HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Առիթմիկ մտորումներ Կարսի գեղեցկուհու մասին

1920 թվի աշունը Հայաստանում նման էր մնացած բոլոր՝ անցած-գնացած և եկող-գնացող հայաստանյան աշուններին՝ տաք և մեղմ արև, դեղնող և կարմրող ծառերի հրդեհ՝ ձգվող դեպի երկնային լաջվարդը, մեկ-մեկ անձրևոտ ներհայեցողական օրեր, բայց ավելի շատ արևոտ դասականություն, ներդաշնակություն, խաղաղություն՝ որում, կարծես ոչինչ կարող է տեղի չունենալ, և հատկապես՝ աղիտալի ոչինչ: Այս աշնանը, սակայն, գրանցվեց հայկական պարտություններից ամենադառը և ամենաանդառնալին:

Գեղեցկուհիների ճակատագրերն ու մեղքերը

Հոկտեմբերի 30-ի կեսօրին Երևանում ստանում են Դանիել Բեկ-Փիրումյանի հետևյալ հեռագիրը Կարսից. «Կարսը պաշարված է երեք կողմից: Մեր զորքերը դիմադրում են. բերդը ամուր է: Կարող եք վստահ լինել, որ մինչև վերջին շունչ պիտի պաշտպանենք քաղաքը. Զոր. Փիրումյան»: Նույն օրվա երեկոյան Երևանում ստանում են մեկ այլ հեռագիր. «Հոկտեմբեր 30: Ժամը 12 և կես: Բերդի բախտը վճռված է: Զոր Փիրումյան»: Մի ամսից մի քիչ ավելի տևած կռիվներից հետո Կարսն ընկնում է, իսկ նրա հետ՝ հայկական բոլոր մեծ հույսերը:

Բերդերի ճակատագիրն է, իհարկե, ընկնելը: Նրանք նման են գեղեցկուհիների՝ որքան էլ դիմադրեն, ի վերջո գրավվում կամ հանձվում են: Բերդերի ողբերգական հմայքն է սա: Աշնան կարմիր տերևի պես թեթև Կարսի բերդն ընկավ: Թեթևությունը պոետիկ չափազանցություն չէ՝ հոկտեմբերին մղված կռիվներում Կարսի ճակատում զոհված հայ զինվորների թիվը հաշվում են հարյուրներով, բայց ոչ հազարներով: Մի քանի 100 զոհված և հազարի կարգի վիրավոր արժեցավ հայության համար իր նորագույն պատմության ամենավճռական ճակատամարտը:

Մեկուկես միլիոն Մեծ Եղեռնի ժամանակ, 100 հազար՝ Երկրորդ համաշխարհայինի ճակատներում (թվերը պայմանական ենք բերում, քանի որ ստույգ թվերը խնդիր են) և 1000-ից պակաս Կարսի գեղեցկուհու համար, այսինքն՝ սեփական ինքնիշխանությունն ու սեփական երազանքները տապալելու դիմաց: Այս թվերն են հայոց պատմության կարճ շարադրանքը 20-րդ դարից մինչև Ղարաբաղյան պատերազմ: Ավելին կարելի է չգրել, որովհետև թվերն ասում են ամեն ինչ: Միայն Երկրորդ համաշխարհայինի ընթացքում զոհվածների կեսով ոչ միայն Կարսը կարելի էր պահել, այլև ողջ Արևմտյան Հայաստանն ազատագրել՝ առանց լուրջ խնդրի: Բայց ազգերին, որոնք պատրաստ չեն հանուն սեփական նպատակների կամք դրսևորել և կռվել, վիճակված է տասնապատիկ ավելի զոհեր տալ ուրիշի կռիվներում՝ առանց անգամ սիմվոլիկ հատուցման: Պատմության այս դաժան օրենքները մենք չենք որոշում, ոչ էլ որևէ մեկն ի զորու է երբևէ փոխել, չնայած ամեն սերունդ կարծում է, որ իր օրոք դրանք այլևս չեն գործում....:

Կարսի անկումը մեծ մեղք է, որի տակից հայությունը չգիտեմ, թե ինչ աղոթքներով, տերողորմյաներով ու մեղայաստծուներով պետք է երբևէ դուրս գա: Շատ բան է ասվել Կարսի ճակատամարտի մասին, բայց դրա մեղք լինելը թերևս չի ձևակերպվել: Խոսքը, եթե ոչ բառացի, կրոնական իմաստով, ապա կրոնականության ուժի հասնող մեղքի մասին է: Ողբերգություն, պետական հանցանք, զինվորական պարտություն և այլն՝ այս ամենը քիչ են արտահայտելու համար տեղի ունեցածի խորքային իմաստը: Ճիշտ բառը հենց մեղքն է: Հին կտակարանյան ոճի մեղքերից է սա, որի համար յոթը պորտ են վճարում: Սերունդների վրա կախված պապերի մեղքն է, որը չի սրբագրվել նույնիսկ ցայսօր: Եվ, իհարկե, սա այն մեղքերից չէ, որը մոմով, աղոթքով կամ տերողորմյայով է քավվում: Այստեղ ուրիշ քավարաններ են պետք՝ Վահագնի քավարաններից, որտեղ պահանջում են ոչ թե անհատներից, այլ սերունդներից և ազգերից, որտեղ մեղքը ժառանգական է, ինչպես ժառանգական է թագավորությունը, և որտեղ ոչ թե միայն ծեսով, այլ մտքով ու գործով են ազատվում հանցանքներից: Եթե հնարավոր չէ հետ բերել կորցրածը, գոնե տեղի ունեցածը խիզախորեն իմաստավորելու կամք է պահանջվում, և խղճուկ արդարացումներն ու ճակատագրի անեծքները չեն անցնում:

Ճակատագիրը երբեք այդքան բարյացակամ չի եղել մեր նկատմամբ, որքան Կարսի ճակատամարտի աշնանը. երբե՛ք հայն ու թուրքն իրար դեմ-դիմաց կանգնած այդքան հավասար կարողություններ չեն ունեցել, երբե՛ք այդքան մոտիկ չի եղել սեփական ուժերով, սեփականին իսկ վերատիրանալու հնարավորությունը, որքան այդ ոսկե աշնանը, երբե´ք Վահագնն այդքան պատրաստակամ չի եղել օգնել իր ժողովորդին, եթե երկրից էլ ռազմի աստծուն մի քիչ ավելի կորով, ջանք, եռանդ, կամք նվիրաբերվեր:

Հայն ու թուրքն իրար հավասար. պատմական եզակի պահ

Կարսի անկման մասին շատ-շատ է գրվել՝ հուշերից մինչև գիտական ծավալուն աշխատություններ: Բայց ըստ իս՝ գլխավորը դեռ չի գրվել: Գլխավոր հարցերը դեռ չեն դրվել: Հիմնականը մնում է անհասկանալի: Կգա այն օրը, երբ կունենանք մի ռազմաքաղաքական ամփոփ վերլուծություն, որը, հենվելով արդեն կատարված աշխատանքի վրա, կձևակերպի խոսքը որակապես մի մակարդակ բարձր: Եվ յադ խոսքը, բացի գիտականից կլինի նաև գործնական: Բացի անցյալը հասկացողից ու զգուշորեն գնահատողից, նաև՝ ապագան նախագծող:

Ես իմ համեստ կարողություններով, կուզենամ մենակ մի երկու փոքր ներածական գրել այդ մեծ աշխատության համար:

Իմ չգրված նախաբանի մեջ ես կուզենայի շեշտել այն, ինչ առանց այդ էլ պարզ է թվում՝ Կարսի անկման կարևորությունը մեր նորագույն պատմության մեջ: Կարևորությունը կարելի է տեսականորեն հասկանալ, բայց չպատկերացնել դրա չափը, չվերապրել իրական մասշտաբը: Վերապրելը սովորական զգացում չէ, սովորական ափսոսանք չէ: Մինչև վերջ ապրված ամոթն ու վիրավորանքը, նվաստացած արժանապատվության զգացումը մտածողություն փոխող են, ծրագրի ու գործի վերածվող են, ներգործուն են, ոչ թե կրավորական: Կարսի անկումն այն դասն է, որը պետք է ոչ թե սովորել, այլ վերապրել այնպես, կարծես, դա հենց այսօր է տեղի ունեցել, և վերապրելով՝ արմատապես մերժել այն ամենը հայկական գիտակցության մեջ, ինչը բերել է Կարսի պարտությանը, նախևառաջ՝ «քաղաքակիրթ աշխարհի» և «առաջադեմ մարդկության» կրոնը, և վերածնվել որպես միայն սեփական ուժերին ապավինող և սեփական հավատքով ու կրոնով ապրող ազգ:

Կարսի անկումը ոչ թե պարզապես կարևոր է, այլ մեր նորագույն պատմության կարևորագույն իրադարձությունն է: Ես սրան կստորադասեի նույնիսկ Մեծ Եղեռնը, քանի որ եթե Կարսում հաղթեինք, ապա Եղեռնի հետևանքներն առնվազն կարող էին մեղմվել: Նույնիսկ Ղարաբաղյան հաղթանակը գուցե ավելի կարևոր չհամարեի, որովհետեև դրանով թեև մեր մեղքերի մի մասը քավել ենք, բայց Կարսով կորցրածի չափը, միևնույն է, համեմատելի չէ Ղարաբաղով ձեռք բերվածի չափի հետ:

Հարցը հետևյալն է: Երբեք՝ մինչև 1920 թիվը, և երբեք՝ 1920 թվից հետո, հայերն ու թուրքերը չեն կանգնել դեմ-դիմաց, պատերազմի պատրաստ՝ հավասար հնարավորություններով: 1880-ականներից սկսած՝ հայկական ազատագրական պայքարի յուրահատուկ կուլմինացիան էր սա՝ այն պայմաններում, որի մասին երազել իսկ չէին կարող այդ պայքարը սկսողները, ոչ էլ կարող էին երազել 20 թվի հետագա սերունդները: Հայերը կանգնած էին թուրքերի դեմ ոչ թե որպես ապստամբներ, պարտիզաններ, ֆիդայիներ, այլ որպես բանակ՝ համալրված թե՛ կադրային սպաներով, թե՛ ազատագրական պայքարի բովով անցած զորավարներով, ունեին ազգային կառավարություն՝ կազմված նույն ազատագրական պայքարի մասնակիցներից: Թուրքերը, որոնք կանգնած էին հայերի դեմ, թեև բանակ էին, բայց ճանաչում չունեցող, սեփական պետության մեջ ապստամբ, խռովարար, անօրինական համարվող կառավարության բանակ էին: Ո՛չ զենքի, ո՛չ թվաքանակի առումով վճռական առավելություն չունեին հայերի նկատմամբ:

Հայերի կողմից էր «միջազգային հանրությունը», բայց ոչ թե զուտ խոսքով, այլ աշխարհի հզորագույն տերությունների կողմից պաշտոնապես ստորագրված Սևրի պայմանագրով: Սրա նման միջազգային փաստաթուղթ նույնպես չեն ունեցել ո՛չ նախորդ, ո՛չ էլ հաջորդ սերունդները: Այդ հիմա է դա թղթի կտոր, բայց պատկերացրեք, որ այսօր մեր ձեռքը կա միջազգային մի պայմանագիր, որով Հայաստանի մասն են ճանաչվում Վանը, Կարինը, Տրապիզոնը, և դա ստորագրված է Մեծ Բրիտանիայի, ԱՄՆ-ի, Ֆրանսիայի, նաև՝ Թուրքիայի պաշտոնական կառավարության կողմից: Մնում էր, ուրեմն, մեկ բան: Կռվով տիրանալ, եթե ոչ Սևրի ամբողջական քարտեզին, ապա գոնե դրա մի մասին, իսկ մնացածի մասին կարելի էր թուրքերի հետ խոսել: Մի ճիգ էր ընդամենը մնում հայ ազգին, և երազանքով ու թղթով իրենը պետք է դառնար իրենը նաև իրականում: Եվ նույնիսկ բոլշևիկյան Ռուսաստանն այդ դեպքում այս կամ այն չափով ստիպված էր հարգելու մեր իրավունքները: Կրկնեմ մեր դիմաց կանգնածը մեզ մի քանի կարգ գերազանցող՝ քանակապես կամ որակապես ուժը չէր: 20 թվի հայ-թուրքական պատերազմը նույնը չէ, որ այսօր Հայաստանն ու Թուրքիան կռվեն, ոչ էլ  ֆիդայական կռիվների նման է: Ավելին՝ այն անհամեմատ ավելի բարենպաստ պայմաններում է ընթացել, քան, ասենք, Վանի 1915թ.-ի ինքնապաշտպանությունը կամ Սարդարապատի ճակատամարտը, որոնցում հաջողության ենք հասել: Թուրք ասածն այդ պատերազմում՝ Թուրքիայի արևելքում ապստամբություն հռչակած, միջազգային ճանաչում չունեցող, ոչ մեծաթիվ բանակ, ոչ փող, ոչ հաց, ոչ շատ զենք ունեցող մի ուժ էր:

Թվաքանակի նուրբ գիտության մասին

Ես չեմ ուզում այստեղ մանրամասնել թվաքանակի մասին: Ռազմական պատմությունը, որի բարդ խնդիրներից է ռազմուժի թվաքանակի ճշտումը, Հայաստանում դեռ առանձին կայացած գիտություն չէ: Իսկ դա ունի զուտ պատմագիտությունից էապես տարբերվող յուրահատկություններ: Սովորական պատմաբանը հազվադեպ է ունենում այն գիտելիքներն ու փորձը, որոնք անհրաժեշտ են ռազմական պատմության խնդիրները լուծելու համար:

Մի քանի բան միայն նշեմ այս թեմայով:

Այսօր և ընդհանարպես Կարսի անկումից հետո հայալեզու գրականության մեջ ներկայացվում է այնպես, որ թուրքերն ունեին քանակական անվիճելի գերազանցություն: Նույնիսկ ասվում է, թե հայ հետախուզությունն անընդատ սխալ տվյալներ էր հաղորդում թուրքերի քիչ քանակի մասին, որով մեր հրամանատարությունը սխալմամբ կարծում էր, որ հայերը թվով գերազանցում են թուրքերին: Չգիտեմ, թե ինչ աստիճանի «կույր» պետք է լիներ որևէ, թեկուզ վատագույն հետախուզություն, որն ամբողջ մի ամիս իր քթի տակ կանգնած թշնամու մասին իսկ չի կարողացել ստույգ ինչ-որ տվյալ ներկայացնել: Թողնենք հետախուզության ծայրահեղ անհամարժեք լինելու մասին վարկածը դրա մասին պատմողներին կամ դրան հավատացողներին, բայց մեր մտքերում պահենք հիմնավոր կասկած՝ հետախուզության վրա նման չափի մեղք գցող վարկածի վերաբերյալ:

Սակայն այս աշխարհում, բացի տվյալներից ու վկայություններից, կան նաև տրամաբանություն և ռազմական պատմության փորձ:

Իսկ այդ փորձի տեսակետից, կարդալով հայ-թուրքական պատերազմի պատմությունը՝ առնվազն հետևյալ պարզ հարցերն են ծագում:

Եթե թուրքերն ունեին թվային վճռորոշ առավելություն, ապա ինչո՞ւ գրավելով սեպտեմբերի վերջին Սարիղամիշը և մյուս սահմանային վայրերը՝ նրանք կանգ առան այդ գծի վրա, չշարունակեցին գրոհը Կարսի ուղղությամբ՝ անակնկալի եկած հայերի վրա: Դրա փոխարեն՝ մի ամբողջ հոկտեմբեր, թուրքերը նախաձեռնությունը զիջեցին հայերին՝ թույլ տալով, որ մերոնք առոք-փառոք նախապատրաստեն և անցկացնեն երկու խոշոր հակահարձակում: Սա դուրս է ռազմական որևէ տրամաբանությունից: Վճռական թվային առավելություն ունեցող և իր ուժերին վստահ կողմը, ինչո՞ւ պետք է հաջող գրոհից հետո կրավորական պաշտպանական դիրք բռներ, նախաձեռնությունը զիջեր հակառակորդին և սպասեր նրա հակագրոհներին՝ կորցնելով նաև անսպասելիության էֆեկտը: Էլ չասած, որ Սարիղամիշի և մյուսների գրավումն առանց Կարսի վերահսկողության որքա՞ն արժեր և ո՞ւմ էր պետք։

Ենթադրենք, որ իրոք այդպես է եղել՝ քանակապես, վճռականորեն գերազանց կողմը նախաձեռնությունը զիջում է թշնամուն: Բայց ահա, հոկտեմբերի 14-15-ին տեղի է ունենում խնամքով նախապատրաստված հայկական խոշոր հակահարձակումը, որն ավարտվում է հայերի պարտությամբ և նահանջով: Եվ ահա, թվապես գերազանցող թշնամին գոնե այս անգամ նահանջող հայերին անմիջապես հետապնդելու փոխարեն, մնում է իր տեղում և հանգիստ սպասում է, որ հայերն էլի ուշքի գան, կարգավորեն իրենց ուժերն ու տեղակայվեն նոր դիրքերում: Սա նույնպես դեմ է ռազմական որևէ տրամաբանությանը: Կարելի է, իհարկե, ասել, որ թուրքերն էլ, մեծ կորուստներ կրելով այս ճակատամարտում, հնարավորություն չունեցան հետապնդել նահանջող հայերին, բայց այս դեպքում էլ դա խելքին մոտ տարբերակ կարող է լինել միայն եթե ենթադրենք, որ թուրքերը չեն ունեցել քանակական լուրջ առավելություն, ոչ էլ վստահ են եղել իրենց ուժերին:

Բայց սա էլ դեռ վերջը չէ: Հոկտեմբերի վերջին հայերը նոր հակահարձակման փորձ են անում, որովհետև հետախուզությունը նորից հաղորդում է, որ թուրքերի թիվը քիչ է (այսքանից հետո, ուրեմն, մեկը չի գտնվում, որ կասկածի տակ դնի հետախուզության տվյալները՝ չի կարելի մարդկանց կատարյալ հիմար համարել), և նորից հայերը պարտվում են, նորից թուրքերն անմիջապես չեն հետապնդում հայերին, չնայած այս անգամ հայերը նահանջում են արդեն անմիջապես Կարսի ամրոց:

Վերջապես մի քանի օրից թուրքերն անցնում են գրոհի՝ Կարսի դեմ: Բայց նորից պակասում են վստահությունն ու համարձակությունը՝ իր գերազանցությունը գիտակցող ուժին բնորոշ: Նախ՝ թուրքերը փորձում են ճեղքել ոչ թե Կարսի, այլ Իգդիրի և Անի կայարանի ավելի թույլ պաշտպանված ճակատները՝ հարվածելու համար ուղիղ Երևանի ուղղությամբ, և երբ այստեղ անհաջողության են մատնվում, նոր անցնում են վճռական գործողությունների Կարսի ուղղությամբ, բայց ոչ թե ճակատային գրոհով, այլ անսպասելի հարվածով իրենց աջ, հայերի՝ ձախ թևից: Ու երբ գրավում են Կարսը, և հայկական զորքի կեսը գերվել է, իսկ մյուս կեսն էլ արդեն ոչ թե նահանջում է, այլ խուճապահար փախչում, և թուրքերը գիտեն այդ խուճապի մասին, նրանք այստեղ էլ վճռական հետապնդում չեն կազմակերպում՝ մեկ հարվածով Ալեքպոլն էլ գրավելու և հայերին վերջնականապես ծնկի բերելու համար, այլ մոտ մեկ շաբաթ մանր ընդհարումների մեջ անցկացնելով, սպասում են հայերի կողմից զինադադարի առաջարկին, ընդ որում այդ առաջարկն էլ փութացնելու համար գերի ընկած նախարար Բաբալյանի միջոցով էլ մի նամակ են ուղարկում հայկական կառավարությանը, այսինքն՝ մի բան էլ փաստացի խնդրում են հաշտության մասին անհասկացող հայերին, փոխանակ՝ մի վերջին վճռական հարվածով վերջ տալու Հայաստանի գոյությանն ընդհանրապես: Եթե սա թվային և որակային գերազանցություն ունեցողի կամ էլ իր ուժերին վստահի պահվածք է, ապա համարենք, որ այս տեռորի հեղինակն էլ Աբդուլա Օջալանն է՝ ինչո՞ւ ոչ:

Հարցեր, բայց ոչ պատասխաններ

Սա է մեր նորագույն պատերազմի ամենավճռական ճակատամարտի պատկերը: Հասկանալու համար սրա պատճառները, մեկը պետք է հարց դնի՝ ինչո՞ւ նույն ազգն ի զորու եղավ 1918-ին հաղթել վճռական ճակատամարտում անհամեմատ ավելի բարդ պայմաններում, կամ ինչո՞ւ այդ նույն ազգը կարող էր առանց կանոնավոր բանակի զուտ ժողովրդական հեղափոխական ինքնակազմակերպմամբ հաղթել երկու ամիս տևած 1915-ի Վանի ինքնապաշտպանությունում կանոնավոր բանակի դեմ, բայց պարտվեց 1920-ին երբ կանոնավոր բանակով, կադրային սպաներով կռվում էր մի խռովարար և անօրինական կառավարության վատ զինված և կիսասոված, թվային առավելություն չունեցող բանակի դեմ: Մեկը պետք է նաև հարցնի, թե ինչո՞ւ է այդ նույն ազգը հպարտանում, որ տասնյակ հազարավոր զոհեր է տվել ռուս-գերմանական պատերազմում հանուն «համամարդկային արժեքների», հանուն «քաղաքակիրթ աշխարհի», բայց չի ամաչում, որ ընդամենը մի քանի 100 մարդ է հաշվում հանուն իր սեփական, ազգային, ամենանվիրական նպատակի ճակատամարտի զոհերը, և կարևորը՝ ինչո՞ւ չի գիտակցում, որ իր ձախողումների գլխավոր գաղտնիքի բացահայտումն այս հարցերի պատասխանների մեջ կարող է գտնել, այլ ոչ թե «չար բախտը» կամ «թուրքի նենգությունն» անիծելով: Հարցն այն չէ, որ հայ ազգը խնայել է իրեն հանուն իր նպատակների: Հարցն ընդամենն ինքնակազմակերպումն է: Բայց սա արդեն առաձին խոսակցություն է: Մենք այստեղ ընդամենը հարցեր տվեցինք, բայց պատասխաններ գտնելու խնդրում շտապողականություն չենք սիրում:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter