HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Գագիկ Աղբալյան

Բնության ոչնչացման դեպքերով պատիժները կխստացվեն

Հայաստանի կառավարությունն ընդունում է, որ վերջին շրջանում, ինչպես եւ անկախության բոլոր տարիներին, ապօրինի անտառհատումներն ու Կարմիր գրքերում գրանցված տեսակների ոչնչացման դեպքերը չի լինում կանգնեցնել։ Որպես բնությունը փրկելու հերթական ճանապարհ ընտրվել է անտառահատումների համար սահմանված պատժի խստացումը։

Բնապահպանության նախարարությունը Հայաստանի քրեական օրենսգրքում եւ Վարչական իրավախախտումների վերաբերյալ օրենսգրքում փոփոխություններ կատարելու առաջարկ է ներկայացրել կառավարություն։ Նախագծային փաթեթում նշված է, որ անտառահատումներն ու Կարմիր գրքում գրանցված տեսակների ոչնչացումը դարձել է հաճախակի։ Ակնկալիք կա, որ նախագծով առաջարկվող լուծումները կհանգեցնեն արդյունավետ պատժիչ քաղաքականության իրականացման:

Հայաստանի Քրեական օրենսգրքի 296-րդ հոդվածը պատասխանատվություն է սահմանում ծառերի, թփերի եւ բուսածածկի ապօրինի հատման համար, բայց նախարարությունն այն համարում է գործողությունների բնույթին եւ ծանրության աստիճանին ոչ համարժեք:

Հատումներն արգելված ծառերը, թփերը հատելու կամ ոչնչացնելու, պետական կամ մասնավոր սեփականություն համարվող բուսածածկը ոչնչացնելու կամ մինչեւ աճի դադարեցման աստիճանի վնասելու համար, եթե այդ գործողությունների պատճառած վնասի չափը կազմում է 200-400 հազար դրամ (համարվում է զգալի վնաս), օրենսգրքով նախատեսված են մեղմ պատիժներ` 500-700 հազար դրամի սահմաններում, առավելագույնը 3 տարով որոշակի պաշտոններից զրկելով, կամ կալանք՝ առավելագույնը 2 ամիս ժամկետով։

Ծանրացնող հանգամանքների դեպքում, երբ արարքը կատարվել է՝ պաշտոնեական դիրքն օգտագործելով, կամ բնության հատուկ պահպանվող տարածքներում, կամ խոշոր վնաս պատճառելով, կամ Հայաստանի Կարմիր գրքում գրանցված ծառատեսակներն ու բուսածածկը (400.000-700.000 դրամ)` պատիժները նույնպես մեղմ են։ Պատիժը կարող է լինել տուգանք՝ 600 հազար դրամի չափով, կամ կալանք` առավելագույնը 3 ամիս ժամկետով, կամ ազատազրկում` առավելագույնը 2 տարի ժամկետով` որոշակի պաշտոններ զբաղեցնելու կամ որոշակի գործունեությամբ զբաղվելու իրավունքից զրկելով` առավելագույնը 3 տարի ժամկետով կամ առանց դրա:

Եթե քննարկվող հանցագործությունն առաջացրել է առանձնապես խոշոր վնաս (700 հազար դրամից ավել գումար), ապա պատիժը կարող է լինել առավելագույնը երեք ամիս ժամկետով, կամ ազատազրկում` առավելագույնը 5 տարի ժամկետով` որոշակի պաշտոններ զբաղեցնելու կամ որոշակի գործունեությամբ զբաղվելու իրավունքից զրկելով` առավելագույնը երեք տարի ժամկետով կամ առանց դրա:

Ստացվում է, որ 400 հազար դրամի չափով վնաս պատճառած անձի նկատմամբ կարող է կիրառվել տուգանք՝ ընդամենը 500 հազար դրամի չափով։ Այս պատիժն ակնհայտորեն անհամարժեք է կատարված արարքի ծանրությանը եւ վտանգավորությանը:

Քննարկվող հանցագործության համար խիստ պատիժներ նախատեսված են ՀՀ քրեական նոր օրենսգրքի նախագծում։ 363-րդ հոդվածի 1-ին մասով նախատեսում է նաեւ ազատազրկում՝ առավելագույնը մեկ տարի ժամկետով, իսկ ծանրացնող հանգամանքների դեպքում նախատեսվում է ազատազրկում՝ առավելագույնը հինգ տարի ժամկետով: Տուգանքի նվազագույն շեմը սահմանվել է 1 միլիոն դրամ, առավելագույնը՝ 2 միլիոն դրամ։

Անտառներ, ինչպես նաեւ անտառային ֆոնդի մեջ չմտնող տնկարկներ ոչնչացնելը կամ վնասելը, որը կատարվել է հրդեհման կամ հանրավտանգ այլ եղանակով, կպատժվի ազատազրկմամբ 5-8 տարի ժամկետով՝ որոշակի պաշտոններ զբաղեցնելու կամ որոշակի գործունեությամբ զբաղվելու իրավունքից զրկելով՝ առավելագույնը 3 տարի ժամկետով, կամ առանց դրա։ Գործող խմբագրությամբ նախատեսված է ազատազրկում՝ երեքից ութ տարի ժամկետով:

Ի դեպ, Քննչական կոմիտեում 2015թ.-ին շրջակա միջավայրի անվտանգության դեմ ուղղված հանցագործությունների (281-298-րդ հոդվածներ) դեպքերով քննված գործերից դատարան է ուղարկվել 18 գործ, որից 9-ը՝ Քրեական օրենսգրքի 296-րդ հոդվածով (ծառերի, թփերի եւ բուսածածկի ապօրինի հատում)։ 2016թ.-ին քննված 12 գործերից 6-ը նույնպես 296-րդ հոդվածով են։ Փաստորեն, ծառերի, թփերի եւ բուսածածկի ապօրինի հատման դեպքերի տեսակարար կշիռը շրջակա միջավայրի անվտանգության դեմ ուղղված հանցագործությունների ընդհանուր թվի մեջ եւ՛ 2015թ.-ին, եւ՛ 2016թ.-ին, կազմել է 50 տոկոս:

2015թ.-ին շրջակա միջավայրի անվտանգության դեմ ուղղված հանցագործությունների դեպքերով քննված գործերից կարճվել է 39 քրեական գործ, որից 13-ը՝ ծառերի, թփերի եւ բուսածածկի ապօրինի հատման դեպքերով։ 2016թ.-ին կարճված 29 գործերից 22-ը նույն հոդվածով է: Ստացվում է, որ Քրեական օրենսգրքի 296-րդ հոդվածի տեսակարար կշիռը շրջակա միջավայրի անվտանգության դեմ ուղղված հանցագործությունների ընդհանուր թվի մեջ (կարճումների համատեքստում) նույնպես բարձր է:

Նախկին ԽՍՀՄ երկրներում բավականին խիստ պատիժ է նախատեսված ծառերի, թփերի եւ բուսածածկի ապօրինի հատման դեպքերի համար։ Բելառուսի Հանրապետության Քրեական օրենսգրքով նախատեսված է ընդհուպ ազատազրկում՝ հինգ տարի ժամկետով:

Ուկրաինայի Քրեական օրենսգրքի 246-րդ հոդվածը սահմանում է ապօրինի անտառահատման վերաբերյալ հատուկ դրույթ, նախատեսելով ազատազրկում՝ 3 տարի ժամկետով: Ներկայումս քննարկվում է նախագիծ, որով պատժատեսակը կխստացվի մինչեւ 10-15 տարվա ազատազրկման։

Լատվիայում ծառերի, թփերի եւ բուսածածկի ապօրինի հատման համար սահմանված են խիստ պատիժներ՝ ընդհուպ ազատազրկում 6 եւ 10 տարի ժամկետներով:

Ռուսաստանի Դաշնության քրեական օրենսգրիրքը սահմանում է խիստ պատասխանատվություն՝ անտառային տնկիների հատման համար, եւ ծանր հանգամանք՝ պատիժ՝ արարքը մի խումբ անձանց կողմից կատարելու համար, որը Հայաստանի գործող քրեական օրենսդրությունում բացակայում է:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter