
ՀՀԿ-ն մասնակցելու է արտահերթ խորհրդարանական ընտրություններին․ ցուցակը գլխավորելու է Վիգեն Սարգսյանը
Հայաստանի հանրապետական կուսակցությունը մասնակցելու է արտահերթ խորհրդարանական ընտրություններին։ Այս մասին ՀՀԿ խորհրդի նիստից հետո լրագրողներին հայտնել է ՀՀԿ նախագահի նորընտիր առաջին տեղակալ Վիգեն Սարգսյանը։ Հիշեցնենք, որ նախկինում ՀՀԿ նախագահի առաջին տեղակալը Կարեն Կարապետյանն էր, վերջինս ավելի վաղ հայտարարել էր ՀՀԿ նախագահի առաջին տեղակալի պաշտոնից հրաժարվելու մասին։
Համամասնական ցուցակը գլխավորելու է Վիգեն Սարգսյանը։
Վիգեն Սարգսյանի համոզմամբ՝ ՀՀԿ-ն ընտրություններին մասնակցության հայտ է ներկայացնում՝ «լինելու հիմնական ընդդիմադիր ուժը»։
«Առաջիկա ընտրություններում չի որոշվելու, թե ով է լինելու իշխանություն, այդ հարցը կարծես թե որոշված է, և կարծում եմ այն վարչապետը, որին հրապարակում հավաքված մեր քաղաքացիները մատնանշեցին որպես ժողովրդի թեկնածու, պետք է շարունակի կատարել այն պարտականությունը, որը ստանձել է։ Ինքն ապացուցելու բան ունի, և մենք պատրաստ ենք որպես ընդդիմություն հավասարակշռել դա պարտադրելով, որ ժողովրդին տրված խոստումները կատարվեն»,-ասաց Վիգեն Սարգսյանը։
Մեկնաբանել