
Լիլիթ Մակունցը ռեյտինգային ընտրակարգով առաջադրվելու է խորհրդարանական ընտրություններում
Մշակույթի նախարարի պաշտոնակատար Լիլիթ Մակունցն առաջիկա խորհրդարանական ընտրություններում ռեյտինգային ընտրակարգով «Իմ քայլը» դաշինքի ցուցակով առաջադրվելու է Աջափնյակ, Արաբկիր և Դավթաշեն վարչական շրջաններն ընդգրկող թիվ 2 ընտրատարածքում։
Այս մասին խորհրդարանում՝ լրագրողների հետ զրույցում ասաց Մշակույթի նախարարի պաշտոնակատար Լիլիթ Մակունցը։
Նախարարի պաշտոնակատարը չհստակեցրեց` ընտրվելու դեպքում գալու՞ է խորհրդարան, թե շարունակելու է նախարարի աշխատանքը: «Թե ինչ կլինի ընտրություններից հետո, մենք թիմով որոշում կկայացնենք, թե ինչպես ենք վարվելու և մի բան է հստակ, որ մեր շեշտադրումն այն է, որ ունենանք թե՛ լավ կառավարություն, և թե՛ լավ Ազգային ժողով»,- ասաց նա։
Մակունցի խոսքով՝ ինքը «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության հիմնադրման ակունքներում է եղել, բայց աշխատանքի բնույթից ելնելով` չի անդամագրվել կուսակցությանը։
«Երբ ստանձնել եմ նախարարի պաշտոնը, որը քաղաքական պաշտոն է, նպատակահարմար եմ գտել նաև քաղաքական առումով ամրագրել կարգավիճակը»,-ասաց նա:
Հարցին, թե նախարարությունում կուսակցությանն անդամագրվողները շա՞տ են, Լիլիթ Մակունցն արձագանքեց՝ որքանով տեղյակ է՝ չկան:
Լուսանկարը` Լիլիթ Մակունցի ֆեյսբուքյան էջից
Մեկնաբանել