HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Սեդա Ղուկասյան

Գևորգ Կոստանյան. «Դատավորին առնչվող հարցերի պատասխանները սպառիչ ստացանք»

Քիչ առաջ ավարտվեց ԱԺ քննիչ հանձնաժողովի դռնփակ նիստը, որին հրավիրված էր նաև Ռոբերտ Քոչարյանի նկատմամբ կալանքի որոշում կայացրած դատավոր Վաչե Մարգարյանը: Վերջինս նիստից հետո հրաժարավեց որևէ հարցի պատասխանել՝ ասելով, թե նախկինում իր արած հայտարարությունն ուժի մեջ է: Հիշեցնենք, որ դատավորը հայտարարությամբ էր հանդես եկել՝ վստահեցնելով, որ երբևէ չի զանգահարել ԱԱԾ տնօրեն Արթուր Վանեցյանին: Հանձնաժողովի անդամ Գևորգ Կոստանյանը լրագրողներին հավաստիացրեց՝ գաղտնալսված խոսակցությանն առնչվող բոլոր պաշտոնյաները հրավիրվելու են հանձնաժողովի նիստին:

«Բոլոր պաշտոնյաները, ովքեր առնչություն ունեն ձայնագրության հետ, ովքեր առնչություն ունեն ոչ միայն ձայնագրության փաստի կապակցությամբ, այլ հնարավոր արդարադատության իրականացմանը խոչընդոտելու հանգամանքի հետ, բոլորն անխտիր հրավիրվելու են: Մեզանից որևէ մեկը բովանդակության մասին չի խոսելու և չի կարող խոսել, որովհետև բովանդակություն հրապարակելը օրենքի կոպիտ խախտում է և պատասխանատվություն է առաջացնում»,- ասաց նա:

Ինչ վերաբերում է դատավոր Վաչե Մարգարյանին, արդյոք հանձնաժողովը ստացե՞լ է հարցերի պատասխանները, Կոստանյանը դրական պատասխան տվեց:

«Ձեզ հետևյալը ասեմ՝ նկատի ունեցեք, որ հրավիրյալ անձի բացատրությունն ինքնին դեռևս սպառիչ է, երբ դատավորին հրավիրում ես, նա ներկայացնում է համապատասխան հարցերի պատասխաններ, քննության այլ փուլում այլ անձանց բացատրությունների հիման վրա հնարավոր է, որ նույն անձին հրավիրես մի քանի անգամ: Այս պահին դատավորին առնչվող հարցերի պատասխանները սպառիչ ստացանք, բայց դա չի նշանակում, որ դրանով ավարտվեց դատավորի հետ կապված գործընթացը»,- ասաց նա:

Գևորգ Կոստանյանը չհստակեցրեց, թե հաջորդն ով է հրավիրվելու հանձնաժողովի նիստին:

Հիշեցնենք, որ մամուլում հրապարակվել էր ԱԱԾ տնօրեն Արթուր Վանեցյանի և ՀՔԾ պետ Սասուն Խաչատրյանի գաղտնալսված հեռախոսային խոսակցությունը, համաձայն որի` «դատավոր Հրաչը զանգահարել է ԱԱԾ տնօրենին Ռոբերտ Քոչարյանի կալանքի հարցով, ԱԱԾ տնօրեն Արթուր Վանեցյանն էլ ասել է՝ ուզես-չուզես, կալանքը պետք է տաս»:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter