HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Արաքս Մամուլյան

Նուբարաշենի խճուղում տեղի ունեցած սպանության գործով պաշտպանված վկայի ցուցմունքներում էական հակասություններ կան

Նուբարաշենի խճուղում տեղի ունեցած սպանության գործով դատական նիստին այսօր հրապարակվեցին «Արմեն Սարգսյան» անունով պաշտպանված վկա Դավիթ Գրիգորյանի նախաքննական ցուցմունքները:

Վերջինս հոկտեմբերի 22-ին դատարանում ցուցմունք է տվել, և մեղադրող դատախազ Վարդգես Սարգսյանը միջնորդել է նրա նախաքննական ցուցմունքները հրապարակել` հաշվի առնելով, որ դրանցում և դատաքննական ցուցմունքներում առկա են էական հակասություններ:

Նշենք, որ Դավիթ Գրիգորյանը դատարանին հայտնել է, թե «Արմեն  Սարգսյան» կեղծանվամբ  ամբաստանյալներից ոմանց դեմ կեղծ ցուցմունքներ է տվել դեպքի վայրից քիչ հեռու գտնվող No problem ավտոտեխսպասարկման կետի տնօրենի, գործը քննած Քննչական կոմիտեի Էրեբունու բաժնի քննիչների, Էրեբունու ոստիկանապետի դրդմամբ, իսկ երբ ՀՔԾ քննիչին տեղի ունեցածի մասին հայտնել է, վերջինս քայլեր չի ձեռնարկել այդ ուղղությամբ քննություն իրականացնելու համար: Վերը նշվածի առնչությամբ այժմ ԱԱԾ-ում քրեական գործ է հարուցված, որով Գրիգորյանը տուժողի կարգավիճակ ունի:

Նշենք, որ 58-ամյա Եղիշե Խաչատրյանը սպանվել է 2016 թվականի հուլիսի 4-ին: Ըստ գործի նյութերի՝ Խաչատրյանը Նուբարաշենի խճուղում երթևեկության կանոնները խախտելու համար նկատողություն է արել ամբաստանյալներ Յուրի Հակոբյանին, Արտաշես Չիչոյանին ու Արարատ Նիկողոսյանին, որից հետո վերջիններս նրան հայհոյել են, ծեծել, ապա դեպքի վայր են եկել Արթուր Զաքարյանը, Խաչիկ Կոսյանը և ինքնությունը չպարզված ևս մեկ անձ, ու ծեծկռտուքը շարունակվել է այնքան, մինչև Եղիշե Խաչատրյանը սպանվել է: Դեպքի ժամանակ Եղիշե Խաչատրյանի հետ մեքենայում է եղել նաև նրա մայրը՝ Էմմա Աբրահամյանը, և միջադեպը տեղի է ունեցել մոր աչքի առաջ: Գործի դատաքննության ընթացքում ամբաստանյալ Արարատ Նիկողոսյանը մահացել է, սակայն մահվան հիմքով վերջինիս նկատմամբ քրեական հետապնդումը չի դադարեցվել և նրա մասով ևս քննությունը շարունակվում է:

«Արմեն Սարգսյան» կեղծանվամբ տված իր առաջին ցուցմունքում Դավիթ Գրիգորյանը հայտնել է, որ դեպքի օրն անցնելիս է եղել իր աշխատավայրի՝  No problem ավտոտեխսպասարկման կետի մոտով, երբ հետաքրքրությունից դրդված՝ մտել է այնտեղ՝ տեսնելու, թե ով կա: Երբ ներսում է եղել, հայհոյանքի ձայներ է լսել ու դուրս գալով՝ տեսել այս գործով տուժողի կարգավիճակ ունեցող Սանասար Բադալյանի մեքենան, ապա՝ ավտոտեխսպասարկման կետի հաճախորդներից մեկին՝ Արիկին՝ երեք այլ տղաների հետ (խոսքն այս գործով ամբաստանյալ Արարատ Նիկողոսյանի մասին է, որը քրեակատարողական հիմնարկում մահացել է-հեղ.):

Ըստ պաշտպանված վկայի ցուցմունքի՝ Արիկը Սանասարին հայհոյել ու ասել է, թե «նենց մարդ չկա, որ իրենց ասի «արա»: «Արմեն Սարգսյան» կեղծանունով վկան ցուցմունք է տվել նաև այն մասին, որ Արիկը Սանասար Բադալյանին հարվածել է, նրա հետ ավտոտեխսպասարկման կետ եկած մեկ այլ երիտասարդ՝ ծաղկավոր վերնաշապիկով, ևս ցանկացել է նրան հարվածել, սակայն ավտոտեխսպասարկման կետի տնօրենն, ինքն ու այլ աշխատակիցներ դա թույլ չեն տվել:

Ըստ վկայի ցուցմունքի՝  վիճաբանության ժամանակ Սանասար Բադալյանն ասել է՝ «Արա, բա խի՞ էիք էդ մարդուն ու կնկան խփում, մեծ մարդիկ են»:

Դրանից հետո ավտոտեխսպասարկման աշխատակից Մերուժան Բադալյանը հայտնել է, որ Սանասար Բադալյանն իր հայրն է, և ավտոտեխսպասարկման կետ եկած անձինք ետ են քաշվել:

Նշենք, որ ըստ գործի նյութերի՝ Սանասար Բադալյանը, որը տաքսու վարորդ է, Եղիշե Խաչատրյանի սպանության օրը մեքենայով անցնելիս է եղել դեպքի վայրով, մեքենայի ապակին իջեցրել ու միջադեպի մասնակիցներին նախատել է։ Ամբաստանյալ Արարատ Նիկողոսյանը, Խաչիկ Կոսյանն ու Արթուր Զաքարյանը ցավագին են ընդունել դա, հետապնդել են նրան, քաշքշել ու հայհոյանքներ հասցրել: Արթուր Զաքարյանի վերաբերյալ «Արմեն Սարգսյան» կեղծանվամբ վկան որևէ ցուցմունք չի տվել, որպես միջադեպի ամենաակտիվ անձ նշել է Արիկին, ցուցմունք է տվել նաև այն մասին, որ ակտիվությամբ աչքի է ընկել նաև ծաղկավոր վերնաշապիկով երիտասարդը: Նշենք, որ, ըստ գործի նյութերի, միջադեպի օրը ծաղկավոր վերնաշապիկով է եղել ամբաստանյալ Խաչիկ Կոսյանը:

Միջադեպից հետո ավտոտեխսպասարկման կետի տնօրենը Սանասար Բադալյանին, ըստ ցուցմունքի, հորդորել է հետագա անախորժություններից խուսափելու համար նստել մեքենան ու գնալ:

Սանասարի և որդու հեռանալուց հետո, ըստ վկայի ցուցմունքի, ինքը գնացել է դեպի խճուղի՝ ավտոտեխսպասարկման կետում եղած խոսակցություններից հասկանալով, որ այնտեղ ծեծկռտուք է:

Շուտով «Արմեն Սարգսյան» անունով վկան նկատել է սպիտակ գույնի «Ֆորդ տրանզիտ» մակնիշի մեքենա ու լսել կնոջ բղավոց, որն ասելիս է եղել՝ «օգնե՛ք, մի՛ խփեք, հերիք ա», ապա տեսել գետնին ընկած տղամարդու: Վերջինիս կողքին տեսել է տարեց կնոջ, նրա կողքին՝ երիտասարդ մի աղջկա, որը ևս օգնություն խնդրելիս է եղել:

Ապա, ըստ պաշտպանված վկայի ցուցմունքի, ինքը տեսել է, թե ինչպես է ավտոտեխսպասարկման կետի մեկ այլ հաճախորդ՝ Արտաշը, մոտեցել ընկած տղամարդուն ու մեկ անգամ ոտքով հարվածել գլխին: Դրանից հետո երիտասարդ աղջիկն, ըստ ցուցմունքի, Արտաշին նայելով՝ ասել է. «Հերիք ա հարվածես, սպանիր»: Հետո ինչ-որ մեկն Արտաշին քաշել ու տարել է այդտեղից: Նշենք, որ երիտասարդ աղջիկն, ամենայն հավանականությամբ, այս գործով վկա Մարիամ Գրիգորյանն է, որը դեպքի ժամանակ տղաների հետ է եղել:

Ըստ պաշտպանված վկայի ցուցմունքի՝ ինքը մոտեցել է գետնին ընկած տղամարդուն, քթից և գլխի շրջանից արյուն գալիս է եղել: Նրա կողքին կքանստած է եղել նաև երիտասարդ աղջիկը:

Ըստ «Արմեն Սարգսյան» կեղծանվամբ վկայի՝ դրանից հետո ինքը զանգահարել է շտապօգնություն,  որից հետո նկատել է, որ երիտասարդ աղջիկն իր կողքին չէ, ապա տեսել, որ Արիկը, երիտասարդ աղջիկը, Արտաշը և ևս մեկ անձ սև մեքենայով գնացել են դեպքի վայրից:

Այս ամենից հետո վկան, ըստ ցուցմունքի, վերադարձել է ավտոտեխսպասարկման կետ ու այնտեղ տեսել ծաղկավոր վերնաշապիկով երիտասարդին, որն անհանգիստ այս ու այն կողմ գնալիս է եղել:

Ավտոտեխսպասարկման կետում 15 րոպե մնալուց հետո վկան, ըստ ցուցմունքի, գնացել է այնտեղից, իսկ թե ծաղկավոր վերնաշապիկով երիտասարդը երբ է գնացել ավտոտեխսպասարկման կետից, չգիտի:

Գործի նախաքննության ընթացքում վկայի մասնակցությամբ ճանաչման քննչական գործողություն է իրականացվել, և նա հայտնել է, որ ամբաստանյալ «Խաչիկ Կոսյանն ու Արիկը Արտաշի մոտ են եղել, երբ վերջինս հարվածել է գետնին ընկած տղամարդու գլխին»: Այս հանգամանքը, սակայն, ըստ վկայի` «Արմեն Սարգսյան» կեղծանվամբ տված մեկ այլ ցուցմունքի, իրականությանը չի համապատասխանում, ինքը փոքր-ինչ աղավաղել է հանգամանքները, որպեսզի ճանաչման ներկայացված անձինք չկռահեն, որ ինքը կապ ունի ավտոտեխսպասարկման կետի հետ:

Ըստ ցուցմունքի՝ թեև վկան ասել է, որ «Արիկն ու Խաչիկն Արտաշի կողքին են եղել, երբ վերջինս տղամարդուն հարվածել է», իրականում ինքն այդ ժամանակ նրանց չի տեսել, դա իր ենթադրությունն է, քանի որ հարվածի ժամանակ դեպքի վայրում եղել են տասնյակ անձինք, ինքը ենթադրել է, որ Խաչիկն ու Արիկը ևս այնտեղ եղած կլինեն:

Հետագայում պաշտպանված վկայի ու գործով ամբաստանյալների ցուցմունքներում հակասությունների առկայությամբ պայմանավորված` անհրաժեշտություն է առաջացել նրանց առերես հարցաքննելու, սակայն պաշտպանված վկան պնդել է, որ այդ դեպքում իր ինքնությունը կբացահայտվի, ուստի չի ցանկանում առերեսվել:

Նշենք, որ ըստ գործի նյութերի՝ պաշտպանված վկայի հարցաքննությունը տեսագրվել է, գործին կցված է նաև լազերային սկավառակ: Հարցաքննություններից մեկը տևել է 1 ժամ 45 րոպե, սակայն երբ դատարանում տեսագրությունը հետազոտվում էր, պարզվեց, որ լազերային սկավառակի վրա 2 րոպե 10 վայրկյան տևողությամբ հարցաքննություն է:

Դրանից հետո ամբաստանյալ Արտաշես Չիչոյանի պաշտպան Միհրան Պողոսյանը կասկած հայտնեց, որ ընդհանրապես տեսագրություն տեղի չի ունեցել ու միջնորդեց, որպեսզի դատարանը քննություն իրականացրած մարմնից պահանջի ամբողջ տեսագրությունը: Սրա դեմ մեղադրող դատախազը չառարկեց, և դատարանը բավարարեց միջնորդությունը:

Մեզ հետ զրույցում Միհրան Պողոսյանը համոզմունք հայտնեց, որ հարցաքննության տեսագրությունը հետազոտելը շատ կարևոր է` նկատի ունենալով նաև այն հանգամանքը, որ վկան դատարանում հայտարարել է, թե իր նկատմամբ ճնշումներ են եղել: Ըստ պաշտպանի` հարկ է հասկանալ, թե վկան ինչ պայմաններում է ցուցմունք տվել:

Ըստ Պողոսյանի` վկայի ցուցմունքում այնպիսի արտահայտություններ կան, որոնք ակնհայտորեն նրա բառապաշարում չկան, և տեսանյութի հետազոտությամբ պարզ կլինի, որ կոնկրետ հանգամանքների շուրջ կոնկրետ նախապատրաստված պատասխաններ են տրվել:

Նշենք, որ այսօրվա դատական նիստին միջադեպ տեղի ունեցավ ամբաստանյալ Խաչիկ Կոսյանի և տուժողի իրավահաջորդ Փառանձեմ Մեյթիխանյանի միջև:

Ապակիներից այն կողմ `դահլիճում ներկա անձանց հստակ լսելի չէր, թե ինչն է վիճաբանության առիթը, սակայն մեզ հետ զրույցում ամբաստանյալների պաշտպաններն ու Փառանձեմ Մեյթիխանյանը տարբեր հանգամանքներ նշեցին:

Ըստ ամբաստանյալների պաշտպաններից մեկի` Խաչիկ Կոսյանն ասել է. «Ի՞նչ ես ուզում, մեզնից մեկին սպանեցիք՝ նկատի ունենալով քրեակատարողական հիմնարկում մահացած Արարատ Նիկողոյսանին, ինչին ի պատասխան՝ Փառանձեմ Մեյթիխանյանը, տեղից վեր կենալով, նրան անվանել է ողորմելի: Դրանից հետո պաշտպանական կողմը դատարանին հորդորել է կարգի հրավիրել Մեյթիխանյանին ու պահպանել հավասարության սկզբունքը:

Փառանձեմ Մեյթիխանյանը մեզ հետ զրուցում նշեց, որ պաշտպանված վկայի հարցաքննության տեսագրության ժամանակ պաշտպաններից Վաչագան Քոսյանը հայտարարել է այն մասին, որ վկայի դեմքը չի երևում, ինչին ինքն արձագանքել է` «փակ վկա է, չէ՞», և ի պատասխան՝ ամբաստանյալ Խաչիկ Կոսյանն իրեն շրթունքներով հայհոյանք է ուղղել:

«Նրա կողքին նստած փաստաբան Վաչագան Քոսյանը դա չի տեսնում, բայց դա առաջին անգամը չէ: Դա ժեստերի լեզու է, որ ես տեսնում եմ: Կոսյանի նման վարքագծին ես պատասխանեցի «ողորմելի» բառով, ու գտնում եմ, որ դա քիչ էր»,- ասաց Փառանձեմ Մեյթիխանյանն ու հավելեց, որ դատական նիստերին ամբաստանալները, հատկապես Խաչիկ Կոսյանը շրթունքներով հայհոյանք է ուղղում ոչ միայն իրեն, այլև իր պաշտպանին:

Նշենք, որ այսօրվա դատական նիստին դատավորը որոշում չհրապարակեց ամբաստանյալ Արթուր Զաքարյանի խափանման միջոցի վերաբերյալ:

Նախորդ դատական նիստին Զաքարյանի պաշտպան Վաչագան Քոսյանն իր պաշտպանյալի խափանման միջոց կալանավորումը փոխելու ու նրա նկատմամբ ազատազրկման հետ կապ չունեցող խափանման միջոց ընտրելու վերաբերյալ միջնորդություն էր ներկայացրել՝ ի թիվս մի շարք հանգամանքների նշելով նաև այն, որ Կոսյանի մոտ առողջական լուրջ խնդիր է առաջացել, անհրաժեշտ է վիրահատություն:

Դատարանը որոշում էր կայացրել «Նուբարաշեն» քրեակատարողական հիմնարկ գրություն ուղարկել՝ պարզելու, թե արդյոք Զաքարյանի բուժումը հնարավոր է կազմակերպել «Նուբարաշեն» ՔԿՀ–ում կամ քաղաքացիական հիվանդանոցում, որի պատասխանը դեռևս չէր ստացվել։