HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Լոռու մարզպետ Անդրեյ Ղուկասյանը մամուլի ասուլիս էր հրավիրել՝ լրագրողների պահանջով

Լոռու մարզպետ Անդրեյ Ղուկասյանն այսօր լրագրողներին ներկայացրեց պաշտոնավարման մեկ ամսում կատարած իր աշխատանքները: Անդրեյ Ղուկասյանը Լոռու մարզպետի պաշտոնում նշանակվել է հոկտեմբերի 10-ին: Հիշեցնենք, որ մինչ մարզպետ նշանակվելը նա 4 ամիս աշխատել է Լոռու փոխմարզպետ:  

Այդ ամիսներին Ա. Ղուկասյանն, իր ասելով, ջանացել է թափանցիկ աշխատել: Նա բացատրեց, որ չի սպասել իր աշխատանքային 100 օրվան և ասուլիս է հրավիրել լրագրողների պահանջով: 

Բանախոսը լրագրողներին ներկայացրեց կադրային քաղաքականության իր սկզբունքները: Նշեց, որ մարզպետարանում իր հետ աշխատելու են պրոֆեսիոնալ մարդիկ: Այն մարդիկ, ովքեր չեն համապատասխանում իրենց զբաղեցրած պաշտոնին, աստիճանաբար լքելու են իրենց աշխատանքը: Այս առումով Անդրեյ Ղուկասյանը արդեն աշխատանքից ազատել է մարզպետարանի աշխատակազմի ղեկավարին և առողջապահության ու սոցիալական ապահովության վարչության պետին: Մարզպետը կարևորեց հատկապես մարզպետարանի ներքին աուդիտի բաժնի աշխատանքները։

«Այդ բաժնի կողմից հիմա մարզի 5 դպրոցներում և մեկ սոցիալական ծառայությունում աուդիտ ստուգումներ են իրականացվում: Արդյունքները դեռ չկան», - ասաց մարզպետը: Խոստացավ արդյունքների մասին տեղեկացնել լրագրողներին: Անդրադառնալով երեկ ԱԺ-ում տեղի ունեցած 2019թ. պետբյուջեի քննարկումներին՝ Ա. Ղուկասյանը հայտնեց, որ 2018թ. Լոռու մարզպետարանի բյուջեին հատկացված 11 միլիարդ 943 մլն դրամի դիմաց, 2019թ.-ի բյուջեով մարզպետարանին հատկացվելու է 12 միլիարդ 700 մլն դրամ, որը նախորդ տարվա համեմատ 758 մլն դրամով ավելի է:

Նշեց նաև, որ պետբյուջեից մարզի համայնքներին տրվող դոտացիան 2019թ. ավելանալու է  487 մլն դրամով, կրթության ոլորտին հատկացումները՝ 219 մլն դրամով, մշակույթի ոլորտի հատկացումները՝ 4 մլն դրամով: Անդրեյ Ղուկասյանը հայտնեց, որ հանդիպումներ է ունեցել մարզում շինարարություն իրականացնող կազմակերպությունների ղեկավարների հետ:

Նշեց, որ բոլոր շինարարական աշխատանքերը լինելու են անձամբ իր հսկողության տակ: Որակի ու ժամկետի որևէ խախտում արձանագրվելու դեպքում իր կողմից ձեռնարկվելու են համապատասխան միջոցներ: Մարզպետարանի ենթակայությամբ գործող դպրոցներն ու բժշկական կենտրոնները ևս անմասն չեն կոռուպցիոն ռիսկերից: «Հետք»-ը մարզպետին խնդրեց ներկայացնել այդ հիմնարկներում կոռուպցիոն դեպքերի բացահայտման մոտեցումները:

Անդրեյ Ղուկասյանը հիշեց, որ նախկինում, եթե մեկը բողոքել է բժշկական կենտրոնի տնօրենից՝ կաշառք վերցնելու կամ բարեկամներին իր ղեկավարած հիմնարկում աշխատանքի ընդունելու համար, այդ գրությունը ուղարկվել է հենց տնօրենին: Տնօրենը բացատրագիր է գրել և այնպես է պատասխանել, որ կարդալուց հետո «տպավորություն է ստեղծվել, որ ինքը սուրբ է»: «Հիմա, եթե քաղաքացու բողոքի մեջ կա քրեական խնդիր, էդ գրությունն ուղարկվում է իրավապահ մարմիններին: Դրանով նրանք են զբաղվում: Կոռուպցիայի դեպքեր հայտնաբերելու գործառույթներ մենք չունենք: Ցանկացած ահազանգի դեպքում դրանց տրվում է ընթացք»,- ասաց Ա. Ղուկասյանը: 

Ալավերդու Թումանյան փողոցի այս տարի սկսված կապիտալ վերանորոգման աշխատանքներից դուրս են մնացել մայթերի ասֆալտապատման աշխատանքերը: Աշխատանքների պատվիրատուն տրանսպորտի և կապի նախարարությունն է: Մարզպետին խնդրեցինք հայտնել՝ որն է դրա պատճառը։ «Իմ տեղեկությամբ մայթերը չեն ներառվել կապիտալ վերանորոգման աշխատանքերի մեջ, բայց մենք նորից կճշտենք, թե ինչու են դուրս մնացել, հետո Ձեզ կտրամադրենք տեղեկությունը»,- ասաց Ա. Ղուկասյանը: 

Այսօր Վանաձորի ինֆենկցիոն հիվանդանոցը փակելու լուրը իմանալով՝ աշխատողները իրենց դժգոհությունն են հայտնել։ Ա.Ղուկասյանը պարզաբանեց, որ ինֆեկցիոն հիվանդանոցը, ոչ թե փակվում, այլ տեղափոխվում է նորաբաց բժշկական կենտրոն: Այդ ամեն ինչը միմյանց մոտիկ լինելու և ծախսերը կրճատելու համար է արվում: 

«Ինֆեկցիոն հիվանդանոցի տեղափոխումը քննարկման փուլում է, և ոչ ոք չի պատրաստվում հիվանդանոցը փակել, խոսքը գնում է տեղափոխելու մասին»,- բացատրեց Ա. Ղուկասյանը: Պնդեց, որ հիվանդանոցը տեղափոխելու հետ կապված ռիսկեր չկան: Նա վստահեցրեց, որ նոր հիվանդանոցում կա հնարավորություն առանձին մուտքով ինֆեկցիոն բաժանմունք ստեղծելու համար:  

«Նույն հաստատությունում ինֆեկցիոն հիվանդանոցին տրվելու են մեծ առավելություններ: Այլ մասնագետների խորհրդատվության կարիք ունենալու դեպքում, հիվանդը տեղում անմիջապես կստանա այդ խորհրդատվությունը: Դա կբարձրացնի բուժման որակը»,- ասաց Ա. Ղուկասյանը: Հիվանդանոցի 70 աշխատողների կրճատման մասին հարցին պատասխանելով՝ մարզպետը ասաց, որ տեղափոխման դեպքում հիվանդանոցի որևէ աշխատող չի կրճատվելու: 

«Չկա նման քննարկում»,- ասաց նա և չբացառեց, որ շենքային վատ պայմանների պատճառով Վանաձորի թիվ 1 պոլիկլինիկան կտեղափոխվի Նարեկ հիվանդանոցի մասնաշենք:  

Դատարկված առողջապահական հիմնարկների շենքերը, մարզպետի ասելով, կանցնեն պետական գույքի կառավարման կոմիտեի ենթակայության տակ։ Վերադառնալով հրատապ ծրագրով այս տարի մարզին հատկացված 458 մլն դրամ նախատեսված ծախսերի մասին հարցին՝ մարզպետը տեղեկացրեց, որ հրատապով հատկացված գումարներով մարզպետարանի ֆեյսբուքյան էջում տեղադրվել են 39 ծրագրեր: Դրանց մի մասի մրցույթները հայտարարված են, հաղթողներ կան, և արդեն աշխատանքերը ընթացքի մեջ են: 

«Ծրագրերի մի մասը այս տարի կավարտվեն, մի մասը՝ հաջորդ տարի: Եղանակային պայմաններից ելնելով՝ շինարարական աշխատանքներ կան, որ կկատարվեն գարնանը: Հրատապ ծրագրերը ընդունելիս առաջնահերթությունը տրվել է խմելու և ոռոգման ջրի խնդիրներին, ջեռուցման աշխատանքերին, կան նաև փոքր ասֆալտապատման ծրագրեր»,- ասաց մարզպետը։

Ա. Ղուկասյանին հարց ուղղվեց նաև պաշտոնին զուգահեռ բիզնեսով զբաղվելու մասին։ «Ես մեկ անգամ ևս կրկնեմ, տարածքը, որտեղ ես պետք է իրականացնեմ բիզնես ծրագիր, իմ սեփականությունն է, ձեռք է բերվել մինչև հեղափոխությունը, հիմա շինարարությունն իրականացնում է այլ կազմակերպություն, շինարարության հետ ես առնչություն չունեմ: Իմ դեպքում պաշտոնական դիրքի որևէ չարաշահում բացառվում է, կարող եք բոլորդ հանգիստ լինել այդ առումով»,- ասաց Ա. Ղուկասյանը: Լրագրողը Ա. Ղուկասյանին հիշեցրեց նաև, մարզպետի աշխատանքից հետո իր մասնագիտական՝ ատամնաբույժի աշխատանքով զբաղվելու վերաբերյալ քննարկումները։ 

«Այո, ես փոխմարզպետ եղած ժամանակ էլ եմ ասել, որ բուժման տեսակներ կան, որ երկար են տևում: Ես պետք է ավարտեմ այդ բուժումները: Հիմա էլ ոչ աշխատանքային ժամերին լինում են նման դեպքեր, սակայն, ես բիզնես նպատակներ չեմ հետապնդում: Նախապես վճարված և անավարտ մնացած աշխատանքներ են դրանք, հիմա ես իմ աշխատանքները ավարտում եմ»,- պարզաբանեց մարզպետը: 

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter