HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Տրդատ Մուշեղյան

Նիկոլ Փաշինյան. «Սեպտեմբերին ՊԵԿ-ի կատարած հավաքագրումները ՀՀ պատմության ռեկորդային ցուցանիշ են գրանցել»

Սեպտեմբեր ամսին Պետական եկամուտների կոմիտեի (ՊԵԿ) կողմից կատարված հավաքագրումները Հայաստանի Հանրապետության պատմության ռեկորդային ցուցանիշ են գրանցել: Հավաքագրվել է 120 միլիարդ 751 միլիոն դրամ: Այս մասին վարչապետի ընտրության հարցով հրավիրված Ազգային ժողովի հատուկ նիստում հայտարարեց վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանը՝ ընդունելով, որ ՊԵԿ-ի և գործարար միջավայրի միջև հարաբերությունները վերջին հինգ ամիսներին լարված էին և անկայուն:

«Սա ուզում եմ համարել մի ցուցանիշ, որ ՊԵԿ-ը, հետևաբար նաև կառավարությունը և գործարար միջավայրը հասել են փոխըմբռնման նոր մակարդակի, և բոլոր հիմքերը կան ասելու, որ ՊԵԿ-ի, կառավարության և գործարարների միջև երկխոսության նոր փուլ է սկսվում, որտեղ այս երկու սուբյեկտները, ոչ թե բարիկադների տարբեր կողմերում են, այլ գտնվում են նույն դաշտում, նույն նավի մեջ, և պետք է հակամարտության ռեժիմը փոխարինել համագործակցության ռեժիմով»,- ընդգծեց վարչապետի պաշտոնակատարը:

Նիկոլ Փաշինյանը շեշտեց, որ Հայաստանում առանց հարկատուների  և առանց հարկային մարմինների վարքագծի փոփոխության լուրջ խնդիրներ կառաջանան: Կոռուպցիայի դեմ պայքարի համատեքստում գործադիրի ղեկավարը կարևորեց հարկատուի կայացրած որոշումը՝ հարկերը ճշգրիտ վճարե՞լ, թե՞ քիչ վճարել՝ «հետագայում ինչ-որ մարդկանց հետ խնդիրներ լուծելու նպատակով»:

«Ես ցանկանում եմ ասել, որ կոռուպցիայի դեմ պայքարը միակողմանի չէ, և այդ որոշումը կայացնելիս մարդը որոշում է՝ ինքը ցանկանում է պայքարել կոռուպցիայի դեմ, թե ոչ: Հույս ունեմ, որ ՀՀ քաղաքացիները, այնուամենայնիվ, այս պահի շրջադարձային լինելը գիտակցելով և արձանագրելով, կկայացնեն այն որոշումը, որը հօգուտ պետեկամուտների է: Կառավարության խնդիրն է ստեղծել այնպիսի միջավայր, որ հարկատուները հնարավորինս շատ եկամուտ ստանան հնարավորինս շատ հարկ վճարելու հեռանկարով, և մենք դա անում ենք»,- ասաց վարչապետի պաշտոնակատարը:

Նիկոլ Փաշինյանը հավելեց, որ եթե քաղաքացին պատրաստ է կառավարության հետ նմանատիպ համագործակցության, ապա շրջադարձային կերպով փոխվում է երկրի ճակատագիրը, իսկ եթե պատրաստ չէ, ապա կառավարությունը քաղաքական բարիկադները ապամոնտաժելուց հետո պետք է սկսի տնտեսական բարիկադների կառուցումը:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter