HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Սեդա Ղուկասյան

Ֆելիքս Ցոլակյանը Շիրակի մարզում առաջադրվելու է, բայց ՔՊ-ին չի անդամակցելու

Արտակարգ իրավիճակների նախարարի պաշտոնակատար Ֆելիքս Ցոլակյանն արտահերթ խորհրդարանական ընտրություններում «Իմ քայլը» դաշինքի ցուցակով ռեյտինգային ընտրակարգով առաջադրվելու է Շիրակի մարզում։

Այս մասին խորհրդարանում՝ լրագրողների հետ զրույցում, ասաց նա։

«Եթե լուրերը տարածվում են, ուրեմն մի բան կա»,- ասաց նա։

Ինչ վերաբերում է այն դիտարկմանը, որ «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունից հայտարարում են, թե իրենց ցուցակում ընդգրկվում են անձինք, ովքեր իրենց աջակցությունն են հայտնել հեղափոխական թիմին, ու արդյոք ինքն էլ է աջակցություն հայտնել, Ցոլակյանը պատասխանեց․ «Իմ աջակցությունը եղել է ընտրությունների ժամանակ ԱԺ-ում` իմ վերաբերմունքը ցույց տալով»։

Հիշեցնենք, որ վարչապետի՝ մայիսի 1-ի ընտրության ժամանակ Ֆելիքս Ցոլակյանը միակ ՀՀԿ խմբակցության պատգամավորն էր, որը կողմ էր քվեարկել Նիկոլ Փաշինյանի թեկնածությանը։

«Ես ճանապարհ չեմ փակել, իմ վերաբերմունքը արտահայտել եմ ընտրությունների ժամանակ, դրանից հետո հայտարարել եմ, որ ամեն ձևով պատրաստ եմ օգնելու, աջակցելու, հիմա եկել է աջակցելու պահը»,- մանրամասնեց նա։

Ֆելիքս Ցոլակյանը սակայն ընդգծեց՝ չի պատրաստվում համալրել «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության շարքերը։ «Ես կուսակցական չեմ եղել ու չեմ լինելու»,- ասաց նա։

Դիտարկմանը, որ համարվել է պաշտոնաթող նախագահ Սերժ Սարգսյանի մտերիմներից, Ցոլակյանն արձագանքեց․ «Ես երբևէ որևէ մեկի հետ մտերիմ չեմ եղել, ես պետական ծառայող եմ եղել, իմ աշխատանքը կատարել եմ որպես պետական աշխատող, ես որևէ անձնական հարաբերություն չեմ ուեցել որևէ մեկի հետ»։

Հարցին, թե որ իշխանության հետ է ավելի հեշտ աշխատել, նախարարի պաշտոնակատարը նկատեց՝ աշխատողի համար շատ մեծ տարբերություն չկա․ «Բայց այսօրվա դրությամբ ավելի հեշտ է, էն իմաստով, որ հավանաբար ավելի ազատ են իշխանության մեջ աշխատող մարդիկ իրենց գործողություններում, իրենց կարծիքն ասելու հարցում և այլն»։

Դիտարկմանը, որ երբ նախագահ Սերժ Սարգսյանի վերահսկողական ծառայության պետն էր, ազատ չէ՞ր իր աշխատանքը կատարելու և այս պահին կատարվող ստուգումները ժամանակին կանխարգելելու հարցում, Ֆելիքս Ցոլակյանն արձագանքեց․

«Վերահսկողական ծառայությունը ունեցել է իր գործառույթները, իր կանոնադրությունը, որտեղ նշված են կոնկրետ այն ֆունկցիաները, որոնք ծառայությունը կատարում է, առաջինը՝ նախագահի հրամանագրերի և կարգադրությունների կատարման վերահսկողություն և նախագահի հանձնարարականների առանձին կատարում։ Ես չէի կարող իմանալ՝ որտեղ ինչ է կատարվում, դա իմ ֆունցիաների մեջ չէր մտնում, դրա համար ուժային կառույցներ կային»։

Առավել մանրամասն՝ տեսանյութով։

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter