HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Անուշ Քոչարյան

Բալկոնում Պետո Պողոսյանն է

Բաղրամյանի ներքին բակերից մեկում գտնվող իմ այս բալկոնը միակն է, որ պահպանել է նախնական ձեւը՝ առաջ չեն տվել, չեն փակել ապակիներով, չի փոփոխել գունային հիմնական երանգը։ Այս բալկոնում ամեն շաբաթ մի քանի ժամով հանգստանալու, առանձնանալու հնարավորություն է ունենալու մեկը, ում հետ զրուցելու եմ։ Նրանք ամենատարբեր ոլորտներից են, բայց նրանց ընտրությունն ամեն անգամ բացատրություն պետք է ունենա։ Զրույցի թեման տարբեր է լինելու, բայց, ում հյուրընկալելու եմ բալկոնում, ինքս չեմ ներկայացնելունա պետք է իր մասին խոսի երրորդ դեմքով ու այդպես ներկայանա ձեզ։

Բալկոնում  քաղաքանկարիչ Պետո Պողոսյանն է։

Պետո Պողոսյանը՝ երրորդ տարածությունում (ինքն իր մասին)

Ինքը շատ է ուզում իսկական գործ ստեղծել՝ իսկակա՜ն, իսկակա՜ն իմաստով, գործ (եր), որը դիրքավորում կունենա, կասի իր ժամանակի, իր զգացածի, իր ապրածի եւ վերապրածի (եւ ոչ միայն իր վերապրածի) մասին։ Այդ ուղղությամբ խելագարի պես աշխատում է․ նույնիսկ, երբ չի գծում, չի նկարում ինքն էլի այս մտքի վրա է կենտրոնացած եւ դա անում է ինչ-որ առոմով ի վնաս հարաբերությունների, ընտանիքի եւ իրավիճակների։

Ինքը շատ է երազում․․․ Շատ-շատ է երազում ու շատ ցանկություններ ունի։ Առհասարակ ինքը շատ է ու քիչ միաժամանակ․ կամ ինքը մտածում է՝ այն, ինչ կա, շատ է, ու պետք է այդ «շատին» անդրադառնալ։

Ինքն իրեն չի լսում, շատ անգամ բառացիորեն չի լսում նաեւ կողքիններին, բայց զգում է, ինչ են իրեն ասում։ Չգիտի՝ դա թերություն է, թե առավելություն։ Երեւի ստանդարտ առումով թերություն է, չէ՞․․․ Բայց գուցե այդ չլսելու ու զգալու պարբերականության մեջ են ծնվում գործերը։

Ինքն անհամբեր է․ վերջերս անընդհատ ունի այդ անհամբերության լարումը․հասկանում է սա։ Շատ է կռիվ տալիս իր հետ, բայց կարծում է՝ ինքնաբավ է․ ամեն դեպքում ուզածը կարողանում է շոշափել եւ գիտի ինչ է անում։

Այսքանը երեւի թե․․․ Ինքն զգում է ջերմությունը, վերցնում է անմիջական տպավորությունը․ ինքը  նույնիսկ «անմեղ» քաղաքանկար անելի նյարդ է ուզում դնել մեջը։

«Անմեղ» տարածքներ կա՞ն։

Պայմանական «անմեղ» տարածքը իր ասելիքն ուղիղ է ասում․ ինքը ներկայանում է այնպես, ինչպես կա, ինչպես երեւում է։ Ջերմություն, լույս ու ստվեր, ծառեր, մարդիկ, շարժ․․․ Անմեղ չի՞։ Սա չի բացառում զուգահեռ մյուս շերտը, որը պահանջում է՝ «հասկացի՛ր, աշխատա՛նք տար, մտի՛ր մեջս»․ տարածքի անսպասելի փոփոխությունը, շարժման հանգուցալուծումները պահանջում են այս շեշտադրումները։

Հենց հիմա աչքիս երեւաց գործդ, որտեղ պատկերված է պայքարող աղջիկը՝ Աֆրիկյանների քանդվող շենքի մոտ։

Շարժվող պատկերի՝ քո քաղաքանկարների դեպքում բողոքի ակցիաների, բազմաշերտ երթերի կոնտեքստում, ինչպե՞ս ես ֆիքսում դրվագը, պատկերը։

Կերպարի եւ իրավիճակի հասունանալն է ֆիքսում պատկերը․ այդպես է ստացվում։ Ես չգիտեմ ստացվելու ընթացքն ինչպես նկարագրել, բայց, այո՛, Սոնան պիտի հայտնվեր Աֆրիկյանների քանդվող շենքի թիթեղյա ցանկապատի մոտ՝ «հիշողությունը չես կարող տեղափոխել»  գրաֆիտիի «ե» տառի անկյունով պիտի անցներ, քամուն ու հոսանքին հակառակ։

Ես հիշում եմ պատկերի իրավիճակը․ մի քանի տասնյակ քաղաքացիներով, բառիս բուն իմաստով, հոսանքի մեջ մեխվել էինք՝ դրանք անտարբեր անցնող, շտապող մյուս քաղաքացիներն էին, եւ մենք՝ անկյուններում։ Այդ լարման, սառնության, կռվի ու սպասումի մեջ կանգնածը, որ ես էի նաեւ, էլի ուզում էր «հանել» այդ իրավիճակը ու «դնել» թղթին, ոչ թե պարզապես թղթին հանձնել մտապատկերը։

Գործերը, որտեղ կոնկրետ քաղաքային իրադրությունն է (որը լարման կետեր է ներկայացնում կամ մարդուն, ով պայքարում է), հա՞րց է պարունակում, թե՞ ինչ-որ առումով իրավիճակային պատասխան է տալիս։

Գործեր կան, որոնք ենթադրյալ պատասխան են տալիս․ դրանք իմ պատասխաններն են, իմ վերլուծությունները, բայց շատ գործեր էլ հստակ, պինդ, վախենալու հարցեր են առաջադրում։ Տրամաբանական է, որ լարված իրադրությունը չի կարող հստակ պատասխան ունենալ, եթե անգամ կա այդ պատասխանը, որն ավելի ցավալի է, քան իրադրությունը, այն հարցականի տակ է դրվում։

Հինգ տարի առաջ, երբ զրուցում էինք քաղաքի «լարման» կետերի եւ քո գործերի ընդգրկումների մասին, հարցրեցի՝ քաղաքականության ու քաղաք(ների) առնչության վերաբերյալպատասխանդ սկսվեց այսպես «Թեեւ ես քաղաքականացված չեմ, բայց ուշադիր հետեւում եմ ընթացքին»․․․

Հա, ես ուշադիր հետեւում եմ քաղաքականությանը, եւ, եթե չկա այդպիսի տերմին, որը բնութագրում է հետեւող քաղաքացուն, ուրեմն ներմուծենք․ ես «քաղաքացիականացված» եմ․ գուցե դա իր մեջ պարունակում է նաեւ «քաղաքականացված» լինելը, չեմ խուսափում այդ բառից․․․ Ամեն դեպքում չես կարող «կույս» մնալ, երբ որպես քաղաքացի հստակ հարցադրումներ ունես ու դրանք շատ են։

Քո եւ Հայաստանի հարաբերությունները։

Եթե ասեմ, որ այդ հարաբերությունները բազմաշերտ ու բարդ են կամ աուտենտիկ են, ուրեմն բան ասած չեմ լինի, որովհետեւ իմ ու Հայաստանի հարաբերությունները իմ ու իմ հարաբերություններն են․ այդպես է թվում ինձ։

Կարելի է ասել նաեւ այսպես՝ հարաբերություններ են, որոնք մղում են «վերցնելու», «բռնելու», «մարսելու»։  Այս առումով քաղաքներն ու միջանկյալ տարածքները  այդ հարաբերության կապող հանգույցներն ու  ճանապարհներն են։

Երբ փորձում եմ այստեսակ հարաբերությունը խճանկարի պես հավաքել, հասկանում եմ, որ «բռնելու ու մարսելու», մղումների ու շարժման նուրբ դրվագները հասկանալու համար նպատակաուղղված մտածել չես կարող․ այստեղ հարաբերությունների ուրիշ զգացական շերտ է ձեւավորվում, որ կապվում է տեսածիդ։

Ծնվել ես Գյումրիում, տասնութ տարի է՝ ապրում ես Երեւանում։ Երկու քաղաքն էլ «կրու՞մ» ես։

Արդեն Կիրովականն էլ եմ «կրում», որովհետեւ դու ես այնտեղ ծնվել (ծիծաղում ենք)։

Ամենայն լրջությամբ եմ ասում, որ բոլոր քաղաքների հետ կապված հիշողություններ ու պատկերներ կան, որոնց շնորհիվ կարող եմ «կրել» դրանք։ Եթե ավելի մանրամասնեմ, թե այդ «կրումն» ինչ է, պիտի ասեմ՝ մարդիկ են․ երբ քաղաքն արդեն «քոնն» է ուրեմն կրում ես քաղաքաբնակների հիշողությունները, նյարդային կծկումները, բնավորությունները․ գեղագիտությունից խուսափելու համար ասեմ՝ ոչ թե քո մեջ, այլ քեզ հետ տանում ես իրենց։

Երբ որ դու ճիշտ ու ազնիվ զգացիր իրենց, ուրեմն նաեւ կկարողանաս փոխանցել զգացածդ։ Ինձ համար նկարչությունն այդ հասուն զգացմունքային շերտում է․ ուզում եմ այնքան օբյեկտիվ լինել այդ զգացածը վերապրելիս, որ նկարն ուրիշ ստացվի։ Սա հնարավորություն է տալիս նյարդային նուրբ լարով դիտողին կապել պատկերին։

Հինգ տարի առաջ ասում էիր՝ Երեւանը լարման եւ արեւի քաղաք է․․․

Երեւանը հիմա քո արեւոտ բալկոնն է նաեւ։

Լարում էլ չկա՞․․․

Ինչպե՞ս չկա․․․ Կա, բայց ուրիշ վիճակով՝ բացազատված, տարածված։ Կան ուրիշ «լարման կետեր», որոնք իրար կապվելու կարիք ունեն։ Ես շարունակում եմ առանձնացնել  «լարման կետերը» եւ կապել դրանք, որքան որ հնարավոր է․․․ Իմ ներկայացրածները, իհարկե, պայմանական են, որովհետեւ ընտրությունն իմն է, սուբյեկտիվ է, բայց, շատ պարզ լեզվով ասած, անկյունները, որտեղ կա հիշողություն, կռիվ, զգացում, մյուս անկյունին կապվելու կարիք ունի։

Եվ պատկերները ստեղծում ես բացառապես ջրաներկով։

Հա, թափանցիկ ջրաներկով (անգլերենով՝ transparent watercolor),  որին որեւէ խիտ նյութ չի խառվում․ արդյունքում շերտ շերտի վրա մաշկում ես գործը այնքան, միչեւ ստանաս քո ուզած դիմանկարը, քո ուզած իրադարձությունը, շինությունը՝ քո պատկերացրած լույսի հագեցվածության ներքո։ Հագեցվածությունը հատկապես շեշտում եմ։

Հա, որովհետեւ ջրաներկի դեպքում հագեցվածություն ստանալն այնքան էլ հեշտ չէ։

Դրա համար շերտերը պիտի իրար լրացնեն, իրար վրա գան, ու պետք է երբեւէ տակի շերտը չքանդվի։ Այն, որ ջրաներկվածը հնարավոր չի ուղղել, միֆ է, բայց, որ հնարավոր չի ուղղել նախնական դիրքը, իսկապես այդպես է։ Դրա համար պլանավորում է պետք, նախնական մտապատկեր ու այդ նախնական պատկերի մեջ հետո հնարավորություն կա ներգրավելու վարիացիաները, միջադեպերը։ Այդ ներառյալ «միջադեպերի» համար խիզախել է պետք, որպեսզի իրենք ստացվեն․․․ Հակառակ դեպքում ջրաներկը «կմեռնի» գոնե գաղափարական առումով։

Հինգ տարի առաջ այսքան հաստատ չէիր խոսում։

Կարծու՞մ ես՝ ինչ-որ բան փոխվել է։ Ի՞նչ է եղել ըստ քեզ։

Շեշտադրումները, որոնք անում ես, կարեւորություն հաղորդելու միտումներ ունեն։

Երեւի ավելի պարզ եմ փորձում խոսել․ բարդ բաներ, որոնք կանոնիկ են, ընդունված, չեմ ուզում ասել։

Քեզ առանձնացնում են որպես քաղաքանկարի հեղինակ։

Ինձ դիրքավորում են, եւ, հնարավոր է, ես ինքս եմ նախ սկսել ինձ դիրքավորել որպես քաղաքանկարիչ։ Չգիտեմ՝ սա է հիմքում, թե չէ, բայց քաղաքանկարը հաջողված եւ ընդգրկուն ձեւակերպում եմ համարում։

Դադար

Ի՜նչ շքեղ է լույսի անցումը, չէ՞։ Արի, իմ կողմից նայիր․ ի՜նչ հստակ, ի՜նչ կտրուկ ու միաժամանակ ի՜նչ փափուկ։ Հրա՛շք․․․ Ինձ ոգեւորող պարզ բաներ են․ ամենօրյա լավ զգացումներն ու փափուկ անցնումներն իսկապես արժեւորում եմ․ ազդակներ կան, որոնք կարող են լարում ունենալ, տարիներ տեւած լարում, բայց, միեւնույնն, է դրանք տարալուծվում են ջերմության մեջ։ Հիմա այդ առումով  իրավիճակ էլ է փոխվել։

Հեղափոխությու՞ն ես անվանում իրավիճակի այդ փոփոխությանը։

Կարող եմ ասել նաեւ «հեղափոխություն», բայց տեղի ունեցածը ինձ համար գոնե «դիմադրության արդյունք» եմ սահմանում։

Հեղափոխությունը մարդիկ էին, ովքեր փակում էին փողոցները, շարժվում էին, գործում էին։  Ամեն մի տեսություն, իհարկե, իր գոյության իրավունքն ունի այս պարագայում, բայց իմ  տեսածը նախ մարդն է՝  ոչ լրիվ վերափոխված, բայց իր դիմադրողական դրսեւորումներով՝ հստակ շարժման մեջ։

Տեղի ունեցած «ոչ դասական» մեր դիմադրության ընթացքում մարդը գործարքի չգնաց․․․ Ի վերջո գործարքի չգնաց նախ ինքն իր հետ․ հենց դրա ականատեսը եղա։

Դադար

Դիմադրությունը, որը վերածվում է շարժման, փոփոխություն է բերում, վստահ եմ։ Ես այնքա՜ն էի ուզում տեսնել այդ պատկերը, այնքա՜ն շատ ունեի այն մտքիս մեջ, որ նույնիսկ «երազանք» բառով կարող եմ բնորոշել, որն իրականացավ կամ իրականացման ճանապարհին է։

Հեղափոխությունից հետո ստեղծագործական դրսեւորումները ինչպե՞ս կարող ես բնութագրել։

Հեղափոխությունն ավարտված չեմ տեսնում եւ ինքնաբերաբար գնում եմ շարունակվող այդ ճանապարհով։ Չեմ կարող պնդել ինչ-որ բան ավարտվեց, թե չէ, բայց իմ սուբյեկտիվ կարծիքով հենց հիմա ենք անցնում դժվար տեղերով։

Չգիտեմ՝ ինչպես են սահմանվում «այդ տեղերը»՝ փուլային, փաթեթային, թե այլ մի բան, բայց հավատում եմ, որ դասավորություններն այլեւս ուրիշ են լինելու, ապրելու կերպ է փոխվելու, հետո էլ թերեւս տնտեսական ու նյութական փոփոխություններ են լինելու։

Կարո՞ղ եմ ասել, որ վավերագրող նկարիչ ես։

Որպես վավերագրող ընկալում եմ ինձ, բայց, եթե կուզես այս կոնտեքստում իմ պատասխանը՝ ուրեմն վերլուծողն է։ Այն գործերը, որոնք անում եմ, իհարկե ռեալիստական են, բայց մի քանի անգամ նշել եմ «մոգական ռեալիզմի» մասին, որովհետեւ, այո՛, պահն ես զգում, ներկայացնում (գուցե վավերագրությունն է), բայց այդ պահի քո զգացած իրականութունն ու անկյունը, քո գաղտնիքներն ու ընկալումները ռեալիստական պատկերին հաղորդում են շերտեր, որոնք չեն կարող շոշափելի լինել։

Նայելու ու նկատելու տարբերությու՞նն է նաեւ։

Դրանք իրար շարունակող են․ տեսնել, հետո գիծ դնել ու նկատել։ Նկատելու պահն արդեն ճանապարհ է, նայելն ու տեսնելը՝ սկզբնական կետը։ Երեւի այսպես կարելի է բնորոշել։

Ունես գործեր, որտեղ մարդաշատ գործողությունն է պատկերվածամբոխ ցուցադրելու փո՞րձ է, թե՞ անհատականացնում ես իրավիճակը։

Տուժող ու հաղթող չեմ նկարում, լիդեր չեմ նկարում, բայց շատ գործերում այդ քո ասած ամբոխի մեջ գտնում ես դիմանկարները․ ինչու՞ եմ անում դրանք, որովհետեւ ամեն մեկն է ինձ համար տուժողն է, հաղթողը, լիդերը․․․ Իրենք նույն ժամանակ նույն տեղում են եւ նույն բանի համար են պայքարում։

Դադար

Պետո, եղե՞լ է այնպես, որ նույն տարածքին անդրադառնաս եւս մեկ անգամ, նույն տարածքն ուրիշ մի քաղաքանկար դարձե՞լ է։

Շատ է եղել այդպես․ ինձ ուրախացնում է այն թարմությունը, որով անդրադառնում եմ։ Չգիտեմ՝ ինչպես է ստացվում, բայց այդ տարածքը ամեն անգամ ինձ նոր է երեւում, ես երեխայի առաջնային զարմանքով ու ուրախությամբ եմ վերաբերում իրեն։ Իհարկե տարածքն արդեն նախորդ իրավիճակն ու դեպքը «չի կրկնում», բայց հիշողությունը տեղի է տալիս այդ խանդավառությանը, որի մասին ասացի։

Անհնա՞ր է ստեղծել քաղաքանկար, երբ այդ քաղաքի հետ առնչություն չունես․․․ Այն «իսկական» քաղաքանկարը, որի մասին ասում էիր։

Անհնար եմ համարում, հա՛․․․ Գուցե տեխնիկապես կարեւոր գործ ստեղծվի, բայց ոչ իմ պատկերացրած «իսկականը»։ Ամեն դեպքում ինքս չունեմ փորձ հեռավորության վրա, առանց տարածքում լինելու քաղաքանկար անելու․․․ Գուցեեւ հնարավոր տարբերակ է, որն իրավունք ունի գոյության, բայց իմը չէ։

Դրսում քո նկարներով Երեւանը «ճանաչում» են։

Հա, ճանաչում են այն ձեռագրով, որով ես եմ ներկայանում։

Ու ռեալիստական պատկերը ներկայացնում ես սուբյեկտիվինչ-որ առումով քաղաքը խոցելի չի՞ դառնում օտար դիտողի համար։

Հա, նուրբ ու խոցելի կետերով է երեւում․․․ Իսկ գուցե դա՞ է պաշտպանելու ձեւը, որովհետեւ դու հենց այդ քաղաքից ես ներկայանում, հենց այդ քաղաքից ես երեւում, եւ, ինչ-որ առումով ասում ես, որ պաշտպանում ես իրեն, ինչպես մնացյալները, ովքեր այդ քաղաքում են եւ հետո՝ քաղաքանկարներում։

Դադար

Ամփոփելով զրույցը՝ հետեւյալ եզրակացության եմ գալիսքաղաքը քեզ համար նախեւառաջ մարդիկ են, ովքեր փոխում են քաղաքային իրավիճակը։

Միանշանակ կարող ես այդպիսի եզրակացության գալ։  Կարող ես ավելացնել «հավատացող» մարդիկ են, ովքեր փոխում են իրավիճակը։ Կարեւորում եմ հավատալը։

Հավատալ միմյա՞նց։

Առհասարակ հավատալը․ հավատալ գործին, միմյանց, ինքդ քեզ, հավատալ, որ ճիշտ գործողություն արեցիր, իսկականը տարբերեցիր կեղծից գոնե քեզ համար։ Այդպես հետո կարելի է հասկանալ՝ գործն իսկական է, թե «կեղծ»։ Մանիպուլյացիայի գայթակղությունը միշտ կա, բայց իսկապես փորձում եմ անկեղծ ու էլի անկեղծ լինել․ դիմանում եմ «գայթակղություններին»։

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter