HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Արաքս Մամուլյան

Պաշտպանը միջնորդում է հռչակել «Նորատուսցի Ալիկի» անմեղությունը

Քրեական աշխարհում «Նորատուսցի Ալիկ» անունով հայտնի Ալիկ Բանդուրյանի պաշտպանը՝ Երեմ Սարգսյանը, կարծում է, որ պետք է հռչակվի իր պաշտպանյալի անմեղությունն ու նա արդարացվի: Եթե դատարանն, այնուամենայնիվ, նման վճիռ չկայացնի, ապա, ըստ Երեմ Սարգսյանի, Բանդուրյանի մեղադրանքը պետք է մեղմացվի:

Երևան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանը, նախագահությամբ դատավոր Նելլի Բաղդասարյանի, այս գործով հասել է դատական վիճաբանությունների փուլին, և այսօր տեղի ունեցած դատական նիստին պաշտպանական ճառով հանդես եկավ Երեմ Սարգսյանը:

Նշենք, որ Ալիկ Բանդուրյանը մեղադրյալի կարգավիճակ ունի «Լիա» գեղեցկության սրահում 2016 թվականի նոյեմբերին տեղի ունեցած սպանության առթիվ հարուցված քրեական գործի շրջանակներում, սակայն, ոչ թե սպանության, այլ ծանր մարմնական վնասվածք հասցնելուն դրդելու մեջ է մեղադրվում: Վերը նշված գործով ամբաստանյալի աթոռին են հայտնվել երեք անձինք՝ Ալիկ Բանդուրյանը, Պետրոս Իսրայելյանը, ով հայտնի է որպես Չարբախցի Գեղամ և Արմեն Գասպարյանը, ով հայտնի է Բդո մականունով:

Ըստ մեղադրանքի՝ Ալիկ Բանդուրյանը, տեղյակ լինելով Պետրոս Իսրայելյանի և Մուշեղ Մուշեղյանի միջև լարված հարաբերությունների մասին, 2016 թվականի նոյեմբերի 13-ին անձնական շահագրգռվածությունից ելնելով` Պետրոս Իսրայելյանին դրդել է այլ անձանց հետ Մուշեղ Մուշեղյանի առողջությանը ծանր վնաս պատճառել: Մեղադրանքում առկա է ձևակերպում, համաձայն որի՝ «Մուշեղյանին մորթելու, սատկացնելու, մահակներով ոտքերը ջարդելու և այլ ձևերով առողջությանը ծանր վնաս հասցնելու հորդորներ են եղել», և այս ամենը Պետրոս Իսրայելյանի մոտ հանցագործությունը կատարելու վճռականություն է հարուցել:

Ըստ մեղադրական եզրակացության եզրափակիչ մասի՝ Պետրոս Իսրայելյանը, Գևորգ Ավետիսյանը, ինչպես նաև քննությամբ չպարզված անձինք, նախապես պայմանավորված լինելով Մուշեղյանի առողջությանը ծանր վնաս հարցնելու շուրջ, համատեղ, ուղղակի դիտավորությամբ, մեկը մյուսի գործողությունները գիտակցելով և միմյանց լրացնելով՝ սուր կտրող-ծակող գործիքների, մահակների, բահերի կոթերի և այլ առարկաների գործադրմամբ տուժող Մուշեղ Մուշեղյանի մարմնի տարբեր մասերին բազմաթիվ հարվածներ են հասցրել, սակայն Մուշեղյանն ինքնապաշտպանության է դիմել, և նրա հետ վիճաբանող անձինք ուղղակի դիտավորությամբ նրան զրկել են կյանքից: Միջադեպի ժամանակ մահացել է նաև դրա մասնակից Գևորգ Ավետիսյանը, ով Պետրոս Իսրայելյանի մտերիմներից է եղել: Ամբաստանյալ Արմեն Գասպարյանը, ըստ մեղադրանքի, իմացել է նախապատրաստվող հանցագործության մասին, սակայն այդ մասին իրավապահներին չի հայտնել:

Այս գործով նախորդ դատական նիստին մեղադրական ճառով է հանդես եկել դատախազ Գևորգ Գևորգյանը՝ միջնորդելով Ալիկ Բանդուրյանին դատապարտել՝ 8, Պետրոս Իսրայելյանին՝ 14, իսկ Արմեն Գասպարյանին 1.5 տարի ժամկետով ազատազրկման:

Նշենք, որ նախաքննության սկզբնական փուլում Ալիկ Բանդուրյանին սպանության դրդելու մեղադրանք է առաջադրված եղել, սակայն նախաքննության ավարտին նրան վերագրվող մեղադրանքը փոխվել է, և գործը դատարան ուղարկվել Մուշեղյանին ծանր մարմնական վնասված հասցնելու դրդչության և օժանդակության հոդվածով:

Բանն այն է, որ Մուշեղ Մուշեղյանի մարմնի վրա հայտնաբերվել է երկու  ծանր մարմնական վնասվածք, որոնցից մեկը՝ հրազենային, մյուսը՝ դանակով հասցված: Այս ծանր մարմնական վնասվածքները, որոնք բերել են  Մուշեղյանի  մահվանը, ըստ քննություն իրականացնող մարմնի՝  Ալիկ Բանդուրյանի դիտավորության մեջ չեն մտել, այլ վիճաբանության ժամանակ տեղի է ունեցել «հանցակիցների սահմանազանցում»:

Երեմ Սարգսյանն իր ճառում նշեց, որ վերը նշված հանգամանքներով է պայմանավորված, որ Բանդուրյանին սպանությանն առնչվող մեղադրանք չի առաջադրվել:

Թեև պաշտպանական կողմն առհասարակ չի ընդունում Բանդուրյանին առաջադրված մեղադրանքը`գտնում է, որ մեղադրական եզրակացության մեջ առկա ձևակերպումները միայն բավարար են պնդելու համար, որ Բանդուրյանին ծանր մարմնական վնասվածք հասցնելու դրդչության մեղադրանք ևս չէր կարող առաջադրվել:

Նշենք, որ այս գործում առկա են օպերատիվ հետախուզական միջոցառման արդյունքում ձեռք վերված հեռախոսային խոսակցությունների գաղտնալսումներ: Դրանցում առկա են  խոսակցություններ, որոնք, ըստ մեղադրող կողմի տեղի են ունեցել Ալիկ Բանդուրյանի և Պետրոս Իսրայելյանի, Բանդուրյանի և Արմեն Գասպարյանի միջև:

Ըստ Երեմ Սարգսյանի` թեև քննություն իրականացնող մարմինը չի հիմնավորել, որ խոսակցությունները տեղի են ունեցել հենց վերը նշված անձանց միջև, այնուամենայնիվ, եթե ընդունենք, որ խոսակցություններն իրոք նրանց միջև են տեղի ունեցել, ապա դրանց բովանդակությունից չի կարելի բխեցնել, որ Բանդուրյանը հենց ծանր մարմնական վնասված պատճառելուն է դրդել Պետրոս Իսրայելյանին:

Պաշտպանի խոսքով՝ խոսակցությունները վերաբերում են Մուշեղյանին ծեծի ենթարկելուն, և նման պայմաններում անձին դրդչության մեղադրանք առաջադրելիս պետք էր հաշվի առնել ծեծի ենթարկված անձի մարմնական վնասվածքների աստիճանը:

Այս պարագայում, փաստորեն, ստացվում է, որ Մուշեղ Մուշեղյանին պատճառվել է ծանր մարմնական վնասվածք, որը հանգեցրել է մահվան, սակայն այդ վնասվածքը չի մտնում Ալիկ Բանդուրյանի դիտավորության մեջ, նրան այս առնչությամբ մեղադրանք չի առաջադրվել: Մուշեղյանը բացի վերը նշված երկու ծանր մարմնական վնասվածքներից այլ ծանր վնասվածք չի ստացել, ստացել է միջին ծանրության և թեթև վնասվածքներ:  Ուստի պաշտպանը հարց է բարձրանում, թե այդ պայմաններում ինչպե՞ս է ստացվել որ Բանդուրյանին ծանր մարմնական վնասվածք հասցնելու դրդչություն է վերագրվում:

Անդրադառնալով գործում առկա օպերատիվ հետախուզական միջոցառման արդյունքում գաղտնալսված հեռախոսային խոսակցություններին՝ պաշտպանը նշեց, որ դրանք չեն կարող ապացույց համարվել, սակայն Բանդուրյանի մեղադրանքի հիմքում հենց դրանք են դրված: Պաշտպանը հիշեցրեց նաև, որ Ալիկ Բանդուրյանի դեմ գործով անցնող որևէ անձ ցուցմունք չի տվել:

Երեմ Սարգսյանը կարծիք հայտնեց, որ օպերատիվ հետախուզական միջոցառման արդյունքում առկա հեռախոսային խոսակցություններն անթույլատրելի ապացույց պետք է համարվեն:  Ըստ պաշտպանի՝ Բանդուրյանի մեղադրանքի հիմքում դրվել է մի ապացույց, որի ձեռքերման օրինականությունը իրենք հնարավորություն չունեն ստուգելու և վիճարկելու: Բանն այն է, որ պաշտպանական կողմն ավելի վաղ տեղի ունեցած դատական նիստերից մեկի ժամանակ դատարանին միջնորդել է  Երևան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանից պահանջել  «ներքին դիտում» օպերատիվ հետախուզական միջոցառում իրականացնելու թույլտվություն ստանալու վերաբերյալ միջնորդությունների, դրանց կից ներկայացված նյութերի, այդ միջնորդությունները քննարկելու վերաբերյալ դատարանի որոշումների պատճենները: Բացի այդ՝ պաշտպանը միջնորդել էր նաև Երևան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանից պահանջել Արմեն Գասպարյանի հեռախոսային խոսակցությունները վերահսկելու թույլտվություն ստանալու միջնորդության, դրան կից ներկայացված նյութերի պատճենները, նշված միջնորդության քննարկման համար կայացված դատական նիստերի արձանագրությունները և դրանց լազերային կրիչները:  Սակայն դատարանը  միջնորդությունը մերժել էր: Նման պայմաններում ստացվում է, որ մեղադրանքի հիմքում անհայտ աղբյուրից ստացված տեղեկություններ են:

Նշենք, որ նմանատիպ իրավիճակ առաջացել էր նաև ԼՂՀ ՊԲ նախկին հրամանատար Սամվել Բաբայանի վերաբերյալ քրեական գործի քննության շրջանակներում:

Այս գործով ևս մեղադրանքի հիմքում ՕՀՄ-ի շրջանակներում ձեռք բերված ապացույցներ էին դրված: Բաբայանի պաշտպանը միջնորդել էր ՕՀՄ իրականացնելու թույլտվության նյութերը պահանջել: Դատարանը, նախագահությամբ դատավոր Արշակ Վարդանյանի, միջնորդությունը բավարարել էր ու պահանջել նյութերը, սակայն Երևան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանից գրություն էր ուղարկվել այն մասին, որ այդ նյութերը դեռևս սահմանված կարգով գաղտնազերծված չեն, ու դրանք Բաբայանի գործը քննող դատարանին չէին տրամադրվել:

Այս առնչությամբ Վճռաբեկ դատարանը Բաբայանի գործով իրավական դիրքորոշում է հայտնել, որ հեռախոսային խոսակցությունների թույլատրելիությունն առաջին ատյանի դատարանի կողմից պատշաճ գնահատման չի արժանացել, և այն չէր կարող դրվել վերջնական դատական ակտի հիմքում:

Ըստ Երեմ Սարգսյանի, այս գործով ևս ՕՀՄ իրականացնելու արդյուքնում ձեռք բերված գաղտնալսումները չեն կարող դրվել դատական ակտի հիմքում:

Այս, ինչպես մի շարք հանգամանքներ հաշվի առնելով՝ պաշտպանը միջնորդեց հռչակել  Ալիկ Բանդուրյանի անմեղությունը:

Դատական նիստն այսօր հետաձգվեց:

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter