HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Սեդա Ղուկասյան

Արայիկ Հարությունյանը ռեյտինգային ընտրակարգով առաջադրվելու է արտահերթ ընտրություններում

Կրթության և գիտության նախարարի պաշտոնակատար, «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության վարչության անդամ Արայիկ Հարությունյանն առաջիկա արտահերթ խորհրդարանական ընտրություններին ռեյտինգային ընտրակարգով առաջադրվելու է Երևանի Շենգավիթ և Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջաններն ընդգրկող թիվ 3 ընտրատարածքում։

Այս մասին խորհրդարանում՝ լրագրողների հետ զրույցում ասաց Արայիկ Հարությունյանը։

Հարությունյանը սակայն չհստակեցրեց՝ ընտրվելու դեպքում գալու է խորհրդարան, թե շարունակելու է նախարարի աշխատանքը․

«Այս պահին որևէ որոշում չկա, ըստ արդյունքների և թիմի հետ քննարկումների պարզ կդառնա։ Ես լիարժեք շարունակում եմ իմ պարտականությունները»,- ասաց նա։

Մեր հարցին՝ մինչ արտահերթ ընտրությունները կուսակցության վարչության կազմի և ծրագրի փոփոխություն նախատեսվա՞ծ է, թե՞ ոչ՝ հաշվի առնելով այն հանգամանքը, որ, օրինակ, արտաքին քաղաքականության ոլորտում կուսակցության և կառավարության մոտեցումները կարծես թե տարբեր են, Հարությունյանն արձագանքեց․

«Մեր կուսակցության ծրագրի փոփոխություն կլինի համաժողովի ժամանակ, էս պահին ժամկետներ նշված չեն, հավանաբար ընտրություններից հետո»։

Դիտարկմանը, թե սոցիալական ցանցերում արդեն դժգոհություններ կան, որ նախկին իշխանությունների ժամանակ պաշտոն զբաղեցրած և հեղինակազրկված անձինք կարող են լինել իշխող ուժի ցուցակում, Հարությունյանն արձագանքեց․

«Գիտեք՝ մենք ինչի չենք անդրադառնում այդ մեկնաբանություններին, որովհետև մարդիկ էլի հողմաղացներ են հնարում, պայքարում դրա դեմ, բայց դրանք իրականում չկան, ես կոչ կանեմ սպասել, առաջիկայում ցուցակը կհրապարակվի, նոր ինքներդ կարող եք գնահատական տալ»։

Հարությունյանը չմանրամասնեց, թե ովքեր են լինելու այն մի քանի ՀՀԿ-ականները, որոնք վարչապետի պաշտոնակատարի խոսքով, լինելու են «Իմ քայլը» դաշինքի նախընտրական ցուցակում։

Հարությունյանն անդրադարձավ նաև «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությանն անդամագրվելու հերթերին։

«Մենք շատ լուրջ ֆիլտրեր ենք դրել, որովհետև անմիջապես հեղափոխությունից հետո մարդիկ սկսեցին հազարներով անդամագրվել «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությանը»,- ասաց նա։

Իսկ կուսակցության մշակած ֆիլտրերն են նախկինում մասնակցությունը կուսակցության գործունեության ոլորտում, ինչպես նաև վերջին քաղաքական պրոցեսներում։

Հարցին, թե արդյոք արգելվա՞ծ է ուսուցիչներին անդամագրվել «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությանը, Արայիկ Հարությունյանն արձագանքեց՝ նման արգելք չկա․

«Գուցե դրան ապագայում էլ անդրադառնանք․ կրթության ոլորտը օրենքով ապաքաղաքակացնենք, այնպես, ինչպես իրավապահներն աշխատանքի անցնելիս մինչև իրենց պայմանագրի ավարտը դադարեցնում են մասնակցությունը քաղաքական ուժերին, էնպես էլ էստեղ ունենանք մի համակարգ, երբ ուսուցիչը, անցնելով աշխատանքի դպրոցում, որոշ ժամանակով սառեցնի իր անդամակցությունը»,- ասաց Հարությունյանը։

 

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter