HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Տրդատ Մուշեղյան

Վարչապետի պաշտոնակատարը ներկայացրել է եկամտահարկի փոփոխության մեխանիզմը

Վարչապետի ընտրության հարցով գումարված ԱԺ հատուկ նիստին վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանը իր ելույթոմ խոսեց նաև եկամտահարկի փոփոխության մեխանիզմների մասին:

Նիկոլ Փաշինյանն ասաց՝ ներդրողների հետ շփումները ցույց են տվել, որ եկամտահարկի փոփոխությունը շատ զգայուն հարց է և չափազանց զգայուն հարց է համահարթ եկամտահարկի գործընթացը: 

«Համահարթ եկամտահարկ ասելով՝ մենք նկատի ենք ունենում ոչ միայն եկամտահարկի նույն սանդղակը բոլոր աշխատավարձերի համար, այլև նկատի ենք ունենում շահութահարկ և դիվիդենտի հարկ այս երկու բլոկների հավասարությունը: Կառավարության նախնական մտադրությունն այն է, որ մենք հարկային օրենսդրության փոփոխության արդյունքում սահմանենք 23 % համահարթ եկամտահարկ՝ պայմանով, որ առաջիկա 5 տարվա ընթացքում մենք այս ցուցանիշը կիջեցնենք մինչև 20 % էլի բոլորի համար»,- ասաց վարչապետի պաշտոնակատարը:

Կառավարության ղեկավարը նշեց, որ սա մի քանի նկատառումներով չափազանց կարևոր փոփոխություն կլինի՝ հատկապես ներդրումների տեսանկյունից: 

«Մենք ուզում ենք զարգացնել տեխնոլոգիաների ոլորտը, բայց մենք մի քանի առաջ շատ կտրուկ բարձրացրինք եկամտահարկը, որը ազդեց առաջին հերթին բարձր տեխնոլոգիաների ոլորտի ընկերությունների վրա, ինչը որոշակիորեն խոչընդոտեց ոլորտի զարգացմանը: Եվ մենք հիմա պատրաստ ենք 10-ից ավել տոկոսով նվազեցնել եկամտահարկը բարձր տեխնոլոգիաների ոլորտում, և հույս ունենք, որ այս փոփոխությունը ոլորտում նոր ներդրումներ կբերի, և ուրախ եմ հայտնել, որ Հայաստանում այդ միտումը կա»,- ասաց Փաշինյանը:

Նիկոլ Փաշինյանն ընդգծեց, որ 23 % համահարթ եկամտահարկի մոդելը կատարյալ չէ, կան թերություններ, որոնցից ամենամեծ, ըստ գործադիրի ղեկավարի այն է, որ մինչև 150 հազար դրամ աաշխատավարձ ստացող մարդկանց համար եկամտահարկի նվազեցում այս փուլում տեղի չի ունենա: 

«Բայց ուզում եմ հիշեցնել, որ կուտակային կենսաթոշակների վերաբերյալ օրենքի ընդունման ժամանակ մենք 206 հազար քաղաքացու համար դե ֆակտո արդեն որոշակիորեն կոմպենսացրել ենք այն ակնկալիքը, որ նրանք կարող էին ունենալ եկամտահարկի իջեցման պարագայում: Սակայն կա մի նրբություն. ինչ է ստանում այդ քաղաքացին եկամտահարկի 23%-ը այս փուլում միանգամից 20 դարձնելու ժամանակ: Ինքը ստանում է 2500-3000 դրամ, որից 206 հազար քաղաքացու, ըստ էության, այդ 2500-3000 դրամը կուտակայինի մասով փոխանցել ենք, և պայման ենք դրել օրենքի մեջ, որ եթե նրանց համար եկամտահարկը իջեցվի, կուտակային համակարգի հին տարբերակը պետք է վերադառնա»,- նշեց Փաշինյանը:

Վարչապետի պաշտոնակատարն ասաց, որ նման սցենարով շարժվելու դեպքում այդ 206 հազար քաղաքացիների համար, ըստ էության, եկամտահարկի իջեցումը ոչ մի բան չի տալու, փոխարենը կառավարությունն ակնկալում է «ստվերային աշխատավարձերի» տեղափոխումը դեպի հարկային դաշտ: Միայն այս փոփոխությունից հետո, ըստ Նիկոլ Փաշինյանի, կառավարությունը կկարողանա գնահատել, թե որքան մարդ է իրականում ցածր աշխատավարձ ստանում:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter