HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Ստեփան Դանիելյան

Օսմանյան կայսրության վերադարձը

Ադրբեջանի արտգործնախարար Մամեդյարովը վերջերս հարցականի տակ դրեց  Հայաստանի սուվերենության ապագան, այսինքն՝ Հայաստանի գոյությունը։ Թուրքիան իր հերթին միարժեքորեն պահանջում է վերականգնել Ադրբեջանի տարածքային սուվերենությունը, սակայն ակտիվ գործողությունները, այդ թվում ռազմական, կատարվում են Մերձավոր Արևելքում, իսկ Բալկաններում մեծացնում է իր դերակատարությունը, միևնույն ժամանակ փորձում է մոբիլիզացնել Արևմտյան Եվրոպայում գտնվող թուրքական համայնքները, նրանց միջոցով տեղի կառավարությունների վրա ճնշումներ գործադրելու համար։ Ակնհայտ է, որ Թուրքիան և Ադրբեջանը ոչ միայն պարզ դաշնակիցներ են, այլև միասնական աշխարհաքաղաքական մեծ պլաններ են մշակում։

Կովկասյան բալանս

Անհնարին է չհամաձայնել Ջոն Բոլթոնի այն տեսակետին, որ Արցախի խնդիրն ունի համաշխարհային նշանակություն։ Ժամանակին պարսկական մի ասացվածք կար՝ ով տիրում է Շուշիին, նա տիրում է Կովկասին։ Իսկ Կովկասը պատմականորեն Ռուսական, Պարսկական և Օսմանյան կայսրությունների միջև ընկած կռվախնձոր էր։ Կովկասը նրանց համար միաժամանակ և՛ կարևոր պաշտպանական բնագիծ էր, և՛ էքսպանսիայի տարածք՝ կախված ժամանակաշրջանից և իրավիճակից։ Այդ երեք մեծ տերությունների միջև խաղաղությունը մեծապես պայմանավորված է Կովկասում տիրող ուժերի հավասարակշռությամբ, իսկ անհավասարակշռությունը պատերազմների պատճառ էր դառնում։ Նրանցից յուրաքանչյուրը Կովկասում ունի իր սուբպարտնյորը կամ էլ իր ազդեցությունը տարածելու համար խաղում է կովկասյան հանրապետությունների միջև առկա կոնֆլիկտների վրա։ Հիմա մեծ տարածաշրջանում սկսվել են աշխարհաքաղաքական փոփոխություններ ու վերադիրքավորումներ, և այն, ինչ կատարվում է Սիրիայում, Իրաքում, իր ազդեցությունն է ունենալու Կովկասի ու, մասնավորապես, Արցախի խնդրի վրա։ Արցախի, և անգամ Հայաստանի ապագան պայմանավորված է Մեծ Մերձավոր Արևելքում սկսված փոփոխություններով։ Սիրիայի խնդրով զբաղվող Աստանայի ֆորմատը՝ բաղկացած Ռուսաստանից, Թուրքիայից և Իրանից, հենց այն քաղաքական ֆորմատն է, որը կզբաղվեր նաև Արցախի կոնֆլիկտով, եթե այստեղ չլինեին Միացյալ Նահանգների ու Եվրոպայի աշխարհաքաղաքական շահերը։

Էրդողանի նոր օսմանիզմը

Աշխարհաքաղաքական անկայունության ժամանակաշրջաններում մեծանում է ռեգիոնալ տերությունների դերը։ Յուրաքանչյուր մեծ երկիր սկսում է նորովի դիտարկել իր դերակատարությունը, ինչպես նաև փոխել իր պետական ու ազգային ինքնության հայեցակարգերը։ Նման խնդրի առջև է կանգնած Թուրքիան, և այն փոփոխությունները, որոնք այնտեղ կատարվում են, ուղղակիորեն վերաբերում են Հայաստանի ապագային։ Պատահական չէ, որ Արցախի խնդրի բանակցություններին ակտիվորեն միացավ նաև Միացյալ Նահանգները, իսկ Ռուսաստանը խիստ զգուշավոր է իրեն պահում։

Քեմալական ազգայնականության ծնունդն առաջին աշխարհամարտից հետո ստեղծված իրավիճակի հետևանքն էր։ Այդ ժամանակ հարցականի տակ էր դրված Թուրքիայի գոյությունը։ Եթե կոմունիստական հեղափոխությունը չլիներ, ապա Ռուսաստանը, ըստ Բրիտանիայի ու Ֆրանսիայի հետ կնքած Սաքս-Պիկո-Սազոնով գաղտնի համաձայնագրի, պետք է իր վերահսկողության տակ վերցներ Կոստանդնուպոլիսը, Բրիտանիան՝ այսօրվա Թուրքիայի Արևելյան նահանգները, իսկ Ֆրանսիան իր հատուկ ծրագրերն ուներ Կիլիկիայում, անգամ Իտալիան Թուրքիայումն ուներ տարածքային հավակնություններ։ Քեմալիզմը Թուրքիան փրկելու ծրագիրն էր, որով Աթաթուրքը հրաժարվում էր օսմանյան ժառանգությունից, այդ թվում նաև՝ տարածքային, փոխարենը վերահսկելով այսօրվա Թուրքիայի տարածքները։

Խորհրդային Միության փլուզումից և Մերձավոր Արևելքում իսլամիզմի զարթոնքի պայմաններում Թուրքիայում նոր ինքնության համար պայքար սկսվեց։ Սկզբից Թուրգուտ Օզալը զգուշորեն կասկածի տակ դրեց քեմալիզմը, այնուհետև Էրդողանը Թուրքիան տարավ դեպի չափավոր իսլամիզմ։ Էրդողանի կուսակցությունը Քաթարի ֆինանսական օժանդակությամբ գործող «Մուսուլման Եղբայրների» գաղափարական մասնաճյուղն է, որի պատճառով Թուրքիայի հարաբերությունները սրվել են Սաուդյան Արաբիայի ու Եգիպտոսի հետ։

Էրդողանի Թուրքիան վերադառնում է օսմանիզմի քաղաքականությանը և տարածքային հավակնություններ է ցուցաբերում իր նախկին տարածքների հանդեպ։ Դա մեծ մասամբ պայմանավորված է քրդական հարցով։ Քեմալական ազգայնականությունը չի կարողանում ի չիք դարձնել քրդական սեպարատիզմը։ Մի կողմից պետք է նոր վերազգային գաղափարախոսություն, իսկ դա Թուրքիայի համար միակն է՝ սուննի իսլամիզմը, մյուս կողմից Թուրքիան կամ պետք է քրդական տարածքներ կորցնի, կամ հակառակ գործընթացը սկսի՝ տարածքային էքսպանսիա։ Այդ հարցի պատասխանը միանշանակ է՝ Թուրքիան սկսել է վարել տարածքային էքսպանսիայի քաղաքականություն։

Ինչու Սաուդյան Արաբիան շնորհավորեց Հայաստանի անկախության տոնը

Այս տարվա սեպտեմբերին Սաուդյան Արաբիայի թագավորն ու գահաժառանգ արքայազնը շնորհավորեցին Հայաստանի անկախության տոնը։ Երկու երկրների միջև դիվանագիտական հարաբերություններ չկան, իսկ միջազգային հարթակներում, Արցախի հարցում Սաուդյան Արաբիան միշտ պաշտպանել է Ադրբեջանի դիրքորոշումը։ Ի՞նչ է փոխվել։

Օսմանյան կայսրությունը հիմնված էր սունի իսլամի գաղափարի վրա, իսկ սուլթանը սունիների խալիֆն էր։ 19-րդ դարում Սաուդյան Արաբիայի անկախության շարժումը հիմնված էր վահաբիզմի վրա, որն «օսմանյան-թուրքական» իսլամը համարում էր սխալ։ Անկախության համար պայքարի այլ տարբերակ տեղի արաբները չունեին, միայն աստվածաբանական տարանջատման միջոցով էր հնարավոր պայքարել անկախության համար՝ չընդունելով թուրքական խալիֆի լեգիտիմությունը։ Քեմալիզմի ժամանակ կրոնական տարբերությունների նրբերանգները երկրորդական էին, սակայն հիմա, երբ Թուրքիան փորձում է պետության հիմքում նորից դնել իսլամը և սկսել է հավակնել իր «պատմական» ժառանգությանը, ներկրոնական պայքարը դարձյալ քաղաքական երանգներ է ստանում։

Այդ պայքարի հետևանքն էր վերջերս Ստամբուլում Սաուդյան Արաբիայի դեսպանատանը «Վաշինգտոն Փոստ»-ի սյունակագիր, թուրքական ծագում ունեցող Սաուդյան Արաբիայի քաղաքացի Ջամալ Հաշոգջիի սպանությունը։ Հաշոգջին «Ալ-Քաիդա»-ի համահիմնադիր Աբդուլա Ազամի մոտ ընկերն էր և երիտասարդ տարիներին դարձել էր «Մուսուլման Եղբայրներ» կազմակերպության անդամ։ Նա ընդգծված հակաիսրայելական դիրքորոշում ուներ և համագործակցում էր պաղեստինյան «ՀԱՄԱՍ»-ի հետ։ Ըստ մամուլում շրջանառվող տվյալների՝ Հաշոգջին ստեղծել է «Դեմոկրատիա Արաբական աշխարհի համար հիմա» կուսակցությունը, որի հիմնական նպատակներից է արաբական երկրներում ընտրությունների միջոցով փոխել իշխանությունները, և ըստ տրամաբանության` խոսքը հենց Սաուդյան Արաբիային է վերաբերում։ Այսինքն` նպատակը Սաուդների դինաստիային իշխանությունից զրկելն է և այդ երկրում, ըստ էության, իշխանության բերելը «Մուսուլման Եղբայրներ» կազմակերպությանը։ Դա նաև Թուրքիայի ծրագրերի մեջ է տեղավորվում, ինչի համար Հաշոգջին սպանվեց հենց Ստամբուլում։ ԱՄՆ նախագահ Թրամփը, չնայած մամուլի ճնշումներին, չի ցանկանում սպանության պատճառով բարդացնել Սաուդների հետ ունեցած հարաբերությունները, սակայն Թուրքիայի և Սաուդյան Արաբիայի հարաբերությունները գնալով ավելի են սրվում։

Սաուդյան Արաբիայի թագավորի և արքայազնի կողմից Հայաստանի անկախության օրը շնորհավորելն այն լավագույն օրինակներից է` հասկանալու համար, թե մեր մեծ տարածաշրջանը որքանով է փոխկապակցված, և ցանկացած իրադարձություն կարող է ազդել ողջ ռեգիոնի վրա։

Արցախի խնդիրն ու տարածաշրջանը

Այն տեսակետը, որ Արցախի խնդիրը կարելի է լուծել Հայաստան-Ադրբեջան լոկալ բանակցությունների միջոցով, թյուր է։ Ցանկացած լուծում ազդելու է ողջ տարածաշրջանի աշխարհաքաղաքական իրավիճակի վրա։ Արցախի խնդիրը թուրք-ադրբեջանական տարածաշրջանային մեծ ծրագրի բաղկացուցիչ մասն է, և ցանկացած պայմանավորվածություն, եթե տեղի ունեցավ Հայաստանի ու Ադրբեջանի կառավարությունների միջև, պետք է միայն այդ համատեքստում դիտարկվի։

Լուսանկարը՝ Էրդողանի Twitter-ի էջից

Մեկնաբանություններ (1)

Գեւորգ Խուդինյան
Հայտնագործություն չեք արել՝ դեռ 1918-ից դա հայտնի է։

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter