
Նիկոլ Փաշինյան. «Հայաստանի դիրքորոշումն ԱՄՆ պատվիրակության համար եղել է պարզ, ընկալելի ու նույնիսկ ընդունելի»
Խորհրդարանը հատուկ նիստով շարունակում է քննարկել վարչապետի ընտրության հարցը: ՀՅԴ խմբակցության պատգամավոր Արմենուհի Կյուրեղյանը, դիմելով վարչապետի պաշտոնակատար, վարչապետի թեկնածու Նիկոլ Փաշինյանին, հետաքրքրվեց Հայաստան-Իրան հարաբերությունների հետագա ճակատագրով:
Պատգամավորը մեջբերեց Հայաստան այցելած ԱՄՆ նախագահի խորհրդական Ջոն Բոլթոնի խոսքերը, ըստ որի` ԱՄՆ-ն «մտադիր է սեղմել Իրանի շուրջ օղակը, որովհետև կարծում է, որ Մերձավոր Արևելքում և ողջ աշխարհով մեկ Իրանի վարքագիծը չարամիտ է, և ԱՄՆ-ն մտադիր է ողջ ուժով կիրառել պատժամիջոցներ»:
Կյուրեղյանը հիշեցրեց նաև ավելի վաղ Նիկոլ Փաշինյանի այն խոսքերը, որ կառավարությունը շատ է կարևորում Իրանի և Վրաստանի հետ հարաբերությունները, սակայն Բոլթոնի խոսքերին Հայաստանը պաշտոնապես չի արձագանքել: Փաշինյանը պատասխանեց՝ պատճառը մեկն է. այդ մասին հարց տվող չի եղել: Վարչապետի պաշտոնակատարը նաև ընդգծեց, որ շատ դեպքերում, երբ օտարերկրյա պաշտոնյան որևէ հայտարարությամբ է հանդես գալիս, բոլորը սկսում են հետևություններ անել, և այդ հետևությունները վերագրել կառավարությանը:
«Մենք հարգանքով ենք վերաբերվում յուրաքանչյուր երկրի ազգային և պետական շահերին, բայց ՀՀ-ի ազգային ու պետական շահերը միշտ չէ, որ կարող են համընկնել որևէ երկրի շահերին և պատկերացումներին: Կառավարությունը հենվել է և շարունակելու է հենվել ազգային ու պետական շահերի վրա, թող որևէ մեկը չկասկածի, որ մեր գործողությունները կառուցում ենք ազգային շահերի հենքի վրա»,- ասաց Փաշինյանը:
Նիկոլ Փաշինյանը վերահաստատեց նախկինում իր ասված խոսքերը, ըստ որոնց՝ Հայաստանը պետք է առանձնահատուկ հարաբերություններ ունենա թե՛ Իրանի, թե՛ Վրաստանի հետ, և այդ հարաբերությունները հնարավորինս դուրս պետք է լինեն աշխարհաքաղաքական ազդեցություններից:
«Ես վերահաստատում եմ այդ դիրքորոշումը, այն հստակ ձևակերպվել է նաև պարոն Բոլթոնի հետ ունեցած իմ հանդիպման ժամանակ, Հայաստանի դիրքորոշումն ԱՄՆ պատվիրակության համար եղել է պարզ, ընկալելի ու նույնիսկ ընդունելի»,- ասաց վարչապետի պաշտոնակատարը:
Մեկնաբանել