HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Հայաստանի վերամիավորման միություն․ երկու դատավճիռ` մեկ գործով

սկիզբը

«Հայաստանի վերամիավորման միությունը» կազմավորվել է 1969 թվականի աշնանը: Այս միության անդամ Վալտեր Մելիքյանն իր ազգային-հայրենասիրական գործունեությունը սկսել էր 60-ականների առաջին կեսից: Եղել է 1963թ․ հիմնադրված Հայաստանի երիտասարդների միության (ՀԵՄ) անդամ։ Հիշեցնենք՝ այդ կազմակերպության ղեկավարները դատապարտվեցին 1964թ․ օգոստոսին։ Մելիքյանը 1965-66 թթ. ընթացքում երկու անգամ պետական անվտանգության կոմիտեի կողմից պաշտոնական նախազգուշացում է ստացել, բայց շարունակել է իր գործունեությունը:

ՀՎՄ-ն ձեւավորվել է մի այնպիսի ժամանակահատվածում, երբ արդեն հրապարակ էին իջնում կազմակերպություններ ու գործիչներ, որոնք, հայրենասիրությանն ու տարածքային պահանջներին զուգահեռ, առաջ էին քաշում լիովին նոր խնդիրներ` անկախություն, պայքար սովետական կարգերի դեմ, ժողովրդավարություն: ՀՎՄ ծրագրում նույնպես կար «անկախ հանրապետություն» ստեղծելու եւ ժողովրդավարության մասին հիշատակում, բայց պնդել, որ սա անկախական կազմակերպություն էր` սխալ կլինի: Այս միությունն իր գլխավոր խնդիրն էր համարում Հայաստանի կորցրած տարածքների, մասնավորապես` Ղարաբաղի եւ Նախիջեւանի խնդրի լուծումը: Սրանից էլ բխում է կազմակերպության անվանումը` վերամիավորման միություն: ՀՄՎ ղեկավարներից Վալտեր Մելիքյանը, գալով 60-ականների առաջին կեսից, 60-ականների վերջ ու 70-ականների սկիզբ էր բերել նշված ժամանակահատվածին բնորոշ խնդիրները` հավելելով դրանք 60-ականների վերջին ձեւավորված խնդիրներին` ժողովրդավարությանն ու անկախությանը: Սակայն, նպատակների այս խառնուրդում գերակշռում էր 60-ականների առաջին կեսի մտայնությունը: Անկախ պետականությունը եւ ժողովրդավարությունն այդպես էլ այս կազմակերպության գործունեության ընթացքում չդարձան հստակ ձեւակերպված պահանջ ու նպատակ:

Չնայած սրան, ՊԱԿ-ը` հիմնավորելու համար, թե ինչու պետք է Հայաստանի վերամիավորման միության անդամները դատապարտվեն 65 եւ 67 հոդվածներով, նրանց նկատմամբ կայացված երկրորդ դատավճռում արհեստական ու ուռճացված շեշտադրում է անում անկախության մասին կազմակերպության ծրագրում եղած «անկախ պետականություն» ձեւակերպման վրա: Կազմակերպության ղեկավարները շփումներ են ունեցել ժամանակին գործող այլ այլախոհների եւ այլախոհական կազմակերպությունների հետ:

Նախաձեռնել են համատեղ քննարկումներ, փոխանակել գրականություն: Ի պատիվ ՀՎՄ ձերբակալված անդամների` ընդգծենք, որ ՊԱԿ-ն այդպես էլ, ողջ նախաքննության ընթացքում, չկարողացավ իմանալ նրանցից` իրենց հետ շփումներ ունեցող այլ կազմակերպությունների ու անհատ այլախոհների անուններն, ու ստիպված էր  դատավճռում նշել, որ այդ մարդիկ մնում են գործով չպարզված:

Որքան  էլ տարօրինակ  է` Հայաստանի վերամիավորման միության գործով կայացվեց երկու դատավճիռ: Սա միակ դեպքն է 1960-1988 թթ. կայացած քաղաքական դատավարությունների պատմության մեջ: Առաջին դատավճիռը կայացվեց 1971 թվականի հոկտեմբերի 18-ին` դատավոր Ն. Մանուկյանի նախագահությամբ:

Նախագահող դատավորն իր հայեցողությամբ ամբաստանյալներին առաջադրված 65-րդ (հակասովետական ագիտացիա եւ պրոպագանդա) եւ 67-րդ (պետական հանցագործություններ նախապատրաստելուն կամ կատարելուն, այդպիսի հանցագործություններ կատարելու նպատակ ունեցող կազմակերպություն ստեղծելուն ուղղված կազմակերպական գործունեություն) հոդվածները փոխում է ավելի մեղմ` 206-1 հոդվածով (սովետական պետական ու հասարակական կարգերն արատավորող ակնհայտ հերյուրանքներ տարածելը): Գործը քննելով` դատավորը հետեւություն է անում, որ ամբաստանյալները խորհրդային իշխանությունը քայքայելու նպատակ չեն հետապնդել եւ նման կոչեր չեն հնչեցրել: Սա հիմնավորվել էր ե՛ւ վկաների, ե՛ւ ամբաստանյալների ցուցմունքներով, նաեւ գործում եղած այլ ապացույցներով: 206-1 հոդվածն առաջին հերթին նախատեսում էր, որ դատապարտյալներն իրենց պատիժը կրելու են ավելի թեթեւ` ընդհանուր ռեժիմի կալանավայրում ու մնալու են Հայաստանում:

Այս հոդվածով դատապարտվեցին Վալտեր Մելիքյանը` երեք տարի, Յուրիկ Բուդաղյանը` երեք տարի, Սերոբ Սարգսյանը` երկու տարի, Սուրեն Մելիքյանը` երկու տարի եւ Արամայիս Խաչատրյանը` մեկ տարի ժամկետով:

Որպես կանոն, ՊԱԿ-ի վարույթով անցնող գործերով դատավորներն ինքնագործունեության իրավունք չունեին, եւ դատավորի այս ինքնագործունեությունն արժանանում է ՊԱԿ-ի խստագույն գնահատականին: Պետանվտանգության կոմիտեն պահանջում է նրա կայացրած դատավճիռը բեկանել ու իր առաջ քաշած մեղադրանքով նոր դատավարություն է կազմակերպում: Փոխում են ե՛ւ դատավորին, ե՛ւ դատախազին, ու 1972 թ. մարտի 20-ին` առաջին դատավճռից հինգ ամիս անց, դատավոր Ա. Եղիազարյանի նախագահությամբ եւ դատախազ Գ. Ղամարյանի մասնակցությամբ, նրանց դատապարտում են 65 եւ 67 հոդվածներով: Այս դատավճռով մեղադրյալներին դատապարտում են ավելի մեծ պատժաչափերի, իսկ պատիժն արդեն պետք է կրեին խիստ ռեժիմի կալանավայրում: Սա նախատեսում էր, որ դատապարտյալներն իրենց պատիժը պետք է կրեն Հայաստանի սահմաններից դուրս` Ուրալում գտնվող քաղկալանավորների համար նախատեսված հատուկ կալանավայրերում: Երկրորդ դատավճիռը կայացնելիս` առաջին դատավճռով մեկ տարի ազատազրկման դատապարտված Արամայիս Խաչատրյանը գործով արդեն որպես վկա է հանդես գալիս:

 

                                   Գործով կայացված դատավճիռը

(Ներկայացնում ենք 1972 թ. մարտի 20-ին «Հայաստանի վերամիավորման միության» անդամների գործով կայացված երկրորդ դատավճիռը։

ՀՎՄ գործով առաջին դատավճիռը հրապարակվել է 1971 թվականի հոկտեմբերի 18-ին։ Չնայած այն հանգամանքին, որ գրքում այն հրապարակված է, այստեղ, ընթերցողին ավելորդ չծանրաբեռնելու նպատակով, չենք հրապարակում։ Բայց առաջին եւ երկրորդ դատավճիռները համեմատելիս հետաքրքիր շատ բան կարելի է տեսնել։ Օրինակ, թե ինչպես է հնարավոր գործի նույն դրվագները նկարագրելիս անել բացարձակապես տարբեր հետեւություններ կամ թե ինչպես է հնարավոր գործով անցնող մեղադրյալին՝ առանց հիմնավոր պատճառաբանության եւ առանց անգամ այդ մասին դատավճռում որեւէ գրավոր հիշատակման վերածել գործով անցնող վկայի եւ նման շատ այլ փաստեր:

ՀՎՄ գործով կայացած եւ առաջին, եւ այս երկրորդ դատավճիռը՝ շատ դատավճիռների նման աչքի է ընկնում իր թափթփվածությամբ, սխալներով ու հակասություններով: Գործով մեղադրյալ Սուրեն Մելիքյանին հիշատակելիս` նրան մեկ որպես Միքայելյան են հիշատակում, մեկ` որպես Սամվել: Ինչպես բոլոր դատավճիռներն, այնպես էլ սա տպագրում ենք այն վիճակում, ինչպես ստացել ենք ԱԱԾ-ից: Ջնջված բոլոր վկաների անունների փոխարեն կամայական տառեր են նշված: Միայն մեկ վկայի` Նինա Մուսայելյանի անունն ենք կարողացել վերականգնել)։

                                                                                                                                          գործ նո. 4                  

                                                                                                                                           1972-թ

                                                    ՀԱՆՈՒՆ ՀԱՅԿԱԿԱՆ ՍՈՎԵՏԱԿԱՆ ՍՈՑԻԱԼԻՍՏԱԿԱՆ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
                                                      ԳԵՐԱԳՈՒՅՆ ԴԱՏԱՐԱՆԻ ՔՐԵԱԿԱՆ ԳՈՐԾԵՐԻ ԴԱՏԱԿԱՆ ԿՈԼԵԳԻԱՆ
1972-թ. մարտի 20-ին
Նախագահությամբ` Ա. Եղիազարյանի
Ատենակալներ` 1. Հ. Մ. Ալեքսանյանի, Պ. Հ. Ղազարյանի
Քարտուղարությամբ` Ս.

Քննության առնելով դռնփակ դատական նիստում քրեական գործը ըստ մեղադրանքի`

Վալտեր Հունանի Մելիքյանի - ծնվել է 1939թ. Շամշադինի շրջանի Բերդ ավանում, ազգությամբ հայ, ՍՍՀՄ քաղաքացի, բարձրագույն կրթությամբ, ՍՄԿԿ վտարված է սույն գործի կապակցությամբ, ամուսնացած, խնամքին 3 - երեխա, նախկինում չդատված, սովետական բանակում չի ծառայել, ֆիզիկապես առողջ, մինչեւ կալանավորվելը բնակվել է Բերդ ավանում: Սույն գործով կալանքի տակ է 1971-թվ. փետրվարի 19-ից:

Մեղադրվում է ՀՍՍՀ քր. օր.-ի 65-հոդ. առաջին մասով եւ 67-հոդվածով:

Յուրի Աբգարի Բուդաղյանի - ծնված 1943թվ. Թումանյանի շրջանի Շնոխ գյուղում, ՍՍՀՄ քաղաքացի, ազգությամբ հայ, բարձրագույն կրթությամբ, անկուսակցական,  ամուրի, խնամքին 1-ին կարգի հաշմանդամ մայրը, նախկինում չդատված, աշխատել է Երեւանի ջերմոէլեկտրոկայանում որպես ավագ ինժեներ, բնակվել է Երեւանի Բաքվի փողոց նո. 28 տան 53 բնակարանում, սովետական բանակում չի ծառայել, ֆիզիկապես առողջ, սույն գործով կալանքի տակ է 1971-թ. փետրվարի 29-ից սակայն կալանքի սանկցիան դատախազի կողմից տրվել է 1971-թ. փետրվարի 22-ից:

Մեղադրվում է հայկական ՍՍՀ քր. օր 65 հոդ. 1-ին մասով եւ 67 հոդվածով:

Սերոբ Հայկի Սարգսյանի, ծնվել է 1926 թ. Երեւան քաղաքում, ՍՍՀՄ քաղաքացի, ազգությամբ հայ, թերի բարձրագույն կրթությամբ, անկուսակցական, ամուսնացած, խնամքին մեկ անձ, նախկինում չդատված, մինչեւ կալանավորվելը աշխատել է Երեւանի Կիրովի անվան քիմկոմբինատում, որպես ավագ ինժեներ, սովետական բանակում չի ծառայել, բնակվել է Երեւան քաղաքի մայիսի 9-ի փողոցի 9-շենքի 15-բնակարանում, ֆիզիկապես առողջ, սույն գործով կալանքի սանկցիա է տրվել 1971 թվականի փետրվարի 22-ին:

Մեղադրվում է Հայկական ՍՍՀ քր. օր.-ի 65 հոդ. առաջին 1-ին մասով եւ 67 հոդվածով:

Սուրեն Բալասանի Մելիքյանի – ծնվել է 1948 թ. Շամշադինի շրջանի Բերդ ավանում, ՍՍՀՄ քաղաքացի, ազգությամբ հայ, միջնակարգ կրթությամբ, ՀԱՄԼԿԵՄ անդամությունից վտարվել է սույն գործի կապակցությամբ, ամուրի, խնամքին ոչ ոք, նախկինում չդատված, մինչեւ կալանավորվելը սովորել է Պոլիտեխնիկական ինստիտուտի շինարարական ֆակուլտետի 2-րդ կուրսում, սովետական բանակում չի ծառայել,  բնակվել է Երեւանի Զեյթունի ուսանողական թաղամաս 7-րդ մասնաշենք 25 սենյակում, կալանքի սանկցիա է տրվել 1971 թ. մայիսի 25-ին, սակայն կալանավորվել է մայիսի 26-ին:

Մեղադրվում է Հայկական ՍՍՀ քր. օր.-ի 65 հոդ. առաջին մասով եւ 67 հոդվածով:

Դատաքննությամբ, հարցաքննված բոլոր վկաների ցուցմունքներով, քրեական գործին կցված իրեղեն ապացույցներով, ձեռագրային փորձագետի եզրակացություններով եւ ամբաստանյալների ինքնախոստովանությամբ քրեական գործերի դատական կոլեգիան ապացուցված է համարում հետեւյալը`

Դեռ միջնակարգ դպրոցում սովորելիս, ամբաստանյալ Սուրեն Մելիքյանը, տարված լինելով հայ ժողովրդի պատմության ուսումնասիրությամբ, սկսել է ընթերցել այնպիսի գրականություն, որին հասկանալու եւ ճիշտ կողմնորոշվելու համար նա համապատասխան պատրաստակամություն չի ունեցել:

Ընդհանրապես տարված լինելով միմիայն ձեւով ազգային սահմանափակ մտքերով, առանց հաշվի առնելու պատմական իրադրությունները՝ սխալ եզրակացության է հանգել այն մասին, որ իբր հայ ժողովրդի շահերը նույնիսկ Խորհրդային Հայաստանում ոտնահարված են, որի պատճառով խնդիր է դրել իր առաջ պայքարել Լեռնային Ղարաբաղի ինքնավար մարզի եւ Նախիջեւանի Ինքնավար Հանրապետության տերիտորիաների որոշ մասը Հայաստանին միացնելու համար:

Երեւանի պոլիտեխնիկական ինստիտուտի շինարարական ֆակուլտետը ընդունվելուց հետո, ամբաստանյալ Սուրեն Մելիքյանը, համապատասխան զրույցներ ունենալով իրեն սխալ հայացքներին հարող որոշ ուսանողների հետ, 1969-թ. սեպտեմբեր ամսին գաղտնի խմբակ է կազմակերպել, նրանում հավաքագրելով վկաներ` Բ-ին, Գ-ին, Դ-ին, Ե-ին եւ Զ-ին ու գաղտնի հավաքույթ է անցկացրել Երեւանի վիճակագրական վարչության ավտոպարկում, որտեղ ինքը աշխատել է գիշերային պահակ:

Այդ հավաքույթների ժամանակ Սուրեն Միքաելյանի առաջարկությամբ խումբը անվանվել է «Հայաստանի վերամիավորման միություն» այսինքն «ՀՎՄ», եւ ինքն էլ ընտրվել է խմբի ղեկավար:

Գործով մյուս ամբաստանյալներ Յուրիկ Բուդաղյանը, Սերոբ Սարգսյանը եւ Վալտեր Մելիքյանը, որը Սամվել Մելիքյանի հարազատ եղբայրն է, նույնպես ուղիներ են փնտրել գաղտնի խմբակներ կազմակերպել «ինչպես ուսանողության», այնպես էլ Կիրովի անվան քիմիական կոմբինատի բանվորներից:

Ինչպես եւ Սամվել Մելիքյանը, գործով մյուս ամբաստանյալներ Յուրիկ Բուդաղյանը, Սարգսյանը եւ Վալտեր Մելիքյանը, իրենց համարելով իբր հայրենասերներ, այսինքն այդ անվան քողի տակ առանց որեւէ հիմքի, միանգամայն սխալ հետեւության են հանգել այն մասին, որ հայ ժողովուրդը ասիմիլյացիայի է ենթարկված, որ իբր մեզ մոտ բացակայում է ազատությունը եւ դեմոկրատիան ու այդ թեմաների շուրջ զրույցներ ունենալով՝ տարբեր մարդկանց առաջարկել են ընդգրկվել գաղտնի խմբակներում եւ մասնակցել հավաքույթներին:

Այդ մասին տեղյակ լինելով՝ Սուրեն Մելիքյանը՝ որպես արդեն գոյություն ունեցող գաղտնի խմբակի ղեկավար, 1969-թ. հոկտեմբերին առաջարկել է ամբաստանյալ Յուրիկ Բուդաղյանին ելույթ ունենալ խմբի հավաքույթին ազգային հարցի թեմայով, որը եւ կատարվել է Բուդաղյանի կողմից: Այդ երկրորդ հավաքույթը, ինչպես եւ առաջին անգամ տեղի է ունեցել ավտոպարկում, որին մասնակցել են արդեն իսկ թվարկված ուսանողները եւ լրացուցիչ ներգրավված Ե-ն, Ը-ն եւ Թ-ն:

Ամբաստանյալներ Վալտեր Մելիքյանը, Յուրիկ Բուդաղյանը եւ Սերոբ Սարգսյանը, նախապես ծրագրած լինելով գաղտնի կազմակերպություն ստեղծել, որոշել են նույնպես մասնակցել Սուրեն Մելիքյանի խմբի հավաքույթներին, փաստորեն ուղղություն տալ նրանց հետագա գործունեությանը՝ թույլ չտալով, որ նրանք կազմալուծվեն:

Այդ խմբի երրորդ հավաքույթը տեղի է ունեցել 1969-թ. հոկտեմբերի վերջին, ամբաստանյալ Յուրիկ Բուդաղյանի բնակարանում, որին մասնակցել են նաեւ Վալտեր Մելիքյանը եւ Սերոբ Սարգսյանը:

Ելույթ ունենալով՝ Վալտերը պահանջել է խմբի անդամ ուսանողներից կազմակերպված լինել եւ ընթերցել հայ ազգի պատմությանը վերաբերող գրքեր: Նա թվարկել է այդպիսի գրականություն, որը հագեցած է ազգայնական բովանդակությամբ ու կյանքի փորձ ու համապատասխան պատրաստակամություն չունեցող երիտասարդներին, բացի թյուրիմացության մեջ գցելուց, այլ օգուտ տալ նրանց չէր կարող:

Դատաքննության ընթացքում Սուրեն Մելիքյանը ցուցմունք տվեց, որ նախապես նպատակ ունենալով գաղտնի խմբակներից կազմակերպություն ստեղծել՝ առաջարկել է իր խմբի անդամներին անդամավճարներ մուծել յուրաքանչյուր ամիս մեկ ռուբլու սահմաններում եւ անկետաներ լրացնել փակցրած լուսանկարներով ու հանձնել իրենց հաշվառում անելու համար, կատարելով իրենց ղեկավարի պահանջը գաղտնի «ՀՎՄ» միության անդամավճարներ եւ մուծել Բ-ն 2 ռուբլի, Զ-ն 3 ռուբլի, Դ-ն 2 ռուբլի, Գ-ն, Ձ-ն, Ի-ն եւ ուրիշներ:

«Հայաստանի վերամիավորման միության» անդամների սահմանած անկետաներ են լրացրել, լուսանկարները փակցրել եւ հանձնել են Սուրեն Մելիքյանին Զ-ն, Լ-ն, Խ- ն, Ծ-ն, Կ-ն, Հ-ն, Ձ-ն եւ Ղ-ն (հատ. 4 գթ. 56-73):

Քանի որ հիվանդության պատճառով Սուրեն Մելիքյանը ինստիտուտից տարկետում է վերցրել գյուղ գնալու համար, խմբի հետագա հավաքույթների ժամանակ, ժամանակավոր  ղեկավար է թողնվել գործով վկա Բ-ն, իսկ ամբաստանյալ Սերոբ Սարգսյանին հանձնարարվել է հսկողություն սահմանել, որ Ս. Մելիքյանի բացակայության ժամանակ գաղտնի խմբակը չդադարեցնի իր գործունեությունն ընդհանրապես: Սուրեն Մելիքյանը գյուղ է մեկնել 1969-թ. դեկտեմբերին ու այնտեղ է գտնվել մինչեւ 1970-թ. օգոստոս ամիսը:

Նրա բացակայությունից հետո Սուրեն Մելիքյանի գաղտնի հավաքույթներին մի քանի անգամ մասնակցել են Սերոբ Սարգսյանը, Յուրիկ Բուդաղյանը եւ Վալտեր Մելիքյանը: Նրանք նախապես որոշել են չցրել խումբը: Ընդհակառակը, ավելի ակտիվացնել գործունեությունը, հանձնարարել թռուցիկներ տարածել բնակչության մեջ:

Այդ նպատակով Վալտեր Մելիքյանը կազմել է, իսկ Յուրիկ Բուդաղյանը խմբագրել է «ՓՐԿԻՐ ՄԵԶ ՄԱՅՐԻԿ» հակասովետական բովանդակության թռուցիկը: Հանձնարարվել է ամբաստանյալ Սերոբ Սարգսյանին թռուցիկը բազմացնելու նպատակով լուսանկարել: Լուսանկարելուց հետո Սարգսյանը ժապավենը հանձնել է գործով վկա Ճ-ին՝ տպագրելու:  Նա 6 օրինակ բազմացնելուց հետո, համոզվել է, որ թռուցիկի նկարը ստացվում է մուգ գույնի, 4 օրինակը հանձնել է Սերոբ Սարգսյանին, իսկ 2 օրինակը ոչնչացրել է:

Այսպիսով, ամբաստանյալներից անկախ պատճառով «ՓՐԿԻՐ ՄԵԶ ՄԱՅՐԻԿ» թռուցիկը չի տարածվել, իսկ տպագրված 4 օրինակը առգրավվել եւ կցվել է քրեական գործին:

Ամբաստանյալներ Վալտեր Մելիքյանը եւ Յուրիկ Բուդաղյանը իրենց հակասովետական գործունեությոան մեջ ավելի հեռուն են գնացել: Ինչպես դատաքննության ընթացքում ցուցմունք տվեց Յուրիկ Բուդաղյանը, խմբակների ձուլման միջոցով, գաղտնի կազմակերպություն ստեղծելու նպատակով որոշել են գրել կազմակերպության ծրագիրը, կանոնադրությունը եւ անդամի երդումը:

1970-թ. գարնան ամիսներին Վալտեր Մելիքյանը գրել է կազմակերպության ծրագիրը, իսկ Յուրիկ Բուդաղյանը՝ կանոնադրությունը: Ստեղծվելիք կազմակերպությունը անվանել են «Հայաստանի վերամիավորման միություն» այսինքն` «ՀՎՄ»:

Ծրագրում եւ կանոնադրության մեջ Մելիքյանը եւ Բուդաղյանը նշել են, որ կազմակերպությունը պետք է լինի խիստ գաղտնի քաղաքական կազմակերպություն, որը իր առաջ խնդիր է դնում «անկախ հանրապետություն» ստեղծելու հարցը, պայքարել է ժողովրդի սոցիալական վիճակը, իբր բարելավման համար: Ծրագրում եւ կանոնադրությամբ նրանք պայքարի միջոց են ընտրել «Հեղափոխությունների եւ ազատագրական շարժումների պատմությունից հայտնի ձեւերով…»:

Ծրագրում նշվել է, որ կազմակերպությունը պետք է գործի ընդհատակյա, ստեղծի խմբեր եւ խմբակներ, հավաքագրելով նոր անդամներ: Դրանք ի վերջո մտնելու են կազմակերպության մեջ: Ըստ այդ կանոնադրության, կազմակերպությունը պետք է ունենա ղեկավար խորհուրդ, առաջնորդ, որը եւ լուծում ու ղեկավարում է «… քաղաքական պայքարի տակտիկական հարցերը …»:

Ամբաստանյալները իրենց հետագա գործողություններով կոչ են արել դրամական միջոցներ հայթայթել հափշտակությունների, սպեկուլյացիայի, կազմակերպված կողոպուտի եւ այլ հանցավոր միջոցներով, առանց հաշվի առնելու` թե այդպիսի կոչերը ինչ ազդեցություն կթողնեն ուսանողության մեջ գտնվող որոշ անկայուն, դեռ ոչ հասուն տարրերի նկատմամբ:

Ծրագիր եւ կանոնադրություն կազմելուց հետո, ամբաստանյալներ Վալտեր Մելիքյանը, Յուրիկ Բուդաղյանը եւ Սերոբ Սարգսյանը, իսկ 1970 թ. սեպտեմբերից նաեւ Երեւան վերադարձած Սուրեն Մելիքյանը անմիջապես ձեռնամուխ են եղել դրա պրակտիկ իրագործմանը:

1970 թ. հուլիս-օգոստոս ամիսներին Սերոբ Սարգսյանը, մի քանի անգամ իրենց տանը եւ ապա` ժողտնտեսության նվաճումների ցուցահանդեսի տերիտորիայում հավաքույթի է հրավիրել Կիրովի անվան քիմիական կոմբինատի աշխատակիցներ` գործով վկաներ Մ-ին, Յ-ին, Տ-ին, Ն-ին, Շ-ին եւ Ո-ին նրանց հետ ներկա է եղել նաեւ Վալտեր Մելիքյանը ու նախապես ոգելից խմիչքներ հյուրասիրելուց հետո Սերոբյանը նրանց համար ընթերցել է «ՀՎՄ»-ի ծրագիրը եւ կանոնադրությունը, տեղյակ է պահել, որ գոյություն ունի գաղտնի կազմակերպություն ու առաջարկել է լինել այդ կազմակերպության անդամ առանձին գաղտնի խմբակ ստեղծելու միջոցով, ինչպես նախատեսված է եղել «Հայաստանի վերամիավորման միության» ծրագրով:

Իհարկե, թվարկված վկաներից եւ ոչ մեկը չի համաձայնել Սերոբյանի եւ Վալտեր Մելիքյանի առաջարկին, իսկ վկա Ո-ն ծաղրելու նպատակով հայտնել է, որ ինքը մեկ այլ նման գաղտնի կազմակերպության անդամ է: Ամբաստանյալ Վալտեր Մելիքյանը, հավատալով Ո-ին, մի քանի անգամ խնդրել է նրան ծանոթացնել իրեն այդ կազմակերպության ղեկավարի հետ, համատեղ գործելու նպատակով:

1970 թ. ամռան վերջում, ամբաստանյալներ Վալտեր Մելիքյանը եւ Յուրիկ Բուդաղյանը որոշել են նշանակել «Հայաստանի վերամիավորման միության» ղեկավար խորհուրդը: Ընդ որում` գաղափարական աշխատանքի ղեկավարի պարտականությունը ստանձնել է Յուրիկ Բուդաղյանը, կազմակերպչական հարցերի ղեկավար՝ Վալտեր Մելիքյան, իսկ Սերոբ Սարգսյանին հանձնարարվել է կազմակերպության տնտեսական հարցերի ղեկավարումը, որին առանց առարկության համաձայնել է Սարգսյանը:

Արդեն անցնելով ավելի կոնկրետ եւ վտանգավոր գործունեության՝ Վալտեր Մելիքյանը 1970 թ. գրել է «Ներկա էությամբ անցյալի շարունակությունն է», «Հիշեցում հայրենասերներին» հոդվածները:

Այդ հոդվածները պարունակում են հակասովետական, զրպարտչական հերյուրանքներ այն մասին, որ սովետական կառավարության կողմից տարվող քաղաքականությունը իբր հակասում է մարքսիզմին եւ ռեակցիոն է: Որ սովետական միությունում ոտնահարվում են մարդու իրավունքները: Տիրում է բռնություն, իբր տարվում է ազգերի կործանման քաղաքականություն եւ այլ հերյուրանքներ: Ի վերջո հոդվածում կոչ է արվում հայերին, պայքարել ազգային միասնության եւ իրավունքների հարգման համար:

«Ներկան էությամբ անցյալի շարունակությունն է» հակասովետական բովանդակությամբ հոդվածը արտագրելու եւ տարածելու համար Վալտեր Մելիքյանը տվել է գործով վկա Ը-ին, որը արտագրելուց հետո վերադարձրել է նրան:

Ամբաստանյալ Յուրիկ Բուդաղյանը նույն ժամանակ գրել է նույնպես հակասովետական բնույթի «Մեր խնդիրները արդի էտապում», «Հայոց ազգային հարցը եւ նրա լուծման հնարավորությունները», «Ազգային հարցի էությունը» հոդվածները եւ «ՀՎՄ»-ի անդամի երդումը:

«Մեր խնդիրները արդի էտապում» հոդվածում Բուդաղյանը, ընթերցողներին հավատացնելով, որ իբր հակակառավարական խմբեր գոյություն ունեն նաեւ ՍՍՀՄ այլ հանրապետություններում, կոչ է արել «Պայքարի միասնական ճակատ ստեղծել»: Այդ հոդվածում պահանջում է, ավելի ճիշտ՝ հարց է դնում երիտասարդության մեջ սերմանել այն գիտակցությունը, որ «ներկայիս կառավարությունը վարում է այնպիսի քաղաքականություն, որը հակասում է մարքսիզմին: ՍՍՀՄ-ի ներքին քաղաքականությունը ազգային հարցում «ասված է հոդվածում» հնարավորություններ է ստեղծում վելիկոռուսական մեծապետական շովինիզմի եւ մանր բուժուական նացիոնալիզմի» եւ այլ հակասովետական բնույթի մտքեր, որոնք իրականությանը չեն համապատասխանում, եւ այն իրական գոյություն ունեցող վիճակի բացահայտ աղավաղումն է: Այդ հոդվածում է, որ ամբաստանյալ Բուդաղյանը պահանջում է կազմակերպության նյութական միջոցներ ստեղծելու համար դիմել սպեկուլյացիայի, կազմակերպված կողոպուտի եւ այլ հանցավոր միջոցների, որի մասին արդեն ասվեց դատավճռում:

Համաձայն «ծրագրի եւ կանոնադրության»՝ ամբաստանյալները, ցանկանալով ընդլայնել իրենց գործունեության շրջանակը, նոր խմբեր ստեղծելու եւ այլ, իբր գոյություն ունեցող կազմակերպությունների հետ կապ ստեղծելու նպատակով, 1970 թ. աշնանը, գործով վկա Ի-ի միջոցով ծանոթացել են ոմն Հակոբի եւ Մուրադի հետ ու բանակցություններ են վարել համատեղ, անլեգալ աշխատանք ծավալելու համար:

Այդ նպատակով գործով ի հայտ չբերված Հակոբից ստացել են հակասովետական բնույթի «Հայաստանի միացյալ նախարարություն» «մեր ձգտումները եւ նպատակը» եւ այլ վերնագրերով 5 հոդվածներ, որոնց ընթերցումից եւ քննարկումից հետո, Վալտեր Մելիքյանի հանձնարարությամբ, Յուրիկ Բուդաղյանը գրել է պատասխան, նույնպես հակասովետական բնույթի «Դիտողություններ», «Երկու խոսք», «Մեր կարծիքը» եւ ուրիշ հոդվածներ գրախոսականի ձեւով ու ուղարկել են Հակոբին՝ քննարկման:

Բոլոր այդ հոդվածներում բացահայտորեն աղավաղելով մեր իրականությունը՝ զրպարտորեն նշում են, որ ազատությունը «բանտարկված  է» կարմիր քողով, անկախության տենչը խեղդված  է, որ իբր սովետական Հայաստանը քաղաքական եւ տնտեսական ստրկացման մեջ է գտնվում: Սովետական Սոցիալիստական Հանրապետությունների միությունը համարվում է քողարկված ռուսական կայսրություն: Սոցիալիզմի երկիրը անվանում են «սոցիալիզմ մեռածների համար»: Վերեւում նշված հոդվածներում կոչ են արել դուրս գալ քաղաքական պայքարի գոյություն ունեցող քաղաքական հիմքերի դեմ: Պայքարի ելնել ՍՍՀՄ-ի կենտրոնական կառավարության դեմ:

Անտեսելով Սովետական Միության եւ այդ թվում նաեւ Հայկական ՍՍՀ-ի քաղաքական ու տնտեսական զարգացման վիթխարի աճը, սովետական ժողովրդի կուլտուրական, հոգեւոր եւ նյութական բարեկեցության աճը՝ հոդվածներում գրել են, որ «նման միությունը» չի աջակցում «անկախ Հայաստան» ստեղծելու համար:

Տարածման  եւ բազմացման համար ամբաստանյալ Վալտեր Մելիքյանը այդ հոդվածները արտագրելու է տվել Սերոբ Սարգսյանին, վկաներ Է-ին, Ը-ին, Չ-ին եւ Պ-ին:

Օրինակ` «Մեր խնդիրները արդի էտապում» հոդվածը արտագրել են Պ-ն եւ Չ-ն:

«Երկու խոսք» հոդվածը արտագրել է Է-ն: «Ներկան էությամբ անցյալի շարունակությունն է» եւ այլ հոդվածներ արտագրել է Ը-ն:

1970 թ. ամռան ամիսներին՝ Շամշադինի շրջանի Բերդ ավանում գտնված ժամանակ, ամբաստանյալ Սուրեն Մելիքյանը բազմիցս խոսակցություններ է ունեցել գործով վկա Ս-ի հետ, հայտնել է նրան ստեղծված գաղտնի խմբակի մասին ու առաջարկել ներգրավվել խմբակի գործունեության մեջ, սակայն Ս-ն ոչ միայն չի համաձայնել Սուրեն Մելիքյանի առաջարկին, այլեւ բացատրել է նրան դրա վտանգավորությունը եւ առաջարկել է հեռու մնալ նման հակապետական գործունեությունից: Սուրենի եղբայրը` ամբաստանյալ Վալտեր Մելիքյանը, ինչպես 1965 թ., այնպես էլ 1966 թ. նույն գործունեության համար երկու անգամ նախազգուշացվել է պետական անվտանգության օրգանների կողմից: Նա գրավոր պարտավորագիր է տվել՝ վերջ տալ նման արարքներին, սակայն չի կատարել իր խոստումը:

1970 թ. օգոստոսի վերջին Սուրեն Մելիքյանը, վերադառնալով Երեւան ու տեղեկանալով, որ իր կողմից ստեղծված առաջին անլեգալ խումբը փաստորեն դադարել է գործելուց, ձեռնամուխ է եղել նոր, գաղտնի խումբ ստեղծելուն Պոլիտեխնիկ եւ անասնաբուժական-անասնաբուծական ինստիտուտի ուսանողներից՝ լրացուցիչ ներգրավելով Կ-ին, Աշոտ Սարգսյանին, որը ամբաստանյալ Սերոբ Սարգսյանի որդին է, Արամայիս Խաչատրյանին եւ ուրիշներին:

Դատաքննության ժամանակ Սուրեն Մելիքյանը ցուցմունք տվեց, որ ինչպես «ՀՎՄ»-ի ծրագրում եւ կանոնադրության մեջ էր նախատեսված, ինքը նախադրյալներ է ստեղծել գաղտնի կազմակերպություն հիմնադրելու համար: Այդ խմբերի որոշ հավաքույթներին մասնակցել են նաեւ ամբաստանյալներ Սերոբ Սարգսյանը եւ Վալտեր Մելիքյանը:

Խմբի համարյա բոլոր հավաքույթներին ընթերցվել են եւ քննարկվել «ծրագիրը եւ կանոնադրությունը», «Երդումը» եւ այլ հակասովետական բնույթի հոդվածներ, որոնք արդեն իսկ թվարկվեցին դատավճռում:

Վալտեր եւ Սուրեն Մելիքյանները եւ Սերոբ Սարգսյանը, համոզվելով, որ խմբակի մասնակիցները չեն կիսում իրենց հայացքները, ընդհանրապես ակտիվություն չեն ցուցաբերում, «ՀՎՄ»-ի ծրագրի եւ կանոնադրության պահանջների համաձայն՝ սույն գործի առաջին դատավճռով (որը բեկանվել է գերագույն դատարանի նախագահության կողմից) դատապարտված Արամայիս Խաչատրյանի միջոցով տեղեկանալով, որ Լեռնային Ղարաբաղում բնակվող Մուսայելյանը նույնպես հետաքրքրվում է «Հայկական հարցով» նրա նախկին տերիտորիայի պատկանելիությամբ, ինչպես իրենք, ամբաստանյալները ցուցմունք տվեցին հանձնարարել են Արամայիս Խաչատրյանին կապ ստեղծել Մուսայելյանի հետ:

Վալտեր Մելիքյանի պահանջով Մուսայելյանը եկել է Երեւան, նրանք հանդիպումներ են ունեցել եւ հետագայում նամակագրական կապ են ստեղծել միմյանց հետ:

Որպես գործունեության ուղեցույց Վալտեր Մելիքյանը անձամբ կազմել եւ Մուսայելյանին է ուղարկել «Ցուցում կազմակերպչական հարցերի կապակցությամբ» նամակ, որ հայերեն լեզվից ռուսերեն է թարգմանել գործով վկա Չ-ն: Այդ նամակով Վալտեր Մելիքյանը ցուցում է տվել Մուսայելյանին , թե ինչ ձեւով պետք է Լեռնային Ղարաբաղում գաղտնի խմբակներ ստեղծվեն:

Չբավարարվելով դրանով, 1970 թ. աշնանը Վալտեր Մելիքյանը արտագրելու համար ամբաստանյալ Սերոբ Սարգսյանին է հանձնել «Հիշեցում հայրենասերներին» հոդվածը:  Բացի այդ, արդեն իսկ վկաների մի մասի կողմից արտագրված` «Ներկան էությամբ անցյալի շարունակությունն է» «Ամնիստիա, հումանիզմ, իրականություն», «Մեր ձգտուները» եւ մյուս հակասովետական բովանդակության հոդվածները, «Հայաստանի վերամիավորման միության» ծրագիրը, կանոնադրությունը, երդումը, որոնք արտագրված են եղել 8 աշակերտական տետրերում` հանձնել է Սուրեն Մելիքյանին, իսկ վերջինս էլ դրանք ծրարելով՝ տվել է Արամայիս Խաչատրյանին, որը տարել է Լեռնային Ղարաբաղ ու հանձնել է Մուսայելյանին: Որպես ճանապարհածախս, Սուրեն Մելիքյանն արդեն իսկ հավաքած անդամավճարներից 10 ռուբլի է տվել Արամայիս Խաչատրյանին, որը ուղարկվել է Ղարաբաղ:

1971 թ. փետրվարին, երբ Ա. Խաչատրյանը հետ է վերադարձել Երեւան, իր հետ բերելիս Մուսայելյանին հանձնած ու հետ վերադարձված հակասովետական բովանդակության հոդվածները բռնվել է, իսկ հոդվածները առգրավվել են:

Խուզարկությունների միջոցով Մելիքյանների բնակարանից հայտնաբերվել եւ առգրավվել են «ՀՎՄ» անդամների անկետաները՝ լուսանկարներով եւ գաղտնի գրականության մնացած մասը: Արամայիս Խաչատրյանի ձերբակալումից հետո կալանավորվել են Սուրեն եւ Վալտեր Մելիքյանները, Սերոբ Սարգսյանը եւ Յուրիկ Բուդաղյանը:

Դատաքննության ժամանակ բոլոր ամբաստանյալները լիովին ընդունեցին իրենց կատարած արարքները: Վալտեր, Սուրեն Մելիքյանները, Սերոբ Սարգսյանը, եւ Յուրիկ Բուդաղյանը հաստատեցին, որ իրենց կողմից մշակված «ՀՎՄ»ի ծրագիրը, կանոնադրությունը, ինչպես նաեւ Հակոբից ստացված բոլոր հոդվածները եւ պատասխան գրախոսականները ու Յուրիկի ու Վալտերի կողմից գրված հոդվածները, բոլորն էլ ունեն զրպարտչական, հակասովետական բովանդակության:

Ընդունեցին, որ ստեղծել են գաղտնի կազմակերպություն, ուղիներ են որոնել իբր գոյություն ունեցող այլ կազմակերպության հետ միանալու ու համատեղ գործելու նպատակով, որ այդ հակասովետական բնույթի ողջ գրականությունը տարածելու նպատակով ընթերցել են խմբակների հավաքույթներին, ուղարկել են Լեռնային Ղարաբաղ՝ Մուսայելյանին, այնտեղ տարածելու նպատակով, սակայն առաջադրված մեղադրանքում ՀՍՍՀ քր. օր.-ի 65 հոդ. 1-ին մասով եւ 67 հոդ. մեղավոր չճանաչեցին, այլ մեղավոր  ճանաչեցին 2061 հոդ., պատճառաբանելով, որ իրենց գործողությունները գիտակցաբար ուղղված չեն եղել սովետական իշխանության դեմ:

Մանրազննին վերլուծելով ամբաստանյալներից յուրաքանչյուրի գործողությունները, հոդվածների բացահայտ հակասովետական բովանդակությունը, Խորհրդային Հայաստանը ՍՍՀՄ-ի կազմից դուրս բերելու համար տարածված պահանջները (գաղտնի ճանապարհով) ՍՍՀՄ-ի ղեկավար մարմինների դեմ բացահայտ զրպարտչական ոտնձգություննեը, մեր պետության արտաքին եւ ներքին քաղաքականությունը խեղաթյուրված  ուսանողության որոշ մասին հրամցնելը, քաղաքական պայքարի ելնելու վկայակոչելը, ինչպես նաեւ արդեն իսկ մշակված ծրագրով ու կանոնադրությամբ կազմակերպության ստեղծելու փաստի առկայությունը՝ կոլեգիային բերեցին այն համոզման, որ բոլոր ամբաստանյալներին մեղսագրված արարքը հիմնավորված է եւ այն քր. օր.-ի 2061 վերաորակելու հիմքեր չկան:

Ամբաստանյալներ Վալտեր եւ Սուրեն Մելիքյաններին, Յուրիկ Բուդաղյանին եւ Սերոբ Սարգսյանին մեղսագրված արարքը հաստատված է ոչ միայն իրենց հանձնառումով, գործին կցված իրեղեն ապացույց հակասովետական բնույթի հոդվածներով, այլեւ հարցաքննված բոլոր վկաների ցուցմունքներով:

Այսպես օրինակ`

Վկաներ Դ-ն, Մ-ն, Յ-ն, Տ-ն, Ն-ն, Շ-ն եւ Ռ-ն իրենց ցուցմունքներում հաստատեցին, որ իրոք 1970-թ. հուլիս-օգոստոս ամիսներին ամբաստանյալ Սերոբ Սարգսյանը իրենց համար ընթերցել է «ՀՎՄ»-ի ծրագիրը եւ կանոնադրությունը, հայտնել է, որ գոյություն ունեն գաղտնի խմբակներ, որոնք զբաղվում են «Հայոց դատով» ու առաջարկել է ներգրավվել այդ խմբակների գործունեության մեջ, սակայն իրենք կատեգորիկ հրաժարվել են: Վկաներ Է-ն, Ը-ն, Չ-ն եւ Պ-ն դատաքննության ժամանակ ցուցմունք տվեցին, որ գործին կցված հակասովետական բնույթի բոլոր հոդվածները իրենք արտագրել եւ հանձնել են Վալտեր Մելիքյանին:

Վկա Արամայիս Խաչատրյանը հաստատեց, որ իրեն Լեռնային Ղարաբաղ են ուղարկել հակասովետական բնույթի հոդվածներ տանելու եւ Մուսայելյանին հանձնելու համար ամբաստանյալներ Սուրեն եւ Վալտեր Մելիքյանները եւ Սերոբ Սարգսյանը:

Է-ն, Ը-ն, Ժ-ն, Գ-ն, Խ-ն, Ո-ն, Զ-ն, Լ-ն, Բ-ն եւ Փ-ն հաստատեցին, որ 1969-1970-թ.թ. ամբաստանյալներ Վալտեր, Սուրեն Մելիքյանների եւ Սերոբ Սարգսյանի առաջարկով իրենք ներգրավվել են գաղտնի խմբակներում, մասնակցել են հավաքույթներին, որտեղ ընթերցել են «ՀՎՄ»-ի ծրագիրը, կանոնադրությունը, երդումը, այլ հակասովետական բնույթի հոդվածներ, որ իրենք հիմնական հարցերում չեն համաձայնել այդ հոդվածների բովանդակության հետ եւ դադարել են հավաքույթներին մասնակցելուց:

Վկաներ Բ-ն, Զ-ն, Գ-ն, Ժ-ն, Ի-ն հաստատեցին, որ Սամվել Մելիքյանի առաջարկով իրենք անդամավճարներ են մուծել Ը-ին, իսկ Ը-ն ցուցմունք տվեց, որ հավաքված անդամավճարներն ինքը հանձնել է ամբաստանյալ Սուրեն Մելիքյանին, ինչը չժխտեց նաեւ Ս. Մելիքյանը:

Հարցաքննված վկա Ճ-ն ցուցմունք տվեց, որ «Փրկիր մեզ մայրիկ» թռուցիկը ինքը 6 օրինակ բազմացրել է Սերոբյանի պահանջով եւ հանձնել է նրան: Վկա Ս-ն հաստատեց, որ Սուրեն Մելիքյանը առաջարկել է իրեն ներգրավվել գաղտնի խմբակի գործունեությանը, սակայն ինքը ոչ միայն չի համաձայնել, այլեւ խորհուրդ է տվել նրան հեռու մնալ այդ հանցավոր արարքներից:

Այն, որ ամբաստանյալ Վալտեր Մելիքյանը, 1965-1966 թ.թ. երկու անգամ նախազգուշացվել է պետական անվտանգության օրգանների կողմից ՍՍՀ-ի նկատմամբ արատավոր հերյուրանքներ տարածելու համար, հաստատված է ոչ միայն Վ. Մելիքյանի ինքնախոստովանությամբ, այլեւ հատ 6 գթ. 22-24 կարված նրա գրավոր արձանագրություններով:

Նույն վկաները հաստատեցին, որ գաղտնի հավաքույթներին ոչ միայն մասնակցել են Վալտեր Մելիքյանը եւ Յուրիկ Բուդաղյանը, այլեւ ելույթներ են ունեցել զանազան ազգային թեմաներով:

Այն, որ հակասովետական բնույթի հոդվածներից մի մասը գրվել է Վալտեր Մելիքյանի եւ Յուրիկ Բուդաղյանի կողմից, որ հոդվածներն իրոք արտագրվել են Է-ի, Ը-ի, Չ- ի, Պ-ի եւ Սերոբ Սարգսյանի կողմից հիմնավորված է ոչ միայն իրենց հանձնառումով, այլեւ ձեռագրային փորձագետի եզրակացություններով:

Այսպիսով, ամբաստանյալներ Վալտեր եւ Սուրեն Մելիքյաններին, Յուրիկ Բուդաղյանին եւ Սերոբ Սարգսյանին մեղսագրված արարքը քր. օր.-ի 65 հոդ. առաջին մասով եւ 67 հոդ. կոլեգիան հիմնավորված է համարում:

Պատիժ սահմանելիս կոլեգիան հաշվի է առնում ամբաստանյալների ինքնությունը, որ նրանք նախկինում ոչնչով արատավորված չեն եղել, ազնվորեն ընդունել են հանցավոր արարքը, մեղայականով հանդես են եկել ինչպես նախաքննության, այնպես էլ դատաքննության ժամանակ: Զղջացել են այդ բանում: Ամբաստանյալները կոլեգիային ցուցմունք տվեցին, որ իրենք մոլորության մեջ են ընկել, սխալվել են եւ ոչ ճիշտ հետեւությունների են հանգել:

Բացի այդ ամբաստանյալներից Սերոբ Սարգսյանը 24 տարի անընդմեջ աշխատել է Երեւանի Կիրովի անվան քիմիական կոմբինատում: Յուրիկ Բուդաղյանի խնամքին է գտնվում աշխատանքային առաջին խմբի հաշմանդամ մայրը, որը ամենօրյա խնամքի խիստ կարիք է զգում: Վալտեր Մելիքյանի խնամքին են գտնվում 3 երեխաներ: Հաշվի է առնվում նաեւ այն, որ սույն գործով դատապարտվում է նաեւ Վալտերի փոքր եղբայր` Սուրեն Մելիքյանը:

Վերոգրյալի հիման վրա եւ ղեկավարվելով քր. դատ. օր.-ի 293-294 հոդվածներով

Գերագույն դատարանի քրեական գործերով դատական կոլեգիան

                                                       Վ Ճ Ռ Ե Ց

Ամբաստանյալներ Վալտեր Հունանի Մելիքյանին, Յուրիկ Աբգարի Բուդաղյանին, Սերոբ  Հայկի Սարգսյանին եւ Սուրեն Բալասանի Մելիքյանին հանցավոր ճանաչել ՀՍՍՀ քր. օր.-ի 65 հոդ. առաջին մասով եւ 67 հոդ.:

Նրանցից քր. օր.-ի 65 հոդ առաջին մաս. Վալտեր Հունանի Մելիքյանին դատապարտել ազատազրկման չորս (4) տարի, Յուրիկ Աբգարի Բուդաղյանին՝ երեք (3) տարի վեց ամիս, Սուրեն Բալասանի Մելիքյանին՝ երեք տարի, իսկ Սերոբ Հայկի Սարգսյանին՝ երկու տարի ժամանակով: Բոլոր դատապարտյալները պետք է կրեն իրենց պատիժը խիստ ռեժիմի ուղղիչ աշխատանքային գաղութում, առանց հետագա աքսորի:

Դատապարտյալներ` Վալտեր Հունանի Մելիքյանի, Յուրիկ Աբգարի Բուդաղյանի եւ Սերոբ Հայկի Սարգսյանի կալանքի սկիզբը հաշվել 1971 թ. փետրվարի 19-ից, իսկ Սուրեն Բալասանի Մելիքյանի կալանքի սկիզբը հաշվել 1971 թ. մայիսի 26-ից:

Գործով իրեղեն ապացույց հակասովետական բովանդակությամբ հոդվածները, որոնք կարված են հատոր 3 գթ. 219-368 եւ 4-րդ 1-121 թողնել գործում, իսկ տպագրական տառերը եւ տնտեսական պայուսակը ոչնչացնել:

Դատավճիռը վերջնական է եւ վճռաբեկության կարգով գանգատարկման ենթակա չէ:

Նախագահ` Ա. Եղիազարյան
Ատենակալներ` Հ. Ալեքսանյան, Պ. Ղազարյան
Իսկականի հետ ճիշտ է`
Գործով նախագահող` Ա. Եղիազարյան
24/3-1972-թ.
Ս.Ե.

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter