HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

«Հետք»-ի լրագրողի աշխատանքը խոչընդոտելու համար քրեական գործ է հարուցվել ոստիկանության Թումանյանի բաժնում

Հոկտեմբերի 18-ին «Հետքի»՝ Լոռու մարզի թղթակից Լարիսա Փարեմուզյանի տրված հաղորդման վերաբերյալ նախապատրաստված նյութերով հոկտեմբերի 28-ին  քրեական օրենսգրքի 164-րդ հոդվածի 1-ին մասի հատկանիշներով հարուցվել է քրեական գործը: Նույն օրը քր.գործն ուղարկվել է Թումանյանի քննչական բաժին՝ նախաքննություն կատարելու նպատակով:

«Հետք»-ի լրագրողը «Հայանտառ» ՊՈԱԿ-ի «Լալվարի անտառտնտեսություն» մասնաճյուղի տնօրեն Հարություն Ամիրջանյանի հետ հոկտեմբերի 18-ին Շնողի անտառապետության տարածքում լրագրողական գործունեություն կատարելու նպատակով Շնողի Գուլաբի հանդամասի անտառ մտնելիս հետապնդման է ենթարկվել երկաթյա ձողով զինված շնողցի հայր և որդի Վասիլ և Արմեն Սարգսյանների կողմից համայնքի ավագանու անդամ  Վիգեն Սարգսյանի թրթուռավոր տրակտորը  անտառապետության Չնգլի ձոր հանդամասի անտառում լուսանկարելուց հետո:

Վիգեն Սարգսյանի տրակտորը շուրջ մեկ ամիս ապօրինի ծառահատումներ է կատարել նաև Շնողի Գուլաբի հանդամասի անտառում: Որդու տրակտորով կատարված  ապօրինի ծառահատումները չտեսնելու և չլուսանկարելու համար էլ Վասիլ և Արմեն Սարգսյանները խոչընդոտել են լրագրողի աշխատանքը,  թույլ չեն տվել նրան մտնել Գուլաբի անտառ և ճանապարհի մի հատվածին իրենց ՈՒԱԶ մակնիշի ավտոմեքենայով հետապնդել են լրագրողին և անտառտնտեսության տնօրենին:

«Շնողում ապօրինի անտառահատումները հովանավորում է համայնքապետ Դավիթ Ղումաշյանը. ահազանգում է անտառապետը» վենագրով hոդվածի հրապարակումից հետո՝ հոկտեմբերի 26-ին ոստիկանության Թումանյանի բաժնում քրեական օրենսգրքի 296 հոդվածի 1-ին մասի հատկանիշներով հարուցվել է մեկ այլ քրեական գործ: Ըստ հարուցված քրգործի՝ Թումանյանի բաժնի հետաքննության խմբի տեսուչ, ոստիկանության կապիտան Վ. Լ. Կամոյանը, վերանայելով «Լալվարի անտառտնտեսություն» մասնաճյուղի տնօրեն Հարություն Ամիրջանյանից հոկտեմբերի 15-ին Թումանյանի բաժնում ստացված գրության վերաբերյալ նախապատրաստված նյութերը, պարզել է, որ հոկտեմբերի 13-ին, ոչ աշխատանքային օր, Շնող համայնքի ղեկավար Դավիթ Ղումաշյանի կողմից «Լալվարի անտառտնտեսություն» մասնաճյուղի Շնողի անտառապետության տարածքում կատարվել է անտառախախտում: Իրեն տրամադրված թափուկ փայտանյութի անդորրագրով Դավիթ Ղումաշյանը անտառից տեղափոխել է ոչ համապատասխան փայտանյութ՝ շինափայտ:

Նյութերի նախապատրաստման ընթացքում տվյալներ են ձեռք բերվել, որ Դավիթ Ղումաշյանի տան բակում հայտնաբերվել է շուրջ 7,5 խմ փայտանյութ, որի վերաբերյալ Լալվարի անտառտնտեսության տնօրեն Հարություն Ամիրջանյանը բացատրություն է տվել, որ այն պատրաստվել է ծառ կտրելու արդյունքում և հանդիսանում է շինափայտՀարուցված այս քրեական գործը նույնպես ընդունվել է վարույթ:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter