HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Հայաստանի «Հոլիվուդի» հողագործը

-Բարի գալուստ Հայաստանի Հոլիվուդ,- բացօթյա պաշգամբում ասում է խաշթառակցի հողագործ Աշոտ Սարիբեկյանը: Պատշգամբը շուտով վերածվում է անցուդարձի թեժ կետի. Աշոտի կինն ու մայրը սուրճի սեղան են դնում: Դրսում անձրև է մաղում ու երբ թափվում է պատշգամբ հասած արքայանարնջի ծառի տերևների վրա, հարվածային երաժշտական գործիքի տպավորություն է թողնում:

Գյուղացիների ասելով՝ Տավուշի մարզի այս գյուղում «Հայֆիլմ» ստուդիան 6 ֆիլմ է նկարել: Մինչ օրս գյուղում պահպանվել են այն տեղերը, որտեղ «Մենք ենք, մեր սարերը» ֆիլմն է նկարահանվել, անգամ գյուղի կանգառում՝ գյուղապետարանի դիմաց, փակցված են ֆիլմից հայտնի դրվագների լուսանկարներ:

Աշոտի մայրը՝ 76-ամյա Լաուրա Հակոբյանը, պատմում է, որ իրենց տանն էր ապրում «Մենք ենք, մեր սարերը» ֆիլմի դիմահարդարը: Ֆիլմի դերասանները հաճախ էին լինում իրենց տանը: Մի անգամ Մհեր Մկրտչյանին ճակնդեղի տերևի ցողունից պատրաստված թթու էին հյուրասիրել: Տիկին Լաուրան ասում է, թե Ֆրունզը թթուն փորձելուց հետո ասել էր. «Էս թթվից հանդի հոտ եկավ»:

Աշոտն ընդհատում է պատմությունը՝ սեղանին դնելով փոքր գրաֆինով խնձորի օղի: Տանն օղի թորողը մայրն է՝ խաղողից, խնձորից, սալորից, հոնից օղի է պատրաստում:

-Վա՜շ, ամոթ ա, - արձագանքում է մայրը, որին այդպես էլ չկարողացանք համոզել լուսանկարվել:

-Տատին պատվոգիր էլ ունի լավ օղի թորողի,- սա ասելուց հետո Աշոտը նորից ներս է մտնում տուն ու բերում շրջանակով պատվոգիրը: Թոռները՝ Վահեն ու Ռուզանն են պատրաստել այն՝ տատին ճանաչելով որպես ամենալավ օղի թորող:

Խոպան գնալը փոխարինել է հողագործությամբ

Աշոտ Սարիբեկյանը 53 տարեկան է: Խաշթառակում է ծնվել ու մեծացել, դպրոցն ավարտելուց հետո սովորել է Երևանի էլեկտրամեխանիկական տեխնիկումում, հետո բանակ է զորակոչվել, ապա վերադարձել Խաշթառակ:

Ասում է, թե այստեղ գյուղացու միակ աշխատանքը հողի հետ է, բայց դե հողից ստացած եկամտով էլ դժվար է տուն պահելը: Դրա համար էլ նախկինում Ռուսաստան էր գնում աշխատելու: Հոր մահից հետո որոշել է, որ Ռուսաստան այլևս չի գնալու: Երկու որդիներից մեկն է հիմա ՌԴ-ում:

«10 տարի ա՝ Ռուսաստան չեմ գնում, հողագործությամբ եմ զբաղվում: Էն ժամանակ պապաս կար, ինքն էր մշակում հողը: Իրենից հետո տեսա, որ բիզնես ու ապագա չունեմ Ռուսաստանում, հետ եկա ու սկսեցի զբաղվել հողագործությամբ»,- նշում է Աշոտը:

Չնայած հողից գոհ չէ, ասում է՝ լավը չեն այս շրջանի հողերը, բայց մեկ է՝ մշակում են, մրգատու ծառեր ունի՝ թուզ, արքայանարինջ, նուռ, նաև լոբի է մշակում, 1000 քմ ցորեն է ցանել, անտառից էլ օրական 20 կգ ընկույզ է բերում: «Իսկ մի կիլո պոպոկը 1500 դրամ է, լավ չի՞»,- ասում է նա:

Հիմնականում բերքը տանում է Վարդենիս, փոխանակում կարտոֆիլի հետ: Մի քանի օր առաջ էլ Աշտարակ էր գնացել, օղու համար խնձոր էր առել:

-Օղին կարողանո՞ւմ եք իրացնել:

-Այ ցավդ տանեմ, օղին ափսոս ա, որ ծախենք: Բա օղին կծախե՞ն,- կատակում է Աշոտը:

Հիմա Աշոտի համար հողագործության մեջ ամենամեծ կիրքը ջերմոցն է: Բակում 135 քմ սպիտակ ծածկոցով ջերմոց ունի: Ասում է՝ գարնանը գյուղապետը հայտարարել էր, որ ՄԱԿ-ը ծրագիր է իրականացնելու գյուղում՝ գյուղացիները կարղ են դիմել ջերմոց, սառնարան, ինկուբատոր ունենալու համար: 10 տոկոսն իրենք պիտի վճարեին, մնացածը կազմակերպությունն էր հոգալու:

10-ից ավելի դիմումներից 6-ը հաստատվել է: Աշոտն ասում է՝ հայտը հաստատելուց հետո կազմակերպությունը եկել-նայել էր տեղանքը, հետո դասեր էր կազմակերպել, գրքեր բաժանել իրենց: Ջերմոցի ամբողջ աշխատանքը կազմակերպությունն է արել, միայն 10 տոկոս գումարը՝ 180 հազար դրամն են իրենք տվել, բայց դրա դիմաց սերմացու և սածիլներ են ստանալու:

Աշոտն ասում է, որ 5 տարի ջերմոցը գտնվելու է կազմակերպության վերահսկողության տակ: Դա ճիշտ է համարում, որովհետև հարևան գյուղում տեսել էին, որ մարդիկ լվացք էին փռել ջերմոցում:

Խաշթառակի բնակիչը հպարտությամբ է խոսում ջերմոցի մասին: Ասում է՝ տարածք ունենար, շատ կուզենար այսպիսի մի 5 ջերմոց էլ ունենալ: Ցույց է տալիս նոր ցանած սոխը, կանաչին, կարմիր բողկը: Ըստ Աշոտի՝ նպատակներից մեկն այստեղ մանդարին ու լիմոն աճեցնելն է:

Գյուղում տնամերձ հողատարածքները խմելու ջրով են ոռոգում: Իսկ խմելու ջրի գիծը, ըստ Աշոտի, 1960-ականների քայքայված խողովակ է, բնակիչները մի քանի անգամ վերանորոգել են, եռակցել, բայց այն փոխելու կարիք կա: «Գյուղապետը ՄԱԿ-ին խնդրել էր, որ ջրագիծը փոխեն, բայց էդ դեպքում էլ հաշվիչ պիտի տեղադրեն, իսկ ժողովուրդը դրան դժվար հարմարվի: Մենք սովոր չենք ջրին փող տալ,- ասում է խաշթառակցի գյուղատնտեսն ու հավելում,- սիրում եմ հողագործությունը, որ մշակում եմ, աճում ա, պոկում եմ, հաճույք եմ զգում: Հիմա նստած եմ ձեզ հետ, ուշքս-միտքս այգու կողմն է, խոզերս են, ներքևի հողամասում մի կես ժամվա գործ ունեմ, մաքրելու գործ կա, հանգիստ չեմ լինում»:

Առաջարկ կառավարությանը

53-ամյա Աշոտ Սարիբեկյանը չնայած դեռ թոշակի չի անցել, բայց այսպիսի առաջարկություն ունի կառավարությանը. «Մի հարց տամ: Եթե հողը՝ որպես աշխատատեղ, տալիս են գյուղուցուն, գյուղացին էլ հողի հարկը ժամանակին վճարում է, ինչո՞ւ աշխատանքային ստաժ չեն հաշվում, ո՞րն է պատճառը: Եթե մարդը խանութ ունի, աշխատող ունի, հարկայինում գրանցված է, ես էլ հողի վարձն եմ վճարում, ի՞նչ տարբերություն, ես էլ եմ վճարում, խանութի տերն էլ: Իրենց ստաժ է գնում, մեզ՝ չէ: Հիմա մենք ո՞ւմ դիմենք էդ հարցով: Ընտանիքում 5 հոգի ենք, գոնե մեկին ստաժ տան»:

-Դե, սա կգրենք որպես Ձեր առաջարկ,- ասում եմ նրան:

-Հա, ես պիտի գրեի, լավ է՝ դուք գրեք իմ փոխարեն,- պատասխանում է:

Լուսանկարները՝ Սարո Բաղդասարյանի

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter