HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Արաքս Մամուլյան

ՄԻԵԴ-ը 2 վճիռ է կայացրել Աբովյանում Լևոն Տեր-Պետրոսյանի նախընտրական շտաբի պետի և ՀՀՇ վարչության անդամի գործով

Մարդու իրավունքների եվրոպական դատարանը մարտի 1-ի գործով երկու նոր վճիռ է հրապարակել՝ արձանագրելով երկու քաղաքացիների՝ Գրիգոր Ոսկերչյանի և Մասիս Այվազյանի ազատության և անձնական անձեռնմխելիության իրավունքի խախտում:

Մարդու իրավունքների եվրոպական դատարանում «Ոսկերչյանն ընդդեմ Հայաստանի» գործի վերաբերյալ առկա տեղեկատվության համաձայն՝ ՄԻԵԴ-ը Հայաստանի կառավարությանը պարտավորեցրել է դիմումատու Գրիգոր Ոսկերչյանին վճարել 3000 եվրո գումար՝ որպես նրա խախտված իրավունքների համար ոչ նյութական վնասի փոխհատուցում:

Ոսկերչյանը եղել է Աբովյանի նախկին քաղաքապետ: Նրա վերաբերյալ ՄԻԵԴ կայքում առկա տեղեկատվության համաձայն՝ 2008 թվականին եղել է Աբովյան քաղաքում նախագահի թեկնածու Լևոն Տեր-Պետրոսյանի նախընտրական շտաբի պետը: Նույն թվականի փետրվարի 19-ին Հայաստանում անցկացված նախագահական ընտրությունների արդյունքների ամփոփումից հետո մասնակցել է Երևանում Լևոն Տեր-Պետրոսյանի կողմնակիցների կողմից անցկացվող հանրահավաքներին, ապա Մարտի 1-ի իրադարձություններից հետո՝ մարտի 8-ին, նրան զանգվածային անկարգություններ կազմակերպելու մեղադրանք է առաջադրվել:

Նույն օրը Երևանի Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանը Ոսկերչյանի նկատմամբ կալանքը որպես խափանման միջոց ընտրելու վերաբերյալ որոշում է կայացրել և մերժել նրա նկատմամբ այլընտրանքային խափանման միջոց՝ գրավ կիրառելու վերաբերյալ միջնորդությունը:

Որոշման դեմ դիմումատուի կողմից տարված բողոքները մերժվել են, և կալանքի ժամկետը պարբերաբար երկարացվել է:

2009 թվականին Ոսկերչյանի վերաբերյալ մեղադրական դատավճիռ է կայացվել, սակայն նրա նկատմամբ կիրառվել է համաներում ու այսպիսով ազատ է արձակվել:

ՄԻԵԴ-ը գտել է, որ ներպետական ատյանները Ոսկերչյանին կալանքի տակ պահելու համար չեն ներկայացրել բավարար հիմնավորումներ:

Մյուս գործով դիմումատուն՝ Մասիս Այվազյանը, ձերբակալվել է 2008-ի մարտի 1-ին՝ Ազատության հրապարակից: Վերջինս ձերբակալման պահին եղել է ՀՀՇ-ի անդամ: Այվազյանն ավելի վաղ բարձրաստիճան ոստիկան է եղել: Ձերբակալումից հետո նրան մեղադրանք է առաջադրվել քրեական օրենսգրքի 316-րդ հոդվածի 1-ին մասով՝ իշխանության ներկայացուցչի նկատմամբ բռնությունը, ապա դատարանի կողմից դատապարտվել է 1.5 տարվա պայմանական ազատազրկման:

Նրա վերաբերյալ գործով ՄԻԵԴ-ը վճռել է, որ կոնկրետ ժամանակահատվածում՝ մայիսի 1-ից մինչև 13-ը դիմումատուն անօրինական է պահվել կալանքի տակ, և ոչ նյութական վնասի փոխհատուցման չափ է սահմանել 4500 եվրո գումարը:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter