HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Փոխվարչապետի պաշտոնակատար Տիգրան Ավինյանի մամուլի քարտուղարի պարզաբանումը

Հետքի 29.10.2018թ. հրապարակված հոդվածն ընդամենը նշում է, որ Իրիգեյթին դրամաշնորհը տրվել է մայիսի 25-ին, երբ Տիգրան Ավինյանն արդեն փոխվարչապետ էր, սակայն մանրամասն չի անդրադառնում դրամաշնորհ ստացող ընկերությունների ընտրության գործընթացին: Իսկ այս պարագայում այդ գործընթացը, որը միջազգային բարձր չափորոշիչներին է համապատասխանում և նպատակ ունի առավել անաչառություն ապահովելու, առանցքային դեր է կատարում: Եվ այն հետևյալն է.

  • «Արժեշղթայի զարգացում» բաղադրիչի շահառուների, այդ թվում՝ «Իրիգեյթ» ՍՊԸ-ի, կողմից 14.02.18թ. դրությամբ ներկայացվել են 62 հայտ-դիմումներ:
  • «Արժեշղթայի զարգացման» քարտուղարության կողմից հայտ-դիմումների ուսումնասիրությունը և չափանիշների հետ համապատասխանության ստուգումը իրականացվել է 16.02.18թ.: Վերանայված ցուցակը ներկայացվել է Համաշխարհային բանկի դիտարկմանը: Այս նախնական ընտրության փուլում դիմումը կարող է մերժվել տարբեր տեխնիկական պատճառներով, օրինակ՝ հայտ-դիմումը ներկայացվել է ոչ սահմանված կարգով կամ պահանջվող գումարը չի համապատասխանում սահմանված նվազագույն և առավելագույն չափերին: Այսինքն՝ պարզ, տեխնիկական ընտրություն է:
  • Մրցույթի ժամանակացույցով սահմանված ժամկետում շահառուների կողմից ներկայացվել են 49 բիզնես-հայտեր, այդ թվում՝ 15.03.18թ. «Իրիգեյթ» ՍՊԸ-ի կողմից: Ներկայացված բիզնես-հայտերի ցանկը ներկայացվել է Համաշխարհային բանկի դիտարկմանը:
  • Վերոնշյալ 49 բիզնես-հայտերը 23.03.18թ. ներկայացվել են անկախ գնահատող կազմակերպության դիտարկմանը: Բիզնես-հայտերի տեխնիկական և ֆինանսական գնահատումն իրականացնելու նպատակով Համաշխարհային բանկի ընթացակարգերով մրցութային հիմունքներով ընտրված անկախ գնահատող կազմակերպությունը մանրամասն ուսումնասիրել է ներկայացված բոլոր բիզնես-հայտերի փաթեթները և կատարել գնահատում, ինչի արդյունքում 16 բիզնես-հայտեր մերժվել են վերջինիս կողմից:
  • 25.05.18թ. տեղի է ունեցել Արժեշղթայի զարգացման հանձնաժողովի 10-րդ նիստը: Նշենք, որ Արժեշղթայի զարգացման հանձնաժողովը հանդիսանում է անկախ մարմին. կազմը բաղկացած է 9 անդամներից, որոնց մեծամասնությունը հանդիսանում են մասնավոր և հասարակական կազմակերպությունների ներկայացուցիչներ։ Նիստի արդյունքում ներկայացված 33 բիզնես-հայտերից հանձնաժողովի անդամների կողմից հաղթող են ճանաչվել 29-ը, որոնցից 2-ը չեն հավաստագրվել Համաշխարհային բանկի սննդի անվտանգության մասնագետի կողմից (փաստորեն նույնիսկ այս վերջին փուլում Համաշխարհային բանկը վերահսկողության մեխանիզմ ունի), իսկ 1 հաղթող ճանաչված հայտատու հրաժարվել է համաձայնագիր կնքելուց: Վերջնական ցուցակը ներկայացվել է գյուղատնտեսության նախարարին։
  • Արդյունքում նպատակային ֆինանսավորման համաձայնագրեր են կնքվել բոլոր 26 շահառուների հետ, այդ թվում նաև՝ «Իրիգեյթ» ՍՊԸ-ի հետ:

Այսինքն՝ ի՞նչ է ստացվում: Այս դրամաշնորհների մրցույթի գործընթացը համապատասխանում է Համաշխարհային բանկի կողմից սահմանված ընթացակարգերին և վերահսկվում վերջինիս կողմից: Հայտատու-ընկերություններին գնահատում են անկախ մարմինները և հանձնաժողովները:

Այսինքն՝ ԳԶՀ-ն, որի տնօրենն էր այդ ժամանակ Գեղամ Գևորգյանը, որևէ կերպ չէր կարող ազդեցություն ունենալ անկախ հանձնաժողովների կողմից կայացված և Համաշխարհային բանկի վերահսկողությամբ իրականացված որոշումների վրա: ԳԶՀ-ն այս պարագայում ընդամենը ֆինանսավորում է տրամադրում հաղթող կազմակերպություններին, այսինքն՝ կատարում է զուտ տեխնիկական դեր:

Մի այլ կողմից էլ դիտարկենք հարցը: Արժեշղթայի զարգացման հանձնաժողովի քննարկման փուլ է հասել 33 հայտ, որոնցից դրամաշնորհ չեն շահել ընդամենը 4-ը, իսկ 2-ին Համաշխարհային բանկն է հանել, հաղթողներից 1-ն էլ կամովին է հրաժարվել դրամաշնորհից:

Կասկածամտությունը ինչ-որ տեղ հասկանալի կլիներ, եթե վերջին փուլ հասած լինեին 4-5 ընկերություններ և դրանցից հաղթողներ ճանաչվեին 1-2 ընկերություն, այդ թվում՝ Իրիգեյթը: Բայց վերջին փուլ հասած 33 հայտատուների մեջ ճանաչվել 27 հաղթողներից մեկը այդքան էլ մեծ հերոսություն չէ:

Այսպիսով, ամբողջ գործընթացի ուսումնասիրությունից ակնհայտ է դառնում, որ այստեղ որևէ վտանգներ և ռիսկեր չկան, ու մրցույթի միջոցով Իրիգեյթին ընտրել է անկախ հանձնաժողովը: Փաստերը առավել քան խոսուն են և ներկայացնում են ամբողջ ճշմարտությունը:

Փոխվարչապետի պաշտոնակատար Տիգրան Ավինյանի մամուլի քարտուղար Վահան Հունանյան

Խմբ. կողմից - «Այս դրամաշնորհների մրցույթի գործընթացը համապատասխանում է Համաշխարհային բանկի կողմից սահմանված ընթացակարգերին և վերահսկվում վերջինիս կողմից: Հայտատու-ընկերություններին գնահատում են անկախ մարմինները և հանձնաժողովները»,- պարզաբանման մեջ նշել է փոխվարչապետի պաշտոնակատար Տիգրան Ավինյանի մամուլի քարտուղար Վահան Հունանյանը։ Կարծում ենք, որ Համաշխարհային բանկը սրանով խախտել է իր իսկ սահմանած չափորոշիչները, հետեւաբար Բանկում ծառայողական քննություն պետք է իրականացվի՝ պարզելու, թե ինչպես Է Բանկը համաձայնվել դրամաշնորհ տալ փոխվարչապետի ընկերությանը։ Եթե գնահատող մարմինները եւ հանձնաժողովի անդամներն անկախ լինեին, կնկատեին շահերի բախման հանգամանքը, եւ առանց քննարկման ցուցակից պետք է հանվեր փոխվարչապետին պատկանող ընկերության բիզնես-հայտը։ Ավելին, փոխվարչապետ նշանակվելուց հետո Տիգրան Ավինյանն անձամբ, անմիջապես պետք է հետ վերցներ իր հայտը, քանի որ պետական պաշտոնյան նույնպես պետք է իմանա, թե ինչ է շահերի բախումը։

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter