
Ալեքսանդր Սարգսյանի որդու դեմ ցուցմունք տված Դավիթ Սիմոնյանը մեղադրվում է թմրանյութի իրացման մեջ
Ալեքսանդր Սարգսյանի որդու դեմ ցուցմունք տված Դավիթ Սիմոնյանը մեղադրվում է թմրանյութ իրացնելու մեջ: Ըստ մեղադրանքի՝ Սիմոնյանը 2017թ. դեկտեմբերի 19-ին` ժամը 13:40-ի սահմաններում, իրացնելու նպատակով Էդուարդ Թոռնիկի Ղազարյանից ապօրինի ձեռք է բերել և պահել ընդհանուր 25.72 գրամ մարիխուաննա տեսակի թմրամիջոց, որից Գոռ Համբարձումյանին ապօրինի իրացրել է զգալի չափերով` 3.56 գրամ քաշով մարիխուաննա տեսակի թմրամիջոց և 0.015 գրամ բուսական մանրացված զանգվածի և ծխախոտի մասնիկների խառնուրդ, Լևոն Սերգեյի Գաբրիելյանին ապօրինի իրացրել է զգալի չափերով 0.42 գրամ քաշով մարիխուաննա տեսակի թմրամիջոց, իսկ մնացած 21.74 գրամ մարիխուաննա տեսակի թմրամիջոցը իրացման նպատակով ապօրինի պահել է իր կողմից վարվող ավտոմեքենայում:
Սիմոնյանի նկատմամբ այս գործի շրջանակներում խափանման միջոց է ընտրվել չհեռանալու մասին ստորագրությունը, սակայն դատարան էր բերվել Ոստիկանության 6-րդ վարչության աշխատակիցների կողմից: Բանն այն է, որ Ալեքսանդր Սարգսյանի որդու վերաբերյալ գործի շրջանակներում, որով Սիմոնյանը տուժողի կարգավիճակ ունի, նրա նկատմամբ պաշտպանության միջոց է կիրառվել:
Սիմոնյանն, ով հայտնի է «Կենտրոնի Կյաժ» մականունով, նախկինում մտերիմ հարաբերություններ է ունեցել Սարգսյանների հետ, Հայաստանում անցկացված ընտրությունների ժամանակ մշտապես Հայաստանի Հանրապետական կուսակցության վստահված անձ է եղել ու գտնվել էր այն ընտրատեղամասում, որտեղ ընտրության էր մասնակցում Ալեքսանդր Սարգսյանի ընտանիքը: Սիմոնյանը մշտապես ընտրատեղամասում տեղի ունեցող միջադեպերի ակտիվ մասնակցիներն էր լինում, ծաղրում ու անհարգալից վերաբերմունք դրսևորում ընտրությունների օրինականության նկատմամբ հսկողություն իրականացնող անձանց նկատմամբ:
Դեռևս 2017-ին նա որպես մեղադրյալ է ներգրավել թմրանյութերի ապօրինի շրջանառության հետ կապված այս գործի շրջանակներում ու տևական ժամանակ գտնվել կալանքի տակ:
Հայաստանում տեղի ունեցած իշխանափոխությունից հետո Սիմոնյանը հանցագործության մասին հաղորդում է տվել իր ընկերոջ` Հայկ Սարգսյանի դեմ՝ նշելով, թե վերջինս 11 տարի առաջ փորձել է իրեն սպանել, և որոշ ժամանակ անց թմրանյութի ապօրինի շրջանառության գործով նրա խափաման միջոց կալանավորումը փոխվել է չհեռանալու մասին ստորագրությամբ:
Սպանության փորձի վերաբերյալ նիստին Դավիթ Սիմոնյանը չի ներկայանում: Դատարանը նրան բերման ենթարկելու որոշում է կայացրել:
Այսօր թմրանյութերի իրացման գործի քննության համար դատարան եկած Սիմոնյանը չցանկացավ լրագրողների հարցերին պատասխանել: Միայն, ի պատասխան հարցերի, նշեց, որ անվտանգության խնդիր ունի, մշտապես ոստիկանության աշխատակիցների հսկողության տակ է:
Թե ինչու չի ներկայանում Ալեքսանդր Սարգսյանի որդու գործով նիստերին, Սիմոնյանը չպատասխանեց, ապա ոստիկանության աշխատակիցների ուղեկցությամբ դուրս տարվեց դատարանի դահլիճից:
Անդրադառնալով թմրանյութերի իրացման մեղադրանքին՝ Սիմոնյանի պաշտպան Գիվի Հովհաննիսյանը մեզ հետ զրույցում նշեց, որ իր պաշտպանյալ առաջադրված մեղադրանքը չի ընդունում: Թե Սիմոնյանն ի՞նչ հարաբերություններ ունի Ալեքսանդր Սարգսյանի որդու հետ, պաշտպանի խոսքով, ինքը չգիտի: պաշտպանը չպատասխանեց նաև հարցերին, թե ինչու է Սիմոնյանըվ մտահոգված իր անվտանգության համար, ինչու է 11 տարի անց որոշել հանցագործության մասին հաղորդում ներկայացնելհայկ Սարգսյանի վերաբերյալ:
Նշենք, որ թմրանյութերի վերաբերյալ գործով դատական նիստն այսօր չկայացավ. Ամբաստանյալներից մեկն, ով ազատության մեջ է, դատարան չէր ներկայացնել, ու դատարանը, նախագահությամբ դատավոր Տաթևիկ Գրիգորյանի հետաձգեց գործի քննությունը:
Այս գործով անցնող անձանց մեկը Էդուարդ Թոռնիկի Ղազարյանն է: Վերջինիս մեղադրանք է առաջադրվել այն բանի համար, որ նա չպարզված ժամանակ և հանգամանքներում իրացնելու նպատակով քննությամբ չպարզված անձից ապօրինի ձեռք է բերել և պահել առանձնապես խոշոր չափերով բուպրենորֆին, հաշիշ և մարիխուաննա տեսակի թմրամիջոցներ, որից խոշոր չափերով ապօրինի իրացրել է Դավիթ Սիմոնյանին:
Մյուս ամբաստանյլալը Գոռ Արմենի Համբարձումյանը մեղադրվում է այն բանում, որ 2017թ. դեկտեմբերի 20-ին, առանց իրացնելու նպատակի, իր անձնական օգտագործման նպատակով Դավիթ Սիմոնյանին ապօրինի ձեռք է բերել և պահել զգալի չափերով` ընդհանուր 3.56 գրամ մարիխուաննա թմրամիջոց:
Մեկնաբանել