
Նիկոլ Փաշինյան. «Այսօրվա ընտրությամբ վարչապետ չի ընտրվելու»
Այսօրվա ընտրությամբ վարչապետ չի ընտրվելու, և խորհրդարանն իրավունքի ուժով արձակվելու է: Իր ելույթում այս մասին ասաց վարչապետի թեկնածու Նիկոլ Փաշինյանը:
«Ուզում եմ գնահատել այս պահի պատմականությունը: Պատմականն այն չէ, որ խորհրդարանը լուծարվում է, և նշանակվում են արտահերթ խորհրդարանական ընտրություններ: Պատմականությունն այն է, որ ապրիլ-մայիսին սկսած ոչ բռնի, թավշա հեղափոխությունից հետո մենք իշխանությունը լիարժեք վերադարձնում ենք ՀՀ քաղաքացիներին, և հետագա քաղաքական պրոցեսների ճակատագրի ամբողջ լիազորությունը վերադարձնում ենք ժողովրդին: Այսօր երեկոյան կամ վաղն առավոտյան ունենալու ենք մի իրավիճակ, երբ լիարժեք լիազորություններով խորհրդարան չունենք, կառավարություն չունենք, և մենք ի վիճակի ենք լինելու արտահերթ խորհրդարանական ընտրությունները հարյուր տոկոս օրինականությամբ անցկացնել»,- ասաց Փաշինյանը:
Նիկոլ Փաշինյանն ընդգծեց՝ մայիսին սկսված հեղափոխությունն այսօր հասնում է իր լրումին, երբ իշխանության հետագա ճակատագիրը որոշելու է Հայաստանի քաղաքացին:
«Եւ ես համոզված եմ, որ ժողովուրդն իր ձեռքերում ամուր կպահի իշխանությունը և այլևս բաց չի թողնի իր ձեռքից»,- ասաց նա:
Հիշեցնենք, որ խորհրդարանը հատուկ նիստով քննարկում է վարչապետի ընտրության հարցը:
Մեկնաբանել