HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Հայաստանի վերամիավորման միություն. Վալտեր եւ Սուրեն Մելիքյան եղբայրներ

սկիզբը

Վալտեր Հունանի Մելիքյանը ծնվել է 1939 թվականին, Շամշադինի շրջանի Բերդ ավանում: Սովորել է Երեւանի պոլիտեխնիկական ինստիտուտում: 60-ականների առաջին կեսից սկսել է զբաղվել ազգային-հայրենասիրական գործունեությամբ: Եղել է 1963թ․ հիմնադրված Հայաստանի երիտասարդների միություն կազմակերպության անդամ։ 1965-66 թթ․ ընթացքում պետական անվտանգության կոմիտեի կողմից երկու անգամ պաշտոնական նախազգուշացում է ստացել, սակայն չի դադարեցրել իր գործունեությունը: 1969 թ․ մասնակցել է Հայաստանի Վերամիավորման Միության (ՀՎՄ)  կազմակերպման կազմավորման աշխատանքներին: Նա է գրել կազմակերպության ծրագիրը։  ՀՎՄ-ի ղեկավարն է եղել: Կալանավորվել է 1971 թ. փետրվարին: Դատապարտվել է 4 տարի ազատազրկման: Պատիժը կրել է Մորդովիայի քաղաքական բանտարկյալների համար նախատեսված կալանավայրերում: Ազատ արձակվելուց հետո վերադարձել է Հայաստան: Նրան արգելել են բնակվել Երեւանում: Ստիպված է եղել տեղափոխվել Բերդ, որտեղ էլ 2017 թ․ փետրվարին վախճանվել է:  Ակտիվորեն մասնակցել  է  1989-92 թթ.  Հայաստանի սահմանների պաշտպանության գործին: Եղել է Տավուշի ինքնապաշտպանական ուժերի կազմակերպիչներից մեկը:

Սուրեն Բալասանի Մելիքյանը ծնվել է 1948 թ., Շամշադինի շրջանի Բերդ ավանում:

Դեռ դպրոցական տարիներից է զբաղվել ազգային-հայրենասիրական գործունեությամբ:  Հիմնել է «Հույս»  պատանեկան կազմակերպությունը: Ուսումը շարունակելու նպատակով Երեւան տեղափոխվելուց հետո, պոլիտեխնիկական ինստիտուտի առաջին կուրսում ուսանելիս` 1969 թ. կազմակերպել է ուսանողներից բաղկացած գաղտնի կազմակերպություն, որի գլխավոր նպատակը Ղարաբաղը եւ Նախիջեւանը Խորհրդային Հայաստանին վերամիավորելու գործն էր: Հետագայում այս ուսանողական կազմակերպությունը միավորվել է Հայաստանի երիտասարդների միություն անվանմամբ հանդես եկող մեկ այլ կազմակերպության հետ, որին անդամակցում էին ընդհատակյա երկարամյա պայքարի փորձ ունեցող մարդիկ եւ վճռվել է, որ միավորված կազմակերպությունը հանդես է գալու Հայաստանի վերամիավորման միություն անվամբ:

Սուրեն Մելիքյանը կալանավորվել է 1971 թ. մայիսին: Դատապարտվել է 3 տարի ազատազրկման: Պատիժը կրել է Մորդովիայի քաղաքական բանտարկյալների համար նախապատրաստված  կալանավայրերում:  Ազատ  արձակվելուց հետո վերադարձել է Երեւան, եղել է ոստիկանական հսկողության տակ: Փորձել է շարունակել կիսատ մնացած ուսումը, սակայն, երրորդ կուրսից շարունակելու փոխարեն, պարտադրել են վերսկսել առաջին կուրսից: 1989-92 թվականներին ակտիվորեն մասնակցել է Հայաստանի սահմանների պաշտպանության, ինքնապաշտպանական ջոկատների կազմավորման գործին: Ապրում եւ աշխատում է Երեւանում:

                                    Պատմում է Սուրեն Մելիքյանը

(Ինչպես գրքում առկա մյուս հուշ-պատմությունները, այնպես էլ այս մեկը ձայնագրվել, ապա՝ վերծանվել ու վերջնական տեսքի է բերվել մեր կողմից։ Այն առաջին դեմքով է ներկայացվում անհատական զգացմունքները հնարավորինս լավ տեղ հասցնելու նպատակով)

Ամեն ինչ սկսվեց 1963 թ. հունվար ամսին: Մեծ եղբորս՝ Վալտերի, հրավերով մեր տուն եկան այն ժամանակ Հայաստանի երիտասարդական գործող միության խորհրդի անդամ, պոլիտեխնիկական ինստիտուտի մեխանիկայի ամբիոնի ավագ դասախոս, «Քյոխ» մականունով Զավեն Մարտիրոսյանը եւ նույն ինստիտուտի մաթեմատիկայի ֆակուլտետի ավագ դասախոս Լեւոն Դարբինյանը: Այդ օրն առաջին անգամ նրանցից լսեցի Հայոց ցեղասպանության, մեր կորցրած երկրի, մեր ժողովրդի ներկա իրական վիճակի մասին: Սա ինձ համար նորություն էր եւ բոլորովին չէր համապատասխանում այն ամենին, ինչ կարդացել էի գրքերում կամ իմացել դպրոցում: Այդ օրն իմ մեջ մեծ հեղափոխություն կատարվեց: Եթե մինչ այդ պատրաստվում էի` դպրոցն ավարտելուց հետո գնալ Սուվորովյան ուսումնարան եւ ազնվորեն ու նվիրումով ծառայել Սովետական Միությանը, ապա այդ օրվանից ապագայի հետ կապված բոլոր ծրագրերս փոխվեցին: Նրանց գնալուց երեք ամիս հետո, Շամշադինի շրջանի Բերդ քաղաքում արդեն կազմակերպել էի յոթ հոգուց բաղկացած «Հույս» պատանեկան ընդհատակյա կազմակերպությունը: Փառք Աստծո,  այդ  յոթն  էլ  այսօր  կենդանի  են:  1965  թ.  ապրիլի  24-ին Բերդում կարողացանք մեծ ցույց կազմակերպել: Այդ օրը Բերդի մշակույթի տան մոտ` այդ տարիներին հայտնի ծանրորդ Նավթալյանն իր ուժն էր ցուցադրում: Մեծ բազմություն էր հավաքվել: Մենք այդ միջոցառումը ցույցի վերածեցինք: Եղան Եղեռնին նվիրված ելույթներ, բանաստեղծություններ արտասանվեցին:

1966 թ. դպրոցն ավարտելուց հետո մեր «Հույս» կազմակերպությունն ընդլայնեցինք` խմբակներ ստեղծելով շրջանի այլ գյուղերում: Մեր տարածքում` Կարմիրի, Գյադաբեկի եւ Շամշադինի շրջանների միջեւ երկու ադրբեջանական գյուղ կար: Դրանք գտնվում էին մեր շրջանի մեջ, բայց բնակեցված էին ադրբեջանցիներով: Այդ գյուղերը չունեին ոչ կոլխոզ, ոչ սովխոզ եւ ոչ էլ` գյուղական խորհուրդ: Պատերազմի տարիներին աչքից հեռու այդ տարածքներում բնակություն էին հաստատել ադրբեջանցի ղաչաղները, որոնք մեր գյուղերից աղջիկներ առեւանգելով, թալան ու գողություններ անելով էին ապրում: Որոշել էինք այդ գյուղերն այրել ու քշել բնակիչներին:

10-րդ դասարանում մեր խմբակներից մի քանիսը մատնության հետեւանքով բացահայտվեցին: Խմբակներում ներգրավված յոթ գերազանցիկներ, որոնք պետք է կարմիր դիպլոմ ստանային, զրկվեցին դրանից: Մատնիչը հետագայում` խորհրդային տարիներին բարձր պաշտոններ էր զբաղեցնում ոստիկանության համակարգում: Անկախ Հայաստանում   նույնպես   աչքաթող   չարվեց,   շարունակեց   պաշտոնավարել:   Բարձր պաշտոններ զբաղեցրեց մաքսայինում, դարձավ Երեւանի քաղաքապետի գլխավոր խորհրդական: Մինչ օրս էլ պաշտոնավարում է: Ուսումս շարունակելու նպատակով տեղափոխվեցի Երեւան: Ընդունվեցի պոլիտեխնիկական ինստիտուտ:  Արդեն մասնաճյուղեր ունեինք Իջեւանում, Կարմիրի շրջանում, սկսեցինք հիմնվել Երեւանում:

«Յոթ հայրենասերների» դատավարությունից հետո Հայաստանի երիտասարդական միության (ՀԵՄ) անդամներից ոմանք հրաժարվեցին իրենց պայքարից, իսկ ոմանք էլ հայտարարեցին, որ անիմաստ է ընդհատակյա գործունեությամբ զբաղվելը, միեւնույն է` բռնվելու ենք, եւ հարկավոր  է  ընդհատակյա  կազմակերպված  պայքարը  փոխարինել  անհատական պայքարով: Այսինքն` հարկավոր է լավ կրթություն ստանալ, ինտեգրվել սովետական իրականությանը եւ, գործող օրենքի շրջանակներում, հայրենասիրական գործունեություն ծավալել: Նրանց սկսեցինք անվանել «կուլտուրականներ», որովհետեւ շեշտը դնում

էին մշակութային գործունեության, հայ մշակույթի քարոզչության վրա ու մերժում օրենքից դուրս կազմակերպված ցանկացած գործունեություն` համարելով վտանգավոր ու անիմաստ:

Ուսմանս զուգահեռ` վիճակագրական վարչությունում պահակ էի աշխատում, եւ մեր ժողովները տեղի էին ունենում այդ վարչության ավտոպարկում: Մի անգամ ընկերներիցս մեկն ասաց, որ մեզ նման գործող այլ կազմակերպություններ կան, եւ հնարավոր է նրանց հանդիպել: Գնացինք հանդիպման: Հանդիպմանը եկել էին Բուդաղյան Յուրան, Սարգսյան Սերոբը եւ որքան էլ ծիծաղելի կարող է հնչել` եղբայրս` Վալտեր Մելիքյանը: Ահա այս խմբով էլ հետագայում դատապարտվեցինք: Հանդիպումից հետո վճռեցինք միավորվել: Վալտերենց կազմակերպությունը դեռ շարունակում էր կոչվել Հայաստանի երիտասարդական միություն: Միավորվելուց հետո մեր ընդհանուր կազմակերպությունն անվանեցինք Հայաստանի վերամիավորման միություն:

Խմբակ ունեինք նաեւ Ղարաբաղում: Ահա ղարաբաղյան այդ խմբակին պետք է ուղարկվեին մեր ծրագիրը, կանոնադրությունը եւ այլ նյութեր: Որոշվեց, որ դրանք պետք է տանի Արամայիս Խաչատրյանը: Ես ի սկզբանե կասկածում էի նրան: Ցավոք, հետագայում պարզվեց, որ կասկածներս հիմնազուրկ չեն: Հենց նա էլ մատնել էր մեզ: Այս մատնության հետեւանքով 1971 թ. փետրվարին ձերբակալեցին տղաներին, իսկ ինձ` մայիսին: Որպես կալանավորման դեմ բողոք` հացադուլ հայտարարեցի, որը տեւեց 12 օր: Տեղի ունեցող հարցաքննություններից արդեն կարողացել էի հասկանալ, թե ինչ է հայտնի նրանց: Որոշեցի, որ մեր ծավալած գործունեության մասին լռելը եւ ցուցմունքներ չտալն իմաստ չունի: Բացի մարդկանց անուններ տալուց, մնացած ամեն ինչի մասին կարելի էր խոսել: Քանի որ չորսս էինք ձերբակալված, հայտարարեցինք, որ հենց այս չորսս էլ եղել ենք, իսկ մնացած բոլորն, ովքեր առնչվել են մեզ, ընդամենը մեր ընկերներն են եւ տեղյակ չեն եղել մեր ընդհատակյա գործունեությունից: Կարողացանք այնպես անել, որ մեզանից բացի` էլ ոչ ոք չկալանավորվի: Մեր տղաներից մեկին` Գեւորգյան Յուրային, որ գյուղինստիտուտի մեր մասնաճյուղի ղեկավարն էր, ահաբեկեցին,  որ  ընդունի  իր  կապը  մեզ  հետ,  ծեծեցին,  բայց  ոչ  մի  անուն  չտվեց.  հեռացրին ինստիտուտից: Սարգսյան Աշոտին ծեծեցին` հոգեկան խանգարում ստացավ: Շատերին տարատեսակ հալածանքների ենթարկեցին, բայց այդպես էլ չկարողացան, մեր չորսից բացի, նոր մարդ ներգրավել:

Մեզ  դատեցին երկու անգամ. մեկ անգամ` 206-1 հոդվածով, իսկ մի քանի ամիս հետո` 65, 67 հոդվածներով: Այդպես էլ պարզ չեղավ, թե ինչ խաղ խաղացին. միայն մեզ մեղսագրված 206-1 համեմատաբար մեղմ հոդվածը վերաորակավորեցին 65, 67 հոդվածների: Դատից հետո ՊԱԿ-ի մեկուսարանից մեզ տեղափոխեցին Երեւանի բանտ: 1971- 72 թթ. ձմեռը հատկապես ցուրտ էր: Ահա այդ ցուրտ պայմաններում մեզ բաժանեցին խցերի վրա` յուրաքանչյուրիս մեկ խուց, առանց ապակի լուսամուտներով, առանց ջեռուցման, առանց տաք ծածկոցների ու առանց ներքնակի: Ծանրագույն պայմաններ էին: Այդ խցերը նախատեսված էին կալանավորներին էտապ տանելուց առաջ կարճ ժամանակահատված, առավելագույնը` մեկ-երկու ժամ պահելու համար, բայց մեզ այնտեղ օրերով պահեցին: Ամբողջ գիշեր խցում վազում էինք, որ չսառչենք: Երեւանի բանտից մեզ տեղափոխեցին Թբիլիսիի բանտ: Կարծես, դրախտ էինք ընկել: Ե՛վ մաքրությունն էր տեղը, ե՛ւ ուտելիքը: Հետագայում պարզեցինք, որ բանտի պետը` իմանալով, որ քաղբանտարկյալներ ենք, մեզ համար հատուկ պայմաններ էր ստեղծել: Տասն օր օգտվել ենք նրա «հյուրասիրությունից»: Ողջ կալանավորման ընթացքում դրանք մեր ամենաերջանիկ օրերն են եղել. չորսս` միասին, նորմալ ու մաքուր խցում եւ կարգին ուտելիքով:  Այնուհետեւ` Ռոստովի բանտ, որտեղ յուրաքանչյուր երկու-երեք կալանավորին մեկ մահճակալ էր հասնում: Մի խոսքով, տեսանք էտապը` իր ողջ պերճանքով հանդերձ: Էտապը յուրաքանչյուր կալանավորի համար դաժանագույն փորձություն է: Հասանք Մորդովիա, եւ մեզ բաժանեցին տարբեր գաղութների վրա: Մի քանի ամսից մեզ մոտ բերեցին Բաբայան Ասատուրին, Գյունաշյան Շիրակին, Հեքիմյան Գեւորգին եւ իմ հարազատ ընկեր Սերոբ Սարգսյանին, որին բոլորս` իր ազնվության ու մաքրության համար շատ էինք սիրում: Սերոբն օրը երեք տուփ մախորկա էր ծխում:

Բաբայան Ասատուրը` որպես պատերազմի մասնակից եւ հաշմանդամ, չէր աշխատում: Նրան ձերբակալությունից հետո ինչ-որ դեղ էին սրսկել, եւ նրա մարմնի կեսը տարեկան մի քանի անգամ անշարժանում էր: Մենք էինք կերակրում նրան: Փոխարենը` առողջ  ժամանակ  նա  էր  հետեւում,  որ  մենք  լավ  սնվենք:  Գաղութի  տարածքում` ծաղիկների հետ նաեւ կանաչի էր աճեցնում: Մեր բաժին ճաշին կանաչի, մարգարին եւ այլ համեմունքներ էր ավելացնում: 

Գաղութում մտերմացա այսօր արդեն շատ հայտնի այլազգի քաղբանտարկյալների հետ: Մենք աշխատում էինք կարի արտադրամասում: Հայերից միայն Գյունաշյան Շիրակն էր, որ արտադրամասում չէր աշխատում: Երկու պատերազմի հանցագործների հետ միասին, ամեն օր նախաճաշից հետո նրան տանում էին ոչ հեռու գտնվող կանանց գաղութ` հյուսնություն անելու: Ճաշում էր այն տեղ, ընթրում մեզ հետ:

Պատժաչափս ավարտելուց հետո ազատ արձակվեցի եւ Հայաստան վերադարձա Մոսկվայով: Մոսկվայում ինձ դիմավորեցին  Շիմոն Գրիլյուսը, Տատյանա Սերգեեւնա Խոդորովիչը, Գալինա Սալովան, Ելենա Սիրոտենկոն, Գրիգորի Պոդյապոլսկին: Երեւան վերադառնալուց հետո պահպանում էի իմ կապերը մոսկովյան իրավապաշտպանների հետ: Կապը հիմնականում Ելենա Սիրոտենկոյի միջոցով էր իրականացվում:

Հայաստանում ինձ անմիջապես վերցրին վարչական հսկողության տակ: Երեկոյան 8-ից հետո տնից դուրս գալու, քաղաքից բացակայելու, հասարակական վայրերում գտնվելու իրավունք չունեի:

Հայրիկյան Պարույրը կալանավայրից առաջին անգամ վերադառնալուց հետո այցելել էր ծնողներիս: Նա կրկին կալանավորված էր, եւ ես էլ որոշեցի այցելել նրա ծնողներին: Գիտեի, որ Սովետաշենը փոքրիկ բնակավայր է, եւ բոլորն իրար ճանաչում են: Տրանսպորտով հասա Սովետաշեն ու պատահական մարդկանցից սկսեցի հետաքրքրվել, թե որն է  Պարույրենց տունը: Այդպես էլ ոչ ոք նրանց տան տեղը ցույց չտվեց ինձ: Ձեռնունայն վերադարձա: Հետագայում գտա Սովետաշենում ապրող մի ծանոթի, ասացի, որ ցանկանում եմ այցելել Պարույրի ծնողներին: Այդ տարիներին մարդկանց մեջ վախն այնքան մեծ էր, որ նա առաջարկեց ինձ` Սովետաշեն գնալ իրարից առանձին, որ մեզ միասին չտեսնեն: Ասաց, որ ինքը գնալու է առջեւից, ես պետք է հետեւեմ իրեն, Պարույրենց տան մոտ ինքը մի պահ կկանգնի եւ հայացքով կշրջվի դեպի տունն ու կհեռանա: Նրա այդ շարժումներից ես պետք է կռահեի, որ հենց դա է Պարույրենց տունը:

Այդպես էլ արեցինք: Ծանոթացա Պարույրի ընտանիքի անդամների հետ: Հայրը` Արշավիր Հայրիկյանը, փառավոր մարդ էր: Սիրով եմ հիշում նրան: Այդ տարիներին մարդիկ  վախով  էին  շփվում  մեզ  հետ:  Հարսանիքների,  կնունք-ծնունդների,  նման  այլ միջոցառումների ժամանակ խուսափում էին մեզանից: Կարծես վախենում էին, թե մեզ հետ երկու բառ փոխանակելու համար իրենց կկալանավորեն: Ցանկություն հայտնեցի գրանցվել քեռուս տանը, ասաց. «Ա՛յ տղա, ի՞նչ է, ուզում ես, որ մեզ տնով-տեղով Սիբիր աքսորե՞ն»: Ոչ ոք չհամաձայնեց գրանցման հարցում աջակցել ինձ: Իր տանն ինձ գրանցեց պոլիտեխնիկական ինստիտուտի դոկտոր Կիմ Հոբարյանը:

Ուսումս շարունակելու համար հանձնեցի համապատասխան քննությունները, բայց երրորդ կուրսից ուսումս շարունակելու փոխարեն` ստիպեցին կրկին սկսել առաջին կուրսից: 1975 թվականից հետո, կարելի է ասել, անցել եմ անհատական գործունեության: Կազմակերպությունների մեջ չեմ եղել, միաժամանակ` ընկերներիս հետ կապերս չեմ խզել: Դեպքից դեպք ՊԱԿ են հրավիրել, հարցաքննել են Ստեփան Զատիկյանի մոսկովյան մետրոյի պայթեցման գործով: Այդպես շարունակվեց մինչեւ 1988 թվականը, երբ կրկին վերսկսեցի իմ ակտիվ գործունեությունը: Կազմակերպում էի մեր շրջանի սահմանների պաշտպանության գործը, զբաղվում էի զենքի պատրաստմամբ ու հայթայթմամբ. մի խոսքով` այն ամենով, ինչով պետք է զբաղվեի: Նոր ժամանակներ էին:

Այն մարդիկ, որոնք հեգնում էին մեզ, կազմակերպում էին մեր ընտանիքի անդամների նկատմամբ հալածանքները, դարձան հայրենասերներ ու հայրենիքի պաշտպաններ: Պատկերացրեք, գյուղում այսպիսի դեպք է տեղի ունեցել. երբ մենք` եղբայրներով դատապարտված էինք,  հայրս տան մոտ նստած է լինում, ինչ-որ սրիկաներ մի դույլ հող են բերում` դնում առաջը, ասելով. «Տղաներդ հող են ուզում, ա՛ռ, տար տուն, կեր` կշտացիր»: Ղարաբաղ ուզելը, Նախիջեւան ուզելը Հայաստանում հեգնանքի արժանի մի բան էր: Փառք Աստծո, եկան նոր ժամանակներ, եւ մարդիկ փոխվեցին: Սա նաեւ մեր աշխատանքի արդյունքն է:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter