
Նիկոլ Փաշինյան. «ՔԿՀ-ների խցային, շենքային, կենցաղային պայմանները շատ վատ վիճակում են»
Կառավարության նիստում վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանն անդրադարձավ համաներում հայտարարելու ակտին:
«Ցավոք սրտի, մեր երկիրը, տարբեր հանգամանքների բերումով, ժամանակ առ ժամանակ ստիպված է լինում համաներման ինստիտուտը կիրառել»,- ասաց նա:
Հիշեցնենք, որ խորհրդարանը երեկ միաձայն առաջին ընթերցմամբ ընդունել է համաներում հայտարարելու հարցը, այսօր կլինի նախագծի՝ առաջինից երկրորդ ընթերցմամբ քննարկում և քվեարկություն:
Փաշինյանը ցավով արձանագրեց, որ այդպես էլ կենտրոնացում չի լինում պայմանական վաղաժամկետ ազատ արձակման ինստիտուտի վրա, որը հնարավորություն է տալիս անհատական մոտեցում ցուցաբերել յուրաքանչյուր դատապարտյալի նկատմամբ:
«Որովհետև համաներումը նկատի է ունենում հիմնականում հոդվածներ, իսկ պայմանական վաղաժամկետ ազատումն առաջին հերթին նկատի է ունենում կոնկրետ մարդուն»,- ասաց Փաշինյանը:
Վարչապետի պաշտոնակատարի համոզմամբ՝ պայմանական վաղաժամկետ ազատման ինստիտուտը իրապես պետք է գործարկել: «Այդ պարագայում հանրության շրջանում համաներման մեծ պահանջարկ չի առաջանա, որովհետև դատապարտյալների, նրանց հարազատների համար կանխատեսելի կլինի, թե ինչպիսի վարքի պայմաններում նրանք կկարողանան պայմանական վաղաժամկետ ազատ արձակվել»,- ասաց նա:
Փաշինյանը նաև ընդգծեց՝ Հայաստանի գրեթե բոլոր քրեակատարողական հիմնարկները գտնվում են «խայտառակ վատ վիճակում».: «Նույնիսկ խցային, կենցաղային, շենքային պայմանները շատ վատ վիճակում են ու մեր, ՄԻՊ-ի աջակցությամբ մենք պետք է ստանանք նաև միջազգային կազմակերպությունների աջակցությունը, որ ընդհանրապես փորձենք հրաժարվել հին ՔԿՀ-ներից՝ չնայած, պետք է խոստովանել, որ նոր ՔԿՀ-ն էլ ցավոք սրտի, չի փայլում իր պայմաններով»,- ասաց նա:
Մեկնաբանել