HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Սեդա Ղուկասյան

Զոհրաբ Մնացականյանը՝ ԼՂ խնդրի կարգավորման մասին

ԱԺ արտաքին հարաբերությունների և ֆինանսավարկային ու բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովում քննարկվեց 2019 թվականի պետական բյուջեի նախագիծը: ԱԺ արտաքին հարաբերությունների հանձնաժողովի նախագահ, ՀՀԿ փոխնախագահ Արմեն Աշոտյանը, դիմելով ԱԳ նախարարի պաշտոնակատար Զոհրաբ Մնացականյանին, հիշեցրեց վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանի խոսքերը, ըստ որոնց Իրանի հետ սահմանը դե ֆակտո ամեն պահի կարող է փակվել:

«Ուզում եմ ձեզ որպես ԱԳ ղեկավար խնդրել պարզաբանել, թե ի՞նչ նկատի ուներ վարչապետը, որ սցենարների դեպքում և ում նախաձեռնությամբ, և ինչպիսի քայլերի են պատրաստ Հայաստանն ու Արցախը: Երկրորդ հարցս վերաբերում է Արցախյան հակամարտությանը, այս վեց ամիսների ընթացքում վարչապետ Նիկոլ Փաշինյանը երկու անգամ հայտարարեց, որ ստացել է որպես ժառանգություն մոտեցում, որտեղ տարածքները պետք է զիջել խաղաղության դիմաց»,- ասաց Աշոտյանը՝ հիշեցնելով, որ ԱԳ նախկին նախարար Էդվարդ Նալբանդյանը հերքել էր՝ պնդելով, որ վարչապետին ճիշտ չեն տեղեկացրել բանակցային գործընթացի պատմության մասին:

Աշոտյանը հետաքրքրվեց՝ եթե կա նման փաթեթ, կարո՞ղ է նախարարը մանրամասնել, թե այն ում կողմից է ներկայացվել:

Իրանի հետ կապված հարցի առնչությամբ նախարարի պաշտոնակատարն արձագանքեց՝ մեկնաբանությունը պետք է կոնտեքստում տեսնել:

«Հայաստանի արտաքին քաղաքականությունը կառուցված է այնպես, որ հետապնդում է Հայաստանի շահերը և Հայաստանի անվտանգությանը և զարգացմանն առնչվող ճարտարապետությունը պահպանել այնպես և ծառայեցնել արտաքին հարաբերությունների ոլորտը մեր ազգային շահերը լավագույնս առաջ մղելու համար: Այդ առումով մեր անվտանգության ճարտարապետությունը կառուցված է այնպես, որ ներգրավում է տարբեր գործընկերների, և Հայաստանի հետ հարաբերությունները արտահայտված են կառավարության ծրագրում: Վրաստանի և Իրանի հետ հարաբերությունները եղել ու մնում են շատ կարևոր ուղղություններ արտաքին քաղաքականության մեջ»,- ասաց Մնացականյանը:

Նախարարի պաշտոնակատարի խոսքով՝ Նիկոլ Փաշինյանի մեկնաբանությունը վերաբերում է մարտահրավերին, այլ թե չէ որևէ կողմից սահման փակելու մտադրությանը:

Ինչ վերաբերում է ԼՂ համակարտության հետ կապված պատգամավորի հարցին՝ Զոհրաբ Մնացականյանն ասաց.

«Մենք արտահայտել ենք Հայաստանի գերակայությունները ԼՂ խաղաղ կարգավորման գործընթացի առնչությամբ, որոնք վերաբերում  են հակամարտության բացառապես խաղաղ ճանապարհով հարցի կարգավորմանը՝ բացառապես ԵԱՀԿ ՄԽ համանախագահության շրջանակներում, շեշտավորվում է խաղաղությանը նպաստող միջավայրի ձևավորման և ամրապնդման գերակայությունը, Ղարաբաղի անվտանգության և ստատուսի գերակայությունը և նաև գիտեք, որ արտահայտված է այն մոտեցումը, որ ԼՂ-ն հակամարտության կարգավորման գործընթացի մեջ որոշիչ ձայն ու ներգրավվածություն ունենա: Այս շրջանակում ենք տեղավորում մեր աշխատանքը»:

Զոհրաբ Մնացականյանը հիշեցրեց, որ ԵԱՀԿ ՄԽ ռուս համանախագահ Իգոր Պոպովը հայտնել է համանախագահների հաջորդ հանդիպման մասին, որը հավանական է լինի դեկտեմբերին՝ ԵԱՀԿ նախարարական հանդիպման շրջանակում:

«Մենք դա կհաստատենք, մենք շատ զգույշ ենք այդ առումով, փորձում ենք հայտարարել այն ժամանակ, երբ վերջնական համաձայնեցված է լինում: Այդ առումով կարևոր զարգացումներից այս առնչությամբ եղավ Դուշանբեի հանդիպումը Հայաստանի վարչապետի և Ադրբեջանի նախագահի միջև, այդ հանդիպման արդյունքում ստեղծվեցին որոշ պայմանավորվածություններ, որոնք չափազանց մեծ նշանակություն ունեն այն նպատակի համար, որը վերաբերում է ռիսկերի նվազեցմանը»,- ասաց նա:

Մնացականյանը շեշտեց՝ Հայաստանը, ընդգծելով անվտանգության և ստատուսի խնդիրը, միևնույն ժամանակ կարևորում է այն, որ ԼՂ հակամարտությունն առաջին հերթին վերաբերում է 150 հազար մարդու ֆիզիկական  անվտանգությանը:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter