HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Ամալյա Մարգարյան

Հայրիկ Սարդարյանը հացադուլ է հայտարարել՝ Ֆրանսիայից պահանջելով վերականգնել իր հայրական իրավունքը

42-ամյա Հայրիկ Սարդարյանը Հայաստանում Ֆրանսիայի դեսպանատան դիմաց հացադուլ է հայտարարել՝ պահանջելով դեսպանի հետ հանդիպում: Նա պահանջում է վերականգնել իր հայրական իրավունքը, որից Ֆրանսիան իրեն զրկել է, ապա արտաքսել երկրից:

Հայրիկ Սարդարյանը  2009թ. տեղափոխվել է Ֆրանիսա: Վաճառելով հայրական տունը՝  երկու տարի հետո կնոջը և երկու երեխաներին ևս տարել է իր մոտ՝ Ֆրանսիայի Ստրասբուրգ  քաղաք: Կնոջ եղբայրը՝ Կարեն Սահակյանը և մորաքրոջ տղան՝ Հրաչ Կարախանյանը, մի քանի տարի հետո նույնպես տեղափոխվել են Ստրասբուրգ և համատեղ ապրել իրենց հատկացված բնակարանում: «Նրանք սկսեցին մեզ հատկացված բնակարանում ապօրինի առևտուր անել, ես չէի ընդունում, ասում էի՝ էս երկիրը մեզ ընդունել է, աշխատանք տվել: Սկսեցինք վիճաբանել, նրանց ասում էի, որ դուրս գան իմ տնից»,- պատմում է Հ. Սարդարյանը:

Հարազատների միջև վիճաբանությունը վերածվել է ծեծկռտուքի, որոշ ժամանակ հետո Հայրիկը բողոքարկել է Մակոն քաղաքի ոստիկանություն: Բողոքելուց հետո տուն չի վերադարձել՝ վախենալով, որ կնոջ եղբայրներն իրեն նորից կվնասեն:

«Մի քանի անգամ ոստիկանություն բողոքելուց հետո ավագ որդիս ինձ հետ խոսեց, ասաց՝ պապ, քեզ որոշել են վնասեն, հետ չգաս: Պարզվեց, որ կինս էլ բողոքել է իմ դեմ՝ նշել, թե ագրեսիվ եմ, կռիվ եմ անում, ջղայնանում երեխաների վրա: Դատարանի որոշմամբ ինձ արտաքսեցին Ֆրանսիայից՝ զրկելով հայրական իրավունքից»,-ասում է Հայրիկը:

Հայրիկը մոտ 2 տարի իր երեխաներին չի տեսել, կապի որևէ միջոց չունի:

«Ես Ֆրանսիային վնաս չեմ տվել, մի՞թե կարելի է ծնողին զրկել իր երեխաներից»,- հարցնում է Հայրիկ Սարդարյանը, ապա հավելում, որ զրկված է ոչ միայն երեխաներից, այլև ապրելու տեղ չունի, քանի որ մեկնելուց առաջ վաճառել է երկու տունը:

Հացադուլը սկսել է այսօր առավոտից: «Հետք»-ի հետ հետ զրույցում նա հայտնեց, որ եթե իր պահանջը չկատարվի և դեսպանն իր հետ չզրուցի հայրական իրավունքը վերականգնելու հարցով, ինքը պատրաստվում է ոտքերը գամել:

«Հետք»-ի հետ զրույցից հետո Հայրիկ Սարդարյանին են մոտեցել ոստիկանության աշխատակիցները եւ հացադուլ իրականացնողից պահանջել այլ վայր տեղափոխվել՝ նշելով, թե դեսպանատան առջև չի թույլատրվում: Հայրիկ Սարդարյանը պնդում է, որ շարունակելու է հացադուլը:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter