ 2018 թվականին ծնողները Արմենին առաջարկել են իրենց հետ միասին գալ Հայաստան, սակայն նա չի համաձայնել։ Բայց դրանից շատ կարճ ժամանակ անց Բոստոնից զանգահարել է ծնողներին, ասել որ 2 շաբաթից տեղափոխվում է՝ Հայաստանում ապրելու։

Բոլորի համար զարմանալի որոշման հիմքում Արմենի մեծ ցանկությունն էր լինել հայրենիքում, աշխատել հայկական ստարտափների հետ։ Իսկ այդ ցանկությունը ավելի է ամրապնդվում հենց հեղափոխության ժամանակ, երբ տեսնում է՝ ինչպես են երիտասարդները պայքարում իրենց ապագայի համար ու զգում, որ պետք է բոլորը ներդրում ունենան այդ ապագան ավելի լավը դարձնելու հարցում։ Դեռ երկու ամիս է՝ ինչ Արմենը Հայաստանում է, բայց շատ ակտիվորեն ներգրավված է տարբեր նախաձեռնություններում ու ամեն օր վայելում է հայաստանցիների ջերմությունը, Երեւան քաղաքի ապահովությունը, անվտանգությունը, մաքրությունն ու սիրունությունը։

Արմենն ասում է. «Պատկերացրեք գալիս եմ Հայաստան ու չորրորդ օրն արդեն հանդիպում  ներկայիս ՀՀ տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարի պաշտոնակատար Հակոբ Արշակյանին։ Այսինքն՝ առաջին իսկ օրվանից շատ ակտիվ քննարկումների ու աշխատանքների մեջ եմ։ Երեւանը փոքր է, ու շատ արագ է ստացվում տարբեր մարդկանց հետ կապ հաստատել ու ծրագրեր իրականացնել»։

Հայաստանում Արմենն ունի ստարտափ, դիմել է «ՆերՈւԺ» ծրագրին ու ստացված ֆինանսական աջակցության շնորհիվ հնարավորություն կստեղծի իր համահիմնադիրների համար գալ ու աշխատել Հայաստանից։ Արմենի խոսքով՝ ընտանիքը մտահոգ էր, թե ինչ է ինքն անելու Հայաստանում, քանի որ չունի այնտեղ ընտանիք ու ընկերներ։ Բայց Արմենը միանգամից հարմարվել է ու Hero House-ի անմիջական օգնությունը նպաստել է tech community-ում ներգրավվելուն և իր համար նոր Հայաստան բացահայտելուն։

Հայաստան գալը, խոստովանում է, կյանքի լավագույն որոշումն է։ Արմենն ասում է. «Նկարագրելու համար՝ ինչքան հեշտ է ամեն ինչ Հայաստանում, երեւի նշեմ, որ այսքան ժամանակ ամենամեծ մարտահրավերը բնակարաններում չորացնող սարք (dryer) գտնելն է։ Մնացած ամեն ինչ հնարավոր է հեշտ ու արագ կազմակերպել»։

Արմենի օրինակը նկատի ունենալով` Hero House-ի նախաձեռնողները որոշում են սկսել #landed ծրագիրն ու հնարավորություններ ստեղծել ինժեներների, գիտնականների, մարքետինգի, վաճառքի, բիզնես զարգացման, պրոդուկտի կառավարման եւ այլ ոլորտների մասնագետներին վերադառնալ Հայաստան ու նոր փորձ ձեռք բերել հենց Hero House-ից։

Վերջինս SmartGateVC-ի և Հայաստանի ստարտափ ակադեմիայի հիմնադիրների նախաձեռնությունն է եւ իրականացվում է Եվրոպական Միության և Գերմանիայի Դաշնային Հանրապետության տնտեսական համագործակցության և զարգացման նախարարության (BMZ) կողմից համաֆինանսավորվող և Գերմանիայի միջազգային համագործակցության ընկերության (GIZ) աջակցությամբ իրականացվող «Աջակցություն ՓՄՁ զարգացմանը Հայաստանում» (SMEDA) ծրագրի աջակցությամբ։

SmartGateVC-ի համահիմնադիր Համբարձում Քաղկեցյանը 2015 թվականին Սիլիկոնյան հովտում մասնակցել է Դրեյփեր համալսարանի «Hero Training»-ին՝ ստարտափների կրթական ծրագրին, ոգեշնչվել այդ գաղափարով ու հիմք ընդունելով այդ մոտեցումները՝ որոշել են հիմնել Hero House-ը։ Նախնական նպատակն էր ունենալ տարածք, որտեղ կմեկնարկվի Հայաստանի ստարտափ ակադեմիայի նախաաքսելերացիոն ծրագիրը։ Վերջինիս համար պետք էր ոչ թե տարածք ինչ-որ բիզնես կենտրոնում, այլ առանձին տուն՝ մոտիվացնող միջավայրով ու ամբողջ օրն այնտեղ անցկացնելու հարմարություններով։ Դրան զուգահեռ որշում են, որ Hero House-ը կդառնա ձեռներեցների կենտրոն՝ տարբեր նախաձեռնություններ ու ծրագրեր իրականացնելու համար։

2017 թվականի հոկտեմբերին հիմնվում է Hero House-ն ու իր գործունեությունն է սկսում Հայաստանի ստարտափ ակադեմիան։ Դեկտեմբերին ձևավորվում է YLedger-ը, որը 4 կազմակերպությունների՝ Hex Division-ի, Concent-ի, Codics-ի և Catalyst Foundation-ի համատեղ նախաձեռնությունն է։ Դրանից հետո անցկացվում է YLedger-ի կազմակերպած բլոկչեյնի մեկամսյա դասընթաց, իսկ հունվարի 27-ին Hero House-ի, YLedger-ի և Zap ընկերության համագործակցությամբ տեղի է ունեցում Հայաստանում առաջին բլոկչեյն հաքաթոնը։

Տեսնելով բլոկչեյնի նկատմամբ մարդկանց հետաքրքրությունը՝ Hero House-ն այժմ ամեն շաբաթ կազմակերպում է այդ թեմայով ինչ-որ դասընթաց, որը վարում են ոլորտում փորձ ունեցող մասնագետները, ինչպես Հայաստանից, այնպես էլ այլ երկրներից։

Hero House-ում է գտնվում տարածաշրջանի միակ quantum computing research lab-ը (քվանտային հաշվարկների հետազոտությունների կենտրոն)։ Ամեն ինչ սկսվել է SmartGateVC-ի համահիմնադիր Վազգեն Հակոբջանյանի այն նախաձեռնությունից, որ կարելի է հետազոտողների մի խմբով շաբաթը երեք անգամ հավաքվել Hero House-ում ու միասին դիտել Ստենֆորդի համալսարանի քվանտային հաշվարկների (quantum computing) վերաբերյալ դասախոսությունները։ Որոշ ժամանակ անց խումբը առցանց մասնակցում է Կալիֆոռնիայում անցկացվող առաջին quantum computing հաքաթոնին ու հաջողությամբ կատարում պահանջվող առաջադրանքը։ Դրանից հետո հետազոտողների թիմը որոշում է Hero House-ում հիմնել Gate42 quantum computing research lab-ն ու ոլորտում սեփական ներդրումն ունենալ։

SmartGateML-ը Երևանի արհեստական բանականության գերազանցության կենտրոնն է, որը կազմակերպել է ավագ ծրագրավորողների համար առաջին նմանատիպ դասընթացը։ Այն սկսվել է ապրիլից ու տևել 7 ամիս։

Hero House-ը նպատակ ունի նաեւ նպաստել Հայաստանում կիբերանվտանգության զարգացմանը եւ իր տարածքում հյուրընկալել է OWASP-ի հանդիպումները, որոնց ընթացքում մասնագետները քննարկում են կիբերանվտանգության ապագան Հայաստանում։

Այսինքն՝ Hero House-ը լինելով նման տարբեր նախաձեռնությունների կենտրոն, տարածք, որտեղից աշխատում են տարբեր ստարտափների թիմեր, ձեռներեցներ, մարդիկ, որոնք հետաքրքրված են ոլորտով, ունի բոլոր հնարավորությունները #landed ծրագիրն իրականացնելու եւ Հայաստանում ՏՏ ոլորտը զարգացնելու համար։

Մեկնաբանություններ (1)

Արտյոմ
Բարև ձեզ ես կուզենայ մասնակցեյ ձեր "Start up" ծրագրին։ Մասնակցելու համար ինչ է հարկավոր, կամ ինչ ձեռքբերումներով պետք է ներկայանալ։

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter