HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Սեդա Ղուկասյան

Նիկոլ Փաշինյանը՝ տնտեսական ակտիվության ցուցանիշի անկման պատճառների մասին

Խորհրդարանն իրավունքի ուժով գումարել է հատուկ նիստ, որի օրակարգում վարչապետի ընտրության հարցն է: Առաջադրված միակ թեկնածուն վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանն է:

Վարչապետի թեկնածուին ներկայացրեց «Ելք» խմբակցության ղեկավար Լենա Նազարյանը: Վերջինս հայտարարեց, որ ինչպես նախորդ առաջադրումը, այնպես էլ այսօր այն ֆորմալ բնույթ է կրում. նպատակն է Սահմանադրությամբ սահմանված նորմի կիրառումը:

«Այս նիստում վարչապետ չընտրվելու դեպքում խորհրդարանն իրավունքի ուժով կարձակվի»,- ասաց նա:

Վարչապետի թեկնածու Նիկոլ Փաշինյանն իր ելույթում անդրադարձավ երկրի տնտեսական վիճակին՝ փորձելով բացատրել, թե տնտեսության ակտիվության ցուցանիշի անկումն ինչով է պայմանավորված: Նիկոլ Փաշինյանը հիշեցրեց, որ ինչպես ընդդիմադիր պատգամավոր, այնպես էլ լրագրող եղած տարիներից քննադատել է հայաստանյան տնտեսության աճի գործող կառուցվածքը:

«Տնտեսական աճի այն կառուցվածքը, որ երկար տարիներ գոյություն ունի ՀՀ-ում, որևէ կերպ ընդունելի չէ, մեր տնտեսական աճը ձևավորվում է հիմնականում այնպիսի կոմպոնենտներից, որոնք հիմք են տալիս ենթադրելու, որ Հայաստանը ընդերքը քանդող ու արտահանող և խաղադրույքներ կատարող երկիր է, ինչը ընդունելի չէ: Եկեք դիտարկենք՝ ինչ տեղի ունեցավ հունիսին, երբ տնտեսական ակտիվության աճը 11, 1 % էր. ֆուտբոլի աշխարհի առաջնություն էր, և պարզվում է, որ երիտասարդությունը և ոչ միայն, զանգվածաբար զբաղված էր խաղադրույքներ կատարելով»,- ասաց նա՝ ընդգծելով, որ տնտեսական ակտիվության ցուցանիշի աճը դրանով է պայմանավորված եղել:

Նիկոլ Փաշինայնի խոսքով՝ հաջորդ կոմպոնենտը, որը ձևավորում է տնտեսական աճը, հանքարդյունաբերությունն է:

«Այն մշտապես մեր արտահանման հենասյուներից մեկն է եղել, երբ միջազգային շուկայում պղնձի, մոլիբդենի գները բարձր են եղել, ընդերքը քանդել և արտահանել ենք, ընդ որում՝ հիմնականում խտանյութի տեսքով»,- ասաց Փաշինյանը:

Վարչապետի պաշտոնակատարն անդրադարձավ այս տարվա սեպտեմբերին նախորդ տարվա սեպտեմբերի համեմատությամբ արձանագրված տնտեսական ցուցանիշի անկմանը: Պատճառներից մեկն էլ, ըստ նրա, Թեղուտի հանքի գործունեության դադարումն է:

«Մեր տնտեսության ամենամեծ պրոբլեմներից մեկն այն է, որ մեր ընկերությունների գործունեությունը կարող է տնտեսության մեջ տատանումներ առաջացնել: Ես նախկինում էլ եմ ասել՝  կան սեփականատերեր, որ եթե այդ օրը վատ տրամադրությամբ արթնանան, կարող է պարզվի, որ տնտեսական ակտիվության ցուցանիշի անկում է լինելու»,- ասաց նա:

Նիկոլ Փաշինյանն անդրադարձավ նաև գյուղատնտեսությանը՝ արձանագրելով, որ այն ևս նախորդ ճյուղերի նման ազդում է տնտեսական ակտիվության ցուցանիշի ձևավորման վրա: Փաշինյանի խոսքով՝ նախորդ տարվա համեմատությամբ այս ոլորտում տնտեսական ակտիվության ցուցանիշի թվի երկնիշ անկում է արձանագրվել, ապա հավելեց՝ այս տարվա ինը ամիսների կտրվածքով այս տարի 20 % ավելի է պտուղ-բանջարեղեն արտահանվել, քան նախորդ տարի: Փաշինյանը պարզաբանեց, թե գյուղատնտեսության ոլորտում ինչու է անկում արձանագրվել:

«Վիճակագրության հետ կապված լուրջ խնդիրներ կան, և որևէ մեկը չի կարող վստահ պնդել, որ ներկայացվող թվերը իրականությանը համապատասխանում են, բացի դա՝ կան ստվերային այգիներ, որոնք ոչ մի տեղ հաշվառված չեն, որպեսզի դրա համար հարկեր չվճարվեն, և երբ տարեսկզբին ոռոգման ջրի պաշարներն ենք պլանավորում, տարվա կեսին պարզվում է, որ սպառվել է, ու ոչ մեկ չի հասկանում, թե ինչպես»,- ասաց նա:

Վարչապետի թեկնածուի վստահեցմամբ՝ մյուս խնդիրն այն է, որ գյուղատնտեսության ոլորտում հավելագրումներ էլ կան, որոնք հիմնականում կոնյակի արտադրության հետ են կապված:

«Հայաստանում կան ընկերություններ, որոնք, հույս ունեմ, այս տարի ավելի քիչ են, և ապագայում էլ չեն լինի, որոնք հայկական կոնյակ բրենդի ներքո ոչ հայկական կոնյակ են արտահանում: Դա անում են այսպես՝ սպիրտ են ներկրում այլ տեղերից, ներկայացնում խաղողի կեղծ մթերումներ և թվերի անհամապատասխանություններ ենք ունենում, նաև դա  է պատճառը, որ լուրջ անկում ունենք գյուղատնտեսության մեջ, մեր գյուղատնտեսությունը  շարունակում է  չհամապատասխանել ժամանակակից պահանջներին»,- ասաց նա:

Նիկոլ Փաշինյանը, սակայն, ընդգծեց՝ Հայաստանի տնտեսությունում որևէ անառողջ գործընթաց տեղի չի ունենում, հակառակը՝ տնտեսական առողջականացման և տնտեսական տրանսֆորմացիայի մեկնարկն է տրվել:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter