HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Վահե Սարուխանյան

Գերմանական լրատվամիջոցներն ու ՀՀ դեսպանը մտել են դատական վիճաբանության մեջ

Գերմանական «Շպիգել» հանդեսի եւ «MDR» հեռուստաընկերության համատեղ հետաքննությունից հետո, որում խոսվում էր Գերմանիայում «հայկական մաֆիայի» գոյության եւ տեղի իրավապահների գործողությունների մասին, նախատեսվում էր, որ այսօր «MDR»-ը նաեւ 30-րոպեանոց ֆիլմ է ցուցադրելու նույն թեմայով: Սակայն հեռուստաընկերությունը որոշել է ֆիլմը եթեր չտալ:

Հիշեցնենք, որ լրագրողները, մեջբերելով իրավապահների ներքին գրագրությունը եւ գաղտնի փաստաթղթերը,  նշել էին, որ Գերմանիայում ոչ միայն հայկական մաֆիոզ խմբավորումներ են գործում, այլեւ որ 2015-ից այդ երկրում ՀՀ արտակարգ եւ լիազոր դեսպան Աշոտ Սմբատյանը 2000-ականներին կասկածվել է մի շարք հանցագործությունների մեջ, որոնց վերաբերյալ, սակայն, ոստիկանները հիմնավոր ապացույցներ չեն կարողացել գտնել:

Հրապարակումից հետո «Հետքը» դիմել էր ՀՀ ԱԳՆ-ին, որի մամուլի խոսնակ Աննա Նաղդալյանն արձագանքել էր. «ԱԳՆ-ն կապի մեջ է գերմանական պատկան մարմինների հետ՝ մամուլում հայտնված պնդումների արժանահավատությունը ճշտելու համար: Հաշվի առնելով հարցի նրբությունը եւ հավանական ազդեցությունը մեր դիվանագիտական ներկայացուցչության բնականոն աշխատանքի վրա՝ ներկայումս նպատակահարմար չենք գտնում լրացուցիչ մեկնաբանություն տալ: Հավելյալ տեղեկություն կհայտնենք ըստ արդյունքների»:  

Չէր ուշացել նաեւ դեսպան Սմբատյանի արձագանքը: Նա փաստաբանական գրասենյակի միջոցով դիմել էր Բեռլինի դատարան, որն էլ երկու լրատվամիջոցներին արգելել է դիվանագետի մասին որեւէ բառացի կամ իմաստային պնդում անել եւ տարածել: Դատարանի որոշումը խախտելու դեպքում կնշանակվի մինչեւ 250.000 եվրո տուգանք կամ մինչեւ 6 ամսվա կալանք:

Ինչպես տեղեկանում ենք այսօր «MDR»-ի տարածած հաղորդագրությունից, վերջինիս իրավաբան Դիրկ Կրեմսերը (Dirk Kremser) հայտնել է, որ նախատեսված ֆիլմը դատարանի արգելքի պատճառով չի հեռարձակվելու: Ըստ հեռուստաընկերության՝ քանի որ Ա. Սմբատյանի իրավաբանների խնդրանքով դատարանը գործը քննել է արագացված՝ առանց բանավոր ընթացակարգի, լրատվամիջոցը հնարավորություն չի ունեցել ներկայացնել իր դիրքորոշումը, սակայն պատրաստվում է բողոքարկել որոշումը:  

Լուսանկարում՝ Աշոտ Սմբատյանը

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter