HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Միջազգային միջնորդությունը՝ որպես պատերազմների հավերժացման գործիք

(Ղարաբաղյան կարգավորման դեկոսնտրուկցիա շարքից)

Կարծիքներ, նաև կարևոր նշաններ կան, որ գալիք ընտրություններից հետո, օրակարգային կարող է դառնալ Ղարաբաղյան կարգավորման թեման: Համենայն դեպս և՛ ամերիկյան, և՛ ռուսական կողմից հնչած որոշ խոսուն հայտարարություններ դրա մասին են վկայում:

Մյուս կողմից, հաճախ ասվում է, թե ներկա իշխանությունը չունի Ղարաբաղյան հարցի կարգավորման իր հայեցակարգն՝ ի տարբերություն նախորդների: Մի կողմ թողնենք առայժմ այն հարցը, թե ինչ ունի կամ չունի ներկա կառավարությունը: Հարցն ուզում ենք ավելի լայն ձևակերպել՝ իսկ ընդհանրապես ո՞վ ունի Հայաստանում Ղարաբաղյան հարցի հայեցակարգ, և եթե թվում էլ է, որ ունի, արդյո՞ք դա իրապես սեփական է, այլ ոչ թե պարզապես բխեցված-հարմարեցված է կարգավորման միջազգային ձևաչափին և դրա հայեցակարգին: Միայն առաջին հայացքից նման հարցադրումը թվում է տարօրինակ, եթե չասենք՝ անտեղի ու պարապ, իսկ իրականում միանգամից էլ կարող ենք պատասխանել, որ որքան էլ զարմանալի թվա կամ հավակնոտ հնչի, Հայաստանում չկա և չի եղել Ղարաբաղյան հարցի ամբողջական, համապարփակ և միաժամանակ՝ հայաստանակենտրոն հայեցակարգ: Դա դեռ ապագայի գործ է, որը կարող է իրացվել միայն քայլ առ քայլ, և նախ սկսվի եղած պատկերացումների աստիճանական, բայց և հետևողական դեկոնստրուկցիայից:

*           *           *

Ընդհանրապես Ղարաբաղյան հարցի կարգավորում ասելով՝ որպես կանոն լռելյայն նկատի ունեն կարգավորման այն միջազգային ձևաչափը, որը գործում է դեռ 90-ականներից, և որի շրջանակներում «միջազգային հանրությունը»՝ ի դեմս Ռուսաստանի, Ֆրանիսիայի և ԱՄՆ-ի, միջնորդի դեր է ստանձնում հակամարտող կողմերին հաշտեցնելու՝ խաղաղության ընդունելի առաջարկներ անելու նպատակով: Ձևական տեսակետից համարվում է, որ «միջնորդները» ներկայացնում են առաջարկներ, որոնց կարող են համաձայնել կամ չհամաձայնել կողմերը, և եթե մի օր համաձայնեն, ապա դրան կհետևի բաղձալի խաղաղությունը: Բայց քանի որ կողմերն անընդհատ կամակորություն են անում, ապա խաղաղություն չի հաստատվում: Միջնորդներն էլ, սակայն, չեն հուսահատվում՝ ոգեշնչված իրենց բացառապես անշահագրգիռ խաղաղասիրական, հրեշտակային առաքելությամբ, նրանք բոդհիսատվաների սիրառատ համբերությամբ և քրիստոնյա բոլոր սրբերին հարիր խոնարհ պատրաստակամությամբ մշակում են նորանոր առաջարկներ: Այն, որ իրականությունը մի քիչ տարբերվում է այս հովվերգական պատկերից, բոլորս էլ այս կամ այն չափով հասկանում ենք՝ չարժե շատ մանրամասնել դա:

Որքան էլ, սակայն, բոլորս հասկանանք, որ զուտ խաղաղասիրությունը բավարար ազդակ չի կարող լինել մեծ տերությունների միջնորդության համար, այդուհանդերձ փաստացի լռելյայն ընդունում ենք հակամարտության այն հայեցակարգը, որն ինքնին ենթադրելի և պարզ է թվում կարգավորման պաշտոնական գործընթացից:

Ո՞րն է այդ հայեցակարգը:

Իբր կան երկու, չասենք՝ բարբարոս, բայց «կամակոր» ժողովուրդներ, որոնք արդեն 30 տարի է, ինչ հակամարտում են միմյանց դեմ՝ ելնելով ոչ այնքան բանական, այլ ավելի շատ զգացումային, ապաբանական պատկերացումներից՝ ատելությունից, ֆոբիաներից, կարծրատիպերից, վերնախավերի մութ շահերից ու էլ չգիտեմ՝ ինչից, և կա «միջազգային հանրությունը», որը փորձում է իրավիճակը բերել բանական դաշտ, այսինքն՝ հաստատել խաղաղություն, ինչը, սակայն, ոչ մի կերպ չի ստացվում:

Մենք հիմա չենք խորանա այս սխեմայի մանրամասն վերլուծության մեջ: Ասենք միայն, որ սա շատ սովորական, դարերով ու հազարամյակներով փորձված կայսերական, մեծապետական մի կաղապար է, որն անփոփոխ է Հին Հռոմից մինչև Պոլիտբյուրո, և Պոլիտբյուրոյից մինչև ԵԱՀԿ Մինսկի խումբ, և որի էությունն այն է, որ կայսրությունն իբր խաղաղություն և քաղաքակրթություն է, իսկ ազգերն ու ազգային ձգտումներն, իբր, պատերազմ և բարբարոսություն են: Սրա մասին մեկ այլ անգամ: Այժմ կարևոր է արձանագրել, որ այս կաղապարում հակամարտության բուն պատճառը երկու ժողովուրդներն են, իսկ «միջազգային հանրությունը» խաղաղեցնողի դերում է:

Թվում է՝ չկա ավելի ակնհայտ բան, քան այս պնդումը: Միգուցե, կասեք, մեծ տերություններն այդքան էլ անկեղծ չեն իրենց խաղաղասիրական մղումներում, միգուցե կայսրություններն իրոք նենգ քաղաքականություն են վարում ազգերի դեմ, բայց դե հակամարատության չլուծման պատճառն էլ հո, իրոք, հակամարտող կողմերն են՝ հայ և ադրբեջանցի ժողովուրդներն են, որոնց համառության պատճառով է, որ ցայսօր խաղաղություն չի հաստատվում: Ինքնին պարզ չէ սա՝ անկախ մեծ տերությունների քաղաքականության բնույթից, և անկախ նրանից, որ բոլորս էլ ընդունում ենք՝ Ղարաբաղյան կոնֆլիկտը հայ-ադրբեջանական լինելուց զատ ներգծված է նաև լայն միջազգային շրջանակում:  

*           *           *

Մենք ուզում ենք առաջարկել սրան հակադիր ձևակերպում: Ղարաբաղյան հակամարատությունը ոչ թե պարզապես ներգծված է միջազգային հարաբերությունների մեջ, ասենք՝ էությամբ հայ-ադրբեջանական է, բայց տեղավորվում է ավելի լայն շահերի դաշտում, այլ Ղարաբաղյան հակամարտության մինչև հիմա չլուծված լինելը պայմանավորված է հենց նրա ներգրավվածությամբ միջազգային լայն շրջանակում, այլ ոչ թե հայ և ադրբեջանցի ժողովուրդների «կամակորությամբ»: Այս՝ դեռևս ոչ մինչև վերջ հստակ և որոշ պնդումը կփորձենք զարգացնել և հիմնավորել:

Խնդիրը հետևյալն է:

Այն, որ Ղարաբաղյան հակամարտությունը գոյություն ունի ցայսօր, այն, որ դա սառեցված՝ լուծում չունեցող կոնֆլիկտ է, հետևանք է ոչ թե հայ-ադրբեջանական, այլ միջազգային հարաբերությունների:

Ճշտենք. այստեղ չի վիճարկվում այն, որ Ղարաբաղյան կոնֆլիկտի հիմքում ընկած են հայ-ադրբեջանական հարաբերությունները (թեև նույնիսկ հիմքում ոչ միայն հայ-ադրբեջանականն, այլև առնվազն, օրինակ, հայ-ռուսականը, նաև հայ-թուրքականը և այլ հարաբերություններն են, բայց այժմ շարադրանքը պատմական վերլուծությամբ չծանրացնելու համար սա մի կողմ թողնենք): Բայց այն, որ Ղարաբաղյան հակամարտությունը տևում է արդեն 30 տարուց ավելի և դեռ երկար էլ կարող է տևել, ա՛յն որ չկա կայուն խաղաղություն արդեն հայ-ադրբեջանական հարաբերություններով բացատրելի չէ, այլ միջազգային քաղաքականությամբ: Եվ եթե մի օր հայերն ու ադրբեջանցիներն ուզեն էլ իրապես խաղաղություն հաստատել, ապա նախևառաջ պետք է ձերբազատվեն միջազգային հանրության պարտադրված հայեցակարգից: Սա արդեն ոչ թե խնդրի ճշտում է, այլ էության փոփոխություն:

Ցանկանում եմ այս միտքը կրկնել ևս մեկ անգամ՝ շեշտելու և տարբեր երանգներով հասկանալու համար:

Կոնֆլիկտի երկարաձգման, սառեցման, ցայսօր չլուծվածության, խաղաղության բացակայության պատճառը ամենևին էլ հայ և ադրբեջանցի ժողովուրդները, ոչ էլ նրանց կարծեցյալ ապաբանականությունն են: Ճիշտ հակառակը՝ պատճառը հենց միջազգային հարաբերություններն են, միջազգային հանրությունն է, քաղաքակիրթ աշխարհն է, և ավելին՝ հենց նրանց միջնորդությունը:

Ավելին՝ ժողովուրդների միմյանց նկատմամբ կարծրացող և համակարգի վերածվող ատելությունը, որը շատերն ընդունում են որպես կոնֆլիկտի հիմք, իրականում ոչ թե հիմքն է, այլ հետևանք է կոնֆլիկտի երկարաձգման, սառեցման, իսկ դա էլ, հետևաբար, նաև միջազգային միջնորդության:

Հայերն ու թուրքերը կարող էին իրար միշտ էլ առանձնապես չսիրել, բայց այստեղ խոսքը սովորական փոխադարձ անհանդուրժողականության մասին չէ, որը գրեթե միշտ էլ այս կամ այն չափով առկա է ցանկացած երկու հարևան ազգերի միջև, այլ հենց կարծրացող, համակարգի վերածվող ատելության մասին: Սա արդեն բնական և սովորական երևույթ չէ, այլ մասն է սառեցված պատերազմի՝ տևականացված, գրեթե հավերժացված կոնֆլիկտի պայմաններում գոյատևելու հարմարեցման ձևերից է: Համեմատելու համար հայ-թուրքական հիմնախնդրի հետ, ասենք, որ հայերի և թուրքերի հարաբերությունները, թեև իրենք իրենցով երբեւէ անխնդիր և հովվերգական չեն եղել, սակայն, դրանք բացարձակ թշնամանքի հասցրած Մեծ Եղեռնը և այլ իրադարձություններն, արդեն հետևանք են ոչ թե հայ և թուրք ժողովուրդների, այլ միջազգային հարաբերությունների, հայ-թուրքական խնդրի աշխարհաքաղաքականացման: 

Կարևոր երանգը, որին այս նոր ձևակերպմամբ հասանք՝ միջնորդության դերն է: Ոչ թե զուտ միջազգային հարաբերությունների հետևանք, ոչ թե զուտ ներգրավվածություն աշխարհաքաղաքական հարաբերությունների, ինչն ինքնին էլ պարզ ու հասկանալի է, այլ հենց միջազգային միջնորդությունն է բուն սկզբնաղբյուրը Հայաստանի և Ադրբեջանի միջև պատերազմի հավերժացման: Այլ կերպ ասած՝ միջնորդությունը ոչ թե խաղաղության միջնորդություն է, այլ ճիշտ հակառակը՝ պատերազմի միջնորդություն: Միջնորդները միջնորդում են իրենց իսկ քաղաքականությամբ, եթե ոչ ստեղծած, ապա հավերժացված կոնֆլիկտի «կարգավորման» համար:

Սրանք ծանր մեղադրանքներ չեն, ոչ էլ ինչ-որ մեծ դավադրության բացահայտում: Եթե հանգիստ տանում ենք այն հայեցակարգը, որ հայ և ադրբեջանցի ժողովուրդներն այնքան հիմար են, որ հակառակ իրենց շահերի՝ անվերջ կռվում են, ապա բան չի լինի, եթե նույն հանգստությամբ տանենք հակառակ հայեցակարգը: Եվ արտառոց բան էլ չկա՝ միջազգային քաղաքականության բավականին սովորական երևույթի մասին է խոսքը:

*           *           *

Ինչո՞ւ այսպես:

Որևէ երկու կողմերի միջև հակասություն, որը զարգանալով մտնում է ինտենսիվ ռազմական ընդհարման՝ պատերազմի փուլ, չի կարող տևել ո՛չ անվերջ, ո՛չ էլ շատ երկար: Պատերազմը չափազանց ծախսատար գործընթաց է՝ սկսած նյութականից մինչև հոգեբանական ծախսերը, և նույնիսկ հարուստ պետությունները, որպես կանոն, չեն կարող դիմանալ դրան մի քանի տարուց ավելի: Խոսքն, իհարկե, լիարժեք, ինտենսիվության որոշակի չափի, և ժամանակակից պատերազմի մասին է: Հնում կարող էին լինել ավելի տևական պատերազմներ (չնայած դրանք էլ որպես բացառություն), որովհետև նախքան ռազմական գործում Ֆրանսիական հեղափոխությամբ իրականացված մեծ հեղաշրջումը, պատերազմները չէին ընդգրկում երկրների ամբողջ համակարգերը, այլ վարվում էին պրոֆեսիոնալների կողմից՝ համեմատաբար սահմանափակ ռեսուրսային հիմքով: Թույլ ինտենսիվության զինված բախումները, ասենք, պարտիզանական պայքարը կամ ահաբեկչությունը նույնպես կարող է տևել բավականին երկար, նույնիսկ՝ տասնամյակներ բայց այստեղ էլ անհրաժեշտ է արտաքին ազդակի, սնուցման պայման: Լիարժեք, կանոնավոր, առանց լուրջ դադարների երկկողմանի պատերազմը, սակայն, չի կարող տևել տասնամյակներ, նույնսիկ՝ մեկ տասնամյակ:

Պատերազմի բնական օրենքն է՝ մի քանի տարի անց ավարտվել խաղաղությամբ, երբ կողմերից մեկը կամ երկուսն էլ սպառում են իրենց դիմադրողականությունը և պատրաստ են գին վճարել խաղաղության դիմաց: Եթե նրանից մեկն ակնհայտ պարտություն է կրել, ապա ուզած-չուզած՝ որպես չարյաց փոքրագույն, կնքում է խաղաղություն՝ պայմաններով, որոնք պատերազմից առաջ անընդունելի էին թվում:

Ընդհանրապես, չկա առանձին վերցված պատերազմ և առանձին վերցված խաղաղություն՝ դրանք իրենք իրենցով վերացականություններ են: Կա միասնական՝ պատերազմ-խաղաղություն համակարգ, որտեղ ամեն տվյալ խաղաղության հետևանք է մի ինչ-որ պատերազմի, և ամեն տվյալ պատերազմ հետևանք է, ծնունդ է մի ինչ-որ խաղաղ շրջանում կուտակված լարվածության, հակասության: Պատերազմի և բնական օրենքը, և բնական նպատակը խաղաղությունն է: Հակառակը՝ խաղաղության բնական ընթացքը հակասությունների և լարումների կուտակումն է, որոնք ի վերջո վերածվում են ռազմական բախման:

Խաղաղություն կնքելուց հետո, անկախ նրանից, թե որքան ստորացված է պարտվածը, և որքան հղփացած հաղթողը՝ երկուսի միջև հաստատվում են քիչ թե շատ բնականոն հարաբերություններ: Այսինքն՝ չի լինում այն վիճակը, որն ունենք մենք՝ սառեցված պատերազմ՝ փակ սահմաններով, որևէ առևտրային, մշակութային և այլ հարաբերությունների բացառմամբ և այլն: Չկա պարզապես նման օրինակ պատմության մեջ, երբ բնականոն ավարտված պատերազմից հետո հաստատվի նման հարաբերություն երկու կողմերի միջև:

Անշուշտ, պարտվածը կարող է փայփայել վրեժի երազանքներ: Եթե որևէ՝ մոտ կամ հեռու պահի, նա ունենա հնարավորությունը, ապա կփորձի նաև իրացնել: Դա արդեն կլինի նոր պատերազմ և նոր խաղաղություն՝ մեկ, տասը կամ հարյուր տարի անց: Բայց մինչ այդ պահը մարդիկ իրար հետ առևտուր են անում, ճամփորդում են, գնում են համերգների և այլն: Պարտադիր չէ իրար սիրել, ի դեպ: Սա էլ մի տարօրինակ, այս աշխարհից դուրս պատկերացում է: Կարծես իրար հետ առևտուր անելու համար մարդիկ պետք է իրար սիրեն: Երևի շուկա կամ խանութ գնալուց առաջ այդ կերպ մտածողները նախապես անպայման սիրում են վաճառողներին և խանութի տերերին:

Ի դեպ պատերազմ-խաղաղություն այս բնական շրջափուլերի, ինչպես նաև սառեցված հակամարտությոնների էության մասին կարող ենք շատ մանրամասն և փաստարկված կարդալ ամերիկացի հայտնի հեղինակ Լյուտտվակի «Ռազմավարություն» գրքում (կա նաև ռուսերեն թարգմանությունը, ցանկալի է լիներ, անշուշտ նաև հայերենը, քանզի դա այն գրքերից է, որը պարտադիր է կարդալ հատկապես հայ ընթերցողին, որը գլուխն ինչով ասես լցնում է, բացի հատուկ իրեն պետքական գրքերից): Բայց առանց Լյուտտվակի էլ կարելի է մտաբերել տասնյակ օրինակներ այս բնական վիճակի՝ ամբողջ համաշխարհային պատմությունը հենց միայն այդպիսի մեծ օրինակ է, թե ինչպես են ժողովուրդները պատերազմում, մի քանի տարուց խաղաղություն կնքում, և իրար հետ քիչ թե շատ նորմալ հարաբերվում, թեկուզ առանց իրար սիրելու և այլ՝ «ինտիմ» բաների մեջ մտնելու, իսկ հետո, հարկ եղած դեպքում՝ նորից կռվում: Պարտվածները առժամանակ կամ հավետ հաշտվում են իրենց ճակատագրի հետ, իսկ հաղթողները նշում են իրենց հաղթանակը:

*           *           *

Ի՞նչ է խախտվել մեր դեպքում: Արդյո՞ք հայի չար բախտն է մեղավոր, որ ռազմական գործողությունները վաղուց ավարտվել են, բայց պատերազմն իրականում շարունակվում է, լիարժեք խաղաղություն չկա, սահմանները փակ են, իսկ խեղճ Ասյան տառապում է ադրբեջանցի ընկեր ունենալուց:

Պատճառը մեկն է՝ արտաքին գործոնը: Որևէ պատերազմ չի ունենում իր բնական ավարտը, իր բնական խաղաղությունը, սառեցվում է, տևականացվում է, դառնում է հավերժ միայն այն դեպքում, երբ կա արտաքին միջամտություն: Ավելին՝ երբ կա հենց միջազգային միջնորդություն: Նույնիսկ եթե մի պահ ենթադրենք, որ այդ միջնորդությունն աշխարհի ամենաանկեղծ միջնորդությունն է:

Պատերազմը ժողովուրդների միջև հարաբերությունների ձեւերից է: Այն ունի իր բնական ցիկլը՝ ծագում, հասունացում, պոռթկում, գաթաթնակետ, վճռական բախում, թուլացում, խաղաղություն՝ վճռական բախման արդյունքների հիմնմամբ, որն ուզած-չուզած ընդունում է իր նյութական և հոգեբանական կարողությունները սպառած կողմերը, և որը գործում է այնքան ժամանակ, քանի դեռ կողմերից մեկը չի որոշում, որ ի զորու է նոր բախման:

Երբ պատերազմի բնական ցիկլը խախտվում է, երբ այն ընդհատվում է արհեստականորեն, ապա, միայն այդ դեպքում նա ժամանակավոր՝ մի քանի տարիների տանջանքից ու չարիքից վերածվում է հավերժ նզովքի, անվերջ հակամարտության, անլուծելի խնդրի՝ բոլոր հետևանքներով: Իսկ այդ բնականոն ընթացքը չի կարող խախտվել ներսից, այլ միայն դրսից:

Ներսից խախտվելը հնարավոր չէ, որովհետև, եթե պատերազմն ավարտվում է կողմերից մեկի ներքին շարժմամբ, ապա դա էլ հենց նշանակում է, որ պատերազմն ընդհատող կողմերից մեկը կամ բավարար կամք, կամ ցանկություն, կամ կարողություն և այլն չունի պատերազմ շարունակելու մեջ, և դա բնականորեն սպառվում է՝ վերածվելով բնականոն խաղաղության:

Հայ-ադրբեջանական պատերազմն էլ ունենալու էր իր բնական ավարտը, իր բնական խաղաղությունը, և երբեք չէր վերածվելու այսօրվա անվերջ, անլուծելի, փակուղային կոնֆլիկտի, եթե չլիներ միջազգային միջնորդությունը: Մեկ այլ առիթով մենք պետք է, անշուշտ, քննենք նաև այդ միջնորդության բնույթը՝ արդյո՞ք միամիտ այդպես ստացվեց, թե այդուհանդերձ մեծ տերություններին հարցի բնական լուծումը ձեռք չէր տալիս (կարծում եմ նախապես էլ պատասխանն ակնհայտ է, բայց կարևոր են մանրամասները): Այս պահին մենք պարզապես արձանագրենք այս ճշմարտությունը:

Կա ոչ թե խաղաղության, այլ պատերազմի միջազգային միջնորդություն: Չլուծված հակամարտության պատճառն, արմատը, հիմքը ոչ թե երկու ժողովուրդներն են, այլ հենց միջազգային հանրությունը, և ավելի հստակ՝ հենց միջազգային միջնորդությունը:

Թեև ամեն բան գլխիվայր շուռ տված է թվում այս սխեմայում, բայց իրականում որքան էլ անսովոր է դա՝ չկա սրանից պարզ, տրամաբանական նույնիսկ՝ տափակության աստիճան հասկանալի ճշմարտություն:

Ղարաբաղյան կարգավորման միջնորդությունը պարզապես մի կեղծիք է, մի նենգափոխում, որը թաքցնում է իրականությունը՝ երկու ժողովուրդների անվերջ պատերազմը՝ որպես միջազգային քաղաքականության հետևանք և մաս:

Հետևանքները, որոնք բխում են դրանից, բազմաթիվ են և պետք է քննարկվեն առաձին:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter