HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Վահե Սարուխանյան

Հովք. կոնտրաստների բնակավայր

Երբ Հովք գյուղի միջնակարգ դպրոցի ուսուցիչներին հարցնում եմ՝ դուք դիլիջանցիներ եք, թե իջեւանցիներ, կատակով ասում են՝ նայած թե երբ ոնց է հարմար: Հովքը նախկին Իջեւանի շրջանի գյուղերից է, Տավուշի մարզկենտրոնից 17 կմ է հեռու, տեղացիներն ասում են, որ կապն Իջեւանի հետ բավականին սերտ է, բայց 2015-ին համայնքների խոշորացման արդյունքում բնակավայրը միացվել է Դիլիջանին, որից հեռավորությունն ավելի մեծ է՝ 24 կմ, ու դե յուրե հովքեցիները հիմա դիլիջանցիներ են: 

Դիլիջան-Իջեւան մայրուղուն հարող այս գյուղը մինչեւ 1988-ի Շարժումն ադրբեջանաբնակ էր, նախկինում կոչվել է Վուրղուն, Հախկխլու, իսկ Հովք է անվանակոչվել 1991-ին: Այստեղ հաստատվել են Ադրբեջանից գաղթած հայերը: Շուրջ 400 բնակիչ ունեցող բնակավայրի միջնակարգ դպրոցը գալիք տարի նշելու է հիմնադրման 30-ամյակը: Շենքը, որտեղ սովորում են հովքեցի աշակերտները, ադրբեջանցիների օրոք էլ ծառայել է նույն նպատակին, սակայն դրա՝ որպես հայկական կրթական հաստատության հիմնադրումը հաշվում են 1989-ից: Ոչ պաշտոնապես այն կրում է իր շրջանավարտներից մեկի՝ զոհված ազատամարտիկ Գեւորգ Գաբրիելյանի անունը:

Դպրոցում այսօր 57 երեխա է սովորում, ինչն ուսուցիչները վատ ցուցանիշ են համարում, քանի որ նախկինում աշակերտների թիվը շատ ավելի մեծ է եղել: Հիշում են, օրինակ, որ 2000-ականների սկզբին Հովքը 100-ից ավելի դպրոցական ուներ: Իսկ հիմա, օրինակ, 4-րդ դասարանում ընդամենը 2 աշակերտ կա:

Փոխտնօրեն Սեդա Ասիրյանն ասում է, որ ստիպված դասարանների կոմպլեկտավորում են արել՝ 1-2-րդ, 3-4-րդ, 8-10-րդ, 9-11-րդ: Այս փաստն, ըստ նրա, վատ է անդրադառնում կրթության որակի վրա: Ամենամեծ դասարանը 7-րդն է, որտեղ 8 երեխա է սովորում:

Ուսուցիչները դպրոցականների թվի նվազումը պայմանավորում են արտագաղթով եւ ծնելիության ցածր ցուցանիշով: Ասում են, թե չնայած տարածաշրջանի մյուս գյուղերի համեմատ Հովքից արտագաղթը մեծ չէ՝ հիմնականում տղամարդիկ գնում են արտագնա աշխատանքի, ապա վերադառնում, սակայն կան նաեւ հեռացած ընտանիքներ, երիտասարդներն էլ չեն շտապում ամուսնանալ:

Ուսուցչուհի Սիլվա Նաղդալյանը, ով Հովքի հնաբնակներից է, ասում է, թե սա ծերացող բնակավայր է, ամուսնությունները քիչ են, որովհետեւ ընտանիք կազմելու դեպքում առաջ է գալու այն պահելու հարցը: Ըստ նրա՝ հողագործությամբ հնարավոր չէ հոգալ բոլոր ծախսերը, քանի որ, կլիմայական պայմաններից ելնելով, ամեն ինչ չէ, որ աճում է Հովքում. հիմնականում աճեցնում են մոշ, լոբի, վարունգ:

Հովքի ամենամեծ աշխատավայրը թերեւս դպրոցն է, որտեղ 32 հոգի է աշխատում, նրանցից 22-ը՝ մանկավարժ: Սակայն դասատուներից 8-ը գալիս են Իջեւանից, ասում են, որ տրանսպորտ է աշխատում մարզկենտրոնից եւ գյուղ հասնելը խնդիր չէ: Փոխարենը դժգոհում են Դիլիջանից աշխատող միկրոավտոբուսից: Ս. Նաղդալյանն ասում է, որ չնայած այդ փոխադրամիջոցի վրա գրված է «Հովք», բայց այն գյուղ չի մտնում (որոշ բացառություններով) եւ հարեւան Հաղարծին գյուղից վերադառնում է Դիլիջան:

Այլ խնդիր են ճանապարհները, որոնք ձմռանը փակվում են, ու գյուղ մտնել-դուրս գալը մեծ փորձություն է դառնում: «Հիասթափված բնակիչներ ենք, մեզ հիշում են մենակ ընտրությունների օրը, որ մի քանի ձայն փախցնեն»,- ասում է տիկին Նաղդալյանը: Հովքը չունի մանկապարտեզ, բայց Ս. Ասիրյանը նշում է, որ նախատեսվում է մոբիլ մանկապարտեզ բացել, ինչը ենթադրում է նախադպրոցական կրթություն՝ առանց երեխաների խնամքի:

Հովքն ունի 403 հա արոտ, 152 հա վարելահող, գյուղացիների եկամտի հիմնական աղբյուրը տնամերձերն են: Տեղացիներն ասում են, որ չնայած խմելու ջրի խնդիր չունեն, ոռոգման ջրի պակասի պատճառով ոչ բոլոր հողերն են մշակվում ըստ նշանակության:

Չնայած գյուղում 3 փոքր ջրամբար կա՝ կառուցված խորհրդային տարիներին, դրանք ամբողջությամբ չեն բավարարում գյուղի կարիքները, բացի դրանից՝ ջրավազանները նաեւ այլ նպատակի են ծառայում՝ այնտեղ մասնավոր անձինք ձուկ են աճեցնում: Բնակիչներից Հրանտ Դավթյանը մեզ ցույց է տալիս ջրամբարներից մեկը, որի ջրի հայելին բավականին հեռու է պատվարից:

Հրանտն ասում է, որ ջուրը նահանջել է, քանի որ ջրամբարը չի լցվում՝ սարերից իջնող առուն ցամաքել է, մնացել է միայն հունը: Գյուղում մեկ այլ խնդիր են սողանքները. ընդհանրապես, Հովքը գտնվում է սողանքի գոտում, որոշ տների պատերի վրա տեսանելի են ճեղքեր, որոնք առաջացել են գրունտի անկայունությունից:    

Փոխտնօրեն Ասիրյանը, ով իջեւանցի է եւ այստեղ միայն աշխատանքի է գալիս, նշում է, որ Հովքը կարող է շատ լավ տուրիստական կենտրոն դառնալ. գյուղի հարեւան անտառները հարուստ են, ինչից օգտվում են նաեւ տեղացիները, այստեղ աճեցված բերքն էլ էկոլոգիապես մաքուր է:

Տեղացի ու արտասահմանցի զբոսաշրջիկներն այցելում են այս գյուղ, բայց գիշերակացի հնարավորություն գրեթե չկա: Տուրիզմի խոչընդոտներից մեկը գազի բացակայությունն է, գազատարն անցնում է բնակավայրով, բայց տները գազիֆիկացված չեն, փոխարենը հովքեցիներն օգտագործում են անտառի փայտը: Դրանով է ջեռուցվում նաեւ դպրոցը, որի բակում արդեն ամբարել են ձմեռվա պաշարը:

Սիլվա Նաղդալյանն ասում է, որ գյուղի ներքեւի հատվածում մասնավորը տարածք է վերցրել, մոշ են աճեցնելու, շեշտում է, որ ձեռնարկի հեղինակն իրենց գյուղից չէ, տեղացի չէ նաեւ Հովքի գեղեցիկ անկյուններից մեկի՝ Քարի լճի հանգստյան գոտու ձեռնարկատերը: Դասվար Լիդա Բաննահյանը, ով իջեւանցի է, կատակով արձագանքում է՝ տեղացիների երեւակությունը զարգացած չէ: Տիկին Նաղդալյանը պատասխանում է, թե տեղացիները հիասթափված են, բացի դրանից՝ գլխներին ուրիշները շատ են իշխել: Լ. Բաննահյանն արդեն առանց կատակի հավելում է, որ հովքեցիները բիզնես սկսելու համար նաեւ հնարավորություն պիտի ունենան:  

Վերադառնալով դպրոցի խնդիրներին՝ փոխտնօրեն Ասիրյանը նշում է, որ հիմնական մտահոգություններից մեկը շենքային պայմաններն են. 1989-ից հետո շենքը վերանորոգվել է 1998-ին, վերջին տարիներին էլ թարմացվել են մի քանի սենյակներ:

Մարզադահլիճը գույք չունի, հատակի տախտակների մի մասն էլ ջարդվել է: Այդուհանդերձ, ֆիզկուլտուրայի դասաժամերն անցկացվում են այս չորս պատերի մեջ: Հաստատությունը չունի միջոցառումների դահլիճ, առիթների դեպքում հավաքում են միջանցքում:

Լիդա Բաննահյանն ասում է, որ իրենց աշակերտներից շատերն առանց կրկնուսույցի նախկինում ընդունվել են բուհեր, բայց դա մի հինգ տարի առաջ էր, իսկ հիմա երեխաների մեջ կրթության հանդեպ ձգտումը պակասել է՝ ձեւի համար են սովորում:

Իջեւանցի ուսուցիչը նշում է, թե քաղաքում էլ առանձնապես գործ չկա, ապա հավելում, որ աշակերտ է եղել, ով 9-րդ դասարանից դուրս է եկել դպրոցից, գնացել Ռուսաստան՝ խոպան: Երբ կեսկատակ-կեսլուրջ ասում եմ, թե երկրում իրավիճակ է փոխվել, տիկին Լիդան նկատում է. «Մեր մարզում չի փոխվել, ուր մնաց՝ Հովքում»:

Բայց հետո ասում է, որ ինքը լավատես է ու լավատեսությունից երբեք չի տուժել: Հույս է հայտնում, որ առաջիկայում աշխատավարձերն ու թոշակները կբարձրանան: «Մի քիչ էլ որ համբերենք, ավելի լավ կլինի»,- ասում է նա՝ ավելացնելով, թե տարիների քանդածը հնարավոր չէ մի քանի ամսում վերականգնել:

Սեդա Ասիրյանն էլ շեշտում է, որ յուրաքանչյուր փոփոխություն դժվարությամբ է լինում. «Հույս ունենանք, որ արտահերթ խորհրդարանական ընտրություններով մեզ մոտ էլ հեղափոխություն կլինի»:

Լուսանկարներն ու տեսանյութը՝ Սարո Բաղդասարյանի

Մեկնաբանություններ (2)

Վլադիմիր
Գրեք իմ ֆեյսբուքյան էջին տեղեկություն կտամ նրա մասին (Արշավներ Հովքում)
ԱԼԵՔՍԱՆ
Գեղեցիկ բնություն ունեք։ Իմ ուսանող տարիների ամենամոտ ընկերներից մեկը,ԱՐՑԱԽՅԱՆ պատերազմի սկզբին ընտանիքով Գանձակից գաղթել էին այն ժամանակվա Վուրղուն գյուղ։ Նրա անունը Հովանիսյան Միքաել(Միշա) Ազքանազի է։ Շատ երախտապարտ կլինեի եթե նրա մասին ինչ որ տեղեկություն հայտնեք։

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter