HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Վահե Սարուխանյան

Հայաստանի հավաքականը սկսում է նախապատրաստությունն առաջիկա խաղերին

Նոյեմբերի 16-ին եւ 19-ին Հայաստանի ազգային հավաքականն անցկացնելու է Ազգերի լիգայի անդրանիկ խաղարկության իր վերջին երկու հանդիպումները: Ամսի 16-ին մեր թիմը նախ հյուրընկալվելու է Ջիբրալթարին, որին Երեւանում զիջել է 0-1, իսկ վերջին խաղում Արմեն Գյուլբուդաղյանցի սաները մրցելու են Լիխտենշտայնի հետ, որին տանը հաղթել են 2-1:

Ա. Գյուլբուդաղյանցն արդեն հրապարակել է հավաքական հրավիրված ֆուտբոլիստների ցանկը, որն ունի այսպիսի տեսք:

Դարպասապահներ

Արսեն Բեգլարյան, «Լիեպայա» (Լատվիա)
Արամ Հայրապետյան, «Բանանց»
Հենրի Ավագյան, «Ալաշկերտ»

Պաշտպաններ

Վարազդատ Հարոյան, «Ուրալ» (Ռուսաստան)
Հովհաննես Համբարձումյան, «Էնոսիս Պարալիմնի» (Կիպրոս)
Կամո Հովհաննիսյան, «Ժետիսու» (Ղազախստան)              
Արտակ Եդիգարյան, «Ալաշկերտ»
Գագիկ Դաղբաշյան, «Ալաշկերտ»     
Տարոն Ոսկանյան, «Ալաշկերտ»
Արթուր Քարտաշյան, «Փյունիկ» 
Արտյոմ Խաչատուրով, «Լոռի»

Կիսապաշտպաններ

Հենրիխ Մխիթարյան, «Արսենալ» (Անգլիա)              
Գեւորգ Ղազարյան, «Շավիշ» (Պորտուգալիա)  
Էդգար Մալաքյան, «Ժետիսու» (Ղազախստան)   
Արտակ Գրիգորյան, «Ալաշկերտ»
Կառլեն Մկրտչյան, «Փյունիկ»
Ռումյան Հովսեփյան, «Փյունիկ»
Ալիկ Առաքելյան «Փյունիկ»
Գոռ Մալաքյան, «Արարատ-Արմենիա»

Հարձակվողներ

Սարգիս Ադամյան, «Յան Ռեգենսբուրգ» (Գերմանիա)
Տիգրան Բարսեղյան, «Վարդար» (ՆՀՀ Մակեդոնիա)
Յուրա Մովսիսյան, «Չիկագո Ֆայր» (ԱՄՆ)
Ալեքսանդր Կարապետյան, «Պրոգրես Նիդերկորն» (Լյուքսեմբուրգ)

ՀՖՖ պաշտոնական կայքի հետ զրույցում Արմեն Գյուլբուդաղյանցը հայտնել է, որ մի շարք ֆուտբոլիստներ՝ Մարկոս Պիզելին, Անդրե Չալըշըրը, Հրայր Մկոյանը, Հայկ Իշխանյանը, Պետրոս Ավետիսյանը եւ Արթուր Սարկիսովը, հավաքական չեն հրավիրվել վնասվածքների, իսկ Արաս Օզբիլիզը՝ փաստաթղթային խնդիրների պատճառով։

Կարելի է նաեւ նկատել, որ տեւական դադարից հետո հավաքական է հրավիրվել Լյուքսեմբուրգում հանդես եկող Ալեքսանդր Կարապետյանը: Երկու դեղին քարտի պատճառով Ջիբրալթարի հետ հանդիպումը բաց կթողնի Տիգրան Բարսեղյանը:

Ըստ ՀՖՖ-ի՝ հավաքականի մարզական հավաքը սկսվելու է այսօր ՀՖՖ տեխնիկական կենտրոն/ֆուտբոլի ակադեմիայում։ Մարզմանը կմասնակցեն Հայաստանի առաջնությունում հանդես եկող ֆուտբոլիստները, ինչպես նաեւ նախապես Երեւան ժամանած Արսեն Բեգլարյանը, Վարազդատ Հարոյանը, Էդգար Մալաքյանը եւ Կամո Հովհաննիսյանը։    

Նոյեմբերի 13-ի վաղ առավոտյան ՀՖՖ պատվիրակությունը չարտերային չվերթով կմեկնի Մալագա, որտեղից էլ ավտոբուսով կուղեւորվի Ջիբրալթար։ Արդեն Ջիբրալթարում թիմին կմիանան Հայաստանի հավաքականի՝ արտերկրում հանդես եկող մյուս ֆուտբոլիստները։ 

Հայաստանի հավաքականը Ջիբրալթարում մարզումներ կանցկացնի նոյեմբերի 13-ին, 14-ին եւ 15-ին, իսկ Ջիբրալթար-Հայաստան հանդիպումը կկայանա նոյեմբերի 16-ին եւ կսկսվի Երեւանի ժամանակով 23։45-ին։ 

Հիշեցնենք, որ Ազգերի լիգայի 4-րդ դիվիզիոնի (լիգայի) 4-րդ խմբի առաջատարը 4 տուրից հետո ՆՀՀ Մակեդոնիան է, որը հավաքել է 9 միավոր, Ջիբրալթարն ու Հայաստանն ունեն 6-ական միավոր, սակայն անձնական խաղում հաղթանակի շնորհիվ գաճաճ պետության ներկայացուցիչներն առաջ են մեզնից, իսկ Լիխտենշտայնը 3 միավորով հետնապահն է:

Խմբից դուրս գալու համար անհրաժեշտ է, որ մեր ընտրանին վերջին 2 խաղում անպայման հաղթի, իսկ մակեդոնացիները 3 միավոր կորցնեն խաղերից մեկում: Ընդ որում՝ վերջիններս նույնպես խաղալու են Ջիբրալթարի ու Լիխտենշտայնի հետ, որոնց առաջին խաղերում հաղթել են 2-0 եւ 4-1 հաշիվներով: 

Առաջին լուսանկարում՝ դրվագ Հայաստան-Ջիբրալթար հանդիպումից (լուս.՝ Գագիկ Աղբալյանի)  

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter