HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Վարչապետի որոշմամբ ստեղծված աշխատանքային խումբը սկսում է ուսումնասիրել Քաջարանի կոմբինատի գործունեությունը

Վարչապետի որոշմամբ ստեղծված խումբը` ձևավորված Բնապահպանության և ընդերքի տեսչական մարմնի, տարբեր մասնագետների և հանրային սեկտորի մասնակցությամբ, սկսում է ուսումնասիրել Քաջարանի պղնձամոլիբդենային կոմբինատի գործունեությունը:

Այսօր խմբի նախնական նիստն էր, որի ընթացքում Բնապահպանության և ընդերքի տեսչական մարմնի ղեկավար Արթուր Գրիգորյանը տեղեկացրեց, որ դիմել է վարչապետին` որոշման մեջ որոշակի փոփոխություններ կատարելու խնդրանքով: Օրինակ` աշխատանքային խմբի գործունեության 12-օրյա ժամկետը երկարացնելու և 30-օրյա դարձնելու առաջարկ է արվել: Բացի դրանից, Արթուր Գրիգորյանը վարչապետին դիմել է ֆինանսավորում ստանալու խնդրանքով, քանի որ աշխատանքային խմբի գործունեության շրջանակներում հնարավորություններ չկան ինչ-որ նյութեր արտերկիր ուղարկելու և լաբորատոր հետազոտություններ իրականացնելու համար, ինչպես նաև աշխատանքային խմբի գործունեության ծախսերը հոգալու համար: Դեռևս պատասխան չկա:

Արթուր Գրիգորյանը տեղեկացրեց, որ արդեն իսկ 3 անգամ Կապանում հանդիպումներ է անցկացրել, և Արծվանիկ, Չափնի, Սևաքար համայնքներից 10-11 հոգանոց խումբ է ձևավորվել` ներգրավվելու աշխատանքային խմբում: Այս նիստին որոշվեց հարցերի շարքը ներկայացնել խումբը ղեկավարող տեսչական մարմնին, որից հետո դրանք կպահանջվեն համապատասխան գերատեսչություններից, և խումբը կսկսի ուսումնասիրել բոլոր փաստաթղթերը: 

Աշխատանքային խմբի անդամները հետաքրքրվեցին, թե ի վերջո ինչ արդյունքներ տվեցին իրենց աշխատանքներn Ամուլսարի նախագիծն ուսումնասիրելուց հետո: Արթուր Գրիգորյանը նշեց, որ ողջ փաթեթն ուղարկել է վարչապետի աշխատակազմին, աշխատանքային խմբի անդամներին և լրատվամիջոցներին` դրանք հանրայնացնելու համար:

Ժամկետների առումով դեռևս տեղեկություններ չունի` կառավարությունը երբ է հանրային քննարկում իրականացնելու իրենց եզրակացություններն ու առարկությունները հետազոտելու համար:

Աշխատանքային խմբի անդամ, բնապահպանական ոլորտի իրավունքի մասնագետ, փաստաբան Նազելի Վարդանյանը նշեց, որ աշխատանքային խումբը հսկայական աշխատանքներ է իրականացնում, սակայն ԲՆ-ն այլ կազակերպություն է ներգրավում Ամուլսարի նախագիծն ուսումնասիրելու համար, ինչը նշանակում է, որ կա´մ կառավարությունը չի վստահում իր երկրի մասնագետներին, ինչը վիրավորական է իրենց համար, կա´մ իրենք անիմաստ աշխատանք են կատարում, եթե իրենց եզրակացությունները հաշվի չեն առնվում:

«Էկոլուր» տեղեկատվական ռեսուրսի ղեկավար Ինգա Զառաֆյանը հարց ուղղեց, թե այս պարագայում ԲՆ-ի հրավիրած կազմակերպությունն ինչ կարգավիճակ ունի, իր եզրակացությունն ինչ կարգավիճակ է ունենալու այն դեպքում, երբ արդեն իսկ կան մի շարք մասնագետների ու կազմակերպությունների եզրակացություններ: Փոխարենը կարելի էր հրավիրել միջազգային փորձագիտական կազմակերպությանը՝ տվյալ խմբի շրջանակներում աշխատելու և եզրակացություններ տալու:

Բնապահպան Լևոն Գալստյանը նշեց, որ ԲՆ «Շրջակա միջավայրի վրա ազդեցության փորձաքննական կենտրոն» ՊՈԱԿ-ից որևէ ներկայացուցիչ չկա: Ըստ Լ. Գալստյանի` դա ամենակարևոր գերատեսչությունն է, այս պարագայում՝ ով որ իրականացրել է Քաջարանի նախագծի փորձաքննությունը, նա պետք է ներկա լինի և պատասխանի աշխատանքային խմբի անդամների հարցերին:

«Կարևորագույն օղակը, ով որ տալիս է փորձաքննության եզրակացություն, ոչ մի ներկայացուցիչ չկա»,- ասաց Լ. Գալստյանը:

«Հետք»-ը Ամուլսարի հանքավայրի ուսումնասիրության խմբի շրջանակներում խնդրել էր տրամադրել մի շարք փաստաթղթեր, օրինակ` «Լիդիան Արմենիա»-ի բաժնետերերի ցանկը, ընկերության կնքած պայմանագրերը կապալառուների հետ, սակայն որևէ փաստաթուղթ աշխատանքային խմբի գործունեության շրջանակներում չտրամադրվեց: Բացի դրանից, «Լիդիան Արմենիա»-ն թույլ չտվեց այցելել հանքավայրի տարածք և լրագրողական տեսալուսանկարահանում իրականացնել: 

«Հետք»-ը հետաքրքրվեց, թե արդյոք մնացած բոլոր մետաղական հանքավայրերի դեպքում ևս վարչապետի հանձնարարականով ստեղծված աշխատանքային խումբը և այդ խմբում ներգրավված լրատվամիջոցները չե՞ն կարողանալու լիարժեք ստանալ փաստաթղթեր և տեսալուսանկարահանումներ կատարել, քանի որ այդպես այլևս ինքնանպատակ է դառնում լրագրողների կամ լրատվամիջոցների ներգրավումը տվյալ խմբում:

Արթուր Գրիգորյանը պատասխանեց, որ դա ընկերության դիրքորոշումն է եղել՝ տարբեր պատճառաբանություններով թույլ չտալ այցելություն իրականացնել հանքավայրի տարածք և չտրամադրել առևտրային գաղտնիք պարունակող փաստաթղթեր, սակայն մամուլը պետք է բարձրաձայնի այդ խոչընդոտի մասին, որպեսզի այն հնչեղություն ստանա:

«Ի պատասխան Ձեր գրության՝ հայտնում ենք, որ ՀՀ վարչապետի 20.07.2018 թվականի թիվ 986-Ա որոշման համաձայն՝  Աշխատանքային խումբն իրավասու է պահանջել ընդերքօգտագործող ընկերությունից /համաձայնությամբ/՝ տվյալ հանքավայրին կամ ընդերքօգտագործման ծրագրին առնչվող  միայն այն փաստաթղթերը և այլ տեղեկատվություն, որոնք անհրաժեշտ են բացառապես Աշխատանքային խմբի 
առջև դրված խնդիրները լուծելու համար՝ այն է՝ ընդերքօգտագործման գործունեության սոցիալ-տնտեսական և բնապահպանական ազդեցությունները պարզելը, հանքաարդյունաբերության ոլորտում առկա բնապահպանական առողջապահական ռիսկերը և խնդիրները վերհանելը և լուծումներ առաջարկելը, 
ինչպես նաև ոլորտը կարգավորող նորմատիվ իրավական ակտերի՝ ՀՀ միջազգային պայմանագրերով ստանձնած պարտավորություններին համապատասխանության իրավավերլուծությունը և համապատասխան առաջարկությունների ներկայացումը:

Մինչդեռ գրությամբ առհասարակ չի պարզաբանվել վերը շարադրված խնդիրները լուծելու առնչությամբ պահանջվող փաստաթղթերի անհրաժեշտությունը:

Վերոգրյալը հաշվի առնելով, նկատի ունենալով նաև այն, որ պահանջվող որոշ փաստաթղթերում առկա են նաև առևտրային գաղտնիքներ, իսկ Ընկերությունը չունի որևիցե երաշխիք, որ նշված տեղեկությունները բանավոր կամ գրավոր ձևով կամ այլ կերպ չեն հրապարակվի կամ փոխանցվի երրորդ անձին, հետևաբար պահաջվող փաստաթղթերի փոխանցումը Ընկերությունը գնահատում է անթույլատրելի»,- պատճառաբանել էր «Լիդիան Արմենիա» ՓԲ ընկերությունն աշխատանքային խմբին ուղարկած պատասխանում: 

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter