HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Սեդա Ղուկասյան

Մարգարիտա Գրիգորյան․ «Վստահ եմ, որ Հանրայինն իր գործառույթներում չի թերացել, աշխատանքը կատարել է առանց ապօրինությունների»

Հայաստանի Հանրային հեռուստաընկերության գործադիր տնօրեն Մարգարիտա Գրիգորյանը, որն այդ պաշտոնը զբաղեցնում էր նաև մինչ հեղափոխությունը, լրագրողների հետ զրույցում պարզաբանում է, թե ինչու աշխատանքից չեն ազատել իրեն:

«Ինձ չազատեցին, գտան, որ նորմալ աշխատում եմ, Հանրային հեռուստաընկերության վարչարարությունը նորմալ իրականացնում եմ»,- ասաց Գրիգորյանը։

Հիշեցնենք, որ գլխավոր դատախազությունը «Հետք»-ի հրապարակումների հիման վրա քրեական գործ էր հարուցել՝ Հանրայինում կատարված առերևույթ չարաշահումների փաստերի հիման վրա։  Ըստ 2017 թվականի պետական բյուջեի հաշվետվության՝ մոտ 2 միլիարդ դրամի խախտման դեպքեր են արձանագրվել Հանրայինում։

Քրեական գործի առնչությամբ Մարգարիտա Գրիգորյանն ասաց․

«Կա քրեական գործ փաստի առթիվ,  դա չի նշանակում, որ քրեական գործ է հարուցվել Հանրայինի նկատմամբ, հարուցվել է փաստի առթիվ, և երբ քննությունը ավարտվի, ինչպես ես, այնպես էլ դուք պատասխանը կիմանաք։ Ես վստահ եմ, որ Հանրայինն իր գործառույթներում չի թերացել, իր աշխատանքը կատարել է առանց ապօրինությունների»։

Դիտարկումը, որ տեղեկություններ կան, ըստ որոնց Գրիգորյանն աշխատակիցների շրջանում ժողով է արել՝ ասելով, որ «հանդիպել է Նիկոլի հետ, իր գործերը կարգավորել, և ինքն է որոշում՝ այստեղ ով է աշխատում», Մարգարիտա Գրիգորյանը հերքեց․

«Արդեն երեք ամիս ժողով չեմ արել, առաջին անգամ ժողով եմ արել, ներկայացրել Վահագն Թևոսյանին․․․Ես առհասարակ սովորություն չունեմ մարդկանց անունով դիմել, ես դիմում եմ պարոն, և էական չէ, թե որ պաշտոնում։ Ինձ համար ստատուսը շատ կարևոր է, իմ տեղակալներին ևս դիմում եմ պարոնով։ Նման բան չեմ ասել, էստեղ լրագրողներ կան, որոնք էդ ժամանակ աշխատել են, հատկապես վեց ամիս առաջ հանդիպում չեմ ունեցել պարոն վարչապետի հետ, հանդիպում ունեցել ենք ընդամենը մեկ անգամ երբ Հ1-ի խորհրդի հետ կապված քննարկում կար, մեր բոլոր հարցերը լսվեցին, արձագանքներ եղան, ընդամենը ֆինանսական ժողով էր, դրանից հետո մի անգամ էլ եղավ առաջարկ՝ հանդիպել, քննարկել որոշ խնդիրներ, միակ հանդիպումս դա է եղել»,- ասաց Գրիգորյանը։

Ինչ վերաբերում է Հանրային հեռուստաընկերության լրատվական հաղորդումների քաղաքականությանն ու բոլոր ժամանակների ընդդիմությունների դժգոհությանը, Մարգարիտա Գրիգորյանը կոչ արեց հարց ուղղել ընդդիմությանը։

«Բայց կա մի ճշմարտություն, սիրելի լրագրողներ, որը դուք շահարկում եք, Հանրայինը ինչպես «Դոյչե Վելե»-ն, ինչպես «Ֆրանս 24»-ը, ինչպես բազմաթիվ այլ հեռուստաընկերություններ, հանրային լինելով՝ ունեն իրենց ճիշտ ուղղությունը․ որևէ երկրում չկա այնպիսի հանրային հեռուստաընկերություն, որը չներկայացնի այդ օրվա  իշխանության որդեգրած քաղաքականությունը»,- ասաց նա։

Գրիգորյանի համոզմամբ՝  Հանրայինի այսօրվա լրատավական ծառայությունը ոչ միայն պետական դիրքորոշումն է  ներկայացնում, այլ այն, ինչ դաշտում կա։

«Տեղեկատվական դաշտն ամբողջությամբ ներկայացվում է․ միշտ կարելի է դժգոհել, բայց մի կարևոր հարց էլ կա՝ ինչպես անենք, որ ընդդիմությունը մեզ մոտ հյուր լինի, օրերով խնդրում ենք, և մեր մի շարք հաղորդումներ մնում են հենց էդպես, որովհետև կողմ չենք ունենում»,- ասաց նա։

Դիտարկմանը, որ ՀՀԿ փոխնախագահ Արմեն Աշոտյանն էլ իր հերթին դժգոհում է, որ Հանրայինը ընդդիմադիրներին եթերի չի հրավիրում, Գրիգորյանն արձագանքեց․

«Պարոն Աշոտյանին մի քանի անգամ հրավիրել ենք «Խաղի կանոններ»-ին,  բայց պարոն Աշոտյանը ցանկություն չի հայտնել լինել, գիտեմ որ ցանկություն է հայտնել հարցազրույցի ֆորմատով լինել։ Այսօր մեկը ունենք, մեկ նման ֆորմատ, առաջիկայում կունենանք երկրորդը, որն ամենօրյա ֆորմատով կլինի, և՛ պարոն Աշոտյանը, և՛ բոլոր նրանք, ովքեր կցանկանան լինել հարցազրույցի ֆորմատում, կլինեն»։

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter