HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Ձմեռային դեպրեսիա

Ապակու ետեւից նայում եմ դիմացի մեքենային: Մա քրիչներին ու կողմային հայելուն: Միայն դրանք են դրսում մնացել, մնացած մասի վրա ձյունն առատորեն եկել է, եւ մեքենան դարձել է պոզավոր քառագագաթ ձնե լեռ: Մեքենայի ներսում վարորդ չկա: Միգուցե տերը դեռ երեկ երեկոյան է զառ իվերը բարձրանալու ապարդյուն ջանքերից հետո մեքենան այստեղ թողել, տաքսիով կամ երթուղայինով շարունակել ճանապարհը:

Ամենաճիշտն այս պարագայում նրա օրինակին հետ եւ ելն է. մեքենան թողնել այստեղ մինչեւ երեկո, երբ տրակտորները կմաքրեն փողոցը: Սակայն ամբողջ օրն առանց մեքենա մնալու հեռանկարն ինձ այնքան էլ չի հրապուրում: Բացի այդ, հենց իմ մեքենայով տեղ հասնելը սկզբունքորեն շատ կարեւոր է ինձ համար. բավական է պատկերացնեմ հարեւան տատիկի գոհունակ դեմքը, երբ վերադառնամ. «Ասում էի չէ՞, մեքենան մի վերցրու, ճանապարհները փակ են»:

Մեկ անգամ էլ եմ փորձում մեքենան տեղից պոկել: Չստացվեց: Հանգցնում եմ շարժիչը:

Փողոցում մեքենաներ շատ կան: Տեսնես ու՞ր են շտապում էս շաբաթ օրով, էս բուքուբորանին: Մեկը լիներ' ինձ հարցներ: Իսկ ես քաղաք եմ իջնում շատ կարեւոր ու անհետաձգելի գործով:

Երեկ հեռախոսիս համար անսպասելի մեծ գումար մուծեցի, ու հետո ամբողջ երեկո մտածում էի' ախր հնարավոր չէ ես այդքան խոսեի, ես տանն էլ այդքան չեմ լինում: Կա- չկա' ինչ-որ մեկը «գիծ է մտել»: Ու դա պարզելու համար գնում եմ Հանրապետության հրապարակ, «ԱրմենՏելի» գրասենյակ:

Ավանից Զեյթուն տանող ճանապարհին եմ, քանի որ գազանանոցի ճանապարհը փակ էր: Առավոտ է: Մաքրող մեքենաներն արդեն մաքրել են հանդիպակաց շարքը, իսկ իմ շարքում ձյան հինգ սանտիմետրանոց շերտ է, որի տակից տեղ-տեղ երեւում է սեւ հայելանման սառույցը:

Փողոցը դարձել է սառցադաշտ, ու մեքենաները չմուշկների վերածված անիվների վրա լամբադա են պարում:

Զեյթունի կամրջի մոտ եմ: Կամրջի մոտ տրոլեյբուսը փորձեց շրջադարձ կատարել, չկարողացավ ու մնաց այդպես կանգնած' կաթվածահարելով երկկողմանի երթեւեկությունը:

«Ժիգուլիները» միմյանց նկատմամբ տարբեր անկյուններով շարվել են տրոլեյբուսի մոտակայքում, ետ եւ իս մեքենաների վարորդները չգիտես ինչի ակնկալիքով խլացուցիչ ազդանշում են:

Աշխարհը բաժանվել է երկու մասի' մեր անշարժությունը եւ տրոլեյբուսից այն կողմ անհայտությունը:

Անշարժությունը խախտում է մի ա ղջիկ' կեպիով, երկար, բարակ կրունկներով երկարաճիտ կոշիկներով, որ մայթի մոտի 20 սանտիմետրանոց ձյան մեջ խրվելով' վազում է դեպի կամուրջը: Ու ժպտում է: Երեւի ձյան փաթիլներին:

«Նիվա» մակնիշի մի քանի մեքենաներ տրոլեյբուսի թողած նեղ արանքով մտնում են մեր աշխարհը: Կարծես ավելի ընդգծելու համար ճանապարհի մեջտեղում մեխված, ընդամենը երկու քաշող անիվ ունեցող մեքենաների ճղճիմությունը' «Նիվաները» թողնում են մեքենաների գծած «ռելսերը» ու մտնում են ձյան մեջ, քշում գրեթե աղջկա կողքով, ցեխոտ ձյան քուլաները շփում վրան:

«Լադաների» վարորդները կսկիծով միմյանց են նայում:

Մինչեւ կամուրջ մի 50 մետր է: Կամրջից արդեն վայրէջք է սկսվում: Եթե մեքենաների վարորդները միմյանց մեքենաները հրեն այդ 50 մետրը, հետո հանգիստ կիջնեն: Սակայն ոչ ոք տեղից չի շարժվում: Մի քանի երիտասարդ տղամարդիկ շարվել են մայթին եւ իրենք էլ են կարծում, որ այդ 50 մետրը կարելի է մեքենաները հրել, հանել: Անցնող պապիկն էլ է դա նկատում: Ու էլի ոչ մեկը չի շարժվում:

«Տղամարդ լինեի, կիջնեի, կհրեի»,-մտածում եմ ես: Տեսնես տղամարդիկ իրենց ինչպե՞ս են արդարացնում:

Ձյան խոշոր փաթիլներն անվրդով թափվում են Երեւանի վրա:

Արծաթե թիթեռնիկներ ...

Մի քիչ ավելի հեռու երկու տղամարդ հանդիպակաց մայթերին կանգնած' ձնագնդի են խաղում: Ռադիոյի մի ալիքով աղջիկ դիջեյը եւ տղա զանգահարողը երկար ու ձանձրալի պարզում են ասեկոսեները աղջկա եւ էստրադայի հայտնի աստղերից մեկի սիրային հարաբերությունների մասին: Մյուս ալիքով Ֆրեդի Մերքյուրին երգում է, որ ոչինչ այլեւս նշանակություն չունի իր համար:

Տեսնես, եթե կարողանամ ապացուցել, որ ես չեմ խոսել այդքանը, գումարս ետ կտա՞ն: Տեսնես կհասցնե՞մ մինչեւ գրասենյակի փակվելը:

Մոտ մեկ ու կես ժամից, երբ ամբողջովին սառչում եմ, փորձում եմ տաքսի կանչել: Զանգում եմ: Տաքսու ոչ մի ծառայություն չի աշխատում: Սպիտակ դժոխք: Բայց այնքա~ն գեղեցիկ:

Ներքեւի' քաղաք իջնող ճանապարհն արդեն պիտի մաքրած լինեն: Մայթին կանգնած տղաներին խնդրում եմ հրել մեքենան, շրջադարձ եմ կատարում ու դանդաղ, սառույցի վրա ելեւէջելով' իջնում եմ ներքեւ:

Ամենքն իր տան, խանութի, ավտոտնակի դիմացը բահով մաքրել, ձյունը լցրել է փողոց, մայթերի մոտ: Սակավաթիվ անցորդները քայլում են հենց փողոցի մեջտեղով' անտեսելով ազդանշանները եւ այն փաստը, որ մեքենաներն անկառավարելի են: Մարդիկ այնքան են հոգնել, որ դարձել են անտարբեր:

Զգույշ շրջանցում եմ աջ թեքվել փորձող կապույտ ֆուրգոնը: Մեքենան չի կարող վերեւ բարձրանալ, երկու տղամարդ մեքենայի ետեւի ձողին են կանգնել, որ մեքենան ծանր լինի, ու լուրջ, մտահոգված դեմքերով թռվռում են ձողի վրա:

Մի կին փողոցի մեջտեղում սահնակով երեխայի հետ այս ու այն կողմ է վազվզում մեքենաների բարկացած ազդանշանների ներքո:

Մի տղա անօգնական կանգնած է լեռնագնացային հեծանվով: Միայն սա էր պակաս:

Վերջապես հասնում եմ քաղաք: Արդեն 2 ժամ է, ինչ տանից դուրս եմ եկել:

Քաղաքում ոչինչ, լավ է, մաքրող մեքենաներն ահագին մաքրել են փողոցները: Մեքենաների առավելագույն արագությունը 25 կմ/ժ է, բայց դա ոչինչ, կարեւորը հասել եմ:

Ինձա նից չափազանց գոհ եմ. մեքենա վարելու ընդամենը մեկ տարվա փորձով այս ձյան մեջ ինքնուրույն հասա Հանրապետության հրապարակ:

Մեքենան կանգնեցնում եմ, բարձրանում եմ սեւ շենքի աստիճաններով ու հաղթական ներս մտնում: Մինչ մոտենում եմ երկար շարքի վերջում, սեղանի ետեւում նստած կնոջը' վառ կարմիր շրթներկով եւ պայծառ ժպիտով, էքսպրոմտով ճառ եմ նախապատրաստում, եթե հանկարծ ցուցակը կարդալուց հետո չհավատան, որ այդ ես չեմ խոսել:

- Բարեւ ձեզ, ինձ կտա՞ք արածս հեռախոսազանգերի ցուցակը,-ասում եմ կնոջը:

- Չեմ կարող,-ասում է կինն ու չգիտես ինչու զվարթ ծիծաղում:

- ՞

- Տպիչը չի աշխատում,-պարզաբանում է նա:

- Իսկ որ երկուշաբթի գամ, կաշխատի՞ արդեն,-հարցնում եմ ես կոտրված ձայնով:

Կինը պատասխանում է քրքիջի նոր պոռթկումով: Ես նյարդայնացած նկատում եմ, որ դիմացի երկու ատամներին շրթներկ է քսվել:

- Տպիչն անցած տարվա նոյեմբերից չի աշխատում,-ասում է նա:

«ԱրմենՏելի» տպիչը չի աշխատում ...

Չգիտեմ' ինչ ասեմ: Շրջվում եմ ու դուրս գալիս: Դրսում ցեխաձյուն է: Մեքենայիս ետեւում էլ ինչ-որ մեքենա է կանգնել, վարորդն էլ չկա, չգիտեմ' ինչպես եմ դուրս գալու ...

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter