HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Արաքս Մամուլյան

Քննիչի և փաստաբանի վերաբերյալ կաշառքի գործով ցուցմունք տվեց ԱԱԾ-ին հանցագործության մասին հաղորդում տված անձը

Քննչական կոմիտեի Էրեբունի և Նուբարաշեն վարչական շրջանների  քննչական բաժանում ենթադրյալ կաշառք ստանալու վերաբերյալ գործով տեղի ունեցած դատական նիստին ցուցմունք տվեց  ԱԱԾ-ում հաղորդում  տված քաղաքացի Բաբկեն Գասպարյանը:

Վերջինս ԱԱԾ-ին հայտնել է, որ որդու մասնակցությամբ գործի շրջանակներում փաստաբան Գայանե Գալոյանի միջոցով կաշառք է տվել Էրեբունու քննչական բաժնում: Հաղորդումից հետո ամբաստանյալի աթոռին է հայտնվել հենց ինքը՝ Բաբկեն Գասպարյանը, որդու գործով քննիչ Միքայել Զադոյանը, փաստաբան Գայանե Գալոյանն ու Քննչական կոմիտեի Էրեբունի և Նուբարաշեն վարչական շրջանների քննչական բաժնի պետի արդեն նախկին տեղակալ Բունիաթ Եղիազարյանը:

Վերջինիս վերաբերյալ գործը քննվում է անջատված՝ առաջին ատյանի դատարանի մեկ այլ դատավորի վարույթում:

Հիշեցնենք, որ ըստ գործի նյութերի՝  քաղաքացի Բաբկեն Գասպարյանը Քննչական կոմիտեի Էրեբունի և Նուբարաշեն վարչական շրջանների քննչական բաժնում քննվող քրեական գործով անցնող որդու՝ Սոս Գասպարյանի օգտին գործողություններ կատարելու դիմաց քննիչ Միքայել Զադոյանին և բաժնի պետի տեղակալ Բունիաթ Եղիազարյանին փաստաբան Գայանե Գալոյանի օժանդակությամբ տվել է առանձնապես խոշոր չափի կաշառք: Ըստ գործի նյութերի՝ Սոս Գասպարյանին վերագրված 112-րդ հոդվածով նախատեսված արարքը՝ դիտավորությամբ առողջությանը ծանր հարված հասցնելը, պետք է վերաորակվեր քրեական օրենսգրքի 116-րդ հոդվածի՝ անհրաժեշտ պաշտպանության սահմանազանցման:

Ըստ գործի նյութերի՝ ամբաստանյալ Բաբկեն Գասպարյանը քննիչ Միքայել Զադոյանին առաջարկել է 3000 ԱՄՆ դալար կաշառք, քննիչն ընդունել է առաջարկը, ապա վերջինս և քննչականի պետի տեղակալ Բունիաթ Եղիազարյանը Բաբկեն Գասպարյանի հետ կաշառքի շուրջ համաձայնության գալով՝ նրան ուղարկել են փաստաբան Գայանե Գալոյանի մոտ, ով ստացել և քննիչին ու քննչականի պետի տեղակալին է փոխանցել 3000 ԱՄՆ դոլար կաշառքը: Սոս Գասպարյանին վերագրվող արարքը, սակայն, չի վերաորակվել, և Քրեական օրենսգրքի 112-րդ հոդվածով ուղարկվել է դատարան:

Այն բանից հետո, երբ նման պայմաններում Սոս Գասպարյանի վերաբերյալ գործը դատարան է ուղարկվել ոչ թե անհրաժեշտ պաշտպանության, այլ դիտավորությամբ ծանր վնաս հասցնելու հոդվածով,  և մեղադրող դատախազը միջնորդել է  նրան երեք տարի ժամկետով ազատազրկման դատապարտել, Բաբկեն Գասպարյանը դիմել է Ազգային անվտանգության ծառայությանը՝ հայտնելով կաշառքի գործի մասին:

Դատարանում ցուցմունք տված Բաբկեն  Գասպարյանը  կաշառք ստանալու մեջ մեղադրվող Միքայել  Զադոյանի դեմ որևէ  հանգամանք չնշեց՝ թեև ԱԱԾ-ում  հաղորդում ներկայացնելիս նրա անունը ևս տվել է:

Ըստ Բաբկեն Գասպարյանի ցուցմունքի 2016 թվականի դեկտեմբեր ամսին իր երկու որդիները շենքի բակում ծեծի են ենթարկվել, որի ժամանակ նրանցից մեկը՝ Սոս Գասպարյանը, ստիպված է եղել իր մոտ եղած դանակով պաշտպանվել:

«Որդիս իր ընկերուհու ընկերուհուն նամակ էր գրել, որ մի խառնվի մեր գործերին, թե չէ կյանքդ դժոխքի կվերածեմ, որից հետո նրա ամուսինը զանգել էր տղայիս, հարցրել, թե ինչո՞ւ է նման բան գրել, տղաս ասել է, որ ջղայացած է եղել, ներողություն խնդրել, այդքանով սահմանափակվել են»,- պատմեց Բաբկեն Գասպարյանն ու նշեց, որ օրեր անց որդուն զանգահարել է մեկ այլ անձ՝ այն կնոջ մորաքրոջ որդին, ում նամակ էր գրել Սոս Գասպարյանն ու  վերջինիս հետ հանդիպում պահանջել:

Սոս Գասպարյանն, ըստ հոր ցուցմունքի, առաջարկել է սրճարանում հանդիպել, սակայն նրա հետ զրուցող անձը՝  Սերգեյ Կուդրյաշովը, պատասխանել է, թե  ոչ մարդաշատ վայրում է ցանկանում հանդիպել: Սոս Գասպարյանը չի համաձայնել, և, ըստ Բաբկեն Գասպարյանի ցուցմունքի, ասել է, որ ոչ մարդաշատ վայր ոստիկանի հետ կգնա: Դրանից հետո այլևս հեռախոսազանգեր չեն եղել:

Ըստ Բաբկեն Գասպարյանի ցուցմունքի՝ դեկտեմբերի  20-ին, երբ տղաներն իրենց շենքի բակում են եղել, մթության մեջ 4 հոգով նրանց հանկարծակիի են բերել ու ծեծի ենթարկել, որի ժամանակ որդին՝  Սոս Գասպարյանը, հանել է դանակն ու պաշտպանվել. արդյունքում Անդրեյ Կուդրյաշովը ծանր մարմնական վնասված է ստացել:

Ըստ Բաբկեն Գասպարյանի ցուցմունքի՝ չնայած որդին պաշտպանվել է՝  նրան ծանր մարմնական վնասվածք հասցնելու մեղադրանք է առաջադրվել:

Քրեական գործի շրջանակներում Գասպարյանի տղաներից մեկին՝ Հովհաննես Գասպարյանին՝ վկայի, իսկ Սոս Գասպարյանին՝ կասկածյալի կարգավիճակով հրավիրել են հարցաքննության:

Բաբկեն Գասպարյանի խոսքով՝ ինքը փորձել է կապվել մի փաստաբանի հետ՝ Կարինե անունով, որպեսզի որդիներին պաշտպանի, տղաներին վերցրել ու գնացել է քննչական: Մինչ այնտեղ մտնելը քննչականի մոտ փաստաբանական գրասենյակ է տեսել, կարծել թե այնտեղ այն փաստաբանն է եղել, ում պատրաստվել է խնդրել ստանձնել որդու գործը, սակայն իրեն ասել են, որ այդ գրասենյակում աշխատում է Գայանե Գալոյանը: Դրանից հետո տղաները սպասել են ներքևում, իսկ ինքը հանդիպել է քննիչ Միքայել Զադոյանին:

Բաբկեն Գասպարյանն, ըստ իր ցուցմունքի, Զադոյանին հանդիպելով՝  խնդրել է  տղային չձերբակալել ու փոխել նրա հոդվածը:

Այնուհետև, ըստ ամբաստանյալի, ներս է եկել մեկն, ում Միքայել Զադոյանը ներկայացրել է որպես քննչականի պետի տեղակալի (խոսքը Բունիաթ Եղիազայանի մասին է -հեղ.): Պետի տեղակալը, Գասպարյանի խոսքով,  իրեն ասել է, որ օրենքի սահմաններում արվելու է այն ամենն, ինչ պետք է արվի:

Այնուհետև, ըստ ցուցմունքի, Միքայել Զադոյանը հետաքրքրվել է, թե արդյոք Գասպարյանները փաստաբան ունեն, և Բաբկեն Գապարյանը պատմել է  թե՛ փաստաբան Կարինեի, թե՛ Գայանե Գալոյանի մասին:  Քննիչ Զադոյանն, ըստ ցուցմունքի, ասել է, որ Կարինեն քաղաքացիական գործերով է զբաղվում, իսկ Գայանե Գալոյանը՝ քրեական:

Դրանից հետո Բաբկեն Գասպարյանը քննիչից վերցրել է Գայանե Գալոյանի համարը, զանգահարել նրան ու այցելել՝ տղայի գործի մասին զրուցելու: Փաստաբանն, ըստ Բաբկեն Գասպարյանի ցուցմունքի, ասել է, որ որդու արարքը համապատասխանում է քրեական օրենսգրքի 116-րդ հոդվածին՝ անհրաժեշտ պաշտպանությանն, ապա ասել, որ «բարձրանա բաժին, հետ գա»:

Վերադառնալով՝ Գայանե Գալոյանն, ըստ Գասպարյանի ցուցմունքի, իրեն ասել է, որ գործի համար պահանջվում է 3000 դոլար, բացի այդ՝ իր աշխատանքի համար պահանջել ևս  450 հազար դրամ:

Բաբկեն Գասպարյանի խոսքով՝ 3000 դոլարն իր մոտ եղել է, և տվել է, իսկ փաստաբանի ծառայությունների մատուցման գումարը վճարել է հաջորդ օրը:

Ըստ ցուցմունքի՝ Գասպարյանի տղաները քննչական բաժին են ներկայացել ամանորյա տոներից հետո՝  2017-ի հունվարի 10-ին, և  անսպասելիորեն որդին՝  Սոս Գասպարյանը, ձերբակալվել, ապա դատարանի որոշմամբ ազատ է արձակվել:

Դատախազությունը, սակայն բողոքարկել է առաջին ատյանի դատարանի որոշումն ու տղային նորից կալանավորել են: Դրանից հետո, ըստ Գասպարյանի ցուցմունքի, Գայանե Գալոյանն իրեն ասել է, որ հինգ օրից տղան նորից ազատ կլինի, սակայն ամիսներ շարունակ տղան ազատ չի արձակվել, գործն ուղարկվել է դատարան, ու նրա նկատմամբ կայացվել է երեք տարվա ազատազրկման դատավճիռ:

Ըստ Բաբկեն Գասպարյանի ցուցմունքի՝  երբ ինքը պարզաբանումներ է պահանջել Գայանե Գալոյանից՝ կապված որդու անազատության մեջ գտնվելու հետ, Գալոյանն իրեն ասել է, թե ինքը՝  Գասպարյանն է մեղավոր, արդեն ամբողջ քաղաքը գիտի այս գործի մասին:

Մինչդեռ, ըստ Բաբկեն Գասպարյանի, բացի իր ընտանիքի անդամներից որևէ մեկը որևէ բան չի իմացել այն ամենի մասին, ինչ կատարվել է: Ըստ Գասպարյանի՝ Գալոյանն անգամ իրեն ասել է, թե 3000 ԱՄՆ  դոլարը վճարել է, որպեսզի մյուս որդին ևս չկալանավորվի:

 Ի պատասխան հարցերի՝ Բաբկեն Գասպարյանն ասաց, որ չի հիշում՝ երբ 3000  ԱՄՆ դոլար գումարը տվել է Գայանե Գալոյանին, սենյակում այլ մարդ եղել է, թե՞ ոչ, չհիշեց նաև՝ Գալոյանն ինչ է արել գումարը,  Միքայել Զադոյանն իր ներկայությամբ  Գալոյանի հետ խոսել է, թե ոչ:

Ամբաստանալը նշեց, որ երբևէ չի հետաքրքրվել՝  քննչական հասե՞լ է իր տված գումարը, թե ոչ, ասաց, որ  քննիչ Միքայել Զադոյանի հետ երբևէ գումարի վերաբերյալ խոսակցություն չի ունեցել, նրանից ևս չի հետաքրքրվել այդ գումարի վերաբերյալ, չգիտի՝ Զադոյանը գումարի մասին տեղյակ է, թե՞ ոչ:

Ըստ Գասպարյանի ցուցմունքի՝ երբ դեռ դեպքը նոր էր եղել, ինքը մի քանի անգամ փորձել է Միքայել Զադոյանի հետ խոսակցություն ունենալ՝ կապված որդու օգտին գործողություններ կատարելու վերաբերյալ, չի բացառում, որ ասած լինի այն մասին, որ ձեռքին գումար կա, սակայն Զադոյանը, ըստ ամբաստանյալի ցուցմունքի, երբևէ չի արձագանքել իրեն, նույնիսկ չի կարող ասել՝ նա իր խոսքերը լսել է, թե ոչ, քանի որ այդ ամենի մասին ցածրաձայն է խոսել:

Ըստ Գասպարյանի՝ առհասարակ ինքը խոսակցություն ունեցել է միայն Գայանե Գալոյանի հետ:

Հարցին՝ ի վերջո, ըստ Բաբկեն Գասպարյանի ընկալմամբ՝ քննիչ Միքայել Զադոյանը որդու օգտին գործողություններ կատարե՞լ է, Գասպարյանը պատասխանեց, որ փաստացի, սխալ քննություն է կատարվել, և որդին անհրաժեշտ պաշտպանության է դիմել, բայց մեղադրվել ծանր մարմնական վնասվածք հասցնելու մեջ:

Ինչպես արդեն նշեցինք, Բաբկեն Գասպարյանը քննչական բաժին գնալիս հետը 3000 ԱՄՆ դոլար գումար է տարել, մեղադրող դատախազ Արա Մնացականյանն ամբաստանյալին հարց տվեց, թե ինչո՞ւ էր գումարը վերցրել:

«Ելնելով մեր ապրելակերպից, իրողությունից, մտածելակերպից՝  դրանից դրդված»,- ի պատասխան ասաց Բաբկեն Գասպարյանը: Մեղադրողի ճշտող հարցին՝ այսինքն գումարը տարել էր՝ ինչ-որ հարց կարգավորելու համար՝ ամբաստանյալը դրական պատասխան  տվեց:

Հարցին՝ եթե Միքայել  Զադոյանը որդու օգտին գործողություններ կատարելու վերաբերյալ  խոսակցություններին չի արձագանքել, ապա ինչո՞ւ է Բաբկեն Գասպարյանն Ազգային անվտանգության ծառայությունում կաշառքի վերաբերյալ հաղորդում ներկայացնելիս նաև Միքայել Զադոյանի անունը տվել, Գասպարյանը չպատասխանեց:

Մյուս հարցին, այնուամենայնիվ, ԱԱԾ-ում տված հաղորդման մեջ նշված տեղեկություններն իրական են, թե՞ ոչ, Բաբկեն Գասպարյանը պատասխանեց, թե տեղեկություններն իրական են:

Գասպարյանի հարցաքննությունը դատական նիստով չավարտվեց, և կշարունակվի մյուս՝ նոյեմբերի 16-ին նշանակված նիստում:

Նշենք, որ Գասպարյանի որդու՝ Սոս Գասպարյանի գործն այժմ գտնվում է Քրեական վերաքննիչ դատարանում: Եթե Ազգային ժողովն այսօր հաստատի Երևանի հիմնադրման 2800-ամյակի և Հայաստանի առաջին հանրապետության 100-ամյակի առթիվ համաներման նախագիծն, ապա Գասպարյանի նկատմամբ համաներում կկիրառվի:

Նշենք, որ մինչ Գասպարյանի հարցաքննությունը դատարանն ավարտին հասցրեց Քննչական կոմիտեի Էրեբունի և Նուբարաշեն վարչական շրջանների քննչական բաժնի պետի տեղակալ Բունիաթ Եղիազարյանի հարցաքննությունը:

Եզիազարյանն, ի տարբերություն քննիչ Միքայել Զադոյանի, ազատության մեջ է: Նրա վերաբերյալ գործը քննվում էր դատավոր Արշակ Վարդանյանի վարույթում, սակայն օրեր առաջ Վարդանյանը տեղափոխվել է Վերաքննիչ դատարան, և գործը մակագրվել է մեկ այլ դատավորի:

Արշակ Վարդանյանի վարույթում գործի քննության շրջանակներում  Բունիաթ Եղիազարյանը գրեթե նույնաբովանդակ ցուցմունք էր տվել, ինչ Միքայել Զադոյանի վերաբերյալ դատավոր Մեսրոպ Մակյանի վարույթում քննվող գործում:

Ըստ  Բունիաթ Եզիազարյանի՝ թեև Սոս Գասպարյանի վերաբերյալ գործում անհրաժեշտ պաշտպանության տարրեր են եղել՝  ի վերջո որոշվել է գործը  դատարան ուղարկել ծանր մարմնական վնասվածք հասցնելու հոդվածով:

Եղիազարյանն, ըստ իր ցուցմունքի,  իմացել է, որ որդու դեպքի ժամանակ Գասպարյանը նոր է սրտի վիրահատություն տարել, և մեկ անգամ, երբ նա քննչական բաժնում է եղել,  հրավիրել է իր աշխատասենյակ, որ դրսում չսպասի: Եղիազարյանը նշել է նաև, որ Գասպարյանին հուսադրել է, չի բացառում՝ ասած լինի, որ նա հանգիստ լինի:

«Գուցե ասել եմ ամեն ինչ լավ կլինի, բայց այսպիսի խոսքեր մենք մեր պրակտիկայում հաճախ ենք ասում»,- նշում է Բունիաթ Եղիազարյանը:

Վերջինիս խոսքով՝ ինքը կամ Զադոյանը Սոս Գասպարյանի օգտին գործողություններ կատարելու վերաբերյալ որևէ գործարքի մեջ չեն մտել:

Լուսանկարում՝ դատավոր Մեսրոպ Մակյանը:

 

 

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter