HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Արաքս Մամուլյան

ՄԻԵԴ-ը կոմունիկացրել է Մարտի 1-ի վերաբերյալ Գրիգոր Ոսկերչյանի երկրորդ գործը

Մարդու իրավունքների եվրոպական դատարանը կոմունիկացրել է Գրիգոր Ոսկերչյանի` ընդդեմ Հայաստանի երկրորդ գործը:

Այս մասին տեղեկանում ենք ՄԻԵԴ կայքից: Գործը վերաբերում է 2008 թվականի մարտի 1-ին տեղի ունեցած իրադարձություններից հետո Լևոն Տեր-Պետրոսյանի նախընտրական շտաբի պետ, Աբովյանի նախկին քաղաքապետ Գրիգոր Ոսկերչյանի նկատմամբ Հայաստանի կայացրած վճռին:

Նշենք, որ հոկտեմբերի 18-ին Ոսկերչյանի դիմումի հիման վրա ՄԻԵԴ-ը մի գործով վճիռ է հրապարկել, որով ճանաչել է Ոսկերչյանի ազատության և անձեռնմխելիության իրավունքի խախտումը՝  անհիմն գնահատելով նրա կալանքի որոշումը:

Ոսկերչյանի վերաբերյալ երկրորդ գործը, որը ՄԻԵԴ-ը կոմունիկացրել է, վերաբերում է Մարտի 1-ից հետո Ոսկերչյանի մեղադրանքի վերաբերյալ դատաքննությանը և դրա արդյունքում նրան 2 տարվա ազատազրկման դատապարտելուն:

ՄԻԵԴ-ի կայքում առկա տեղեկության համաձայն՝ 2008 թվականի փետրվարի 19-ին Հայաստանում անցկացված նախագահական ընտրությունների արդյունքների ամփոփումից հետո Ոսկերչյանը մասնակցել է Երևանում Լևոն Տեր-Պետրոսյանի կողմնակիցների կողմից անցկացվող հանրահավաքներին, ապա Մարտի 1-ի իրադարձություններից հետո՝ մարտի 8-ին, նրան զանգվածային անկարգություններ կազմակերպելու մեղադրանք է առաջադրվել:

Նույն օրը Երևանի Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանը Ոսկերչյանի նկատմամբ կալանքը որպես խափանման միջոց ընտրելու վերաբերյալ որոշում է կայացրել և մերժել նրա նկատմամբ այլընտրանքային խափանման միջոց՝ գրավ կիրառելու վերաբերյալ միջնորդությունը: Որոշման դեմ դիմումատուի կողմից տարված բողոքները մերժվել են, և կալանքի ժամկետը պարբերաբար երկարացվել է:

2009 թվականին Ոսկերչյանի վերաբերյալ մեղադրական դատավճիռ է կայացվել, և նա մեղավոր է ճանաչվել Քրեական օրենսգրքի 301-րդ հոդվածով, այն է՝  իշխանությունը զավթելուն, տարածքային ամբողջականությունը խախտելուն կամ սահմանադրական կարգը բռնի տապալելուն ուղղված հրապարակային կոչերը: Ոսկերչյանը առաջին ատյանի դատարանի վճռով դատապարտվել է 2 տարի ժամկետով ազատազրկման, սակայն նրա նկատմամբ կիրառվել է համաներում, ու այսպիսով ազատ է արձակվել: Առաջին ատյանի դատարանի վճռի դեմ, որը կայացրել էր դատավոր Գագիկ Պողոսյանը, Ոսկերչյանը դիմել է Վերաքննիչ դատարան, սակայն Վերաքննիչն անփոփոխ է թողել վճիռը, իսկ Վճռաբեկ դատարանը այս որոշման դեմ տարված բողոքը թողել է առանց քննության:

Դատաքննության ամբողջ ընթացքում Ոսկերչյանի պաշտպանական կողմը պնդել է, որ Ոսկերչյանը զրկված է եղել իր դեմ ցուցմունք տված անձանց առերես հարցման իրավունքից, որ սահմանափակվել է նրա արտահայտվելու ազատության իրավունքը, բարձրաձանել այն մասին, որ ինքը ենթարկվում է հետապնդման իր քաղաքական հայացքների պատճառով: Բացի այդ՝  ըստ  Ոսկերչյանի՝ թեև իրեն մեղադրանք է առաջադրված եղել զանգվածային անկարգություններ կազմակերպելու համար՝ քրեական օրենսգրքի 225-րդ հոդվածի 1-ին մասով,  իր արարքը վերաորակվել է, ու ինքը դատապարտել է 301-րդ հոդվածով, այսինքն, ինչպես արդեն նշեցինք, իշխանությունը զավթելուն, տարածքային ամբողջականությունը խախտելուն կամ սահմանադրական կարգը բռնի տապալելուն ուղղված հրապարակային կոչեր հնչեցնելու համար: Ըստ դիմումատուի՝ ինքը վերը նշված նոր մեղադրանքի մասին տեղյակ չի եղել և հնարավորություն չի ունեցել դրանից պաշտպանվելու:

Վերը նշվածի առնչությամբ է, որ ՄԻԵԴ-ը հարցեր է ուղղել Կառավարությանը՝ պարզաբանումներ ստանալու նպատակով: Հատկանշական է, որ հարցերի մեջ անդրադարձ է կատարված նաև Կոնվենցիայի 18-րդ հոդվածին: Նշենք, որ Կոնվենցիայի 18-րդ հոդվածի համաձայն՝  «Կոնվենցիայով թույլատրվող իրավունքների և ազատությունների սահմանափակումները չեն կիրառվում որևէ այլ նպատակով, բացի այն, որի համար դրանք նախատեսվել են: ՄԻԵԴ-ը կառավարությանը հարց է ուղղել, թե արդյոք այս գործով սահմանափակումները կիրառվել են որևէ այլ նպատակով, քան այն, որի համար դրանք նախատեսված են:

Ըստ էության, կարելի է եզրակացնել, որ վերը նշված հարցադրումը վերաբերում է քաղաքական հայացքների պատճառով Ոսկերչյանին հետապնդման ենթարկելու հանգամանքին:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter