HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Սեդա Ղուկասյան

Նիկոլ Փաշինյան. «Միկրոբիզնեսն ընդհանրապես ազատված կլինի բոլոր հարկերից»

«Այս բյուջեի նախագիծը իներցիոն բյուջե է և հիմնված այն պարամետրերի վրա, որը ստացել ենք որպես ժառանգություն»:

Այս մասին խորհրդարանի ամբիոնից հայտարարեց վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանը՝ խոսելով 2019 թվականի բյուջեի նախագծի մասին:

«Բյուջետային մեր քաղաքականության մեջ եղել են էական և շրջադարձային փոփոխություններ. մեր տնտեսական քաղաքականությունը կարելի է համարել աշխատանքի խրախուսման քաղաքականություն, և մենք մեր գործունեության հիմքում դնում ենք աշխատանքի խրախուսման տրամաբանությունը»,- ասաց Նիկոլ Փաշինյանը:

Փաշինյանի խոսքով՝ գործող կառավարությունը հանրային փոփոխությունների կարևոր պայման է համարում անհատական ջանքը, ըստ այդմ, երկրում չեն կարող փոփոխություններ լինել, եթե փոփոխությունների հիմքում ընկած չէ անհատական ջանքը:

«Երբ մենք ասել ենք տնտեսական աճ, նկատի ենք ունեցել համընդհանուր ջանքի մեկտեղում, մեզ համար կարևոր է, որ ՀՀ-ում տնտեսական աճի կառուցվածքը փոխվի այնպես, որ այն լինի ներառող: Սա նշանակում է, որ մեր քաղաքական խնդիրն է յուրաքանչյուր անհատի համար ստեղծել տնտեսական գործունեությամբ զբաղվելու իրական հնարավորություն, ըստ էության, համարում ենք, որ  քաղաքական մակարդակում այդ խնդիրը լուծել ենք, այլևս չկան մենաշնորհներ, չկան տնտեսական գործունեության սահմանափակումներ, ներմուծման և արտահանման արգելքներ, և սրանով քաղաքական նախապայմաններն ու տնտեսական նախապայմանների մի մասն ապահովված է»,-շեշտեց վարչապետի պաշտոնակատարը:

Փաշինյանը խոսեց աշխատանքի խրախուսման կարևոր մեխանիզմի մասին.

«Մենք որոշել ենք սահմանել այսպիսի մի հասկացություն՝ միկրոբիզնես, որն ընդհանրապես ազատված կլինի բոլոր հարկերից, այն մարդիկ, ովքեր իրենց գործունեությունը կծավալեն 20-24 մլն շեմում, չեն վճարի հարկ, իհարկե կլինեն որոշակի սահմանափակումներ՝ ոլորտների հետ կապված, կլինի նաև գոտիականության խնդիր, և մենք այս քաղաքականությամբ կփորձենք խրախուսել հատկապես մարզերում տնտեսական գործունեությունը»,- ասաց նա:

Փաշինյանի խոսքով՝ միկրոբիզնեսի պարագայում մինչև երեք աշխատող ունենալու պարագայում լինելու է եկամտահարկի վճարման այլ ռեժիմ:

«Այսինքն նրանք ոչ թե կհարկվեն աշխատավարձի 23 %-ի չափով, ինչպես մյուսները, այլ 5000 դրամի հաստատագրված վճարով կարող են լուծել եկամտահարկի խնդիրը»,- ասաց նա:

Աշխատանքի խրախուսման հաջորդ նախապայմանն ըստ Նիկոլ Փաշինյանի եկամտահարկի համահարթեցումն է.

«Մենք ասել ենք, որ 36 ու 28 % եկամտարկն իջեցնելու, դարձնելու ենք բոլորի համար համահարթ, բոլորի համար 23 %, մենք այդ կերպ խրախուսում ենք բարձր աշխատավարձերով  նոր աշխատատեղերի ստեղծումը, և երկրորդը՝ այս և մյուս փոփոխություններով հավելյալ մոտ 50 միլիարդ դրամ ենք ներարկում տնտեսության մեջ»,-ասաց նա՝ ընդգծելով, որ եկամտահարկի նվազեցումն անուղղակիորեն ավելացնելու է աշխատավարձը:

Նիկոլ Փաշինյանի խոսքով՝ մասնավոր տաքսիներն ազատվելու են արտոնագրային վճարներից.

«Եթե անհատ տաքսու վարորդ են, որևէ վճար վճարելու անհրաժեշտություն չունեն, մարդիկ կարող են գործունեության այս տեսակն իրականացնել առանց վճարելու, առանց լիզենցիայի, այս որոշման շահառուները, ըստ տարբեր հաշվարկների, մոտ 50 հազար են, և եթե սա դնենք չոր աշխատավարձերի տրամաբանության մեջ, մենք Երևանում այդ մարդկանց աշխատավարձը բարձրացնում ենք 12000 դրամով, մարզերում՝ 8000 դրամով»,-ասաց նա:

Վարչապետի պաշտոնակատարն անդրադարձավ՝ Աստանայում հայ համայնքի հետ հանդիպման ժամանակ հնչած իր ելույթին և դրան վերաբերող քննադատություններին:

«Երբ ասում ենք աշխատանքը խրախուսում ենք, շատերը փորձում են մեզ մեղադրել, թե ժողովրդին մեղադրում ենք ծուլության մեջ, քավ լիցի, մենք մեր ժողովրդին ոչ մի բանի մեջ չենք մեղադրում, մենք մեղադրում ենք նախորդ քաղաքական համակարգին, որ նրանք, աշխատանքը խրախուսելու փոխարեն, խրախուսել են աղքատությունը: Մեր հարցը հետևյալն է՝ ինչու ենք աշխատունակ մարդուն նպաստ տալիս, մենք ավելի թիրախային պետք է աջակցություն տրամադրենք, օրինակ՝ երեխային, այսինքն նպաստառուն պետք է լինի ոչ թե երեխայի աշխատունակ հայրը, որ աշխատելու պարագայում կզրկվի այդ նպաստից, այլ՝ երեխան»,- ասաց նա:

Վարչապետի պաշտոնակատարի խոսքով՝ գործող կառավարության քաղաքականությունը կա ու լինելու է աշխատանքի խրախուսումը:

«Մենք մեր քաղաքացիներին քաջալերելու ենք, որ նրանք վեր կենան, ուղղեն իրենց մեջքը, հավատան իրենց ուժերին, որ կարող են արդյունք ստեղծել»,- ասաց Փաշինյանը:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter