HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Արաքս Մամուլյան

Ալեքսանդր Սարգսյանի որդու գործով տուժողը բերման կենթարկվի դատարան

Ալեքսանդր Սարգսյանի որդու՝ Հայկ Սարգսյանի գործով տուժող Դավիթ Սիմոնյանը բերման կենթարկվի դատարան: Այսօր նման որոշում կայացրեց Երևան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Աննա Դանիբեկյանը՝ հաշվի առնելով հանգամանքը, որ Սիմոնյանը պատշաճ ծանուցվել է դատական նիստի օրվա և ժամի մասին, սակայն չի ներկայացել:

Սիմոնյանը, ով հայտնի է «Կենտրոնի Կյաժ» մականունով, նախկինում մտերիմ հարաբերություններ է ունեցել Սարգսյանների հետ, Հայաստանում անցկացված ընտրությունների ժամանակ մշտապես Հայաստանի Հանրապետական կուսակցության վստահված անձ է եղել ու գտնվում էր այն ընտրատեղամասում, որտեղ ընտրության էր մասնակցում Ալեքսանդր Սարգսյանի ընտանիքը, մշտապես փորձում էր ծաղրել ու անհարգալից վերաբերմունք դրսևորում ընտրությունների օրինականության նկատմամբ հսկողություն իրականացնող անձանց նկատմամբ:

Նա հանրությանն առավել հայտնի է 2009 թվականին ՀԱԿ ակտիվիստների դեմ հարձակման գործով, որով դատապարտվել է: Այժմ Սիմոնյանը մեղադրվում է թմրանյութերի ապօրինի շրջանառության հետ կապված գործի շրջանակներում, տևական ժամանակ եղել է կալանքի տակ, սակայն հիմա նրա նկատմամբ ազատազրկման հետ չկապված խափանման միջոց է ընտրված:

Վերջերս որպես Սարգսյանների մտերիմ հայտնի Դավիթ Սիմոնյանը հանցագործության մասին հաղորդում է տվել իր ընկերոջ` Հայկ Սարգսյանի դեմ՝ նշելով, թե վերջինս 11 տարի առաջ փորձել է իրեն սպանել:

Ըստ Սիմոնյանի հաղորդման՝ 2007 թվականի ապրիլի 1-ին Հայկ Սարգսյանի բնակության վայրի՝ Երևան քաղաքի Թումանյան փողոցի թիվ 11 շենքի բնակարանի նկուղային հարկում գտնվող սենյակում Սարգսյանն իրեն հրազենային վնասվածք է պատճառել, սակայն միջադեպից հետո ինքը հայտնել է, թե վնասվածքը մեկ այլ անձ է պատճառել, և դա եղել է անփութության հետևանք: Դրանից հետո քրեական գործը կարճվել է:

Դավիթ Սիմոնյանի  հաղորդումից հետո քրեական գործը նոր երևան եկած հանգամանքի հիմքով վերաբացվել է, այժմ Հայկ Սարգսյանը մեղադրվում է սպանության փորձի և ապօրինի զենք-զինամթերք պահելու մեջ: Նա կալանքի տակ էր, սակայն վերջերս 50 մլն դրամ գրավի դիմաց խափանման միջոցը փոխվել է:

Դատարանում մենք փորձեցինք Սարգսյանից ճշտել, թե վերջինս այս պահին ինչպիսի հարաբերություններ ունի Դավիթ Սիմոնյանի հետ: Սարգսյանը նշեց, որ ինքն անհիմն է համարում իրեն առաջադրված մեղադրանքն ու արդարադատություն է ակնկալում:

Դատական նիստի մեկնարկին դատարանն անդրադարձավ մեղադրող դատախազ Աբգար Առաքելյանին բացարկ հայտնելու վերաբերյալ Հայկ Սարգսյանի փաստաբան Երեմ Սարգսյանի միջնորդության քննությանը:

Նշենք, որ մոտ 1 ամիս առաջ տեղի ունեցած դատական նիստին Սարգսյանը բացարկ էր հայտնել մեղադրողին` նշելով, որ իր պաշտպանյալի նկատմամբ ի սկզբանե անօրինական քրեական հետապնդում է իրականացվել:

Երեմ Սարգսյանի խոսքով` դատարանում քննվող գործը նոր երևան եկած հանգամանքի հիմքով վերաբացվել չէր կարող: Բանն այն է, որ Դավիթ Սիմոնյանի դեմ հարուցված քրեական գործի նյութերն ամբողջությամբ պահպանված չեն, դրանք ոչնչացվել են, ուստի այս պահին հնարավոր չէ պնդել, որ Դավիթ Սիմոնյանի կողմից հայտնած տեղեկությունը նոր երևան եկած հանգամանք է և նախկինում քննության առարկա չի դարձել:

Դատարանը, սակայն, մեղադրողի բացարկի հարցին չէր անդրադարձել` պատճառաբանելով, թե տուժող կողմը դատական նիստին ներկա չէ, և դատարանը նրա դիրքորոշումը չի լսել:

Ու թեև դատավորը նախկինում նման դիրքորոշում էր հայտնել, այսօր դարձյալ առանց տուժողի ներկայության լուծեց միջնորդությունն ու մերժեց դատախազին հայտնած բացարկի վերաբերյալ պաշտպանի միջնորդությունը:

Այսօրվա դատական նիստին փաստաբան Երեմ Սարգսյանը միջնորդեց նաև, որ դատարանը պահանջի 11 տարի առաջ տեղի ունեցած միջադեպի ժամանակ տուժող Դավիթ Սիմոնյանի հագին եղած հագուստը: Բանն այն է, որ ըստ քրեական գործով իրականացված դատաձգաբանական, դատաքիմիական փորձաքննության արդյունքների` Դավիթ Սիմոնյանի հագուստի վրա հանցագործության հետքեր են հայտնաբերվել, հետևաբար հագուստը պետք է իրեղեն ապացույց ճանաչվի:

Նշենք, որ փաստաբանի ձեռքի տակ վերը նշված փորձաքննության եզրակացության պատճեն էր, քանի որ դրա օրիգինալ տարբերակը գոյություն չունի, ինչպես գործի շատ այլ նյութեր:

Մեղադրող դատախազ Աբգար Առաքելյանը միջնորդության վերաբերյալ դիրքորոշում հայտնելիս նշեց, որ 2007-ին հարուցված քրեական գործը ոչնչացվել է:

Դատավոր Աննա Դանիբեկյանն, ի պատասխան, նշեց, որ թեև հայտնի է, որ գործը ոչնչացվել է, դատարանը տվյալներ չունի այն մասին, որ իրեղեն ապացույցները չկան, ուստի այս հանգամանքը ճշտելու համար հետաձգեց դատական նիստն ու հաջորդը նշանակեց նոյեմբերի 21-ին:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter