HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Տրդատ Մուշեղյան

Նիկոլ Փաշինյան. «Իրացված գոտիների բնակիչների հարցը լուծելու կոնկրետ պայմանավորվածություններ ունենք կոնկրետ գործարարների հետ»

Վարչապետի ընտրության հարցով ԱԺ հատուկ նիստին «Ծառուկյան» դաշինք խմբակցության պատգամավոր Վահե Էնֆիաջյանը վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանից հետաքրքրվեց, թե ինչպես է նա վերաբերվում Երևանում «պետական գերակա շահ» ճանաչված տարածքների իրացման հետևանքով անօթևան մնացած քաղաքացիների կարգավիճակին և խնդրի լուծմանը: Էնֆիաջյանը նշեց, որ խոսքը Կոնդ թաղամասի, Ֆիրդուսի, Սարի թաղի որոշ հատվածի, Եկմալյան և Արամի փողոցների մասին է:

Նիկոլ Փաշինյանն ասաց, որ կառավարությունը իրացման գոտիների բնակիչների հարցը լուծելու կոնկրետ պայմանավորվածություն ունի կոնկրետ գործարարների հետ, սակայն երբեմն բախվում են «աբսուրդ իրավիճակների»:

«Հիմա այս բոլոր ծրագրերի իրականացումը, ըստ էության, պատճառահետևանքային կապի մեջ է «Հին Երևան» նախագծի իրականացման հետ, որի իրագործումն այս պահին կանգնած է, քանի որ «Հայաստանի փոքրիկ երգիչներ» երգչախմբին պատկանող շենքը խնդիր է առաջացել երկու մետր տեղափոխելու վերաբերյալ, և քանի դեռ չենք լուծել այս երկու մետր տեղափոխելու հարցը, չի լուծվելու «Հին Երևան» նախագծի գործարկման հարցը, որը շատ խոշոր ներդրումային ծրագիր է, շղթայական պրոբլեմներ են առաջանալու նաև Ֆիրդուսի և Կոնդի իրացման գոտու խնդիրների լուծման առնչությամբ»,- նշեց Փաշինյանը:

Վարչապետի պաշտոնակատարը համոզմունք հայտնեց, որ երբ կառավարությունը լուծի «Հայաստանի փոքրիկ երգիչներ» երգչախմբի շենքը երկու մետր տեղափոխելու հարցը, շղթայաբար կլուծվի նաև մյուս տարածքների խնդիրը: Նիկոլ Փաշինյանը հույս հայտնեց, որ այս հարցում կստանան նաև խորհրդարանի աջակցությունը:

Արձագանքելով կառավարության ղեկավարի պատասխանին՝ Վահե Էնֆիաջյանն ասաց, որ ինքն անձամբ հանդիսանում է իրացված տարածքի նախկին բնակիչ և նույնիսկ սեփականության իրավունք է զիջել.

«Շատ լավ հասկանում եմ, թե ինչպիսի կարգավիճակում են այդ մարդիկ գտնվում: Դա շատ լուրջ խնդիր է և դրա լուծման համար բավականաչափ փորձ կա և մարդիկ կան, ովքեր մասնագիտացել են այս հարցում ու լուծումների տարբեր առաջարկներ ունեն»,- նշեց պատգամավորը, որի խոսքին ի պատասխան՝ Նիկոլ Փաշինյանն ասաց հետևյալը.

«Դուք երևի տեղյակ եք, որ «Գլենդել Հիլզ» համակարգում շինարարությունը լրիվ կանգնած էր: Վերջին ամիսներին մեր ձեռքբերած պայմանավորվածությունների շրջանակում շինարարությունը վերականգնվեց, և դա կապված է Կոնդի և Ֆիրդուսի շուկայի տարածքի ժողովրդի կարիքների հետ: Հույս ունենք, որ այդ նախագիծը մինչև վերջ կավարտվի, և ես նորից ուզում եմ ընդգծել, որ այդտեղ որոշ կապ կա «Հին Երևան» նախագծի իրացման այդ երկու մետրի տեղաշարժման հետ»:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter