HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Տրդատ Մուշեղյան

ԺՀՄԻԳ դիտորդական առաքելության ղեկավար. «Ընտրությունների օրվա նշանակումը համապատասխանում է այսօրվա օրենքի պահանջին»

Դեկտեմբերի 9-ին խորհրդարանական արտահերթ ընտրությունների կազմակերպումը և ընթացքը դիտարկելու համար ԵԱՀԿ Ժողովրդավարական հաստատությունների և մարդու իրավունքների գրասենյակը (ԺՀՄԻԳ) ԵԱՀԿ երկրներից 250 կարճաժամկետ դիտորդներ է հայցելու: Այս մասին ԺՀՄԻԳ դիտորդական առաքելության գործունեության պաշտոնական մեկնարկի առթիվ կազմակերպված մամուլի ասուլիսին հայտնեց դիտորդական առաքելության ղեկավար Ուրշուլա Գաչեկը, ով ընդգծեց, որ իրենց հիմնական նպատակն է դիտարկել, թե ինչպես է Հայաստանում ընտրական գործընթացը համապաստախանում միջազգային չափանիշներին և ազգային օրենսդրությանը:

Ուրշուլա Գաչեկն ասաց, որ իր գլխավորած դիտորդական առաքելությունը մեծ ուշադրություն է դարձնելու, թե ինչպես է Կենտրոնական ընտրական հանձնաժողովն արձագանքելու ընտրախախտումների վերաբերյալ ահազանգերին, ինչ լուծումներ է գտնելու, և ինչպես են մեկնաբանվելու ընտրությունների արդյունքները: Ուրշուլա Գաչեկը առանձնահատուկ շեշտեց, որ իրենք ընտրությունների նախաշեմին Հայաստան են ժամանել ոչ թե քննադատելու, այլ պարզապես դիտարկում անցկացնելու.

«Մենք որևէ քաղաքական օրակարգ չունենք, մենք այստեղ ենք ուղղակի ընտրական գործընթացը դիտարկելու համար: Հետևելու ենք այն ստանդարտներին, որոնք կիրառվել են նախորդ ընտրությունների ժամանակ ԵԱՀԿ ցանկացած երկրում: Մեզ երկրի ղեկավարությունն է հրավիրում, բայց դա որևէ կերպով չի նշանակում, որ մենք կախվածություն ունենք կամ կողմնակալ վերաբերմունք»,- նշեց Գաչեկը:

ՀՀ կառավարության նախաձեռնած ընտրական օրենսգրքի փոփոխությունների նախագիծը Ազգային ժողովը չընդունեց: Լրագրողի հարցին, թե ինչպես դա կարող է անդրադառնալ դեկտեմբերի 9-ին կայանալիք ընտրությունների վրա, Ուրշուլա Գաչեկն ասաց, որ իրենք աշխատում են այն օրենքի հետ, որ ներկայումս գործում է:

«ԺՀՄԻԳ դիտորդական առաքելությունը չի ասում, թե որ ընտրակարգն է ավելի լավը կամ վատը, կլինի համամասնական, մեծամասնական, թե ռեյտինգային, ինչպես ձեր երկրում է: Ընտրություններում ամենակարևորն այն է, որ ժողովուրդը իր ձայնը արտահայտի»,- նշեց Գաչեկը:

Լրագրողները հետաքրքրվեցին, թե ինչ կարծիք ունի ԺՀՄԻԳ դիտորդական առաքելությունը այն փաստի վերաբերյալ, որ ընտրությունները անցկացվում են, ոչ թե գալիք տարի, ինչպես նախինում հայտարարում էր Նիկոլ Փաշինյանի կառավարությունը, այլ հապճեպորեն՝ հաշվի առնելով այն հանգամանքը, որ մի շարք քաղաքական ուժեր հայտարարել են, թե պատշաճ ժամանակ չունեն ընտրություններին նախապատրաստվելու համար: Այս կապակցությամբ Ուրշուլա Գաչեկն ասաց, որ ընտրությունների օրվա նշանակումը համապատասխանում է այսօրվա օրենքի պահանջին.

«Իհարկե, այդ քաղաքական ուժերի համար կարող է և անակնկալ է եղել ընտրությունների օրվա նշանակումը, բայց մենք մինչև այսօր չենք նկատել, որ որևէ մեկին խոչընդոտվի իրենց ցուցակները ներկայացնելու կամ թեկնածուներին գրանցելու առումով»,- ասաց Ուրշուլա Գաչեկը:

Հարցին, թե արդյոք քարոզարշավի համար նախատեսված 12 օրը բավակա՞ն է քաղաքական ուժերին իրենց տեսակետները ներկայացնելու համար, և որքանո՞վ է այն համապատասխանում միջազգային ստանդարտներին, ԺՀՄԻԳ դիտորդական առաքելության վերլուծաբան Ալեքսեյ Գրոմովն ասաց, որ չկան հաստատուն միջազգային ստանդարտներ, և տարբեր երկրներում քարոզարշավի ժամկետները տարբեր են:

«Այս հարցը գտնվում է ազգային օրենսդրությունների տիրույթում: Այստեղ կարևոր է այն հանգամանքը, որ մենք տեսնենք՝ յուրաքանչյուր քաղաքական ուժ հավասար հնարավորություններ ունի՞ մասնակցելու և ներկայացնելու իր թեկնածուներին»,- նշեց Գրոմովը:

«Հետք»-ի հարցին, թե ինչպես է ԺՀՄԻԳ առաքելությունը ընտրում այն ընտրատեղամասերը, որտեղ պետք է ներկա լինեն իրենց դիտորդները, և հաշվի առնվու՞մ են արդյոք նախորդ ընտրություններում միջադեպերով և ընտրախախտումներով աչքի ընկած ընտրատեղամասերը, Ուրշուլա Գաչեկն ասաց, որ կարճաժամկետ դիտորդների համար ընտրատեղամասերը ընտրվում են պատահականության սկզբունքով, սակայն երկարաժամկետ դիտորդական առաքելությունում ԺՀՄԻԳ-ն ունի հատուկ համակարգող, որը կազմակերպում է դիտորդների աշխատանքը «խնդրահարույց ընտրատեղամասերում»:

Ասուլիսի վերջում Ուրշուլա Գաչեկը հիշեցրեց, որ ընտրություններից հետո կազմակերպված հանդիպմանը կներկայացվի արտահերթ խորհրդարանական ընտրությունների վերաբերյալ ԵԱՀԿ ԺՀՄԻԳ դիտորդական առաքելության գնահատականը:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter