HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Լիանա Սայադյան

Թավշյա հեղափոխությունը Հայաստանում չէր հաջողվի առանց մեդիայի աջակցության

2018թ. ապրիլին Հայաստանում տեղի ունեցավ «թավշյա, բաց ձեռքերի» հեղափոխություն. երկիրը 10 տարի ղեկավարող նախագահ Սերժ Սարգսյանը ապրիլի 23-ին հրաժարական տվեց «Քայլ արա, մերժիր Սերժին» համաժողովրդական շարժման ճնշման արդյունքում:

Ի՞նչ դեր ունեցավ այդ հեղափոխության մեջ մեդիան եւ մասնավորապես հետաքննական լրագրությունը, որը տարիներ ի վեր երկրի իշխող վերնախավի անդամների մասնակցությամբ` վարչապետից մինչեւ նախարարներ ու պատգամավորներ, կոռուպցիոն բազմաթիվ պատմություններ, գործարքներ էր բացահայտել:

Լրագրող, արվեստի քննադատ Նունե Հախվերդյանի կարծիքով` հետաքննական լրագրությունն ու տարբեր կոռուպցիոն սխեմաների բացահայտումները դժվար է համարել հեղափոխության անմիջական դրդապատճառը։ «Ավելի մեծ դեր է խաղացել, թերևս, նախկին իշխանությունների՝ լրատվական դաշտը ամեն գնով վերահսկելու, լրատվական օրակարգ թելադրելու ջանքը։ Հայաստանում ստեղծվել էր միապաղաղ ու հանրային մտահոգություններին անհաղորդ լրատվական միջավայր, որտեղ անգամ ամենալուրջ հետաքննական աշխատանքը սակավ ուշադրության էր արժանանում»,- ասում է նա։

Մեկ այլ լրագրող` Մեդիա նախաձեռնությունների կենտրոնի media.am կայքի խմբագիր Գեղամ Վարդանյանը կարծում է, որ երկարաժամկետ տեսակետից հետաքննական լրագրությունն ազդեցություն ունեցել է: «Մարդիկ ինչո՞ւ էին այդքան լցված իշխանությունների դեմ: Տեսնում էին, որ երկրի վիճակը վատ է, եւ այդ կարծիքի ձեւավորման մեջ հետաքննական լրագրությունն իր դերն ունեցել է: Երբ բոլորը գրում են, որ վարչապետի մակարդակով մարդ են գցում, օֆշորային սկանդալ է բացահայտվում, մարդը տեսնում է, որ առաջին դեմքերի մակարդակով երկրում կոռուպցիա կա: Այդ իմաստով հետաքննական լրագրությունն իր ազդեցությունն ունեցել է: Կամ երբ հրապարակումներ են լինում պաշտոնյաների ունեցվածքի մասին, նախկին նախագահ Քոչարյանի նկարներն են հրապարակվում Աֆրիկայում` առյուծների հետ, այդ պահին անմիջական էֆեկտ չի եղել, ինչպես Սլովակիայում` լրագրողի սպանությունից հետո, բայց կարծիք ձեւավորվել է»:

«Ազատություն» ռադիոկայանի նախկին թղթակից Հովհաննես Մովսիսյանը, որը հեղափոխությունից հետո նշանակվեց Վարչապետի աշխատակազմի Հանրային կապերի և տեղեկատվության կենտրոնի ղեկավար, ասում է. «Հետաքննական լրագրությունը բացահայտումներ էր անում, բայց անտարբերություն կար թե´ հասարակության, թե´ առավել եւս պետական կառույցների կողմից: Դա շատ վտանգավոր տենդենց էր: Միգուցե կառավարությունը վստահ էր, որ եթե չարձագանքի, ոչինչ էլ չի լինի: Այդ անտարբերությունը, արձագանքի բացակայությունը հիասթափեցնող էր: Բայց դրանք փոքր կաթիլներ էին, որ կուտակվում էին»:

«Հեղափոխության մեջ կարևորագույն դերակատարում ուներ հետաքննական լրագրությունը, քանի որ ցույց էր տալիս, թե ինչքան անարդյունավետ էին ծախսվում հանրության վճարած հարկերը»,- համոզված է «Հանրային քաղաքականության հետազոտությունների Ազգային Կենտրոն» ՀԿ-ի նախագահ Արտակ Մանուկյանը, որը հեղափոխությունից հետո նշանակվել է վարչապետի խորհրդական:

Նիկոլ Փաշինյանը Հայաստանի երկրորդ քաղաք Գյումրիից ընդդեմ Սերժ Սարգսյանի վարչապետության իր երթի մասին ազդարարեց Ֆեյսբուքի ուղիղ եթերում: Եվ հեղափոխության ամբողջ ընթացքում ուղիղ եթերը դարձավ իրադարձությունների լուսաբանման ամենապահանջված ֆորմատը:

«Մեդիան բավականին մեծ դեր ունեցավ, բայց ոչ հեղափոխության սկզբնական շրջանում: Նիկոլ Փաշինյանը Գյումրիից սկսեց իր երթը Ֆեյսբուքով, եւ դա շատ սիմվոլիկ էր: Ֆեյսբուքը դարձավ բրենդ, այն մինչ այդ այդքան տարածված չէր, բայց հիմա այնքան է բրենդային դարձել, որ բոլորը սկսել են Live մտնել, այսինքն` սկզբում մեծ դեր ունեցավ Ֆեյսբուքը (մինչ հեղափոխությունը Հայաստանից Ֆեյսբուքի ակտիվ օգտատերերի թիվը 1 մլն  100 հազար էր, հեղափոխական մեկ ամսվա ընթացքում Ֆեյսբուքը համալրեցին հարյուր հազար նոր օգտատերեր, և մայիսին լսարանը հասավ 1 մլն 200 հազարի-հեղ.), բայց հետո մեդիան սկսեց օգտվել Ֆեյսբուքից: Սկզբնական շրջանում երթերն ակտիվ չէին լուսաբանվում, բայց որքան Փաշինյանը մոտենում էր Երեւանին, այնքան հետաքրքրություն էր առաջանում, եւ երբ նա մտավ Երեւան, մեդիան սկսեց 24 ժամ ռեժիմով լուսաբանել կատարվողը: Հետո` մեկ շաբաթ անց, երբ նա իր տակտիկան փոխեց` փողոցները փակել անկանխատեսելի տեղերում, որպեսզի ոստիկանները չխանգարեն, այդ ժամանակ դարձյալ սկսեց ֆեյսբուքն օգտագործել, եւ մեդիան չէր իմանում` ինքը որտեղ է լինելու, ինչ է անելու, եւ լրագրողներն էլի հույսները դնում էին Ֆեյսբուքի վրա: Այստեղ միախառնվում էր Ֆեյսբուքի եւ մեդիայի դերը: Երբ իրավիճակն ավելի լարվեց, եւ մեդիան միշտ Փաշինյանի կողքին էր, Ֆեյսբուքը չկար, մեդիան աբողջությամբ ստանձնեց կատարվող իրադարձությունների բացատրման, անաչառ լուսաբանման դերը: Ուշադրության սեւեռումը ցույցերի վրա մեդիայի շնորհիվ եղավ, եւ մեդիայի դերը բարձրացավ հասարակության աչքում»,- հիշում է հեղափոխությունը լուսաբանած լրագրող Հովհաննես Մովսիսյանը:

«Ուղիղ եթերը մեծ ազդեցություն ունեցավ հանրության միասնականացման գործընթացում»,- համակարծիք է վարչապետի խորհրդական Արտակ Մանուկյանը:

Գեղամ Վարդանյանի կարծիքով` ուղիղ եթերն այս անգամ առանձնահատուկ էր նրանով, որ էֆեկտիվ ձեւով օգտագործվում էր ընդդիմության առաջնորդի կողմից (Նիկոլ Փաշինյանի էջն ամենադիտվող մեդիա հարթակն էր` կես միլիոնից ավելի հետեւորդ): Առհասարակ նա համարում է, որ Հայաստանի պարագայում տեխնոլոգիական առաջընթացի ժամանակն ու իրադարձությունները համընկան եւ ապահովեցին հեղափոխության հաջողությունը. առաջ ուղիղ եթերը նայելու համար պետք է համակարգչի առջեւ նստած լինեիր, իսկ հիմա մարդը փողոցում քայլում էր ու հեռախոսով հետեւում ուղիղ եթերին: Կամ հրապարակում հանրահավաքին կանգնած` ուղիղ եթերով նայում էր, թե բեմում ով է խոսում:

Նունե Հախվերդյանը, որն այս իրադարձությունները որակում է որպես մոբիլ մարդկանց հեղափոխություն, ասում է, որ ուղիղ հեռարձակումները միայն մի քանի պրոֆեսիոնալ լրատվամիջոցների մենաշնորհը չէին, դրանք ստեղծում եւ տարածում էր յուրաքանչյուր մարդ, որը դուրս էր գալիս փողոց ու մասնակցում քայլերթերին կամ փողոցների փակմանը. «Live-երը իրադարձությունների վայրկենական արտացոլումն էին, ինչը հատկապես կարևոր էր իրադարձությունների ոչ կենտրոնացած լինելու պարագայում։ Դեպքերի վայրերը բազմազան էին, սփռված ու ֆրագմենտացված, և հենց նույն եղանակով էլ լուսաբանվում էին։ Զուգահեռաբար ստեղծվում էր մասնակցության էֆեկտ, քանի որ ցանկացած Live ապահովող ակամայից դրա մասնիկն էր, ինքն էր մեդիան՝ իր դիտորդներով, հետևորդներով ու համակիրներով։

Իհարկե, այս պայմաններում լրատվամիջոցները մեծ մասամբ ուշանում էին, նրանք սովոր չէին արագ արձագանքման ու վազքի ռեժիմին։ Մեկնաբանելու ու վերլուծելու ժամանակ չկար, կարևոր էր ներկայացնել դեպքերի շղթաները, որոնք բռնկվում էին, մարում ու տեղաշարժվում»։

Իրականում հեղափոխության պատշաճ լուսաբանումն ապահովեցին էլեկտրոնային լրատվամիջոցները, հատկապես` օնլայն հեռուստատեսությունը: Ծանրակշիռ ու հրամանների սպասող շատ լրատվամիջոցներ պատրաստ չէին դրան։ Հեռուստատեսությունը, որն իր տեխնիկական եւ ֆինանսական ռեսուրսներով չի զիջում օնլայն մեդիային, որոշ դեպքերում` ավելի լավ է զինված, դուրս մնաց խաղից, քանի որ կաղապարված էր որոշումներում (հիմնականում` քաղաքական)։

«Հեղափոխությունը ցնցում էր հեռուստաընկերությունների համար, որոնք աշխատում էին քաղաքական կամ բիզնես շահերից ելնող լրատվական օրակարգով»,- տեսակետ է հայտնում Նունե Հախվերդյանը։

«Էլեկտրոնային մեդիան առաջատարն էր, դրանք դարձան այլընտրանքային հեռուստաընկերություններ: Սկզբնական շրջանում ավանդական TV-երը գրեթե չէին լուսաբանում: Այսինքն` ամեն ինչ սկսվեց Ֆեյսբուքի live-երից, ապա միացավ օնլայն մեդիան, վերջին փուլում նրանց միացան TV-ները»,- մեդիայի մասնակցությունը ժամանակագրորեն դասակարգում է Հովհաննես Մովսիսյանը:

«Իհարկե, ամենաարագը կողմնորոշվեց օնլայն մեդիան, որը պատրաստ էր: Ուղիղ հեռարձակումը Հայաստանում պատմություն ունի` 2008-ից սկսած»,- ասում է Գեղամ Վարդանյանը: Նա նկատի ունի մի շարք քաղաքական եւ սոցիալական իրադարձություններ` 2008-ի եւ 2013-ի նախագահական ընտրությունները, 2015-ի «Էլեկտրիկ Երեւան»-ը, 2016-ին «Սասնա ծռեր» խմբավորման կողմից ոստիկանության գնդի գրավումը, որոնք օնլայն հեռուստաընկերությունները լուսաբանել էին ուղիղ եթերում` աշխատելով արտակարգ իրավիճակներում: «Այս տեսակետից կարող ենք խոսել օնլայն հեռուստատեսության կայացման մասին` ուղիղ եթերի տեսքով: Օնլայն TV-ն հաղթեց դասական TV-ին: Հեռուստատեսությունը դուրս մնաց եւ կորցրեց իր լսարանը, չկարողացավ մրցակցել, քանի որ այդ նիշան չէին դիտարկել իրենց համար, թեեւ իրենք արդեն ազատ էին աշխատում Սերժ Սարգսյանի հրաժարականից հետո»,-հավելում է media.am-ի խմբագիրը:

«Առանց մեդիայի հեղափոխությունը հաջողություն կունենա՞ր» հարցին իմ զրուցակիցները բացասական պատասխան են տալիս: «Առանց մեդիայի որեւէ գործողություն հաջողություն չի ունենա: Անուղղակիորեն, ի դեմս մեդիայի, հեղափոխություն իրագործողներն ունեին դաշնակիցներ: Լուսաբանող լրագրողները կողմնապահ չէին, չէին թաքցնում ինֆորմացիան կամ մանիպուլյացիա անում` հօգուտ հեղափոխության, բայց նվիրված էին այդ գործին»,- պատասխանում է Գեղամ Վարդանյանը:

Լրագրությունը նա բնորոշում է որպես մարդասեր մասնագիտություն, որտեղ պետք է աշխատեն պարկեշտ, իրենց երկիրը սիրող մարդիկ: «Հեղափոխությունը լուսաբանող լրագրողները մարդիկ էին, որոնք իրենց աշխատանքն անում էին առանց բողոքելու, առանց հավելյալ ակնկալիքների` արձակուրդ կամ ֆինանսական պարգեւատրում ուզելու, ոչ միայն նրա համար, որ դա հետաքրքիր էր, ու իրենք կարիերա էին անում, այլ ենթագիտակցորեն ծառայում էին մարդկանց տեղեկացնելու գործին: Եվ այս տեսակետից նրանք օգնեցին հեղափոխության կայացմանը: Նրանք պատրաստ էին այդ գործն անել անմնացորդ: Նրանք մասն էին այդ ամենի` չլինելով մասնակիցը: Լրագրողները հեղափոխության զինվոր չէին, բայց նրանց հայացքները համընկնում էին ցուցարարների հայացքներին, եւ իրենց աշխատանքով նպաստում էին հեղափոխությանը: Լրագրողներն ուզում էին, որ իրենց աշխատանքը տեղ հասներ, արդյունք ունենար: Նրանք ոգեւորված էին այն ամենով, ինչ կատարվում էր, եւ այդ էներգիան փոխանցվում էր»,- ամփոփում է Գեղամ Վարդանյանը:

Այժմ` հետհեղափոխական կամ անցումային շրջանում դարձյալ կարեւորվում է հետաքննական լրագրությունը: Ժամանակավոր կառավարությունից հասարակությունն ակնկալում է նախկին իշխանությունների ձեւավորած կոռուպցիոն համակարգի փոփոխություն: Այդ գործում հաջողելը շատ բարդ կլինի առանց հետաքննական լրագրության:

«Համակարգը մեկ օրում չի փոխվում, եւ դա փոխելու համար անհրաժեշտ է մեդիայի աջակցությունը: Ինչու՞ նախկին իշխանությունների օրոք չէր հաջողվում կոռուպցիայի դեմ պայքարը: Որովհետեւ դրա նախագահը նախկին վարչապետ Հովիկ Աբրահամյանն էր, որն ինքը կոռումպացված էր: Չկար քաղաքական կամք: Իսկ հիմա մարդկանց մտածողությունը փոխելու, կոռուպցիային հաղթելու համար մեկ կարեւոր նախապայման կա` քաղաքական կամք: Նախկինում կոռուպցիայի դեմ կռվողը միայն մեդիան էր: 2017թ. ԱԺ ընտրությունների ժամանակ այնպիսի տպավորություն էր, որ քաղաքական ուժերին ընտրությունները պետք չեն: Միայն լրագրողներին ու մի քանի ՀԿ-ի էր պետք` գնալ ընտրակաշառքի դեմ կռվել: Հիմա կա քաղաքական կամք, եւ այդ հարցում մեդիան նոր իշխաություններին դաշնակից է: Դա չի նշանակում, որ այն պետք է սերտաճի նոր իշխանության հետ, բայց որ մեդիայի աշխատանքը շատ արագ կարող է տեղ հասնել եւ մեծ ուշադրություն հրավիրել, անառարկելի է: Եթե օֆշորային սկանդալը հիմա լիներ, պաշտոնյաներն առնվազն հրաժարական կտային: Հետաքննական լրագրությունը ընկալվում է հենց որպես կոռուպցիայի դեմ պայքար, եւ շատ կարեւոր է հասարակության մտածելակերպը փոխելու, դրա վրա ազդելու տեսանկյունից: Այդպես պետք է փոխվի, այլ ճանապարհ չկա»,- ասում է լրագրող Գեղամ Վարդանյանը:  

Վարչապետի խորհրդական Արտակ Մանուկյանը հավաստիացնում է, որ ներկայումս փորձ է կատարվում հաշվետվողականության և թափանցիկության մեխանիզմների ներդրման միջոցով հաշվետու լինել ժողովրդին, թե ինչի վրա են ծախսվում նրանց վճարած հարկերը:  

«Հետհեղափոխական շրջանը հետաքննական լրագրության ժամանակն է, որովհետեւ հիմա են պետք բացահայտումներ` հասկանալու համար, թե ինչ է կատարվել նախկինում: Ներկայիս իշխանությունները շահագրգռված են նախկինում եղածը մաքրելով` նոր էջ բացելու համար, ու այստեղ հետաքննական լրագրությունը մեծ դեր ունի»,- եզրափակում է Վարչապետի աշխատակազմի Հանրային կապերի և տեղեկատվության կենտրոնի ղեկավար Հովհաննես Մովսիսյանը:

Լուսանկարները` Նարեկ Ալեքսանյանի

Հոդվածը պատրաստվել է Հետաքննական լրագրության գլոբալ ցանցի համար:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter