
Փոխադարձ հրթիռակոծություն Իսրայելի և Գազայի միջև. զոհվել է 5 մարդ
Իսրայելական օդուժը Գազայի հատվածում մոտ 100 պաղեստինյան ռազմական օբյեկտ է խոցել: Ինչպես հաղորդում է BBC-ի ռուսական ծառայությունը, իսրայելական բանակի գործողությունները պատասխանն են նոյեմբերի 12-ին Գազայի հատվածից դեպի Իսրայել արձակված մոտ 370 հրթիռների:
Վերջին տվյալներով իսրայելապաղեստինյան փոխադարձ հրթիռակոծումների հետևանքով զոհվել է 5 մարդ, որից 4-ը Գազայի բնակիչներ, 1-ը իսրայելական Աշկելոն քաղաքի բնակիչ:
Իսրայելի և Գազայի հատվածի սահմանին հերթական սրացումը սկսվել է երկուշաբթի գիշերվանից, երբ իսրայելական հատուկջոկատայինները հատուկ գործողություն են սկսել: Ըստ պաղեստինյան կողմի՝ իսրայելցի զինծառայողների ջոկատը քաղաքացիական ավտոմեքենայով մտել է Գազայի հատված: Պաղեստինյան ՀԱՄԱՍ խմբավորումը հայտարարել է, որ իսրայելցիները կրակ են բացել և սպանել 7 պաղեստինցու, որոնց թվում եղել է խմբավորման ազդեցիկ հրամանատարներից Նուրեդին Բարաքը:
Իսրայելի պաշտպանության բանակն էլ նշել է, որ հատուկ գործողության ընթացքում փոխհրաձգություն է սկսվել, ինչի հետևանքով սպանվել է իսրայելցի զինվորական, ևս մեկն էլ միջին ծանրության վիրավորում է ստացել: Ըստ իսրայելական կողմի՝ հատուկ գործողության նպատակը եղել է Իսրայելի անվտանգության ամրապնդումը, ոչ թե ահաբեկիչների լիկվիդացումը կամ առևանգումը:
Երկուշաբթի գիշերը Գազայի հատվածից արձակված հրթիռներից մեկն ընկել է իսրայելցի զինվորականներին տեղափոխող ավտոբուսի վրա, ինչի հետևանքով վիրավորել է մեկ զինծառայող: Հրթիռներ են ընկել նաև Գազայի հետ սահմանից մի քանի կիլոմետր հեռավորության վրա գտնվող Աշկելոն քաղաքի վրա, որտեղ շենքի ավերման հետևանքով զոհվել է մեկ մարդ, ևս մեկն էլ վիրավորվել է:
Երեքշաբթի գիշերը պատասխան հարվածներով Գազայի նավահանգստում նավ է խոցվել, որն ըստ իսրայելական բանակի՝ ՀԱՄԱՍ-ի զինյալները օգտագործում էին դիվերսիոն-հետախուզական նպատակներով: Բացի այդ, խոցվել է նաև ՀԱՄԱՍ-ի վերահսկողության տակ գտնվող Al-Aqsa հեռուստաընկերության շենքը, որտեղից մարդիկ տարհանվել էին մինչև հրթիռակոծումը:
Al-Aqsa հեռուստաընկերության շենքի հրթիռակոծումը
Գազայի հատվածի և Իսրայելի սահմանին լարվածության աճի պատճառով Իսրայելի վարչապետ Բենյամին Նեթանյահուն ընդհատել է իր այցը Փարիզ, որտեղ պետք է մասնակցեր Առաջին աշխարհամարտի ավարտի 100-ամյակի միջոցառումներին:
BBC-ի փոխանցմամբ՝ Իսրայելի և ՀԱՄԱՍ-ի միջև այս սրացումը 2014 թվականից ի վեր ամենամասշտաբայիններից մեկն էր:
Գլխավոր լուսանկարը՝ ADEL HANA/AP PHOTO
Մեկնաբանել