HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Սեդա Ղուկասյան

ԱՆ-ն առաջարկում է օրենքով ապահովել կառավարության նիստերի դռնբաց լինելը

Արդարադատության նախարարությունն առաջարկում է օրենքով ամրագրել, որ կառավարության նիստերը դռնբաց են լինելու: Նման նախագիծ հրապարակվել է E-draft.am-ում. ԱՆ-ն առաջարկում է փոփոխություններ «Կառավարության կառուցվածքի և գործունեության մասին» օրենքում:

Գործող օրենքում ամրագրված է, որ կառավարության նիստերը դռնփակ են, վարչապետի որոշմամբ նիստի մի մասը կարող է անցկացվել դռնբաց: Փոփոխությամբ առաջարկվում է ճիշտ հակառակը՝ կառավարության նիստերը դռնբաց են, վարչապետի որոշմամբ նիստն ամբողջությամբ կամ դրա մի մասը կարող է անցկացվել դռնփակ:

Առաջարկվում է նաև ընդլայնել վարչապետի աշխատակազմի ղեկավարի լիազորությունները՝ ամրագրելով, որ վարչապետի որոշման հավելվածը ստորագրում է վարչապետի աշխատակազմի ղեկավարը՝ դրանով հաստատելով, որ տվյալ հավելվածը վարչապետի ընդունածն է:

Առաջարկվում է օրենքում ավելացնել նաև դրույթ, ըստ որի փոխվարչապետի որոշումները, ինչպես նաև դրանց հավելվածները ստորագրում է փոխվարչապետը:

Նախագծում նշվում է, որ նախագծի ընդունման պարագայում կառավարության նիստերը կլինեն դռնբաց, իսկ կառավարության և վարչապետի որոշումների հավելվածները ստորագրելու իրավազորությամբ կօժտվի վարչապետի աշխատակազմի ղեկավարը, ինչն իր հերթին «էապես կբարելավի կառավարության և վարչապետի որոշումների ընդունմանը հաջորդող գործընթացների հնարավորինս արագ և արդյունավետ կազմակերպումը»:

Հիշեցնենք, որ կառավարության նիստերը դռնփակ անցկացնելու որոշումը ընդունվել էր նախորդ կառավարության պաշտոնավարման ժամանակ՝ մինչ խորհրդարանի կողմից վարչապետի ընտրությունները: Սերժ Սարգսյանը վարչապետ ընտրվելուց հետո մեկ նման նիստ վարեց, իսկ արդեն վարչապետի հաջորդ թեկնածու Նիկոլ Փաշինյանը մինչ ընտրվելը հայտարարել էր՝ ընտրվելու պարագայում դեռ  առաջին նիստից սկսած այն լինելու է դռնբաց, ինչը և եղավ, սակայն մինչ օրս նիստի դռնբացությունը թերևս օրենքի խախտմամբ է ապահովվում:

E-draft.am-ը նախարարությունների նախագծերի հրապարակման աշխատանքային տարբերակն է, և նախագիծն ուժի մեջ մտնելու համար պետք է նախ ստանա գործադիրի հավանությունը, ապա ուղարկվի խորհրդարան:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter